Հրաչյա Քոչար | Նահապետ | համառոտ


Նահապետը՝ մոտ 50 տարեկան, բարձրահասակ, չոր, նիհարությունից ավելի խոշորացած սև աչքերով մի մարդ, 1921թ. մենակ գալիս ու բնակվում է Արագածի լանջին ընկած գյուղի եզրին մենակ կանգնած ու լքված մի հոլիկում: Գյուղի համար դառնում է հանելուկ: Գյուղամեջ չի գալիս, դաշտ չի գնում աշխատելու, հողաբաժանության օրերին գյուղի իշխանության մոտ չի գալիս հող խնդրելու: Առանց նրա դիմումի ու խնդիրքի հոլիկի դիմացի տարածությունը, գյուղական խորհրդի որոշմամբ, տրվում է նրան: Լուռ անցնում է մարդկանց կողքով, իր բարձրահասակ, չոր կերպարանքը թաքցնել չկարողանալով, խոնարհ բարևում է հանդիպողներին ու անհետանում: Երկու-երեք շաբաթ հետո մարդիկ տեսնում են դարձյալ, որ «հոլիկի հերդիկից ծուխ է դուրս գալիս, բարակ, կապույտ ծուխ, որ նշան է, թե վերադարձել է»: Ո՞ւր է գնում, ոչ մեկն ասել չի կարողանում: Կատակում են ու ասում, թե թութունի ծուխն է, ու եկվորի անվան վրա ավելացնում «թունդիր» ածականը: Բավական ժամանակ է անցնում, բայց ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտի: Գիտեն, որ Վանա ծովի ափերից է՝ արտամետցի, կորցրել է գերդաստանը և ինչպես այդ գյուղի բոլոր մյուս գաղթականները, թափառել, թափառել է, եկել հաստատվել է Արագածի լանջի այս գյուղում: Որոշել է գիշերել այդտեղ ու այդպես էլ մնացել, բնակիչ է դարձել: Ամռանը բնակիչները զարմանում են՝ նրա հողակտորի վրա բանջարեղեն տեսնելով: Ե՞րբ է փորում, ե՞րբ է փոցխում ու ցանում, ոչ ոք չի տեսնում: Կարծես ամաչում է ուրիշների ներկայությամբ աշխատել, և ամաչում է նաև, որ ինքն ապրում է: Նահապետն անընդհատ ծխում է ու մտածում, հիշում իր հարազատներին. երկու եղբայրները՝ Սերոբն ու Հայրոն, տղաները՝ Ժիրայրը, Հրայրը, Գևորգը, Անդրանիկն ու Մուրադը, դուստրեր Սոսեն ու Ջեյրանը, կինը՝ Մանուշակը, բոլորը զոհվել են: Կինը ցանկացել է պաշտպանել իր փոքր դստերը, դաշույնի հարվածով սպանել են: Նահապետը՝ թևերը մեջքին ու ամբողջ մարմնով պատշգամբի սյունին կապած, տեսել է իր հինգ տղաների ու իր կնոջ մահը, իր աղջիկների անպատվությունը: Երբ ամեն ինչ վերջացել է, արձակել են սյունից ու բաց թողել՝ ասելով, թե նրա կյանքը խնայելու հրաման կա, գնա ուր ուզում է: Մինչ այդ կայմակամ կանչել էր Նահապետին ու իբրև լավություն, քանի որ  նրա տուն շատ է հաց կերել, առաջարկել, որ Նահապետը մուսուլման դառնա, որպեսզի նրա գերդաստանը պահպանվի: Սակայն Նահապետը չի համաձայնել: Ինքը քրիստոնյա է, քրիստոնյա էլ կմեռնի: Այսպես Նահապետը հատ-հատ հիշում է իր կյանքի բոլոր դրվագները, թե ինչպես է ամուսնացել Մանուշակի հետ, ինչպես են մեծացել երեխաները, իրենց խնձորի ծառերը, դրանց բույրը: Նա իրեն մեռած է համարում ու չի հասկանում, թե ինչու է ապրում:
Աշնանը նրան այցելում է մի կարճլիկ, գնդլիկ մարդ, բարձած եզ ու երկու մաքի առաջն առած: Գյուղացիներից իմանում է, թե որտեղ է ապրում Նահապետը, իսկ գյուղացիներն էլ նրանից են իմանում, թե ով է Նահապետը: Պարզվում է, որ այս մարդը՝ Ափրոն, Նահապետի քրոջ՝ Անթառամի ամուսինն է: Քույրը նրա գերդաստանից միակ մարդն է, որ ողջ է մնացել Գյուղացիները շատ են համակրում Ափրոյին: Նա զրուցասեր և ուրախ մարդ է: Նրա մեկնելուց հետո, քիչ բան է փոխվում Նահապետի կյանքում: Նորից մենակ է, գյուղամեջ չի գնում, բայց նրան սկսում է այցելել գյուղի ծերերից մի մարդ՝ Մովսես անունով: Ժամանակ առ ժամանակ այցելելով նրան՝ կարողանում է Նահապետի մոտ ընկերության ու մարդկային ջերմության կարոտ ու կարիք ստեղծել: Երբեմն անգամ Նահապետն է այցելում նրան, սիրում է լսել Մովսեսի պատմությունները, ինքն էլ է պատմում իր տեսած դեպքերի մասին, եղբայրները սպանվել են Առենի ու Բարկաթի կռիվներին: Բայց հայրերը յոթ հարյուր ասկյար են սպանել: Ջավդաթի զորքը փախել է, բայց հայերը, մեկ է, թիկունքից են խփել: Արծկեի կողմի հայերը փրկվել են:
 Շուտով Նահապետին դարձյալ այցելում է Ափրոն, այս անգամ Նահապետի քրոջ ու որդու՝ Նորայրի հետ: Այս ընթացքում Ափրոն շրջում է տարածքում, ստուգում հողի որակը, տեսնում, որ կավ է և Նահապետի համար աղյուսներ է թափում: Նրան օգնում են նաև Մովսեսի տղաները: Մի շաբաթ չորանալուց հետո շարում են, տուն սարքում: Ափրոն այդպիսի հազար տեսակ տուն է սարքել Էջմիածնում, որտեղ եկել է ջարդերից առաջ՝ բերելով Արտամետի խնձորի դալար շիվեր: Անթառամը եղբորն ասում է, որ ուզում է նրան նորից ամուսնացնել, որպեսզի նա ապրի, կյանքը նորից սկսի: Նահապետը լռում է: Երկու շաբաթ մնում են նրա մոտ, ապա գնում: Բայց հետո Ափրոն դարձյալ գալիս է, խաբում, թե իբր քույրը հիվանդ է և ուզում է Նահապետին տեսնել: Այս անգամ խնձորներ է բերել, տնկում են: Բայց Արագածի լանջի այդ գյուղը մերկ է, քարեր են, նույնիսկ չի մամռոտում, օդի մեջ խոնավություն չկա և հիմա արտամետցիներն ուզում են խնձորի պարտեզներ գցել այդ գյուղում: Սասունցիներն ու մշեցիներն իրար աչքով են անում, ծիծաղում, բայց Ափրոն և Նահապետը գիտեն, որ կարելի է նաև մրգեր աճեցնել այնտեղ: Ապա Նահապետը Ափրոյի հետ գնում է քրոջ մոտ և այնտեղ հասկանում, թե նրանց մտքինն ինչ է: Այնտեղից վերադառնում է Նուբար անունով մի կնոջ հետ, որը նույնպես իրենց կողմերից է, կորցրել է ամուսնուն, երեխաներին, որոնք մեկ և երկու տարեկանում հիվանդացել ու մահացել են, իսկ ամուսինը՝ Մուշեղը, սպանվել է: Նուբարը բարձրահասակ է, շեկ, ունի կապույտ աչքեր: Շատ գեղեցիկ կին է, նույնիսկ այդ հասակին: Լռակյաց է, տնարար, համեստ ու հեզ: Նահապետն ու Նուբարը դառնում են մեկը մյուսի թիկունքը, կյանքը վերածնվում է նրանց երկուսի մեջ էլ: Նուբարը օրեցօր ավելի է գեղեցկանում, և Նահապետը գնալով ավելի է հիանում գեղեցիկ կնոջով: Նրանք ունենում են երկու երեխա՝ զույգ: Աղջկա անունը դնում են Նուբարի ավագ դստեր անունը՝ Ծովինար, իսկ տղայի անունը՝ Նահապետի ավագ որդու անունը՝ Ժիրայր: Էջմիածնում Նահապետը հանդիպել էր իր քավոր Հակոբին, որը ևս ողջ էր մնացել, ծերունին ինքն էր եկել նրա մոտ՝ լսելով, որ իր