Հրաչյա Քոչար | Սպիտակ գիրքը | համառոտ


Մեծ պատմաբանը ծերացել ու կուրացել է, բայց մնացել է նույն ոգով: Խիստ, բայց միշտ բարի էր։ Գրիչն այդ մարդու ձեռքին սրի ուժ ուներ։ Եվ սուրը ձեռքն առած, թրատել էր բոլոր նրանց, ում խոսքն ու գործ չէր հավանել։ Ժամանակակիցներին ու անցյալի մարդկանց։ Կռվում էր 1500 տարի առաջ նահատակված զորավարի հետ՝ մեղադրելով նրան, որ բանակը անստույգ ճանապարհով է տարել և պատճառ դարձել ծանր պարտության, հոգևոր առաջնորդի հետ, որ իր գործունեությամբ թուլացրել է պետական կյանքի ուժը՝ եկեղեցու շահերը գերադասելով, իր ժամանակակից վիպասանին, որ, Արևմտյան Հայաստանում առևանգված քույրերի ողբը չլսելով, Կովկասում փարթամ կյանքով ապրող տիկինների սիրային տանջանքներն է նկարագրում: Երջանիկ չէր, որովհետև հոգին չէր ունեցել ոչ մի խաղաղ պահ։ Միշտ լցված էր մռայլ մտորումներով։ Եվ դրանք դարձել էին ծանրակշիռ հատորներ ու հազարավոր հոդվածներ։ Գրքի ու գրչի մարդ էր։ Բայց իր գրասեղանի առջև նստած՝ իր հողը հերկող խաղաղ երկրագործի ու լեռները բարձրացած ապստամբի հետ էր հոգով։ «Աշխատանք և Հայ ժողովուրդ- ահա իմ դավանանքը։ Ուխտել եմ հավատարիմ մնալ այդ երկու հսկաներին մինչև ի մահ, հավիտյան»... Տեսել էր 1878-ի պատերազմը, երբ ռուսական բանակի առաջխաղացումը հույսով էր արել մարդկանց, իսկ Բեռլինի վեհաժողովը՝ հիասթափեցրել։ Կրկին ոգեշնչվել էր, ականատես լինելով ժողովրդի ընդերքում կատարվող հոգևոր շարժումներին։ Մտերմացել էր նոր շարժման ղեկավարների հետ, փառաբանել և ապա հեռացել նրանցից, ու հետո՝ նույնքան անկեղծությամբ նզովել։ 1895-6 թթ. ջարդերը Սասունում, Տարոնում ու Արևմտյան Հայաստանի մյուս գավառներում նրա հոգին լցրին ատելությամբ բոլորի ու ամենքի դեմ։ Արևելքն ու Արևմուտքը նույնացան նրա աչքերում, մեկն՝ իր միջնադարյան դաժանությամբ, մյուսն՝ իր անտարբերությամբ։ 70 տարեկան էր, երբ ավարտեց իր ժողովրդի պատմության ստվար մի հատոր ևս ու նրա վերջում հիշատակարան գրեց. «Ավարտեցի հատորս թվին փրկչական ՌՋԲԱ... Դառն և նեղ ժամանակ է։ Ղարա Բեքիր փաշան գրավել է Ղարսի ամբողջ շրջանը, Ալեքսանդրապոլը և շրջակաները։ Ժողովուրդն արյուն-արցունք է թափում թուրքի ձեռքին։ Կոտորածներ, ավարառություն, տղամարդկանց քշում տանում են Էրզրում, կանանց ու աղջիկներին բռնաբարում։ 20-րդ դարում ենք ապրում, բայց հային դեռ կրծում է հին, արյունոտ իրականությունը։ Ե՞րբ է լինելու հանգստությունը, ով անողոք և զարհուրելի ճակատագիր»։ 45 տարի շարունակ գիշերներ էր լուսացրել գրքերի վրա, բայց տեսողությունը չէր դավաճանում: Բայց ահա կուրացավ։ Ոչինչ չասաց կնոջն ու զավակներին։ Հրաշքը եկավ անակնկալ ու անսպասելի և զարմանալիորեն շուտ։ Մեծ պատմաբանն անկողին էր ընկել և ծանր էր շնչում: Սակայն նոր ձևավորված կառավարության մասին լուրերը, որոնց մասին հայտնում է դուրստրը, նրան նորից կյանքի են կոչում: Երեկոյան նրան այցելության եկան հայ գրողների ընկերության գործիչները և բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Եկան