Շառլ Պերո | Մատնաչափիկը


Շառլ Պերո
Ժամանակով մի փայտահատ է լինում: Ունենում է յոթ զավակ, յո´թն էլ տղա: Նրանք շատ աղքատ են ապրում, և փայտահատն ու կինը դժվարությամբ են պահում երեխաներին:
Տղաներից ամենափոքրը շատ պստլիկ է ծնվում, ընդամենը մի մատի չափ: Դրա համար էլ նրա անունը Մատնաչափիկ են դնում: Մի տարի այդ երկրում սով է ընկնում: Խեղճ փայտահատը չի իմանում՝ ինչպե´ս կերակրի յոթ երեխային, մտածում է, մտածում ու որոշում նրանցից ազատվել:
Գիշերը, երբ երեխաները պառկում են քնելու, փայտահատը կնոջ հետ նստում է կրակի մոտ ու ասում.
- Էլ չենք կարող կերակրել մեր երեխաներին: Ես չեմ դիմանա, որ նրանք սովից մեռնեն մեր աչքի առաջ: Արի´ առավոտը նրանց տանենք անտառ, թողնենք այնտեղ: Մինչև նրանք ցախ հավաքեն, մենք աննկատ կհեռանանք:
-Այդ ի~նչ ես ասում,- գոչում է կինը,- հարազատ երեխաներիդ դու քո ձեռքով ինչպե~ս կարող ես կորցնել:
Փայտահատը սկսում է համոզել կնոջը, բայց, որքան էլ թշվառ է պատկերում իրենց խեղճուկրակ վիճակը, կինը չի համաձայնում: Ի վերջո համոզվելով, թե որքա~ն ծանր կլինի, եթե երեխաներն իրենց աչքի առաջ քաղցից մեռնեն, համաձայնում է ամուսնու հետ և արցունքն աչքերին՝ պառկում քնելու:
Մատնաչափիկը լսում է նրանց խոսակցությունը: Նա արթնացել էր ու ծածուկ իջել մահճակալից, թաքնվել նստարանի տակ, որի կողքին նստել էին ծնողները: Հետո նա էլ է գնում քնելու, բայց ամբողջ գիշեր չի կարողանում աչք կպցնել. մտածում է, թե ի´նչ անի:
Առավոտյան Մատնաչափիկը բոլորից շուտ է արթնանում ու գնում գետափ: Գրպանները լցնում է սպիտակ մանր խիճով ու աննկատելի վերադառնում տուն:
Երբ երեխաներն արթնանում են, հայրն ու մայրը կերակրում են նրանց ու տանում անտառ՝ ցախ հավաքելու:
Ոչինչ չկասկածելով՝ երեխաներն ուրախ գնում են ծնողների հետևից:
Գնում են այնքա~ն, որ հասնում են թավուտի խորքերը, որտեղ մի տասը քայլի վրա արդեն ոչինչ չի երևում: Փայտահատը սկսում է փայտ կտրել, իսկ երեխաները ցրվում են՝ ցախ հավաքելու:
Տեսնելով, որ երեխաները զբաղված են գործով, փայտահատն ու կինը ծածուկ փախչում են հազիվ նշմարվող կածանով:
Երբ երեխաներն իմանում են, որ մենակ են մնացել անտառում, վախից սկսում են լաց լինել ու գոռալ: Միայն Մատնաչափիկը չի վախենում: Նա գիտեր, թե ինչպես պետք է գտնի տան ճանապարհը: Անտառ գնալիս նա գրպանի քարերը հատ-հատ գցել էր ճանապարհին: Ու հիմա հույս ուներ՝ այդ մանր ճերմակ քարերի օգնությամբ դուրս գալ անտառից:
-Մի´ վախեցեք, եղբայրներ, ես ձեզ տուն կտանեմ,-ասում է Մատնաչափիկը:
Եղբայրները հետևում են նրան, և նույն ճանապարհով, որով եկել էին, Մատնաչափիկը նրանց առաջնորդում է տուն:
Երեխաները չեն ուզում միանգամից ներս մտնել, դռան տակ ականջ են դնում, տեսնեն՝ ի´նչ են խոսում հայրն ու մայրը:
Երբ ծնողներն անտառից վերադառնում են տուն, հարևաններից մեկը, որ փող էր վերցրել նրանցից, վերադարձնում է պարտքը: Դա ճիշտ ժամանակին է լինում:
Փայտահատն ուրախանում է, կնոջն ուղարկում է խանութից միս գնելու: Եվ, քանի որ վաղուց միս չէին կերել, կինը միանգամից շատ է գնում՝ ավելի´, քան հարկավոր էր երկուսի համար:
Երբ ուտում են, կշտանում, կինը հառաչում է ու ասում.
-Ա~խ, տեսնես որտե՞ղ են հիմա մեր խեղճ երեխաները: Ի~նչ ախորժակով կճաշեին մեզ հետ: Ո~նց կարողացար կործանել հարազատ զավակներիդ: Ասում էի, չէ՞, որ հետո մեր գլուխը կծեծենք: Տեսնես հիմա ի~նչ են անում մութ անտառում: Ա~խ, գուցե գայլի բաժին են դարձել:
Մայրը կսկծալով լաց է լինում: Փայտահատն էլ է խղճում երեխաներին, բայց ջանում է ցույց չտալ ու կնոջն էլ համոզում է չհիշել նրանց:
            Բայց կինը աղեկտուր արտասվում է:
-Ա~խ,-լալիս է նա,-ո՞ւր են իմ բալիկները, ո՞ւր են իմ խեղճ երեխաները Լսելով մոր ձայնը՝ երեխաները է´լ չեն դիմանում, միաբերան գոչում են.
-Մենք այստե~ղ ենք, մենք այստե~ղ ենք:
Մայրը վազում է բաց անում դուռը և, համբուրելով ու գուրգուրելով իր զավակներին, ասում.
-Որքա~ն ուրախ եմ, որ եկաք, ի´մ բալիկներ: Հիմա, երևի, շատ հոգնած ու քաղցած եք:
Երեխաները շարվում են սեղանի շուրջ և սկսում ուտել ու պատմել, թե որքան սարսափելի էր անտառում, և Մատնաչափիկն ինչպես գտավ տան ճանապարհը:
Հայրն ու մայրը ուրախանում են, որ երեխաները եկել են, բայց, երբ փողը վերջանում է, դարձյալ նույն վիճակի մեջ են ընկնում ու որոշում՝ երեխաներին դարձյալ տանել անտառ, կորցնել: Եվ, որպեսզի նրանք կրկին չվերադառնան՝ որոշում են այս անգամ ավելի հեռու տանել:
Որքան էլ ծածուկ ու կամացուկ էին խոսում, Մատնաչափիկը լսում է նրանց: Նա այնքան էլ չի վախենում, կարծում է, թե դարձյալ կկարողանա եղբայրներին տուն բերել: Առավոտյան էլ, թեև շուտ է արթնանում, բայց չի կարողանում սպիտակ խիճ հավաքել: Ծնողները դուռն ամուր փակել էին:
Մատնաչափիկը չի իմանում ինչ անի, բայց երբ մայրն ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, որոշում է քարերի փոխարեն հացի փշրանք շաղ տալ ու այդ հետքերով անտառից դուրս գալ: Դրա համար էլ չի ուտում իր բաժին հացի կտորը, դնում է գրպանը:
Հայրն ու մայրը երեխաներին տանում են անտառի ամենահեռավոր, ամենախուլ մասը: Հենց որ տեղ են հասնում, փայտահատը երեխաներին պատվիրում է, որ ցախ հավաքեն, իսկ ինքն ու կինը անմիջապես ծլկում են:
Երբ Մատնաչափիկը նկատում է, որ ծնողները դարձյալ իրենց մենակ են թողել, սկսում է որոնել հացի փշրանքները, որ դրանց միջոցով գտնի տան ճանապարհը: Բայց ոչ մի փշուր չի գտնում. Անտառի թռչունները բոլորը կերել էին:
Եվ երեխաները գնում են, ուր աչքները կտրի:
Նրանք ավելի ու ավելի են խորանում անտառի մեջ: Շուտով մութն ընկնում է, և ուժգին քամի է բարձրանում: Երեխաները դողում են վախից ու ցրտից: Նրանց թվում է, թե չորս կողմերում գայլեր են ոռնում ու գալիս՝ իրենց ուտելու: Վախենում են նույնիսկ խոսել կամ ետ նայել:
Շուտով հորդ անձրև է սկսվում ու մինչև ոսկորները թրջում նրանց: Ամեն քայլափոխի սայթաքում են, վեր ընկնում, ելնում ցեխոտված ու մի քանի քայլ հետո՝ նորից ընկնում առուների մեջ:
Վերջապես հարթ տեղ են գտնում և որոշում մի քիչ շունչ առնել: Եղբայրները նստում են մի մեծ կոճղի վրա, իսկ Մատնաչափիկը բարձրանում է ծառի կատարը՝ տեսնելու, թե որևէ տուն կամ ճամփա չի՞ երևում արդյոք:
Նա հեռավոր մի լույս է նկատում: Իջնում է ծառից ու երեխաներին տանում դեպի լույսը:
Երկար են գնում: Լույսը մե´կ կորչում է, մե´կ՝ կրկին հայտնվում նրանց աչքին: Վերջապես հասնում են մի տնակի: Հեռվից հենց այդ տնակի լույսն էին տեսել նրանք:
Երեխաները թակում են դուռը: Մի կին է դուրս գալիս՝ լապտերը ձեռքին, ու հարցնում, թե ի´նչ են ուզում:
Մատնաչափիկն ասում է, որ ինքն ու եղբայրները մոլորվել են ու գիշերելու տեղ են խնդրում:
Տեսնելով, թե ի´նչ լավ երեխաներ են, կինը լաց է լինում և ասում.
-Ա~խ, խեղճ երեխաներ, գիտե՞ք՝ ուր եք ընկել: Ախր, սա փոքրիկ երեխաներ ուտող մարդակերի տունն է:
-Ի՞նչ անենք,- դողդողալով ասում է Մատնաչափիկը:- Եթե դուք չընդունեք, միևնույն է՝ գայլերը մեզ կուտեն: Ավելի լավ է՝ ձեր ամուսինն ուտի մեզ: Գուցե և, եթե դուք խնդրեք՝ մեզ խղճա ու խնայի՞:
Մարդակերի կինը մտածում է, որ մինչև առավոտ կկարողանա թաքցնել երեխաներին. ներս է թողնում ու նստեցնում կրակի մոտ տաքանալու: Կրակի վրա կինը մի ամբողջ ոչխար էր խորովում մարդակերի ընթրիքի համար:
Երեխաները դեռ կարգին չէին տաքացել, երբ դուռն ուժգին թակում են: Մարդակերն է լինում: Կինը երեխաներին թաքցնում է մահճակալի տակ և գնում դուռը բանալու:
Ներս մտնելուն պես մարդակերը հարցնում է՝ ընթրիքը պատրաստ է, գինի բերել է: Կինը մարդակերի առաջ մի մեծ սափոր լիքը գինի է դնում ու մի խորոված ոչխար: Ոչխարը դեռ լավ խորովված չի լինում, արյունը վրայից կաթում է, բայց դա ավելի է դուր գալիս մարդակերին, նա արագ խժռում է ոչխարը և խմում գինին:
Հանկարծ մարդակերը սկսում է հոտոտել աջ ու ձախ:
-Ես մարդու մսի հոտ եմ առնում,- ասում է նա:
-Ի~նչ ես ասում, մեզ մարդ որտեղի՞ց: Հորթի մսի հոտը կլինի, հենց նո´ր մաշկեցի:
-Քեզ ասում եմ՝ մարդո´ւ մսի հոտ եմ առնում,-ասում է մարդակերն ու բռունցքով այնպես զարկում սեղանին, որ քիչ է մնում՝ ամանները առաստաղին կպչեն:
Մարդակերը տեղից ելնում է ու մոտենում մահճակալին:
-Ա~,- գոչում է նա՝ տեսնելով երեխաներին:- Ահա´, թե դու ինչպե~ս ես խաբում ինձ: Դրա համար արժե քե´զ ուտել:
Եվ, բռնելով երեխաներին, մեկիկ-մեկիկ դուրս է քաշում մահճակալի տակից:
Խեղճ երեխաները ծնկի են գալիս մարդակերի առջև և խնդրում, որ իրենց չսպանի: Բայց դա ամենակատաղի մարդակերն է լինում: Բոլորովին չի խղճում երեխաներին, ասում է, թե՝ անպայման կուտի: Եվ, բռնելով տղաներից մեկի ոտքերից, ուզում է մորթել:
-Ախր, ինչո՞ւ ես շտապում,- ասում է կինը:- Դեռ այնքա~ն շատ միս ունենք: Տե´ս՝ մի հո´րթ, երկու ոչխա´ր, կես խո´զ
-Լա´վ, մինչև վաղը թող մնան: Հիմա լավ կերակրի´ր դրանց, որ չնիհարեն, և քնեցրո´ւ:
Բարի կինը ուրախանում է, որ մարդակերը երեխաներին ձեռք չտվեց, լավ ընթրիք է բերում, բայց երեխաները վախից ոչ մի պատառ չեն ուտում:
Իսկ մարդակերն էլի է գինի խմում և ուրախանում, որ այդպիսի համեղ ուտելիք ունի: Նա մի ամբողջ սափոր գինի էլ է խմում ու գնում քնելու:
Մարդակերը յոթ աղջիկ է ունենում՝ չար ու տգեղ: Նրանք, թեև շատ փոքրիկ էին, բայց արդեն մարդու միս էին ուտում իրենց հոր նման:
Այդ երեկո նրանց վաղ էին քնեցրել: Մարդակերի աղջիկները բոլորը մի մահճակալի վրա էին պառկած, ու նրանց բոլորի գլխին ոսկե պսակներ էին դրված:
Այդ նույն սենյակում մի մահճակալ էլ կար, նույնքան մեծ: Մարդակերի կինը տղաներին տեղավորում է այդ մահճակալին, ու ինքն էլ՝ գնում քնելու:
Մատնաչափիկը նկատում է, որ մարդակերի աղջիկների գլխին ոսկե պսակներ են դրված: Վախենալով, որ մարդակերը գիշերը կգա ու կմորթի իրենց, կամացուկ վեր է կենում, հանում իր և եղբայրների թասակները: Հետո հանում է փոքրիկ մարդակերների ոսկե պսակներն ու իրենց գլխարկները դնում նրանց գլխին, իսկ պսակները՝ իրենց գլխին: Նա այդպես է անում, որ մթության մեջ մարդակերն իր աղջիկներին շփոթի տղաների հետ, որոնց ուզում էր մորթել:
Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մտածել էր Մատնաչափիկը: Մարդակերը արթնանում է գիշերվա կեսին, արագ ցած է իջնում անկողնուց, վերցնում դանակը, կամացուկ մտնում երեխաների սենյակը և մոտենում այն մահճակալին, որի վրա պառկած էին տղաները: Բացի Մատնաչափիկից՝ բոլորը քնած էին: Նա շատ է վախենում, երբ մարդակերը, շոշափելով տղաների գլուխները, շոշափում է նաև իր՝ Մատնաչափիկի գլուխը:
Ձեռքի տակ զգալով պսակները՝ մարդակերն ասում է.
-Քի~չ էր մնում՝ աղջիկներիս մորթեի, երևի՝ երեկոյան գինի շատ խմեցի:
Հետո մոտենում է փոքրիկ մարդակերների մահճակալին և, շոշափելով տղաների թասակները, ասում.
-Ահա´ թե որտե~ղ են քնած նրանք:
Ու նա մորթում է իր բոլոր աղջիկներին և գնում քնելու:
Երբ Մատնաչափիկը լսում է, որ մարդակերն արդեն գնաց, անմիջապես արթնացնում է եղբայրներին, պատվիրում շտապ հագնվել ու հետևել իրեն: Նրանք կամացուկ դուրս են գալիս պարտեզ, մագլցելով անցնում ցանկապատն ու փախչում:
Իսկ մարդակերն առավոտյան, արթնանալով, կնոջն ասում է.
-Գնա´ վերև ու հավաքի´ր երեկվա տղաներին:
Կինը զարմանում է մարդակերի բարությանը: Կարծում է, թե ամուսինը պատվիրում է հագցնել տղաներին: Նա բարձրանում է վերև ու, տեսնելով իր բոլոր աղջիկներին մորթված, ուշաթափ փռվում է հատակին:
«Էս ինչո՞ւ է ուշանում»,- մտածում է մարդակերն ու ինքն էլ է վերև բարձրանում:
Երբ տեսնում է իր աղջիկներին մորթված, սկսում է մազերը փետել:
-Ա~խ, Էս ի~նչ արի,- գոռում է նա:- Սա էդ տղաների սարքած գործն է, բայց նրանք դեռ պատասխան կտան և շա´տ շուտով:
Մարդակերը մի գավաթ ջուր է լցնում կնոջ քթի մեջ և, երբ նա ուշքի է գալիս, ասում է.
-Այստե´ղ տուր իմ արագավազ կոշիկները, ես պետք է բռնե´մ էդ լակոտներին:
Մարդակերը հագնում է կոշիկները, մի քիչ վազվզում այս ու այն կողմ, գտնում տղաների հետքն ու բռնում այդ ուղղությունը:
Տղաները դեռ հեռվից տեսնում են, որ մարդակերը գալիս է՝ մի բլրից մյուսը մի քայլ անելով, գետերի ու գետակների վրայից թռչելով:
Նրանք թաքնվելու տեղ են որոնում: Մատնաչափիկը մոտակայքում մի քարանձավ է նկատում, ու եղբայրների հետ վազում, թաքնվում են այնտեղ:
Մարդակերը, երկա~ր հետապնդումից հոգնած, նստում է մի փոքր հանգստանալու հենց ա´յն ժայռի վրա, որի քարանձավում թաքնվել էին տղաները:
Նա անմիջապես քնում է ու այնպես ուժգին խռմփացնում, որ երեխաները վախից քարանում են:
Բայց Մատնաչափիկն իրեն չի կորցնում: Նա եղբայրներին պատվիրում է, որ, քանի դեռ մարդակերը քնած է՝ փախչեն տուն, իսկ իր համար չանհանգստանան:
Եղբայրները լսում են նրան, դուրս թափվում քարանձավից ու վազ են տալիս, որքան ուժ ունեն:
Իսկ Մատնաչափիկը գաղտագողի մոտենում է մարդակերին, նրա ոտքերից կամացուկ դուրս քաշում արագավազ կոշիկներն ու ինքը հագնում: Դրանք շատ մեծ ու լայն կոշիկներ էին, բայց, քանի որ կախարդական էին, անմիջպես դառնում են նրա ոտքով մեկ, ասես հենց նրա համար էին կարված:
Հագնելով արագավազ կոշիկները՝ Մատնաչափիկը մարդակերի գրպանից հանում է ոսկով լի մի քսակ ու վազում տուն: Եղբայրներն արդեն տուն էին հասել: Նրանք ուրախ-ուրախ դիմավորում են Մատնաչափիկին:
Փայտահատը մարդակերի ոսկիները ստանալուց հետո շատ է հարստանում ու երեխաներին այլևս անտառ չի տանում: 

Շառլ Պերո | Մատնաչափիկը Շառլ Պերո | Մատնաչափիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.