սանիկն է եկել ու ողջ է: Սակայն Նահապետը տեսել էր ցնցոտնիներ հագած մի ծերունի՝ խելագարված այս ամենից: Նահապետը համբուրել էր նրա ձեռքերը: Ծերունին որոշ ժամանակ սթափ էր խոսել, Նահապետին տվել էր իր պահած խնձորի սերմերը և գնացել եկեղեցի՝ աղոթելու նահատակների հոգու համար: Նահապետն ու Նուբարը այժմ որոշել են ծերունուն բերել իրենց մոտ, պահել, սակայն Ափրոյից իմանում են, որ նա իրեն ձորից գցել է: Նահապետին հաջողվում է ստեղծել խնձորի այգին: Նա նույնիսկ պարիսպ է սարքում, որը պաշտպանում է նրանց քամուց: Սովորություն է դարձնում գյուղում յուրաքանչյուր ծնված երեխայի համար մի ծառ տնկել նրանց դռան մոտ: Ապա Ափրոյի առաջարկով երկու ծառ էլ տնկում են ամեն ամուսնացող զույգի համար, իսկ Նուբարը նուռ է տանում տղա ծնող մայրերին: Այսպես կյանքը վերածնվում է Նահապետի ու Նուբարի համար, և գյուղը նույնպես լցվում է, նոր բնակիչներ են գալիս, այժմ կան շատ խնձորենիներ, որոնց բույրը տարածվում է ամենուր: Պատմության վերջում հեղինակը հանդես է գալիս՝ որպես Նորայր Թորոսյան, որն այս ամենը պատմում է իր ընկերոջը: Նրանք ամառանոցային քաղաքի հյուրանոցում են: Եկել են այստեղ՝ պատմական մի աշխատություն գրելու: Նորայրը սովորել է Երևանում, հետագայում Անթառամի և կնոջ՝ Գայանեի հետ եկել և ապրել են Երևանում: Այժմ աշխատում է համալսարանում, պատմության գիտությունների թեկնածու է: Նա պատմում է նաև իր պատմության շարունակությունը: Մորեղբայրը երկար է ապրել, ինքը և Ժիրայրը մասնակցել են պատերազմին, Ժիրայրը կորցրել է ձախ ձեռքը: Գյուղում շատերն են զոհվել, շատերը վիրավոր վերադարձել: Իր հայրը, լուր ստանալով, որ որդին՝ Նորայրը, մահացել է, չի դիմացել: Մինչդեռ լուրը կեղծ է եղել և Նորայրը ողջ-առողջ վերադարձել է պատերազմից՝ լինելով գերի և փախչելով: Ծովինարը ունի երեխաներ, Ժիրայրը՝ ևս: Նա ամուսնացել է «կռապաշտ» Նհոյի դստեր՝ Շուշիկի հետ: Նհոն վախճանվել է, նաև նրա մեծ որդին՝ Մարտիրոսը, զոհվել է հայրենիքի համար, իսկ փոքր տղան վերադարձել է մի ոտքով: Նախագահ Ղուկասի երկու որդիները ևս զոհվել են: «Կոմբջիջ» Հարությունն էլ կորցրել է կանանց՝ առաջին և երկրորդ, և հիմա մենակ է: Վերջում հեղինակը նկարագրում է, թե ինչպես է մահանում Նահապետը: Նա հրաժեշտ է տալիս իր բոլոր հարազատներին, կինը նրա խնդրանքով վերջին պահին բերում է անուշահոտ խնձորներ, դնում երեսի երկու կողմերին բարձի վրա: Նահապետը, դրանց բույրն առնելով, ասում է իր վերջին խոսքերը՝ «Երկրի հոտ կառնե~մ…» և երանության արտահայտությունը դեմքին՝ կոպերը փակում: Պայծառ օր է, երկնքից լույս ու ջերմություն է թափվում երկրի վրա: Թվում է, թե հսկայական, ծաղկած մի այգի է շարժվում տեղից՝ տարածվելու ամբողջ աշխարհով մեկ

Տես նաև Սպիտակ գիրքը, Եփրատի կամրջին և Գեներալի քույրը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Հրաչյա Քոչար | Նահապետ | համառոտ Հրաչյա Քոչար | Նահապետ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.