Թոմաս Ս. Էլիոթ | Գերոնտիոն



«Չունես ծերություն, կամ ջահելություն,
Այլ, այսպես ասած, հետճաշյա մի քուն՝
Երկուսի մասին երազներով լի»:


Ահա ես՝ մի ծերունի, ցամաք ամսվա մեջ,
Որ լսում է տղայի ընթերցանությունն ու անձրևի սպասում:
Ես չեմ եղել տաք դարպասների մոտ,
Չեմ կռվել տաք անձրևի տակ,
Չեմ թաղվել աղի ճահճում՝ սուրը ձեռքիս,
Ճանճերը չեն կծել ինձ՝ մարտնչելիս:
Իմ տունը փտած տուն է,
Ջհուդը՝ տանտերը, պպզած է լուսամուտի գոգին՝
Ձկնկիթ դրած Անտվերպենի ինչ-որ սրճարանում,
Բրյուսելում բշտիկներով ծածկված, Լոնդոնում կարկատված-պլոկված:
Գիշերները զառիվեր դաշտում այծն է հազում.
Ժայռեր, մամուռ, քարահոս, երկաթ, քակոր:
Կինը խոհանոցում թեյ է պատրաստում,
Փռշտում երեկոյան՝ ջրառատ առուն խառնելիս: Ես՝ մի ծերունի,
Մի բութ գլուխ հողմառատ տարածության մեջ:
Նշանը հրաշքի տեղ է անցնում. «Ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»:
Բանը բանի մեջ, անզոր՝ մի բառ խոսելու,
Խավարով բարուված: Ջահել տարվա մեջ
Եկավ Քրիստոս վագրը

Անառակ մայիսին՝ հոն, շագանակ, ծաղկող ծիրանենի,
Որոնք շշնջալով պիտի ուտեն, բաժանեն, խմեն՝
Պարոն Սիլվերոն շոյող ձեռքերով,
Լիմոժում, ողջ գիշերը հարևան սենյակում քայլելիս,
Հաքագավան՝ Տիցիանի կտավների առջև խոնարհվելիս,
Մադա դը Թորնքվիստը՝ մթին սենյակում
Մոմերը փոխելիս, ֆրոյլայն ֆոն Քուլփը՝
Սրահում շրջվելիս՝ մի ձեռքը դռան վրա:
Դատարկ մաքոնները
Քամի են հյուսում: Չունեմ ուրվականներ,
Ես՝ մի ծերունի սրտաշունչ տան մեջ՝
Հողմածեծ բռնակի ներքո:

Այսքան գիտելիքներից հետո՝ էլ ի՜նչ թողություն: Մտածիր հիմա.
Պատմությունը բազում նենգ ուղիներ ունի, ծուղակ-միջանցքներ,
Վիճելի հարցեր: Նա խաբում է շշնջացող նկրտումներով,
Առաջնորդում մեզ սնափառությամբ: Մտածիր հիմա.
Նա տալիս է այն ժամանակ, երբ մենք չենք նայում:
Այն, ինչ տալիս է, տալիս է այնպիսի նենգ խառնաշփոթությամբ,
Որ տվածը սովի է մատնում փափագը: Շատ ուշ է տալիս
Այն, ինչին չենք հավատում, կամ եթե հավատում ենք դեռ,
Ապա միայն հիշողությամբ. վերանայված կիրք: Շատ շուտ է հանձնում
Տկար ձեռքերին,- միտք, որին կարելի է մի կերպ համակերպվել,
Մինչև որ հրաժարումը սարսափ առաջացնի: Մտածիր.
Ոչ վախն է մեզ փրկում, ոչ քաջությունը: Մեր հերոսությունը
Որդեգրել է անբնական արատներ: Մեր անպատկառ ոճիրները
Արժանիքներ են փաթափել մեր վզին:
Այս արցունքներն են թափվում զայրույթի ծառից:
Վագրը ցատկում է նոր տարվա մեջ: Մեզ նա է խժռում: Մտածիր ի վերջո,
Մենք չենք հանգել եզրակացության, մինչ ես
Փայտանում եմ այս վարձու տան մեջ: Մտածիր ի վերջո,
Աննպատակ չեմ ցուցադրել այս ամենը,
Ոչ էլ՝ չար ուժերի դրդմամբ:
Այս հարցում անկեղծորեն կնայեի քեզ.
Ես, որ մոտ էի սրտիդ, վտարվեցի միայն՝
Կորցնելու գեղեցկությունը՝ սարսափի, իսկ սարսափը՝ հավատաքննության մեջ:
Կորցրել եմ իմ կիրքը. ինչո՞ւ նրա կարիքն զգամ,
Երբ այդ կարիքը սոսկ պիտի խարդախվի:
Կորցրել եմ տեսողություն, հոտառություն, լսողություն, համ, շոշափելիք.
Ինչպե՞ս գործածեմ դրանք՝ քեզ հետ ավելի սերտ կապվելու համար:
Սրանք հազարավոր այլ խոհերի հետ,
Ձգձգում են ցուրտ զառանցանքի շահը,
Գրգռում թաղանթը, երբ զգայարանը սառած է,
Կծու համեմունքով, բազմապատկում են բազմազանությունը
Հայելիների անապատում: Սարդն ի՜նչ է անելու,
Հետաձգելո՞ւ է իր գործը. հապաղելո՞ւ է
Երկարաճիթ բզեզը: Դե Բելաշ, Ֆրեսկա, տիկին Քեմըլ, բոլորը պտտվում են
Դողացող Արջի շրջապտույտի մեջ,
Տրոհված ատոմներով: Ճայը քամու դեմ
Բել Այլի հողմառատ նեղուցներում,
Կամ դեպի Քեյփ Հորն սլանալիս:
Ճերմակ փետուրներ՝ ձյան վրա, օվկիանոսային հոսանք,
Եվ մի ծերունի՝ քամիներից քշված
Դեպի անկյունն այս քնատ:

Կենվորները տան.
Չոր ուղեղի մտքերը՝ չոր եղանակին:

Թարգմանությունը՝ Ս. Մկրտչյան


Թոմաս Ս. Էլիոթ | Գերոնտիոն Թոմաս Ս. Էլիոթ | Գերոնտիոն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:32:00 Rating: 5
Технологии Blogger.