Հովհաննես Թումանյան | Անուշ | համառոտ



Պոեմը բացվում է նախերգանքով: Բանաստեղծը կարոտի կանչով մտովի թռչում է դեպի տուն:
Կանչում է կրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար`
Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:
Արթնանում են մանկական հուշերի պատկերները, հառնում է մոռացված աշխարհը: Այդ «չքնաղ» երկրի կյանքը նույնպես լեցուն է անդառնալի բախումներով, երբ մարդկանց երազանքները խորտակվում են` բախվելով «հնոց ադաթին»:
Հովիվ Սարոն և Անուշը սիրում են միմյանց: Նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայն երջանկությունը չի հասնում իր ծաղկունքին: Անուշը սիրում է Սարոյին, սակայն գեղջկական պարկեշտությունը թույլ չի տալիս նրան լիովին տրվել իր զգացմունքներին: Դա թախիծով է լցնում ջահել աղջկա հոգին: Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստ չի տալիս նրան: Աղջիկը համոզված է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ «մանուկ օրից են դեռ իրեն անիծել»:
Գյուղական հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ «հնոց ադաթի», ամբոխի առաջ գետին է զարկում Մոսիին` Անուշի եղբորը: Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է:
Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ:
Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտիցՆրա ողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական «կոխից» հետո: «Դուշման» դարձած ընկերոջից հալածված` նա թափառում է իր սիրած հանդերում, որոնք նրա համար դժոխք են դարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իր և Անուշի երջանկությունը, ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով վշտացնել սիրած աղջկան.
Ա՜խ կմեռնեմ, ամա նա
Վայ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա:
Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, որն այդկերպ սրբում է իր վիրավորանքը: «Հնոց ադաթը» մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած Սարոյին: Իգիթի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից:
Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի:
Սարոյի մահից հետո կյանքը Անուշի համար դատարկվում է: Նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:

Տես նաև  Հառաչանք, Թմկաբերդի առումը և Լոռեցի Սաքոն

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հովհաննես Թումանյան | Անուշ | համառոտ Հովհաննես Թումանյան | Անուշ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:19:00 Rating: 5
Технологии Blogger.