շնորհավորելու փրկության լուրը բերելով և ցավակցելու դժբախտության համար։ Պատմեցին, որ նոր իշխանությունը վերջնագիր է տվել Ղարա Բեքիր փաշային՝ երեք օրվա ընթացքում հեռանալու Ալեքսանդրապոլից, Կովկասի ու արևելքի ժողովուրդներին հռչակել է եղբայրություն, խաղաղություն և աշխատանք։ Պատմում էին նոր վարդապետության էությունը, նկարագրում էին, թե ինչպիսի ապագա է բերելու նա ազգերին։ Նա պատվիրում է Տիգրանուհուն՝ դստերը, միշտ լիքը պահել թանաքամանները: Կուրացած, նա հատորներ է գրում մեկը մյուսի ետևից, ավելի փոթորկուն կրքով, ավելի հախուռն ու բոցաշունչ։ Իր տխուր հիշատակարանից հետո մեծ պատմաբանը, կուրացած, մաքառում է ևս 10 տարի ու գրում 15-ից ավելի հատորներ։ Ապրել է արդեն 72 տարի, բայց նրան թվում է, չի հասկացել իր ժողովրդի պատմության իմաստն ու խորհուրդը։ Աշխատել է առանց դադարների, անընդմեջ ու անխոնջ կես դար ու ևս երկու տարի։ Թողել է հետնորդներին՝ տպագրված ու անտիպ՝ 50 հատոր։ Եվ այնուամենայնիվ, հիմա տեսնում է, որ չի բացել իր փոքր ժողովրդի մեծ պատմության բոլոր գաղտնարանները։ Տեսնում է, որ սրբազան ներշնչումների պահերին վառ գույներով պատմել է խնդություններով ու վշտերով դրվագները, բայց դեռ չի ասել վերջին խոսքը, որ պիտի լույս սփռի ողջ պատմության վրա։  Նա չի ասում, թե ինչ պիտի պատմի իր նոր գրքում, բայց նրա բուռն ոգևորությունը համակում է լսողներին, և բոլորն էլ սպասում են արտասովոր ստեղծագործություն։ Ամենուրեք խոսում է իր նոր երկի մասին, որ պիտի գրի։ Ու մի օր էլ եկավ մեծ ներշնչման պահը։ Ու ամբողջ գիշերը գրեց, թղթերը սենյակի հատակին նետելով։ Կեսդարյա իր ստեղծագործական կյանքում առաջին անգամ գոհ է ինքն իրենից, առաջին անգամ իրեն երջանիկ է զգում։ 4 օր ոչ ոքի ներս չթողեց իր սենյակը։ Թող ավարտի, հետո ձեռագիրը հավաքեն կազմելու։ 5-րդ օրվա լուսաբացին վերջակետ դրեց։ Առավոտյան դուստրը նրա սենյակը մտնելով, քիչ մնաց վախից ճչա: Դուստրը կռացավ, հատակից վերցրեց մի քանի թերթ, և նրա մարմնով սարսուռ անցավ։ Վերցրեց մի քանի թերթ էլ, կրկին մի քանի թերթ, դարձյալ... Պատահել էր այնպիսի դժբախտություն, որ ոչ ոք չէր սպասում: Եվ առաջացել էր դա փոքրիկ մի անուշադրությունից։ Դուստրերը մոռացել էին թանաք լցնել թանաքամանների մեջ... Հատակին փռված բոլոր թղթերն անարատ, սպիտակ էին մնացել... Մի ամիս հետո հեռագրերն աշխարհի հայությանը հադորդեցին մեծ պատմաբանի մահը։
Դուստրը պահում է այն սպիտակ թերթիկներից իր ձեռքով կազմված գիրքը, որի էջերի վրայով սահել է նրա հոր գրիչը և հետքեր չի թողել։ Մեծ պատմաբանի ոչ մի ձեռագիրն այնքան չի հուզում նրա զավակներին ու թոռներին, ինչքան այդ մաքուր թղթերից կազմված սպիտակ գիրքը...

Տես նաև Դերենիկ Դեմիրճյան Գիրք ծաղկանց, Մուշեղ Գալշոյան Մամփրե արքա և Խաչիկ Դաշտենց Ռանչպարների կանչը

Հրաչյա Քոչար | Սպիտակ գիրքը | համառոտ Հրաչյա Քոչար | Սպիտակ գիրքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:41:00 Rating: 5
Технологии Blogger.