Պոլ Վեռլեն | Բանաստեղծություններ


Աշնան երգ
Անլուռ լալկան
Ջութակն աշնան
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար
Եվ միալար…  

Գիշերն է տոթ
Կրկին գալիս
Բերում հուշեր
Դառն անցյալից…
Լալիս եմ ես,
Նորից լալիս…

Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ
Այս կողմ, այն կողմ,
Տերևի պես…

Թարգմանությունը՝ Վահան Տերյանի

Սպլին
Կարմի՜ր, կարմի՜ր վարդեր՝
Թերթերին սև թավիշ:

Քո շարժումներն, իմ սե՛ր,
Նորից ծնում են վիշտ:

Երկինք կապտանշան,
Ծովի կանաչ ավիշ:

Քո փախուստին դաժան
Սպասել եմ միշտ:

Փշոտ սաղարթի փայլն
Ազդում է լոկ տաղտուկ,

Եվ հարթավայրն անծայր,
Ավա՜ղ, սակայն ոչ դուք:

Սերենադ
Կանչը ցնցում է տիրուհուն
Ձայնին իմ ճապաղ
Ձայն, ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Բա՛ց ունկըդ, հոգի՛դ ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:

Երգելու եմ քո աչքերը օնիքս՝
Թափանցիկ ուրու,-
Լեթան քո կրծքի, մազերդ՝ Սթիքս՝
Մռայլ ու բուրող:

Կանչը ցնցում է տիրուհուն՝ հլու
Ձայնին իմ ճապաղ,
Ձայն, ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Հարկ է գովերգել հրապուրող քո
Մարմինը օրհնյալ.
Բույրեր նվիրող, երբ ինձ երեկոն
Քուն չէր կարող տալ:

Եվ կդրոշմեմ մի համբույր վերջում
Շուրթերին քո տաք,
Ինձ քո մեղմությամբ, սիրով ես տանջում,
- Պոռնի՜կ, հրեշտա՜կ,

Բա՛ց ունկդ, հոգի՛դ ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:

Վերջին գալանտ տոնը
Մենք կբաժանվենք մի լավ առավոտ,
Տիկնա՛յք գեղեցիկ, արգո պարոնա՛յք,
Բա՛վ է հարսանյաց աղմուկ ու հմայք,
Դեռ կխաղաղվեն կրքերը ցավոտ:

Ոչ մի խղճի խայթ, ափսոսանք, վթար,
Ահավոր է դա իմանալն հավետ,
Նմանություն լոկ ոչխարների հետ.
Քողարկված խոսքով ճոռոմ ու օտար:

Զավեշտական է կեցվածքն այս պահել,
Արտաքինը մեր անհույզ, վայելուչ,
Սիրո Աստվածն է մեզ ներարկում շունչ,
Իրավացի է Աստվածը ջահել:

Մենք կբաժանվենք, խոսքս եմ նորում,
Օ՜, մեր սրտերը ողբալի դարձան,
Ազդարարում է ոռնացող մի ձայն.
Վերջին հանգրվան Սոդոմ-Գոմորում:

Թարգմանությունը՝ Վահրամ Մարտիրոսյանի

Արվեստ քերթողական
Շառլ Մորիսին
Երաժշտություն նախքան ամեն ինչ,
Ուստի Անզույգը միշտ գերադասիր՝
Օդում ավելի լուծվող ու անծիր,
Եվ ոչի՛նչ իր մեջ ծանր կամ ճնշիչ:

Դեռ պետք է՝ չընտրես դու ամենևին
Բառերդ առանց դույզն պատրանքի՝
Մուգ երգից ոչի՛նչ թանկ չէ ու հարգի,
Ուր անորոշն է ձուլվում Հստակին:

Նա միջօրեի դողդոջ լույսն է վառ
Նա աչքն է չքնաղ՝ շղարշի ետին,
Նա երկնքում զով ու աշնանային
Լուրթ շեղջակույտն է աստղերի պայծառ:

Զի մենք Երա՛նգն ենք ուզում տակավին
Եվ ո՛չ թե Գույնը, Երանգը միայն.
Օ՜, Երանգն է լոկ ձուլում անբաժան
Երազն երազին, սրինգը՝ փողին:

Հեռու փախիր դու ժանտ ու չքոտի
Սրամտությունից, ծիծաղից ստոր,
Որ խոհանոցի ինչպես բարկ սխտոր,
Արցունքոտում է աչքը կապույտի:

Վիզը ոլորիր հռետորության:
Լավ կանես, եթե իբրև հոգու լաստ,
Դարձնես մի քիչ քո Հանգը զգաստ.
Նա չի զառածի, թե հսկես վրան:

Օ՜, մեղքերն Հանգի ո՞վ կասի համակ:
Ո՞ր խուլ երեխան կամ խենթ վայրենին
Պեղեց կույր պլիկ չարժող այդ ոսկին,
Որ կեղծ է հնչում խարտոցների տակ:

Երաժշտությո՛ւն դարձյալ ու դարձյալ:
Թող տողդ լինի թռչուն անմատույց,
Որ խույս է տալիս մի փխրուն հոգուց
Դեպի այլ սերեր, երկինքներ զուլալ:

Թող տողդ լինի անանուխ ու թյում
Շոյող վաղորդյան քամու մեջ ցրված
Մի բարեպատեհ, երջանիկ դիպված…
Ողջ մնացյալն է գրականությո՛ւն:


Թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

Տես նաև Շառլ Բոդլեր Լեշը և Ստեֆան Մալարմե Բանաստեղծություններ
Պոլ Վեռլեն | Բանաստեղծություններ Պոլ Վեռլեն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:36:00 Rating: 5
Технологии Blogger.