Հանս Քրիստիան Անդերսեն | Դմբո Հանսը


Մի գյուղում կա մի հին պալատ, որտեղ ապրում է մի ծեր պարոն։ Նա ունի 2 խելացի տղա՝ այնքան խելացի, որ եթե երկու անգամ ավելի հիմար լինեին, միևնույն է, նրանց խելքը կբավարարեր։ 
Սրանք երկուսն էլ պատրաստվում են թագավորի աղջիկն ուզելու, իսկ դա բոլորովին էլ զարմանալի չէ. չէ՞ որ մունետիկը ժողովրդին հայտարարել է, որ թագավորի աղջիկը կամուսնանա նրա հետ, ով զրույցի մեջ ամենից պերճախոսը լինի։ Եղբայրները հարսնախոսության են պատրաստվում 7 օր. ավելի ժամանակ չունեն, բայց այդ էլ բավական է, քանի որ շատ բան գիտեն, իսկ դա ավելի կարևոր է։ Մեկն անգիր է սերտում ողջ լատիներեն բառարանը և քաղաքի 3 տարվա լրագրերը: Այդ բոլորը պատմում է ոչ միայն սկզբից, այլև վերջից։ Մյուսը սովորում է օրենսգիրքը և գիտի ամեն բան, ինչ պետք է իմանալ քաղաքային վարչության խորհրդականին, այնպես որ՝ կարող է խոսել պետական գործերից։ Նաև կարող է գործել ուսակապեր, ճարպիկ մատներ ունի և նուրբ ճաշակ։ Եղբայրներից յուրաքանչյուրն ասում է. «Ե´ս կամուսնանամ թագավորի աղջկա հետ»: Հայրը յուրաքանչյուրին մի լավ ձի է նվիրում. բառարանն ու լրագրերը անգիր իմացողին՝ ածուխի պես սև ձի, իսկ նրան, ով խելացի է քաղաքային վարչության խորհրդականի պես և գիտի գործել՝ կաթի պես սպիտակ ձի։ Եղբայրներն իրենց շրթունքներին ձկան յուղ են քսում, որ բերաններն ավելի հեշտ բացվեն։ Ծառաները հավաքվում են բակում, նայում, թե եղբայրներն ինչպես են ձի նստում։ Գալիս է նաև երրորդ եղբայրը. նրանք երեքն են, բայց փոքրին հաշվի չեն առնում, որովհետև նա մեծ եղբայրների պես ուսումնական չէ, և նրա անունը դրել են Դմբո Հանս։
Այդ ո՞ւր,- հարցնում է Հանսը,- ինչի՞ եք այդպես զուգվել-զարդարվել։
Գնում ենք պալատ՝ թագավորի աղջկան ուզելու, չե՞ս լսել։ Աշխարհով մեկ հայտարարել են։
Եվ պատմում են իրենց հարսնախոսության մասին։
- Ա՜յ թե ինչ,- ասում է Դմբո Հանսը։ - Է՞, ես էլ կգնայի։
Եղբայրները ծիծաղում են նրա վրա ու ձիերը քշում։
- Հա՛յր, ձի՛ տուր ինձ, ուզում եմ ամուսնանալ. թե որ ինձ ուզեց՝ լա՛վ, թե որ չուզեց՝ ի՛նքս կառնեմ նրան,- բղավում է Հանսը։
- Հիմարություններ դուրս մի՛ տուր,- ասում է հայրը։ - Ես քեզ ձի չեմ տա։ Դու ինչպե՞ս կխոսես թագավորի աղջկա հետ։ Ա՛յ, քո եղբայրների բանն ուրիշ է, նրանք աչքաբաց են։
- Լա՛վ, դե որ ձի չես տալիս,- ասում է Դմբո Հանսը,- ես այծ կվերցնեմ. սա իմ սեփական այծն է և ինձ կտանի։
Հանսը, հեծնելով այծը, կրունկներով կողերին  է խփում և մեծ ճանապարհով սլանում։ Եվ ինչպե~ս է թռչում նա։
- Դե՛, մեզ էլ իմացեք,- ինքն իրեն ասում է Հանսն ու ամբողջ կոկորդով երգում։
Եղբայրներն առանց շտապելու լուռումունջ գնում են առջևից. պետք է խորհեն իրենց ասելիքների մասին և ամեն ինչ նկատի առնեն ամենայն նրբությամբ։
- Էհե՜յ,- ձայն է տալիս նրանց Դմբո Հանսը։ - Ահա՛ և ես։ Տեսե՜ք, թե ի՛նչ եմ գտել ճանապարհին,- և նա եղբայրներին ցույց է տալիս մի սատկած ագռավ։
- Դմբո ես, դմբո էլ կմնաս,- ասում են եղբայրները,- ո՞ւր ես քարշ տալիս այդ սատկած ագռավը։
- Թագավորի աղջկան եմ նվիրելու։
- Դե՛, քե՛զ տեսնենք։ Ծիծաղում են եղբայրներն ու առաջ գնում։
- Էհե՜յ, ահա՛ և ես,- նորից կանչում է Հանսը։ - Տեսե՛ք՝ ի՛նչ եմ գտել։ Այսպիսի բան միշտ չի ճարվում ճանապարհին։
Եղբայրները նորից ետ են դառնում նայելու։
- Ա՜յ քեզ դմբո,- ասում են նրանք։ -Դա հո՞ փայտե հին մաշիկ է, այն էլ՝ առանց երեսի։ Հավանաբար դա է՞լ ընծայելու ես թագավորի աղջկան։
- Իհարկե,- պատասխանում է Դմբո Հանսը։
Եղբայրները քահ-քահ ծիծաղում են ու առաջ ընթանում։
- Էհե՜յ, ահա՛ և ես,- դարձյալ բղավում է Դմբո Հանսը։ -Մի այստե՛ղ նայեք, այստե՜ղ։ Է՜, քանի գնում՝ ճոխանում է։
- Հը՞, հիմա ի՞նչ ես գտել,- հարցնում են եղբայրները։
- Է՜, չէ՛,- պատասխանում է Հանսը։ - Այս մեկը չեմ ասի։ Բայց թագավորի աղջիկը այնքա~ն կուրախանա։
-  Փո՛ւհ,- թքում են եղբայրները։ - Ախր, դա ցեխ է։ Երևի, առվից ես վերցրել, հա՞։
- Հենց այդպե՛ս,- ասում է Հանսը։ - Ամենաառաջին կարգի ցեխ. տե՛ս, ո՜նց է մատների արանքով հոսում։
 Եվ նա գրպանը լցնում է լիքը ցեխով։ Իսկ եղբայրները ձիերը քշում ու Հանսից մի ժամ շուտ տեղ են հասնում։ Կանգնում են քաղաքի դարպասի առաջ։ Այնտեղ փեսացուներին հերթով համարակալում են։ Բոլորին շարում են իրար հետևից, ամեն մի շարքում 6 հոգի և այնքան խիտ, որ ձեռք բարձրացնել անգամ չի լինում։ Եվ դա շատ լավ է մտածված, թե չէ՝ կարող է տուրուդմփոց սկսվել. չէ՞ որ ամեն մեկն ուզում է առաջ կանգնել։ Երկրի բնակիչները հավաքվել են պալատի շուրջը և պատուհաններից ներս են նայում, որ տեսնեն՝ թագավորի աղջիկն ինչպես է ընդունում փեսացուներին։ Պետք է նշել, որ հենց փեսացուն դահլիճ է մտնում, լեզուն իսկույն պապանձվում է։
- Բանի պետք չէ՜,-  գոռում է թագավորի աղջիկը։ - Դո՜ւրս։
Եվ ահա, ներս  է մտնում 3 եղբայրներից մեկը՝ բառարանն անգիր սովորածը։ Սակայն սպասելիս իմացածն ամբողջությամբ մոռանում է։ Հատակը նրա ոտքի տակ ճռճռում է, առաստաղը հայելապատ է այնպես, որ կարող է իրեն տեսնել գլխիվայր։ Ամեն մի լուսամուտի մոտ 3 գրագիր է կանգնած ու մի հատ էլ՝ քաղաքային վարչության խորհրդական։ Սրանք գրի են առնում այստեղ ասված բոլոր խոսքերը, որպեսզի գրեն լրագրում, որը նույն փողոցի անկյունում ծախվում է  2 շիլլինգով։ Բացի դրանից, սենյակում վառվում է այնքան թեժ վառարան, որ պատերը կաս-կարմիր են կտրել։
- Ա՜յ թե շոգ է այստեղ,- վերջապես ասում է փեսացուն։
