Ստեֆան Մալարմե | Բանաստեղծություններ


Ծաղիկները
Նախածագ տվընջյան հինավուրց կապույտին ոսկի ձյունակույտերեն
Եվ աստղերուն հավիտենական ձյունեն
Դուն ատենով անջատեցիր մեծ բաժակները
Դեռ երիտասարդ և աղետներե տակավին կույս երկրին համար. 
Շեկ հիրիկը՝ նրբավիզ կարապներուն հետ,
Եվ աքսորված հոգիներուն աստվածային այն դափնին՝
Կարմիր ինչպես սերովբեին մաքուր ոտնամատը
Զոր կը շիկնեցնե կոխված արշալույսներուն ամոթխածությունը.

Սմբուլը և քնքշափայլ մրտենին
Ու կնոջ մարմնույն հանգունակ վարդը՝
Անգութ, ջինջ պարտեզին ծաղկյալ Հերովդիադան,
Ա՛յն, զոր վայրի ու պայծառ արյուն մը կոռո՛գե:

Եվ հեծկլտացող ճարեմակությունը հորինեցիր շուշաններուն,
Ու թավալելով հառաչներու հովտի մը վրայեն, որուն հազիվ կը քսվի,
Դժգունած հորիզոններուն ծավի խունկին մեջեն
Կը բարձրանա՝ երազոտ՝ դեպի լուսինը, որ կուլա:

Օ՛վսաննա ծնծղաներով ու բուրվառներով,
Ո՜վ Տիրամայր, օ՛վսաննա մեր լիմբոսին պարտեզեն.
Եվ թող արձագանքն ավարտի երկնային իրիկուններուն մեջ,
Զմայլան՛ք նյվածքներուն, փոփողո՛ւմ լուսապսակներում.

Ո՜վ Մայր, որ ստեղծեցիր քու արդար ու հզոր ծոցեդ
Բաժակներ, որոնք ապագա սրվակը կը ճոճեն,
Մեծ ծաղիկներ, և բալասան Մահը
Խոնջ բանաստեղծի համար, զոր կյանքը կը նքողե:

Թարգմանությունը՝ Ա. Չոպանյանի

Ծովային քամի
Ավա՜ղ, մարմինն իմ տխուր է, ու կարդացի գրքերն համակ,
Եվ զգում եմ, որ հավքերը խենթ թպրտում են երկնի տակ՝
Հարբած անփայլ փրփուրներից անծանոթ ու օտարոտի.
Ես կփախչե՜մ, կհեռանա՜մ. և ո՛չ մի բան իմ խենթ սրտին,
Որ կոփվել է վայրագ ծովում, էլ չի կարող սանձահարել.
Ո՛չ հին այգին, որի վոլքերն աչքերիս մեջ պահում եմ դեռ,
Ո՛չ լապտերիս լույսը տրտում, որից հանուն ճերմակության
Դատարկ թուղթն է տենդոտ ժպտում, ո՛չ  այն կանայք, որ հեռացան
Իրենց մանկանց կերակրելով: Ես կմեկնեմ հեռուն դյութող,
Կհեռանա՜մ, շոգենավը իր կայմերով օրորվի թող,
Ու բարձրացնի խարիսխն արագ՝ մի հազվագյուտ երկրի համար,
Թող Ձայնձրույթը՝ դաժան հույսի լլկանքներով սարսափահար,
Ահագնանա դողդողացող թաշկինակի հոգեվարքից.
Եվ, թերևս, կայմերը, որ հմայվել են հողմի վարքից,
Հեզ խոնարհվեն մի կատաղած քամու առաջ ու կործանվեն.
Մե՛կ է, ծովում նավազների դյութիչ երգերը կծնվե՛ն:

Տեսիլք
Տխրեց լուսինը: Երազում-տրտում սերովբեն թաքուն,
Մշուշոտ ծաղկանց անդորրում գունատ, աղեղը ձեռքին,
Մեռնող ջութակի ճերմակ հառաչն ու ողբն էր սայթաքուն
Իջեցնում զգույշ լազուրի աղոտ լուսապսակին:
- Այդ սուրբ ժամին էր, որ փառաբանվեց քո ջերմ համբույրը:
Տառապանքի դեմ այնքան սփոփիչ երազի երգը
Հագենում էր կուշտ՝ անվերջ խմելով տխրության բույրը,
Որն առանց ցավի սրտի հավաքած Երազի բերքը
Թողնում էր սրտում՝ անհուշ, մոռացված, ուստի ես հածում,
Թափառում էի՝ աչքերս գամած սալահատակին,
Երբ որ արևի վարսերի միջից, խավար փողոցում,
Հայտնվեցիր դու, և ինձ թվաց, թե տեսնում եմ կրկին
Լուսե շղարշով այն կախարդուհուն, որ մի ժամանակ
Իղձերի միջով իմ երես առած ու խենթ մանկության
Անցնում էր մեղմիկ, և նրա քնքուշ ձեռքը կիսափակ
Բուրյան աստղերի ճերմակ փնջեր էր թափում ցիրուցան:

Ամառային տխրություն
Արեգակը, ավազին նիրհած չքնա՜ղ ռազմուհի,
Կլանում է նվաղուն քո մազերի ծուփ ոսկին,
Ու խմելով խունկը քո թշնամական այտերի,
Խառնում է այն սիրաբեր օշարակի արցունքին:

Առկայծումից այդ ճերմակ հավերժական ամայի
Ասում էիր, տխրեցրած համբույրներս մեղմագին,
«Երբեք մենք չենք վերածվի մի միայնակ մումիայի
Անապատի տակ զառամ և արմավի տակ մավի»:

Վարսերդ գոլ գետի պես հոսում են, ու նրանց մեջ
Լուռ լողացող Հոգուն ենք մենք հետևում անընդմեջ,
Եվ այն Ոչինչն են գտնում, որին դու չես ճանաչում:

Կհամտեսեմ ես ծորուն շառագույնը քո դեմքի,
Որ իմանամ, թե գիտի նա գաղտնիքը հմայքի,
Որն անզգա լազուրի քողն է կոտրում հարաճուն:

Լազուր
Գիրգ ծաղկանց պես գեղեցիկ հավերժական լազուրի
Պայծառատես հեգնանքը հոգնեցնում էր ուժասպառ
Բանաստեղծին, որ Վշտի անապատում անբերրի
Նզովում էր, անիծում իր հանճարը անբարբառ:

Արքերը փակ, հևալով, զգում էր, որ դրուժան
Խղճի խայթի պես մի բան շշմեցնում էր վիրավոր,
Դատարկ հոգին իր, և ո՞ւր փախչեր-գնար, ո՞ր դաժան
Գիշերվա քողը նետեր այդ ծաղրանքի վրա, ո՞ր…

Վե՛ր խոյացեք, մշուշնե՛ր, օծեք փոշով միալար
Ցնցոտիները մաշված՝ մառախլապատ երկնքի,
Որը աշնան կապտավուն ճահիճներից մահարար
Մի անաղմուկ, լռակյաց, մեծ առաստաղ կսարքի:

Դո՛ւ, սիրելի իմ Ձանձրույթ, դո՛ւրս արի, դո՛ւրս, Լեթայի
Արհեստական լճերից, բե՛ր նրանց տիղմը կպչուն
Ու եղեգները գունատ, որ խցանես երկնային
Վերջին բիլ անցքը, հետո՝ թող մեռնի ամեն թռչուն:

Թող գաղթական բանտերի մուրն ու մրուրը հանգի,
Եվ թող անվերջ ծխծխան ծխնելույզները տխուր,
Թող սևաթույր բծերից սարսափահար երկնքի
Արեգակը մահանա հորիզոնում դեղնախույր:

- Երկինքն արդեն մեռած է,- Քե՛զ եմ գալիս ես կրկին
Դառնակսկիծ Իդեալի ու Մեղքերի մոռացում,
Ճգնավորի մարմինս թողնում եմ այն դեսպանին,
Որի շուրջը երջանիկ մարդկանց հոտն է արածում:

Օ՜, ես այդպես եմ ուզում, քանզի ուղեղս ստերջ՝
Ընկած ինչպես կարմիր կուժ, մի պատի տակ խղճալի,
Էլ չի՛ կարող զարդարել գաղափարի ողբն անվերջ,
Քմծիծաղով մոտենալ անմեկնելի վախճանին:

Հոգիս ձայնում է, ճչում, որ վախն իր մեջ սպանի,
Իզո՜ւր, Լազուրը նորից իր հաղթանակն է տոնում,
Ու չարախինդ ժպիտով փայլում է, որ կենդանի
Մետաղի պես հալվում է ու իր կապույտն է ցանում:

Ու գլորվում է ճերմակ մառախուղի վրայով,
Կտրատում է անխնա՝ ինչքան էլ որ դու զուր լաս,
Ո՞ւր փախչել այս խեղաթյուր հոգով, լացով, վայով,
Երբ խոցում է ուղեղդ. «Լազո՛ւր, Լազո՛ւր, Լազո՛ւր, Լազ…»

Թարգմանությունը՝ Գ. Գասպարյանի

Տես նաև Շառլ Բոդլեր Լեշը 
Ստեֆան Մալարմե | Բանաստեղծություններ Ստեֆան Մալարմե | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:49:00 Rating: 5
Технологии Blogger.