
Կար չկար հարուստ ու հզոր մի թագավոր: Նա այնքան շատ ոսկի
ու զորք ուներ, որ ոչ մի ուրիշ թագավոր երազում էլ չէր տեսել: Նրա կինը ամենասիրուն
ու ամենախելոք կինն է: Թագավորն ու թագուհին ապրում էին հաշտ ու երջանիկ, բայց շատ
էին տխրում, որ երեխա չունեն: Մի օր էլ որոշեցին մի աղջիկ վերցնել ու իրենց հարազատ
դստեր պես պահել: Թագավորի մտերիմ ընկերներից մեկը մահացավ և նրա դեռատի դուստրը մնաց
որբ: Թագավորն ու թագուհին նրան բերեցին պալատ:
Աղջիկը օր-օրի մեծանում էր ու ավելի գեղեցկանում: Թագավորն
ու թագուհին նայում էին իրենց սանիկին, ուրախանում էին ու էլ չեին մտածում, որ ժառանգ
չունեն: Մի անգամ թագուհին ծանր հիվանդացավ: Թագավորը գիշեր-ցերեկ չէր հեռանում կնոջ
անկողնու մոտից: Բայց թագուհին գնալով թուլանում էր: Զգալով, որ մահը մոտ է, կանչեց
թագավորին ու թուլացած ձայնով ասաց.
- Գիտեմ, որ շուտով մեռնելու եմ: Մի բան եմ խնդրում միայն.
եթե մտադրվեք երկրորդ անգամ ամուսնանալ, այնպիսի կին ընտրեք, որ ինձնից խելոք ու գեղեցիկ
լինի:
Թագավորը հեկեկալով խոստացավ, որ կկատարի նրա կամքը և թագուհին
մեռավ: Կնոջ մահից հետո թագավորը գլուխը կորցրել էր, ոչ ուտում էր, ոչ խմում, ու այնպես
ծերացավ, որ նրա նախարարները սարսափեցին: Մի անգամ, երբ թագավորը իր սենյակում նստած
վշտից հառաչում էր և լաց լինում, ներս մտան նախարարները և խնդրեցին վերջ տալ լացուկոծին
ու մտածել ամուսնության մասին: Թագավորը լսել անգամ չէր ուզում, բայց նախարարները ձեռք
չէին քաշում, ամեն կերպ համոզում էին, որ անպայման ամուսնանա: Թագավորն ասաց.
- Ես հանգուցյալ թագուհուն խոստացել եմ երկրորդ անգամ ամուսնանալ
միայն այն դեպքում, եթե նրանից ավելի խելոք ու սիրուն կին գտնեմ: Այդպիսի կին աշխարհում
չկա: Դրա համար էլ ես երբեք չեմ ամուսնանա: Նախարարներն ուրախացան, որ թագավորը գոնե
մի փոքր զիջում արեց, ու սկսեցին ամեն օր գեղեցիկ կանանց նկարներ ցույց տալ, որ թագավորը
ընտրություն կատարի: Բայց թագավորը միշտ գտնում էր, որ հանգուցյալ թագուհին ավելի լավն
էր, ու նախարարները հուսահատված էին մնում: Մի անգամ էլ գլխավոր նախարարը եկավ թագավորի
մոտ և ասաց.
- Մի՞թե ձեր սանիկը իր խելքով ու գեղեցկությամբ պակաս է փայլում,
քան հանգուցյալ թագուհին: Դուք այդպիսի խելոք ու գեղեցիկ կին չեք գտնի աշխարհում: Ամուսնացեք
նրա հետ:
Թագավորը համաձայնեց: Նախարարներն ու պալատականները գոհացան,
բայց արքայադուստրը սարսափեց այդ մտքից: Նա բոլորովին չէր ուզում ծեր թագավորի կինը
դառնալ: Թագավորն ուշադրություն չդարձրեց նրա առարկությանը և հրամայեց իսկույն պատրաստվել
հարսանիքի: Արքայադուստրը հուսահատությունից գլուխը կորցրել էր, չգիտեր ինչ անի, ում
դիմի: Մեկ էլ հիշեց կախարդ Սիրենիին՝ իր մորաքրոջը, ու որոշեց խորհրդակցել նրա հետ:
Հենց այդ գիշեր էլ նստեց ոսկե սայլակը, որին խոյ էր լծված ու ճամփա ընկավ: Կախարդը
ուշադիր լսեց արքայադստեր պատմությունը:
- Եթե իմ խորհորդները բոլորը ճշտությամբ կատարես, ամեն ինչ
լավ կվերջանա,- ասաց նա:
Արքայադուստրը խոստացավ կատարել: Կախարդն ասաց.
