Ժյուլ Վեռն | Խորհրդավոր կղզի | համառոտ



Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Քաղաքացիական պատերազմի տարիները: 5 հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարած մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թ. մարտին ահեղ փոթորիկը հասցնում է փախստականներին Հարավային ջրերում գտնվող մի անմարդաբնակ կղզի։ Ինժեներ Սայրուս Սմիթի ղեկավարությամբ, սուղ միջոցներից ստեղծելով ամենատարբեր գործիքները, փորձում են բնական կանոնավոր կյանք վարել։
Մի օր, վերադառնալով իրենց բնակավայրը, որին տվել են Գրանիտե պալատ անունը, տեսնում են ներսում վխտացող կապիկների ոհմակը։ Մի օրանգուտանի թողնում են իրենց մոտ և կոչում են Քեռի Յուպ։
Կղզիաբնակները մի օր ծովափին գտնում են գործիքներով ու զենքերով արկղ: Նաև գրքեր։ Գտածո քարտեզից իմանում են, որ իրենց կղզու հարևանությամբ գտնվում է Տաբոր կղզին։
Պենկրոֆը որոշում է այցելել հարևան կղզին։ Ընկերների հետ նավ է շինում, որը կոչում է «Բոնավենտուր»։ Կղզու շուրջ փորձնական նավարկության ընթացքում գտնում են շշի մեջ դրված նամակ, որը տեղեկություն է բովանդակում նավաբեկության ենթարկվածի մասին։ Վերջինս Տաբոր կղզում է: Տաբորում Պենկրոֆը, Գեդեոն Սպիլետը և Հերբերտը հայտնաբերում են մարդկային կերպարը կորցրած Այրտոնին, որը դուրս էր բերվել կղզի «Դունկան» առագաստանավի վրա խռովություն բարձրացնելու փորձի համար։ Սակայն «Դունկանի» տեր Էդուարդ Գլենարվանը խոստացել էր երբևէ վերադառնալ նրա ետևից։ Լինկոլնի կղզում նրանց հոգատարության արդյունքում Այրտոնի մտավոր ունակությունները աստիճանաբար վերականգնվում են։
Անցնում է 3 տարի։ Կղզիաբնակները ունեն հաց, կառուցել են ալրաղաց, թրչնաբուծարան, ամբողջովին կահավորել են իրենց բնակավայրը
Մի օր ծովում տեսնում են հսկայական նավ: Բայց այն պատկանում է ծովահեններին: Նավը խարիսխ է գցում ափի մոտ։ Այրտոնը՝ գիշերով թափանցում է նավ։ Պարզվում է, որ նավի վրա գտնվում են հիսուն ծովահեններ (մի մասը Այրտոնի նախկին թիմակիցներն են): Այրտոնը վերադառնում է ափ և հայտնում գալիք պայքարի մասին։ Լուսածագին նավից իջնում են երկու նավակ։ Սրանց կղզիաբնակները կարողանում են չեզոքացնել: Անսպասելիորեն հսկա ալիք է բարձրանում և նավը խորտակվում է, անձնակազմից շատերը՝ մահանում են։ Ինչպես պարզվում է հետագայում, նավը պայթում է ստորջրյա ականի հետ բախումից, ինչը համոզում է կղզու բնակիչներին, որ նրանք կղզում միայնակ չեն։
Սկզբում ողջ մնացած ծովահեններին ձեռք չեն տալիս: Սակայն պարզվում է, որ ավազակները ընդունակ չեն խաղաղ ապրել։ Նրանք սկսում են կողոպտել և այրել բնակիչների տնտեսությունը։  Ծովահենները գերի են վերցնում Այրտոնին և տանում են քարանձավ, որտեղ փորձում են կտտանքների ենթարկել։ Ընկերները գալիս են օգնության, սակայն Հերբերտին լրջորեն վիրավորում են։ Նրա ապաքինումից հետո կղզիաբնակները որոշում են հաշվեհարդար տեսնել ծովահենների հետ։ Նրանք գնում են փարախ, որտեղ ենթադրում են գտնել նրանց, սակայն գտնում են միայն տանջահար և հազիվ կենդանի Այրտոնին, իսկ մոտակայքում՝ ավազակների դիերը։ Այրտոնն ասում է, որ չգիտի, թե ինչ է պատահել: Սակայն նա հայտնում է տխուր լուր։ Ծովահենների մի խումբ գողացել է «Բոնավենտուրը» և ծով դուրս եկել։ Նավը բախվել է ափամերձ ժայռերին և կոտրվել, բայց ավազակները փրկվել են։
Միևնույն ժամանակ կղզում արթնանում է հրաբուխը։ Կղզիաբնակները կառուցում են նոր նավ։
Մի երեկո Գրանիտե պալատի բնակիչները զանգի ձայն են լսում։ Ազդանշաններ է տալիս հեռագիրը, որը նրանք փարախից հասցրել էին մինչև տուն։ Նրանց կանչում են փարախ։ Փարախում գտնում են նամակ, որում խնդրվում է գնալ լրացուցիչ լարի ուղղությամբ։ Լարը նրանց բերում է մեծ քարանձավ, որտեղ տեսնում են ստորջրյա սուզանավ։ Այստեղ ծանոթանում են սուզանավի տիրոջ և իրենց հովանավոր նավապետ Նեմոյի՝ երբեմնի հնդիկ արքայազն Դակկարի, հետ: Վաթսունամյա ծերունին, որը թաղել է իր բոլոր համախոհներին, մահամերձ է։ Նեմոն նրանց է հանձնում մի փոքրիկ արկղ և զգուշացնում է, որ հրաբխի ժայթքման դեպքում կղզին կպայթի: Մահանում է: Կղզում իսկապես հրաբուխ է սկսվում, որը հանգեցնում է հզոր պայթյունի: Պայթյունի արդյունքում ամեն բան ոչնչանում է, մնում է միայն մի փոքրիկ ժայռ բաց օվկիանոսում։ Բոլորը՝ բացառությամբ Յուպի, ողջ են մնում։ Տաս օրից ավել նրանք մնում են ժայռի վրա՝ տառապելով սովից և ծարավից և արդեն անհույս։
 Հանկարծ նրանք տեսնում են իրենց ուղղությամբ եկող «Դունկանը»։ Ինչպես պարզվում է, Նեմոն, երբ ժամանակին ուղևորվել էր Տաբոր, այնտեղ գրություն էր թողել փրկարարներին՝ նախազգուշացնելով, որ Այրտոնը և հինգ ուրիշ նավաբեկյալներ օգնության են սպասում հարևան կղզում։
Վերադառնալով Ամերիկա՝ նախկին կղզիաբնակները նավապետ Նեմոյի նվիրած թանկարժեք քարերի շնորհիվ գնում են մեծ հողամաս և ապրում են այնտեղ այնպես, ինչպես արդեն գոյություն չունեցող Լինկոլն կղզում։

Տես նաև Ռոբերտ Սթիվենսոն Գանձերի կղզի, Էդգար Պո Ոսկե բզեզ և Հերման Մելվիլ Մոբի Դիկ կամ սպիտակ կետաձուկ

Ժյուլ Վեռն | Խորհրդավոր կղզի | համառոտ Ժյուլ Վեռն | Խորհրդավոր կղզի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:21:00 Rating: 5
Технологии Blogger.