
Վերոնայի գողերից մեկն իր համար
ճշմարտություն էր մշակել. ուրիշների հաշվին ապրելն ամենագեղեցիկն ու ամենահարմարն է
աշխարհում: Եվ գոհ էր իր ընտրած մասնագիտությունից:
Կարելի էր մի ակնթարթում գողանալ
այն, ինչ մարդիկ վաստակել են երկարատև աշխատանքի շնորհիվ: Այս նրբանկատ «գիտունը» ուներ
ներքին օժտվածություն և ընդունակություններ՝ իր սպասելիքներին հասնելու համար:
Մի օր ընկերներից մեկը նրան
հրավիրում է ընթրիքի: Քանի որ ցանկությունը մեծ էր, չի մերժում ընկերոջը և ընդունում
է հրավերը: Փողը խնայելու պայմանով, որոշում է հյուր գնալուց առաջ շրջել քաղաքում:
Անցնելով դերձակի արհեստանոցի կողքով ներս է մտնում՝ դեմքին տալով հմայիչ ու անմեղ
արտահայտություն: Դերձակը կարում էր տոնական եկեղեցական հագուստներ: Խաբեբան «ցանկանում
է» հագուստ գնել և աչքի պոչով զննում է արհեստանոցը: Նստարանի վրա տեսնում է ընտիր
գործվածքի երկու կտոր և ինքն իրեն ասում. «Սրանք շատ հարմար են այսօրվա ընթրիքի համար,
դեռ մի բան էլ ավել», իսկ բարձրաձայն ավելացնում է.
- Բարի մարդ, ես ուզում եմ
գեղեցիկ զարդահագուստ գնել իմ զարմիկի համար: Դուք լավ մարդ եք երևում, ուզում եմ նախապատվությունը
տալ ձեզ: - Դերձակն անհամբերությամբ պատասխանում է, որ ինքն ամեն ինչ ունի, որ հագուստի
որակը կգոհացնի նրան:
Փորփրելով պահարանից դուրս
է հանում ամեն ինչ, վերնազգեստներ, փարանջաներ, գոտիներ, կնգուղներ, շուրջառներ և միևնույն
ժամանակ տալիս զանազան բացատրություններ, առաջարկում համեստ գներ: Նախքան սակարկելը,
այցելուն ցանկանում է փորձել հագուստը:
-Կնախընտրեի մեկ անգամ ոտքից
գլուխ փորձել դրանք և տեսնել դրանց հրաշակերտությունը:
- Ես չեմ թողնի, դուք հոգնեք,
ես ինքս կփորձեմ,-ասում է դերձակը:
- Շատ լավ, իմ ազգականը ճիշտ
և ճիշտ ձեր չափին է:
Խաբեբան օգնում է նրան հագնվել:
Դերձակը պատրաստվում է ամենայն բծախնդրությամբ: Երբ խաբեբան նրան տեսնում է պատրաստ
վիճակում, զննում է նրան ոտից գլուխ, կողքից, դիմացից, պտտեցնում այս ու այն կողմ և
ասում, որ ամեն ինչ իր տեղում է: Հետո խնդրում է շրջվել, որպեսզի թիկունքից էլ նայի:
Դերձակը շրջվում է թե չէ, նա մի ակնթարթում նետվում է կտորների կողմը, դնում է ծոցն
ու ծլկում: Դերձակն անտեղյակ պատահածից, սպասում է, որ այցելուն հայտնի իր կարծիքը:
Իսկ գողին ոտքերը տանում են դեպի գրկաբաց ընկերը: Մի քանի րոպեից դերձակը դիմում է
վաղուց արդեն անհետացած խաբեբային: Մնալով անպատասխան, շրջվում է ու շանթահարվածի պես
կագնում… Ո՛չ այցելուն կար, ո՛չ էլ նստարանի վրայի թանկարժեք կտորները:
Նոր է հասկանում, որ իրեն խաբել
են: Գլուխը դուրս է հանում արհեստանոցի դռնից և ձայնում անցնող-դարձողին.
