Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա իններորդ



Ինչու եթե պետք է լինելության ժամանակահատվածը
անցկացնել, որպես դափնեծառ, ավելի մուգ, քան մնացած
կանաչը ողջ, փոքրիկ ալիքներով ամեն մի
տերևեզրի (ինչպես քամու ծիծաղ),- ինչի՞ համար է
մարդկայինը սակայն - և, ճակատագրից խուսափելով,
ինչո՞ւ ճակատագիրը տենչալ
Օ, Ոչ նրա համար, որ երջանկությունը Կա,
Այդ վաղաժամ առանձնաշնորհը մի մոտիկ կորուստի:
Եվ ոչ հետաքրքրասիրությունից կամ սրտի վարժման համար,
Որը Կլիներ նաև դափնեծառի մեջ
Այլ որովհետև Այստեղագոյը շատ է, և որովհետև
տեսանելի ողջ Այստեղայինը մեր կարիքն ունի, Կորուսյալը այս, որը,
զարմանալիորեն, մեզ է վերաբերում: Մեզ,
Ամենակորուսյալներիս: Մի անգամ
ամեն ինչ, միայն մի անգամ: Մի անգամ և
այլևս ոչ: Եվ մենք նույնպես
Մի անգամ: Այլևս երբեք: Բայց այդ
Մի անգամ լինել, եթե նույնիսկ միայն Մի անգամ
Երկրային լինել, առանց խուսափելու
Եվ այսպես շտապեցնում ենք մենք մեզ և ուզում ենք այդ իրագործել
ուզում ենք այդ պահել մեր պարզ ձեռքերում,
լցված հայացքներում և սրտերում անխոս:
Ուզում ենք այդ դառնալ: - Ո՞ւմ տալ այդ: Ավելի լավ է
ամեն ինչ պահել ընդմիշտ: Ախ, մյուս ընդունման մեջ
ի՞նչ վերցնել մեզ հետ, այն կողմում: Ոչ հայեցումը, այստեղ
հազիվ յուրացված, և ոչ մի բան, որ եղել է այստեղ: Ոչինչ:
Ուրեմն՝ ցավերը: Ուրեմն՝ այն, ինչ ծանր էր այստեղ,
Ուրեմն երկար փորձությունը սիրո,- ուրեմն
հնչեղ Անասելին: Բայց ավելի ուշ,
աստղերի միջև, ինչ, ինչ. Անասելի են Աստղերն առավել:
Չէ՞ որ թափառականը լեռան զառիվայրից իջնելով
հովիտ, ոչ թե մի լիքը բուռ հող է բերում այնտեղից, բոլորին անասելի, այլ՝
վաստակած մի բառ, մաքուր օձասխտորը դեղին ու
կապույտ: Գուցե մենք Այստեղ ենք՝ ասելու համար. տուն,
կամուրջ, աղբյուր, դուռ, սափոր, ծառ, պատուհան,-
ամենաշատը՝ խոյակ, աշտարակսակայն Ասելու, հասկացիր դու այս,
օ, Այնպես ասելու, ինչպես իրերն իրենք երբեք
չեն մտածել իրենց ներսում: Չի՞ խորամանկում գաղտնի
երկիրն այս լռակյաց, երբ շտապեցնում է նա սիրահարներին,
որ նրանք իրենց զգացմունքի մեջ հիացնեն բոլորին:
Շեմքը. թող սիրահարները երկու
Սիրահարներ, սեփական հին շեմքը դռների
Մաշեն մի քիչ, թող նրանք էլ մաշեն, շատերից հետո,
և նրանցից առաջ, ովքեր պիտի գան, թող մաշենթեթև:
Այստեղ է ժամանակը Ասելիության, Այստեղ է հայրենիքը նրա:
Խոսիր և խոստովանիր: Ավելի, քան երբևէ,
փլուզվում են իրերը, իրերը զգայելի, քանզի
ինչ արտամղում է նրանց՝ փոխարինելով, մի գործունեություն է առանց պատկեր:
Մի գործողություն կեղևների ներքո, որոնք պատառոտվում են իրենք իրենց, հենց որ
ներսից գործողությունն է աճում և այլ կերպ սահմանափակում իրեն:
Մուրճերի միջև մեր սիրտն է
Դիմանում, ինչպես լեզուն՝
ատամների միջև, որը, սակայն,
այդուհանդերձ, մնում է փառաբանող:
Փառաբանիր աշխարհը հրեշտակին, բայց ոչ
Անասելին, որովհետև Հրեշտակին
Դու չես կարող զարմացնել փառահեղ զգացմունքներով. Տիզերքում,
ուր հրեշտակն է զգալով զգայում, դու մի նորեկ ես: Ուրեմն ցույց տուր
Պարզագույնը նրան, որը սերնդից սերունդ ձևավորված,
ապրում է, որպես Մերային, մեր ձեռքերի մոտ և հայացքի մեջ:
Ասա իրերը նրան: Նա կկանգնի հիացած, ինչպես դու էիր կանգնում
Հռոմի կառանագործների կամ Նեղոսի բրուտների մոտ:
Ցույց տուր նրան, թե ինչ երջանիկ կարող է իրը այդ լինել, ինչ անմեղ և ինչպես մերը,
թե ինչպես է նույնիսկ գանգատվող տառապանքը մաքուր վերածվում ձևի,
ծառայում որպես մի իր կամ մեռնում մի իրի մեջ,- և այն կողմում
երանելիորեն խուսափում ջութակից: - Եվ այս վախճանելի
իրերը կհասկանան, որ դու փառաբանել ես իրենց. Անցողիկ են նրանք,
և մեզ են վստահում փրկության համար, Ամենաանցողիկներիս:
Անտեսանելիորեն մեր սրտերում մենք պետք է նրանց ամբողջովին կերպափոխենք
մերօ, անվերջմեր մեջ: Մեր վերջի մեջ ով էլ որ լինենք:
Երկիր, ահա, ահա այն, ինչ կամենում ես դու՝ Անտեսանելի
մեր մեջ վերամարմնավորվել: - Սա չի՞ քո երազանքը՝
մի անգամ անտեսանելի լինել: - Երկի՜ր, անտեսանելի՜:
Ի՞նչն է, եթե ոչ կերպարանափոխումը, քո խնդիրը անհետաձգելի:
Երկիր, դու սիրելի, ես ուզում եմ: Օհ, հավատա դու, հարկավոր չեն
քո գարունները այլևս, որ ինձ նվաճես,- Մեկը,
ախ, մի միակ գարունդ արդեն շատ է արյան համար:
Վաղուց ի վեր պատրաստ եմ ես քեզ, առանց անվանման:
Ճշմարտացի ես դու հավերժորեն, և քո սրբազան հղացումը մահն է հուսալի:
Նայիր, ապրում եմ ես: Որտեղի՞ց: Ոչ մանկությունն է նվազում,
ոչ էլ գալիքըԱրտահաշվելյալ լինելությունն է ծագում իմ սրտում:

Թարգմանությունը՝ Հ. Մովսես

Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա իններորդ Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա իններորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:00:00 Rating: 5
Технологии Blogger.