- Նախ դու թագավորից մի զեգստ պահանջիր, որ երկնքի պես կապուտակ
լինի: Նա չի կարող այդպիսի զգեստ ճարել:
Արքայադուստրը շնորհակալություն հայտնեց ու վերադարձավ տուն:
Առավոտյան նա թագավորին ասաց, թե մինչև երկնքի պես կապուտակ զգեստ չստանա, չի համաձայնի
նրա կինը դառնալ: Թագավորն իսկույն կանչեց լավագույն դերձակներին և պատվիրեց երկնքի
պես կապուտակ զգեստ կարել:
- Եթե չգոհացնեք արքայադստերը,- ասաց նա, կհրամայեմ բոլորիդ
կախել:
Հաջորդ օրը դերձակները բերեցին զգեստը: Արքայադուստրը սարսափեց:
Նա կրկին գնաց կախարդ Սիրենիի մոտ ու հարցրեց, թե հիմա ինչ անի: Սիրենին շատ վրդովվեց,
որ իր խորհուրդը չօգնեց, և արքայադստերը պատվիրեց այս անգամ էլ լուսնագույն զգեստ պահանջել
թագավորից: Թագավորը ոչինչ չէր մերժում արքայադստերը: Կանչեց ամենահմուտ վարպետներին
ու այնպես սպառնագին հրամայեց, որ մի օր էլ չանցած զգեստը բերին: Այդ գեղեցիկ զգեստը
տեսնելով, արքայադուստրը ավելի վշտացավ: Սիրենին իմանալով այս նոր անհաջողությունը,
եկավ արքայադստեր մոտ ու ասաց.
- Առաջին և երկրորդ անգամ թագավորին հաջողվեց կատարել քո
խնդրանքը: Հազիվ թե կարողանա արևափայլ զգեստ կարել:
Արքայադուստրը համաձայնեց և թագավորից այդպիսի զգեստ պահանջեց:
Թագավորն առանց երկար-բարակ մտածելու իր թագի բոլոր ադամանդներն ու սուտակները տվեց,
միայն թե զգեստը արևի պես փայլեր: Դրա համար էլ, երբ զգեստը բերին ու բաց արին, բոլորը
կկոցեցին իրենց աչքերը. զգեստն իսկապես արևի պես փայլում էր: Միայն արքայադուստրն էր
տխուր: Կախարդ Սիրենին հայտնվեց նրան և ասաց.
- Մի տխրիր, զավակս, այս անգամ թագավորից պահանջիր նրա սիրած
էշի կաշին:
Այդ էշը, որի կաշին կախարդի խորհրդով պետք է պահանջեր արքայադուստրը,
սովորական էշ չէր: Ամեն առավոտ նա փթրի փոխարեն շողշողուն ոսկեդրամներ էր թափում: Պարզ
է, թե թագավորը ինչպես կսիրեր և կփայփայեր նրան: Արքայադուստրը ուրախացավ: Նա համոզված
էր, որ թագավորը ոչ մի դեպքում չէր համաձայնի մորթել էշին: Թագավորը թեև զարմացավ այդ
պահանջից, բայց առանց տատանվելու հրամայեց կատարել արքայադստեր պահանջը: Էշին մորթեցին
ու կաշին հանդիսավոր բերին: Աղջիկը հուսահատությունից չէր իմանում ինչ անի, այդ ժամանակ
հայտնվեց կախարդ Սիրենին:
- Մի տխրիր, սիրելիս,- ասաց նա,- գուցե լավն էլ հենց սա է:
Շուտ փաթաթվիր էշի կաշվի մեջ ու հեռացիր պալատից: Ոչինչ մի վերցնի, զգեստներդ սնդուկի
մեջ գետնի տակով կգան ետևիցդ: Վերցրու իմ կախարդական փայտիկը, հենց որ զգեստներիդ կարիքն
զգաս, այս փայտիկով զարկիր գետնին, և սնդուկը
կհայտնվի քո առաջ: Դե, շուտ հեռացիր, էլ մի՛ հապաղիր:
Արքայադուստրը համբուրեց կախարդին, էշին զզվելի կաշին քաշեց
վրան, դեմքին մուր քսեց, որ ոչ ոք չճանաչի ու դուրս եկավ պալատից: Արքայադստեր անհետացումը
մեծ իրարանցում առաջացրեց պալատում: Թագավորը հազարավոր հեծյալներ ու բազում նետաձիգներ
ուղարկեց բոլոր ուղղություններով, որ գտնեն նրան: Բայց կախարդը արքայադստերն անտեսանելի
դարձրեց թագավորի ծառաների աչքին: Դրա համար թագավորը վերջ ի վերջո հրաժարվեց ապարդյուն
որոնումներից: Իսկ արքայադուստրը շարունակեց իր ճամփան: Նա շրջում էր տնից տուն և խնդրում
իրեն սպասուհի ընդունել: Սակայն ոչ ոք չէր համաձայնում, որովհետև նա էշի կաշվի մեջ
շատ տգեղ էր: Վերջապես հասավ մի մեծ տան: Տանտիրուհին համաձայնեց արքայադստերը աղախին
