Էմիլ Վերհարն | Բանաստեղծություններ


Գլուխը
Գլխատության մռայլ բեմին դու գլուխդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մկանունք կաղաղակեն,-կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մետաղի:

Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կտեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերն ու դեմքը պայծառ:

Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար,
Իր օվկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհե-
Ու, հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրահար,
Քո անշունչ դին արյունաներկ դագաղի մեջ մեղմ կօրորե:

Ու թունավոր, որպես ծաղկանց փթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ.
Կմնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ,
Որպես կրծքում մեխված դաշույն և՛ անսասան, և՛ անխոնարհ…

Գլխատության մռայլ բեմին դու գլուխդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մկանունք կաղաղակեն,-կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մետաղի:

Թարգմանությունը՝ Վահան Տերյանի

Լոնդոն
Այն – Լոնդո՛նն է, ցնո՜րք չուգուն ու երկաթե.
Այնտեղ հեծում է հանքն ահագնազարկ մուրճից.
Այնտեղից են մեկնում նավերը – ո՜վ գիտե՝
Դեպ ի՞նչ անլույս ծովեր ու արկածներ վերջին:

Կայարաններ տխուր, ուր կարոտի բոցում
Դողդողում են գազի լապտերները կորգիծ,
Ուր ձանձրույթի ահեղ հրեշներ են ճչում
Վեստմինստերյան դաժան ժամացույցի զարկից:

Ու լապտերներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
Որ անձրևի կազմած լճակներում լեղի
Օրորվում են որպես ջրահեղձ ու մեռած
Նավազների զարհուր ուրվականներ դեղին:

Եվ հարբածի երգեր, ու պոռնիկի քրքիջ,
Ու պանդոկի պատին – բախտանման գրեր,-
Եվ հանկարծ – մա՛հն ահա, որպես մի հյուր անկոչ…
Այն-Լոնդո՛նն է՝ ցնորք, որ կրում ես քո մեջ:

Թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի

Աղաղակ
Օ՜, աղաղակ,
Որ հառնել ես ահա երկրի վրա խաղաղ…

Տիեզե՛րք, լսում ես փլվածքների միջով
Զարհուրելի՜, տխո՜ւր աղաղակն այդ ուռչող,
Որ չէ թաքուն պահած, օ՜, սիրո ճիչ ահեղ,
Որի դեմ եղբայր են ցեղերը բազմազգի…
Հովիտներից հովիտ, դաշտերում արնահեղձ,
Աղաղակ՝ անեծքի և թշնամանքի…

Եվ լսում ես Դնե՛պր և Վո՛լգա, դու
Թագուհիդ գետերի ռուսական,
Դո՛ւք, Սեն, Լուար և դու, Թե՛մզա հորդուն
Ե՛վ դու, Շե՛լդա, դու, որ երբեք սակայն
Չես թեքել գլուխդ զարկի տակ մահատու…

Կատարներում ճերմակ, ուր կայծակն է շաչում,
Կովկա՛ս, լսում ես դու աղաղակն այդ անկամ,
Որ ծածկում է փլչող փլատակների խոլ դղրդոցն անգամ…

Ճերմակ կես գիշերին, այգաժամին կարմիր,
Լսելով սարսափից կափկափում ակամա
Դողում է Ուրալը ատամնավոր
Եվ խոլ հեծեծանքով, ատելությամբ համակ,
Օ՜, այն տարածվում է Հայաստանում արնոտ,
Ու խոլ արձագանքում ամերիկական
Լայնաստանների մեջ, Աֆրիկայում, Սիդնեյում,
Կապշտադտում է իրեն մատնում…

Օ՜, աղաղակն այդ խոլ բարձրանում է, մրրիկով ծեծում ամեն մի ափ,
Հարյուր անգամ աճած, սակայն բերված մի,
Ողողելով քաղաք, և օվկիան, և ցամաք,-
Գերմա՛նիա, Գերմա՛նիա,
Սպանում է նա քո իղձն ու հոգիդ հիմի…

Օ՜, դու կամենում ես սպանել բնության
Կերտվածքը կատարյալ, ոգին մարդու,
Որ ստեղծվեց վերջին օրում արարչության…
Դու հանձնում ես ստոր լրտեսի սրության
Այն աչքերը, որ վառ երազներ են ապրել, խոկումներ իմաստուն,
Լեզուն, որ հնչել է միայն աստվածային խոսքեր վեհ ու ազդու,
Ուզում ես՝ բարբառի մատնություն ու կեղծիք.
Ձեռքերը կտրելով մաքուր ու սուրբ գործից
Ուսուցանում ես լոկ - սպանի՛ր ու խոցի՛ր…
Նենգում ես մարդու մեջ ոգի, մարմին,
Որ էլ չխիզախի ոգին ազնվազուն,
Եվ չկենդանանա ոչ մի մարմին
Եվ չնայի հպարտ ոչ մի ճակատ,
Բա՜րձր, դեպի երկինք, դեպի լազուր…
Հատիկն իմ ակոսի սնում է բոռերին,
Թեկուզ վարում, ցանում՝ բայց բերք չեմ քաղում ես:

Ոչինչ, ակվիլոնը թող ինձ չարիք բերի,
Թող ինձ խայտառակեն, վրաս սուլեն թող սուր,
Էլ ինչ է պետք, քնա՛ր, երբ ձայնդ օր օրի
Դառնում է թե՛ ճարտար, թե՛ ավելի մաքուր:


Թարգմանությունը՝ Պարույր Սևակի

Էմիլ Վերհարն | Բանաստեղծություններ Էմիլ Վերհարն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:54:00 Rating: 5
Технологии Blogger.