Եղիշե Չարենց | Ամբոխները խելագարված | համառոտ


«Ամբոխները խելագարված» պոեմը, ինչպես «Սոման», սկսվում է նախերգանք-դիմումով: Բանաստեղծը դիմում է հեռու, մոտիկ ընկերներին, արևներին, հրանման հոգիներին:

Պոեմում հստակ հակադրված են կոնֆլիկտի երկու բևեռները՝ ամբոխները և քաղաքը: Ամբոխները ձգտում են գրավել քաղաքը: Առաջինները շարժման մեջ են, իսկ քաղաքը ստատիկ է: Ամբոխները խելագար են: Դա կարող է նշանակել շարժման հորձանքին, անգամ առողջ բանականության կանոնին դեմ գնալու գնով տրվելու նրանց կարողությունը: Քաղաքը նմանեցվում է կրկեսին.

Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար –
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար:

Կրկեսում տեղի ունեցողը, իհարկե, շարժման մեջ է, սակայն ի վերջո պոկված է կյանքի բնականոն ընթացքի մաս լինելու հնարավությունից: Քաղաքը պատմական է, այն հազարամյա է: Ամբոխները, որոնք գրոհում են քաղաքը, ելնում են պատմության դեմ, կամ, ինչը նույնն է, նոր պատմություն են կերտում:
Ամբոխները գրոհում են քաղաքը և կռիվ են մղում կայարանի համար, որը այլաբանորեն կարող է նշանակել հաղթանակը ամեն կայունի և ստատիկի դեմ: Նրանց պայքարը շարունակվում է նաև կոնկրետ քաղաքի տարածությունից դուրս՝ «արևավառ հեռուներում», որտեղ իշխողը ինքը պայքարն է, կամ՝ պայքարի մետաֆիզիկան:
Ամբոխներին ուղեկցում է մայր մտնող արևը: Նրանց հազարանուն («հազարանուն ամբոխներ») լինելը նշում է ոչ թե անանունությունը կամ անհայտությունը, այլ անունից վեր ինչ-որ բանով կապված լինելու հանգամանքը:
Ամբոխների դեպի արև գնալն ունի պատկերի և սիմվոլի արժեք: Բայց դա նաև ճանաչողության հարց է, քանզի այդ սիմվոլի մեջ առկա է մի բան, որը մնում է հարցական: Վառվող արևը, որը թաղվում է իրիկունի մեջ ու անհետանում է, տանում է իր հետ նաև իր այրման գաղնիքն ու խորհուրդը, բայց հենց դրա շնորհիվ էլ շարունակում է էական մնալ նրա ետևից շարժվողի և իրեն հաղորդակից դառնալ կամեցողի համար:

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված -
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար -
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված... 


Եղիշե Չարենց | Ամբոխները խելագարված | համառոտ Եղիշե Չարենց | Ամբոխները խելագարված | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.