
Բոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս
Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ
ժամ ծիծաղել:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
- Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ
որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:
- Ներեցեք, որ ծիծաղեցի:
Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես
կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող,
ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան
ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան:
Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին
մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել,
ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:
- Չեմ ուզում ծիծաղել:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: - «Թող կանչի Միստր Քեյզվիլին
և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան:
Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես:
Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:
- Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ
ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված
ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե
իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան
չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես,
բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ
լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն
էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի
պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:
- Բե՛ն:
Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը
երբևէ նայել ուսուցչուհուն:
- Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ
դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:
- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
- Այո:
Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:
- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
- Տասը:
- Ո՞վ է հայրդ:
- Դերձակ է:
- Եղբայներ, քույրեր ունե՞ս:
- Երեք եղբայր, երկու քույր:
- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
- Այո:
- Ու՞ր:
- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
- Հին երկի՞րը:
- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր
է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:
- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում
եմ:
Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո
լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:
- Բեն, հիմա կարող ես գնալ:
- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
- Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում է դպրոցը բոլորած հողամասով, իսկ
մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում է նրան: Բենը
չգիտի՝ ինչ մտածի, բայց գիտի, որ շատ տխուր է և վախենում է ետ նայել ու տեսնել, թե
նայու՞մ է նա իրեն: Տղան մտածում է, որ լավ կլինի, եթե ոչ ոք չիմանա պատահածի մասին:
Վիլյամ Սարոյան | Ծիծաղ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 19, 2016
Rating:
