Պարույր Սևակ | Գիշերն ու ես



Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ

Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագրի)...

... Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա՜տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև... տգեղ տղամարդու...

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե՞մ

... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...
... Բաց եմ անում
Եվ արգելվածհայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել Է դարեդար...

... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց չեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...
... Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա՜տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարվում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի՜նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել...

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն

Իսկ ես չունե՜մ...

Պարույր Սևակ | Գիշերն ու ես Պարույր Սևակ | Գիշերն ու ես Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:55:00 Rating: 5
Технологии Blogger.