Դա նրանից է, որ հայրս այսօր ճտեր է տապակում,- ասում է թագավորի աղջիկը։
-  Ը-ը՜,- կմկմում է փեսացուն։
Նա չէր սպասում, որ զրույցը նման ընթացք կստանա։ Չի կարողանում ոչ մի խոսք ասել, թեև շատ էր ուզում որևէ ծիծաղաշարժ բան հնարել։
-  Ը-ը՜,- նորից է ասում նա։
-  Բանի պետք չէ´,- բղավում է թագավորի աղջիկը։ - Դո՛ւրս։
Եվ մեծ եղբայրը հեռանում է։ Ներս է մտնում երկրորդ եղբայրը։
-  Օ՜հ, ի՜նչ շոգ է այստեղ,- ասում է նա։
-  Նրանից է, որ մենք ճտեր ենք տապակում,- բացատրում է թագավորի աղջիկը։
-  Ի՞նչ։ Ը-ը՜... Ի՞նչ,- հարցնում է փեսացուն։
Եվ բոլոր գրագիրները գրի են առնում. «Ի՞նչ։ Ը-ը՜... Ի՞նչ»:
-  Բանի պետք չէ´,- ասում է թագավորի աղջիկը։ - Դո՛ւրս։
Եվ ահա, Դմբո Հանսը, իր այծը հեծած, մտնում է դահլիճ։
-  Ա՛յ թե շոգ է, հա՜,- մրթմրթում է նա։
-  Նրանից է, որ ճտեր եմ տապակում,- ասում է թագավորի աղջիկը։
- Ա~յ քեզ հաջողություն,- խոսում է Դմբո Հանսը։ - Ուրեմն՝ ե՞ս էլ կարող եմ իմ ագռավը տապակել։
- Իհա՛րկե,- պատասխանում է թագավորի աղջիկը։ - Բայց ինչո՞վ ես տապակելու։ Թավա չկա։ Նույնիսկ կաթսա չկա։
-  Ոչի՜նչ, ես ունեմ, սա՛ քեզ աման, այն էլ՝ բռնակներով։
 Եվ նա դուրս է քաշում փայտե մաշիկն ու ագռավը դնում մեջը։
Մի ամբողջ ճաշի կբավականացնի,- ասում է թագավորի աղջիկը։ - Իսկ խյուս որտեղի՞ց ես ճարելու։
Խյուս գրպանս լիքն է,- պատասխանում է Դմբո Հանսը։- Դո՛ւ էլ վերցրու, չեմ խնայում։
 Եվ նա գրպանից մի բուռ ցեխ է հանում։
Ա՛յ, դա ինձ դուր է գալիս,- ասում է թագավորի աղջիկը։ - Խոսքի տակ չես մնում և ամեն ինչի պատասխանն ունես։ Դրա համար էլ ես կամուսնանամ քեզ հետ։ Միայն թե՝ իմացիր, ամեն մի խոսք, որ մենք այստեղ խոսում ենք կամ ասել ենք, գրի կառնեն, և վաղը տպված կլինի լրագրում։ Տեսնո՞ւմ ես՝ ամեն մի պատուհանի մոտ 3 գրագիր է կանգնած և քաղաքային վարչության մի խորհրդական, իսկ նա ամենավտանգավորն է, քանի որ ցնդած է։
Այս բանը նա ասում է, որ վախեցնի տղային, իսկ գրագիրները քրքջում են ու թանաքը ցայտեցնում հատակին։
Հապա մի սրա՜ն տեսեք, - ասում է Դմբո Հանսը։ - Լա՛վ, խորհրդականի համար ես մի բաժին ավելի կլցնեմ։
Եվ նա առանց երկար մտածելու գրպանները շրջում և խորհրդականի երեսին ցեխ է ծեփում։
Հիանալի՜ է,- բացականչում է թագավորի աղջիկը։ - Այդ ինքս էլ չէի կարող մտածել։ Բայց ես դեռ կսովորեմ։
Այդպես Դմբո Հանսը դառնում է թագավոր, կին էլ է ստանում, թագ էլ, և նստում գահին։ Սա մենք գիտենք այն լրագրից, որ հրատարակում է քաղաքային վարչության խորհրդականը, իսկ լրագրին չի կարելի չհավատալ։


Հանս Քրիստիան Անդերսեն | Դմբո Հանսը Հանս Քրիստիան Անդերսեն | Դմբո Հանսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:44:00 Rating: 5
Технологии Blogger.