Մուշեղ Գալշոյան | Ձորի Միրո | համառոտ


Արևմտյան Հայաստանում ընտանիքը կորցնելուց հետո Միրոն մասնակցում է ֆիդայական կռվի, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան։ Գաղթականներով նոր գյուղ են հիմնում։ Միրոյի որդին գնում է պատերազմ ու չի վերադառնում։ Տարիներ անց Միրոն նոր ընտանիք է կազմում, որդի ունենում և նորից Հարութ կոչում իր պապի պատվին։ Սակայն այս մի որդին էլ հեռանում է քաղաք, այնտեղ ամուսնանում ու հազվադեպ է այցելում ծնողներին։
Ձորի Միրոն սեփական հուշերում բացում է ծննդավայրը կորցրած մարդու տխուր աշխարհը: Վեպի բուն գործողության ժամանակը սկսվում է Քարագլուխ գյուղից և հասնում երկաթուղային կայարան, որտեղից Միրոն պատերազմ է ճանապարհում Հարութին: Սակայն իսկական ժամանակը սկսվում է Միրոյի մանկությունից և հասնում կոտորածների ու գաղթի տարիներին և նոր բնակավայրում հաստատվելուն: Անցյալի պատկերները հաճախ ընդմիջվում են խաղաղ կյանքի տեսարաններով և մոտ ու հեռավոր դեպքերից ձգվում են մինչև մանկության ժամանակը: Պատմության սկիզբը, որ կապվում է որդուն բանակ ճանապարհելու հետ, ընդմիջվում է քնարական խոհերով և, հեռանալով ներկայի դեպքերից, հասնում է անցյալին և նորից վերադառնում ներկա: Պատմությունը հաղորդվում է առաջին դեմքով: Կյանքի փորձով իմաստնացած ծերունին պատերազմ մեկնող որդուն տալիս է խորհուրդներ, որոնք հասունացել են դառը փորձի արդյունքում: «Հարութ, մարդ սպանելուց էլ հարկ է մարդ մարդ մնա… մահ չընդունիս կամոք: Կռվի քու մահվան դեմ, հաղթ էդոր, կապրիս, չէ՝ մեռնել կա ու կա: Քու ձեռք ու ոտք կկապեն, սիրտ կապել չեղնի: Մահի դեմ կռվի ճար կգտնի չկապած սիրտ… Հարութ, էն մարդ կամոք կընդունե մահ, ով վրեժ ու փափագ չունե»: Միրոյի հուշերում երևում է Հարութ պապը՝ բահը ձեռքին, հենված ծաղկած ծիրանենուն: «Հարութ… Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է…»: Միրոյի գիտակցության մեջ խորը նստած են եղեռնի հետ կապված ահավոր դեպքերը: «Կարոտից զորեղ բան աշխարհք չկա,- ասում է Միրոն Հարութին,- ինչքան հեռանում ես Քարագլուխ գեղից, մեր քողտիկից, մեր ձորից, էնքան քու կարոտ կմեծանա: Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»: Միրոն ապրում է հանուն տոհմի շարունակության: Ընտանիքի և հարազատների անդառնալի կորուստը դարձել է Միրոյի մշտական տխրության պատճառ, սակայն նա չի կորցնում նորից արմատներ գցելու հույսը. «Էս գիշեր իմ երակների մեջ արյուն կա, լուսացավ՝ կդառնա ջուր… էրեխա կուզիմ, Սառե… Իմ միտք շնանալ չէ, Սառե, մեր գերդաստանի մեղք իմ շեփ շլնքին չտանիմ գերեզման»,-ասում է կնոջը: Իր նման հազարավորների հետ փրկվելով սպանդից և արմատներ գցելով նոր տեղում, պատերազմում կորցնելով Հարութ որդուն, Միրոն ապրում է հույսերի կործանման ողջ դառնությունը, սակայն երկու ընտանիք կորցնելուց հետո էլ ամեն գնով ձգտում է ստեղծել նոր օջախ և որդի ունենալ: «Էս աշխարհքի մարդիկ ի՞նչ կուզին իրարե, իրարու ի՞նչ է տված, ի՞նչ անել կուզին… Աշխարհքի մեջ էրկու հոգի մնան, էն մեկ չարհոգի կեղնի, էն մեկ կռվարար կեղնի, էն մեկ ձեռք դնել կուզե մեկելի գլխին: Էդ մեկի արուն պղտոր է, էդ մեկի արուն բորենու արուն է: Էդ մեկ Հիտլերն է, Հարութ, Հիտլերին արնակից սուլթան Համիդն է, արուն ժառանգեց Էնվերին, Թալիաթին, իր նմաններին»:

Միրոյի և Սառեի միակ մխիթարությունը՝ Հարութ որդին, ընդունվել է ինստիտուտ: Խաղաղվել է ծերունի Միրոն և հույսեր է փայփայում, որ որդին ավարտելուց հետո գյուղ կվերադառնա և իրենց մենակ չի թողնի: Եվ ահա, հարսնացուի հետ Հարութը մտնում է հայրական օջախ: Ծնողների վրա ծանր տպավորություն է թողնում աղջկա բաց շրջազգեստը: Նոր սերնդի բարքը խորթ է ավանդապաշտ ծերերին: Նրանք ավելի են դառնանում, երբ իմանում են, որ որդին արդեն ամուսնացել է: Շփոթված ու անակնկալի եկած Սառեն գիշեր-ցերեկ «… մտածել, երազել էր հարս ու թոռան մասին… մտքում հարսի պատկերն ու անունն էլ կար. մտքով հարսնատես էր գնացել, գնացել, առել խոսք ու պայման, տուն բերելու համար որոշել օր, աշնանային՝ գունավոր, նուրբ ու դուրեկան արևով…»: Թեև Հարութը չի վերադառնալու հայրական օջախ, սակայն Միրոյի տնկած ծառերը, հարազատ հողը անտեր չեն մնալու: «Դուք տե՜ր ունեք, – չորացած ծառերին է դիմում զայրացած ծերունին,- Ձորի Միրոն մեռած չէ»: Հարութը, սակայն, որը մտադիր չէ վերադառնալ գյուղ, մի առիթով ասում է կնոջը. «Մարինե, երկու ամիս հետո կավարտեմ: Կաշխատենք միասին և միասին հաշվիչ մեքենա կպատրաստենք, որ Ջղնի ձորից հավաքի Ձորի Միրոյի Խանդութ կնոջ ճիչը, երկրի կնճռոտ ճամփաներից՝ Ձորի Միրոյի թափառիկ ոտնահետքերը, մեկ-մեկ հավաքի աշխարհի բոլոր պայթյունները, բոլոր ճիչերը…»:  

Տես նաև Մամփրե արքան

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մուշեղ Գալշոյան | Ձորի Միրո | համառոտ Մուշեղ Գալշոյան | Ձորի Միրո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:01:00 Rating: 5
Технологии Blogger.