Պաուլ Ցելան | Նամակ Ռընե Շարին



Սիրելի Ռընե Շար,
Շնորհակալ եմ Ձեր նամակի համար՝ այդքան ճշմարիտ: Շնորհակալ եմ, որ սեղմեցիք ձեռքսես սեղմում եմ Ձերը:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում ինձ հետ,- ներեցեք, ես նորից վերադառնում եմ դրան,- հավատացեք, իր տեսակի մեջ բացառիկ ինչ-որ բան է: Պոեզիան, և Դուք դա հրաշալի գիտեք, չի կարող գոյություն ունենալ առանց պոետի, առանց նրա անձիառանց անձի որպես այդպիսին,- բայց հասկանում եք, այդ աղբը, աջական և «ձախական» աղբը, կարողացավ միավորվել ինձ կործանելու համար: Ես այլևս զուրկ եմ հրատարակվելու հնարավորությունից, ինձ մեկուսացրել են, և դա նույն բանն է: Դուքմի ժամանակ Դուք վտարանդի էիք այս երկրում, բայց չէ՞ որ Ձեզ է մնում Ձեր իսկական երկիրը. ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ նախ այլակերպեցին, իսկ հետո հաճույքով սկսեցին ծեծելհենց իմ իսկ Ես-ի կտորտանքներով: Ես Ձեզ չեմ զայրացնի, եթե ասեմ, որ իմ հետ այդպես վարվելու այդ կերպը առաջինը «հայտնաբերեցին» կեղծ-բանաստեղծները: Չէ՞ որ այդպիսիք շատ են իմ և Ձեր ընդհանուր «ընկերների» մեջ, Ռընե Շար: Շատ-շատ: Մի հավատացեք, Ռընե Շար, նրանց, ովքեր կապիկություն են անում, փորձելով նմանակել Ձեզ: (Ցավոք, ես գիտեմ, ինչ եմ ասում:) (Լինելով ոչնչություն, նրանք դիտում են Ձեզ պատկերների հանք, որոնք բաղադրելով կարելի է հասնել բնօրինակի հետ կարծեցյալ նմանության. սակայն իրականում նրանք չեն արտահայտում Ձեզ, նրանք պղտորում են Ձեզ):
Իսկ ես, տեսնում եք, փորձում եմ հասկանալ Ձեզ, պատասխանել Ձեզ, սեղմել Ձեր բառը, ինչպես սեղմում են ձեռքը, և, իհարկե, գիտեք, իմ ձեռքը սեղմում էր Ձերը այնտեղ, որտեղ համոզված էր, որ կգտնի պատասխան շարժում: Նրան, ինչը Ձեր ստեղծագործության մեջ չէր բացվում - կամ դեռ չէր բացվում ինձես պատասխանել եմ հարգանքով և ուշադրությամբ. չի կարելի անվերջ ձև անել, թե դու ամեն բան հասկանում ես, ամեն բան և ամբողջությամբ. դա կլիներ անարգանք Անհայտի նկատմամբ, որը բնակվում կամ իրեն բնակարան է կառուցում բանաստեղծի մեջ. դա կնշանակեր մոռանալ, որ պոեզիան ինքը շնչում է. մոռանալ, որ պոեզիան շնչում է Ձեզնով: (Բայց այդ շնչառությունը, այդ ռիթմը՝ որտեղի՞ց է գոյանում:) Չարտաբերված միտքը դեռ բառ է, այն կազմակերպում է այդ շնչառությունը. լինելով քննադատական, այն սեղմվում է ինտերվալների մեջ, տար-բերում է, չի դատում. այն դառնում է վճռական, ընտրություն է անում. այն հավատարիմ է մնում իր համակրանքինայն առհասարակ ենթարկվում է համակրանքին:
Բայց թույլ տվեք ինձ վերադառնալ նրան, ինչից սկսեցի: Դուք ասում եք, որ կարողացել եք Ձեր շուրջ դատարկություն ստեղծել, որի մեջ մղվում են և որտեղ միմյանց ոչնչացնում են Ձեր թշնամիներըես ուրախ եմ տեսնել Ձեզ այդքան ուժեղ, այդքան պաշտպանված: Ինչ վերաբերում է իմ դատարկությանը, այսինքն՝ այն դատարկությանը, որը հասցրին իմ շուրջ ստեղծել իմ թշնամիները, ապա ես տեսնում եմ, թե ինչպես է այն ծնում արարածների մի ողջ ռասա, որոնց ես ի վիճակի չեմ անգամ անուն տալ: Եվ այդ արարածները, որքան նկատում եմ, բավականին բեղուն են, քանզի սուտը ի վիճակի է վերարտադրել ինքն իրեն շնորհիվ «նիմֆետուհիների» կամ, եթե կուզեք, բաժանման ճանապարհով բազմանալու ունակության շնորհիվ:

Փարիզ, մարտի 22, 1962 թ.      

Թարգմանությունը՝ Ս. Ստեփանյան


Պաուլ Ցելան | Նամակ Ռընե Շարին Պաուլ Ցելան | Նամակ Ռընե Շարին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:04:00 Rating: 5
Технологии Blogger.