Արտաշես և Սաթենիկ


Ալանները կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Արտաշեսը լսելով այս խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան ասում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանաց արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.
Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, Արտաշեսը որոշում է հարցը լուծել գործնականում:

Հեծավ Արտաշեսն իր Սևուկին
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր։

Արտաշեսը առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում և ամուսնանում է։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն այսպես.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։
Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

Արտաշես և Սաթենիկ Արտաշես և Սաթենիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:27:00 Rating: 5
Технологии Blogger.