Եղիա Տեմիրճիպաշյան | Մինակ


Տարիներն որոնք ետևիս են՝
Իրենց զվարթության դառն հիշատակով
Զիս կչարչարեն.
Տարիներն որոնք առջիս են՝
Խելագարության ահռելի հեռապատկերով
Զիս կքարացնեն:

Հին տարիներն իրենց հետ ամեն բան,
Տարին ամե՜ն բան
Նոր տարիներն ոչին՛չ պիտի բերեն ինծի.
-Նոր տարակույսներ պիտի բերեն մտքիս.
Նոր հուսախաբություններ՝ սրտիս,
Եվ նոր մշուշներ՝ հոգիիս:
Արագ արագ կու գան որպես գուժկան.
Ու համր համր կերթան:

Զի ծանրաբեռնյալ միշտ կերթան
Նոր տարիներն՝ որոնք հի՛ն են այժմ:
Անկողիները մեկիկ մեկիկ ծրարեցան.
Պնակները մեկիկ մեկիկ վերցան.
Ու ձայները մեկիկ մեկիկ մարեցան:
Ու տունս հիմա՝ մեկ անկողնյակ.
Ու սեղանս հիմա՝ մեկ պնակ.
Ու բնավ կենդանի ձայն մ՝արձագանք:

Ես կերակուրս կուտեմ ու կերակուրս զիս կուտե,
Ես սենկաներս կպտտիմ և ուրվականք գանգիս սենյակները կպտտին.
Եվ պատերուն վրա պատանքի պես ճերմակ՝
Կպտտին գիրկընդխառն իմ սիրեցյալս ստվերները:
Կպտտին գիրկընդխառն հին տարիներուն ստվերները:
Հին բարի տարիներն անգութ
Երջանկության պայծառաշող պատկերներ
Աչքիս տակ միշտ կպտտցնեն:
Ու տարիներն որ պիտի գան
Սև սև սարսուռներ
Հոգիիս մեջ կը պտտեցնեն…:

Տես նաև Մատթեոս Զարիֆյան Գարնան դեմ, Ղևոնդ Ալիշան Հրազդան և Մկրտիչ Պեշիկթաշլյան Ծերն Վանայ
Եղիա Տեմիրճիպաշյան | Մինակ Եղիա Տեմիրճիպաշյան | Մինակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.