-Բռնե՛ք գողին, բռնե՛ք, բռնե՛ք,
լավ կվարձատրեմ:
Մարդիկ, որոնք անցնում էին
մոտերքով, լսելով նրա գոռում-գոչյունը, շրջվում են, բայց չիմանալով պատճառը, կարծում
են, թե դերձակը կատակում է՝ կնգուղը գլխին դրած:
- Ասում եմ, չէ՞, նա ինձնից
երկու գործվածք գողացավ: Չտեսա՞ք, այստեղից դուրս թռավ: Գրողը տանի ինձ: - Այս ասելով,
շփոթված դուրս է նետվում արհեստանոցից և վազում գողի ետևից:
- Բռնեք գողին, բռնե՛ք գողին…
Հարևանները, տեսնելով փողոցում
առաջացած իրարանցումը, դուրս են թափվում, հրմշտում իրար ու հարցնում:
- Ի՞նչ սատանա է մեջդ մտել,
ի՞նչ է ուզում անել:
Արհեստանոցները դատարկվեցին,
որը մկրատը ձեռքին, որը՝ շիշը, որը՝ բահը, դուրս եկան փողոց: Բազմությունը գնալով մեծանում
էր:
Հարյուրից ավելի մարդ՝ շրջապատած
դերձակին, խաչակնքում էր ու շատախոսում: Խաբեբան անտեղյակ, հանգիստ քայլում էր, իսկ
դերձակը սլանում էր դեպի նա: Լսելով դերձակի ծղրտոցը, գողը շրջվում է՝ տեսնելով զարդարված
դերձակին և նետվում ամբոխի վրա:
- Տեսնո՞ւմ եք, խեղճը հենց
նոր խելքը թռցրեց, ես նրան ճանաչում եմ: Ժամանակ առ ժամանակ զառանցանքի մեջ է ընկնում,
կարծում է, ինքը քահանա է, և իրեն խաբել են: Տո՛ւն տարեք նրան:
Երեխաների մի հոծ բազմություն,
այստեղից-այնտեղից փողոց ելած, լսում են գողին, հետո աղմուկ-աղաղակ բարձրացնելով վրա
տալիս.
- Բռնե՛ք խելագարին:
Ոմանք նրան գետին են նետում,
մյուսները՝ ձեռքերից բռնում, որը հագուստն է քաշքշում, որն էլ՝ գլխարկը:
Խեղճ մարդը զուր էր պայքարում,
ասելով, որ իր խելքը տեղն է: Նրա ձայնն արդեն կորչում էր ընդհանուր աղմուկի մեջ: Նա
անկարող էր քանդել անզուսպ ծիծաղի, գոչյունների կուռ պարիսպը՝ տեսնելու գողին:
Վերջինս մի մեղեդի սուլելով,
վաղուց էր արդեն հեռացել: Խեղճը հուսահատ, որ էլ չի վերադարձնի կորցրածը, պատվազուրկ,
ծեծ ու ջարդ կերած, ամբոխի կողմից ծաղր ու ծանակի ենթարկված, իրեն իսկապես խելագար
էր զգում:
Մտերիմներից մի քանիսը շրջապատեցին
նրան:
- Մարդ Աստծո, ի՞նչ ես անում
այս հագուստով: Դե՛, հանգստացիր, վերադարձիր քո գործին:
Դերձակը ուզում էր ասել՝ Այն
մարդը իմ կտորները… բայց խոսքը բերանը ընդհատեցին, թևանցուկ արեցին և մի կերպ տուն
հասցրին: Ամբոխը շրջապատել է նրան: Վերջապես, փակված արհեստանոցի խորքում, հետաքրքրասեր
ամբոխի աչքից հեռու, նա մեկ-մեկ հանեց հագուստները: Սրտացավ բարեկամներն ասացին, որ
դերձակը որոշել էր փողոցում ժամերգություն կատարել և իր երախտագիտությունը հատուցել
ի Փառս Աստծո: Խեղճ մարդը փորձեց հակառակն ապացուցել, վկայելով հավատն ու Ավետարանը,
բայց լսող չեղավ:
Իսկ խաբեբան մի լավ քեֆ արեց
իր «քեֆչիների» հետ՝ վաճառած կտորներով և մի կուշտ ծիծաղեց «ներընծա քահանայի» վրա:
Թարգմանությունը իտալերենից՝
Ելիզավետա Մանուկյանի
Անտոնիո Չեզարի | Գողություն եկեղեցական դերձակի արհեստանոցում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 26, 2016
Rating:
