Թոմաս Ս. Էլիոթ | Մոխրոց չորեքշաբթի



Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ
Որովհետև ես հույս չունեմ
Որովհետև ես հույս չունեմ դառնալ
Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին
Չեմ ձգտում ձգտելու դեպի այս ձևերը
(Ինչո՞ւ ծեր արծիվը տարածի թևերը)
Եվ ինչո՞ւ ողբալ
Հասարակ իշխանության ուժը կորուսյալ

Որովհետև ես հույս չունեմ ճանաչել կրկին
Հաջողակ ժամի փառքը անհաստատ
Որովհետև գիտեմ որ չեմ ճանաչի
Միակ զորությունը անցողիկ և հաստատ
Որովհետև ես չեմ կարծում
Թե կխմեմ այնտեղ, որտեղ ծառեր են ծաղկում,
աղբյուրներ հոսում, քանզի չկա ոչինչ

Որովհետև գիտեմ որ ժամանակը ժամանակ է միշտ
Իսկ վայրը` միշտ և միմիայն վայր
Եվ այն ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակի և ճիշտ
Մեկ վայրի համար
Հրճվում եմ որ իրերն այնպիսին են, ինչպիսին կան
Եվ ուրանում եմ օրհնված դեմքը
Եվ ձայնն եմ ուրանում
Որովհետև ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Ուստի հրճվում եմ, կառուցելով միշտ ինչ-որ բան
Եվ հրճվում վրան
Եվ աղոթում Աստծուն որ գթա մեզ
Հարցերը որոնք բազմիցս քննարկում եմ ես

Եվ բացատրում, ինքս ինձ հետ
Որովհետև ես հույս չունեմ կրկին դառնալ ետ
Թող այս բառերը տան պատասխանը
Եղածի համար, որ չկրկնվի եղածն այսուհետ
Թող թեթև լինի ահեղ դատաստանը
Որովհետև ճախրելու թևեր չեն այս թևերը տոչոր
Այլ հովհարներ որոնք գիտեն ծեծել օդն ու տոկալ
Օդը որ հիմա ամբողջովին փոքր է ու չոր
Ավելի փոքր ու չոր քան կամքը նանիր
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր:

Մեղապարտներիս համար աղոթիր հիմա և մեր մահվան ժամին
Աղոթիր հիմա և մեր մահվան ժամին:

II

Տիրուհի, երեք ճերմակ ինձ էին նստած գիհի տակ
Օրվա հով ժամին, մինչև հագեցում ըմբոշծնած
Իմ ոտքերը, սիրտը, լյարդը և այն ինչ լցնում էր
Պարապն իմ գանգի: Եվ Աստված ասաց.
Կկենդանանան այս ոսկորները: Կկենդանանան
Այս ոսկերները: Եվ այն ինչ լցնում էր
Իմ ոսկորները (որոնք արդեն չոր էին), ասաց ճռվողելով.
Այս Տիրուհու բարության,
Նրա գեղեցկության և այն պատճառով
Որ նա Կույսին մտավարժանքով փառաբանում է,
Մենք շողում ենք պայծառ: Եվ ես որ այստեղ քողարկված եմ
Մոռացությանն եմ արարքներս հանձնում, իսկ սերս՝
Անապատի ժառանգներին և դդմի պտղին:
Սա է ապաքինում
Իմ աղիները աչքերիս թելերն ու մասերը դժվարամարս
Որոնք ինձերը մերժել էին: Հեռանում է Տիրուհին
Ճերմակ պատմուճանով, մտորելու, ճերմակ պատմուճանով:
Թող ոսկորների ճերմակությունը մոռացությունը հատուցի:
Կյանք չկա նրանց մեջ: Ինչպես ես եմ մոռացված
Եվ մոռացված կլինեմ, այդպես էլ կուզեի մոռանալ՝
Նվիրված, կենտրոնացած նպատակի մեջ: Եվ Աստված ասաց
Մարգարեացիր շնչին, միմիայն շնչիր քանզի միայն
Շունչը կլսի: Եվ ոսկորները երգեցին ճռվողելով
Մարախի ծանրությամբ, և ասացին

Լռությունների Տիրուհի
Անվրդով ու տառապյալ
Բզկտված ու ամբողջական
Վարդ հիշողության
Մոռացության վարդ
Պարպված ու կենսատու
Անհանգիստ ու հանդարտ
Վարդը պարտեզն է
Որտեղ բոլոր
Սերերն են վերջանում
Վերջ տուր տանջանքին
Անբավական սիրո
Մեծագույն տանջանքին
Անբավական սիրո
Վերջի վերջնակետ
Եվ ճամփա անվերջ
Վերջնականություն
Անվերջնականի
Խոսք առանց բառի
Բառ ոչ մի խոսքի
Փառք Մորը հանուն
Պարտեզի որտեղ
Սերերն են վերջանում

Երգեցին գիհի հով ժամերին ոսկորները ցաքուցրիվ ու շողշողուն
Ուրախ ենք որ ցաքուցրիվ ենք, այնքան քիչ բան ենք տվել միմյանց,
Գիհի տակ օրվա հով ժամին մեզ ավազն օրհնեց՝
Մոռացած իրենք իրենց, միմյանց ու միասնացած
Անապատի ոնդորրի մեջ: Սա է այն երկիրը
Որ վիճակով պիտի բաժանենք: Ոչ բաժանումն է կարևոր,
Ոչ միությունը: Սա է երկիրը: Ժառանգությունը մեր:

III

Երկրորդ աստիճանի առաջին դարձին
Շրջվեցի ու տեսա, ցածում անհատակ
Նույն կերպարանքը՝ բազրիքին շրջված
(Գարշահոտ օդի գոլորշու տակ)
Մարտնչում էր նա աստիճանների չար ոգու հետ
Որի դեմքին հուսահատություն և հույս էր դաջված:
Երկրորդ աստիճանի երկրորդ դարձին
Նրանց շրջված թողեցի ցածում.
Այլևս  դեմք չկար, աստիճանը խոնավ էր ու մութ
Եվ ատամնովոր, ինչպես ծերունու լորձոտ բերան,
Եվ քառթավոր, ինչպես կոկորդ շնաձկան:

Երրորդ աստիճանի առաջին դարձին
Թզենու պտղի ուռուցիկ մի պատուհան տեսա
Իսկ ալոճենու ծաղկունքից և արոտավայրից էլ ցած
Կապույտ-կանաչ հագած թիկնեղ մի արարած
Գարունն էր դյութում անտիկ սրինգով:
Անուշ են վարսերը՝ զեփյուռի ներքո, թուխ վարսերը՝ շուրթերի վրա.
Յասաման և դարչնագույն վարսեր.
Մտացրություն, սրինգի մեղեդի, մտքի դեգերումներ՝ երրորդ աստիճանի վրա.
Նվազում, նվազում և զորություն՝ հույսից ու հուսահատությունից էլ վեր
Մինչ ես երրորդ աստիճանին հասա:

Տեր, ես արժանի չեմ
Տեր, ես արժանի չեմ
             այլ մի խոսք ասա:

IV

Նա որ քայլեց մանուշակի ու մանուշակի միջև
Նա որ քայլեց
Կանաչի տարբեր շարքերի միջև
Ու ներս մտավ ճերմակով ու երկնագույնով, Մարիամի գույնով,
Եվ առօրյա հոգսեր դայլայլեց
Մշտական թախծի անգիտությամբ ու գիտությունով
Նա որ քայլեց քայլողների հետ մինչև
Ջրերն հզորացան և աղբյուրը նորից փայլեց
Նաև զովացրեց չոր վեմը, դալփնակի երկնագույնով
Պնդացրեց ավազը, Մարիամի գույնով,
Sovegna vos

Սրանք են տարիները, որոնք քայլում են իրար մեջ
Խլում են մեզնից սրինգ ու ջութակ, հանձնում
Մեկին որ շարժվում է քնի և արթմնիության միջև

Հագին սպիտակ լույս, շուրջն սպիտակ լույս:
Քայլում են նոր տարիներն ու անցնում
Տարիներ բերելով՝ արցունքների պայծառ ամպի միջով,
Եվ նոր քերթություն՝ հին քերթության վրա: Քավիր
Ժամանակը: Քավիր
Չընթերցված տեսիլն ավելի բարձր երազի մեջ
Մինչ ակնազարդ միաեղջյուրներն են քաշում ոսկեզօծ դիակառքը:

Սպիտակ-կապույտ քույրը քողավոր,
Կարմրածառերի մեջ, պարտեզների աստծո թիկունքում,
Որի սրինգն անշունչ է, կախեց գլուխը, խաչակնքեց բայց խոսք չասաց

Այլ շատրվանն հորդաց վեր ու թռչունը երգեց ցած.
Քավիր ժամանակը, երազը Քավիր
Բառի խորհրդամշանը չլսված ու չասված

Մինչև քամին ծառից հազարավոր շշուկներ թափի

Աքսորից հետո մեր դժվարակիր:

V

Եթե կորած բառը կորած է, սպառված բառը՝ սպառված
Եթե չլսված ու չասված
Բառը չասված է, չլսված.
Անբառ է չասված բառը, Բառը չլսված
Բառը բառից դուրս, Բառն աշխարհի մեջ
Կամ հանուն աշխարհի
Եվ լույսը մթնում շողշողաց անշեջ
Եվ ընդդեմ Բառի պտտվեց աշխարհն անբառ
Կենտրոնի շուրջը անբարբառ Բառի:

Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՛մչ եմ արել:

Որտե՞ղ կարող ենք բառը գտնել, որտե՞ղ կարող ենք բառը
Փնտրել: Ոչ այստեղ, քանզի լռությունն այստեղ քիչ է,
Ոչ ծովի վրա, ոչ կղզիներում, ոչ
Ցամաքի վրա, ոչ անապատում. Ոչ տաք անձրևի տակ՝
Նրանց համար ովքեր քայլում են խավարում անվերջ,
Գիշեր ու ցերեկ,
Ճիշտ ժամն ու ճիշտ վայրն այստեղ չեն երբեք.
Չկա սրբավայր նրանց համար ովքեր դեմքից են խուսափում
Չկա հրճվանքի ժամ նրանց համար ովքեր քայլում են աղմուկի մեջ ու ձայնն ուրանում
Կաղոթի՞ քողավոր քույրը նրանց համար
Ովքեր քայլում են մթնում, ովքեր դիմացան և ընդդիմացան քեզ
Ովքեր փքվեցին ու լքվեցին՝ եղանակի ու եղանակի, ժամանակի և ժամանակի,
Ժամի և ժամի, բառի և բառի, զորության և զորության միջև
Եվ ովքեր սպասում են մթնում: Կաղոթի՞ քույրը
Դռան մոտ սպասող երեխաների համար
Ովքեր չեն հեռանա և չգիտեն աղոթել,
Աղոթք նրանց համար ովքեր դիմացան և ընդդիմացան:

Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՜նչ եմ արել:

Կարմրածառերի մեջ կաղոթի՞ քույրը նրանց համար
Ովքեր իր հանդեպ գործեցին մեղքեր անհամար
Վախին հանձնվեցին հար, մնացին սարսափահար,
Ովքեր չկուրացան բայց և չուրացան
Վերջին անապատում, վերջին կապույտ ժայռերի միջև)
Անապատը պարտեզում, պարտեզն անապատում,
Երաշտի անապատում, որտեղ բերանը փտած խնձորի սերմ է թքում:

VI

Թեպետ ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Թեպետ ես հույս չունեմ
Թեպետ ես հույս չունեմ դառնալ

Դեգերելով օգուտի և կորստյան միջև
Այս կարճ ճամփին որտեղ երազներն են կտրում-անցնում
Երազների աղջամուղջը՝ ծննդի ու մահվան միջև
(Օգնիր ինձ, հայր) թեպետ չեմ ուզում ուզենալ ոչինչ
Լայն պատուհանից մինչև կարեվեր
Ճերմակ առագաստները դեպի ծով են թռչում, դեպի ծով թռչող
Անկոտրում թևեր
Իսկ կորած սիրտը փայտանում է և ուրախանում հար
Կորած յասամանի և ծովի կորած ձայների համար
Եվ թույլ հոգին ընդվզում է անդադար
Թեքված ծաղկի և ծովի կորած բույրի համար
Նա փորձում է վերադարձնել
Լորի կանչն ու դաշտակտցարի բազքը միասին
Իսկ փղոսկրե դռների միջև
Կույր աչքն արարում է կերպարանքներ սին
Մինչ հոտըթարմացնում է հողի համն աղի

Սա է լարման ժամանակը ծնունդի և մահվան միջև
Վայրը մենության որտեղ երեք երազ են հատվում
Երկնագույն ժայռերի միջև
Բայց երբ ձայներն են կարմրածառից թափվում
Թող մյուս կարմրածառը պատասխանի:

Քույր օրհնյալ, սուրբ Մայր, ոգի պարտեզի, ոգի շատրվանի,
Մի թող որ ստով ծաղրենք ինքներս մեզ
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր
Անգամ այս ժայռերի մեջ,
Նա է լոկ մեր խաղաղությունն հոգևոր
Եվ անգամ այս ժայռերի մեջ
Քույր, մայր
Գետի ոգի, ծովի ոգի
Մի բաժանիր մեզ
Եվ  իմ աղաղակը թող հասնի Քեզ:

Թարգմանությունը՝ Ս. Մկրտչյան      
Թոմաս Ս. Էլիոթ | Մոխրոց չորեքշաբթի Թոմաս Ս. Էլիոթ | Մոխրոց չորեքշաբթի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 18:58:00 Rating: 5
Технологии Blogger.