ընդունել: Պատվիրեց լվալ սպիտակեղենը, արածացնել հնդկահավերին, ոչխարներին, մաքրել
խոզերի տաշտակները: Մի անգամ առվակի ափին նստած արքայադուստրը տեսավ ջրում իր արտացոլանքը
և սարսափեց իր գարշելի տեսքից: Ամաչեց, որ այդքան կեղտոտ է և էշի կաշին մի կողմ նետելով,
լողացավ առվակում: Բայց տուն գնալիս կրկին փաթաթվեց էշի կաշվի մեջ: Հաջորդ օրը տոն
էր և նա աշխատանքից ազատ լինելով, որոշեց հագնել իր գեղեցիկ զգեստներից մեկը:Կախարդական
փայտիկը հատակին խփեց, հայտնվեց նրա սնդուկը: Նա վերցրեց երկնագույն զգեստը ու սկսեց
հագնվել: Նայում է հայելուն, հիանում իրենով: Դրանից հետո բոլոր տոն օրերին նա զարդարվում
էր մի շքեղ զգեստով: Բայց ոչխարներից ու հնդկահավերից բացի նրան ոչ ոք չէր տեսնում
և կոչում էին նրան Էշի Կաշի: Մի անգամ երիտասարդ արքայազնը որսից վերադառնալիս հանգստանալու
համար մտավ այն տունը, որտեղ աշխատում էր Էշի Կաշին: Մի փոքր հանգստացավ, վեր կացավ
ու սկսեց շրջել տանը և բակում: Պատահմամբ մոտեցավ մութ միջանցքի ծայրին, որտեղ մի փակ
դուռ տեսավ: Արքայազնը շատ հետաքրքրասերն էր և ցանկացավ իմանալ, թե ով է ապրում այնտեղ:
Նա նայեց բանալու անցքից ու ապշեց, երբ այդ փոքրիկ խցիկում տեսավ շքեղ հագնված գեղեցիկ
արքայադստերը: Վազեց տանտիրուհու մոտ հարցնելու, թե ով է խցիկում ապրողը: Նրան ասացին,
որ այնտեղ ապրում է մի փոքրիկ աղջիկ, որը հագուստի փոխարեն միշտ փաթաթվում է էշի կաշվի
մեջ, դրա համար էլ բոլորը նրան Էշի Կաշի են ասում: Արքայազնը ոչինչ էլ չիմացավ: Նա
վերադարձավ պալատ, բայց չկարողացավ մոռանալ բանալու անցքից տեսած գեղեցկուհուն: Նա
ափսոսում էր, որ այն ժամանակ ներս չմտավ ու չծանոթացավ աղջկա հետ: Ու մտքին դրեց հաջորդ
անգամ անպայման այդպես վարվել: Աննման գեղեցկուհու մասին շատ մտածելուց արքայազնը ծանր
հիվանդացավ: Հայրն ու մայրը չգիտեին ինչ անեն, բժիշկ կանչեցին, բայց բժիշկներն էլ չկարողացան
օգնել: Վերջապես թագուհուն ասացին, թե նրա որդին հավանաբար, մեծ վիշտ ունի և դրանից
է հիվանդացել: Թագուհին հարցուփորձ արեց որդուն, սա լուռ մնաց: Բայց երբ թագուհին չոքեց
նրա առաջ ու սկսեց լաց լինել, արքայազնը ասաց.
- Ուզում եմ, որ Էշի Կաշին ինձ համար կարկանդակ թխի ու ինքն
էլ բերի պալատ:
Հրամանը ստացած արքայադուստրը փակվեց իր սենյակում, մի կողմ
նետեց Էշի Կաշին, լվաց դեմքն ու ձեռքերը, մաքուր շոր հագավ ու սկսեց կարկանդակ պատրաստել:
Վերցրեց ամենալավ ալյուրը, ամենաթարմ ձվերն ու կարագը: Խմորը խառնելիս մատանին գցեց
խմորի մեջ:
Արքայազնը, երբ ստացավ կարկանդակը, այնպիսի ագահությամբ սկսեց
այն ուտել, որ բժիշկները զարմանքից օրորեցին գլուխները: Եվ իսկապես, արքայազնը այնպես
արագ էր ուտում, որ քիչ մնաց խեղդվեր մատանուց: Բայց արքայազնը մատանին հանեց բերանից
ու դրանից հետո սկսեց հանգիստ ուտել: Սակայն նա չապաքինվեց և օր օրի վատթարանում էր:
Բժիշկներն ասացին, որ նա հիվանդացել է սիրուց: Թագուհին և թագավորը որդուն պաղատեցին
ասել, թե ում է սիրահարվել:
- Սիրելիս, ասա, ում ես սիրահարվել, և քեզ կամուսնացնենք
հետը, եթե նույնիսկ ամենաետին սպասուհին լինի:
Արքայազնը հայտարարեց, որ կամուսնանա նրա հետ, ում մատին
կհարմարվի կարկանդակից ելած մատանին: Ու բարձրի
տակից հանեց Էշի Կաշվի մատանին: Թագավորն ու թագուհին վերցրին մատանին, ուշադիր զննեցին
ու որոշելով, որ դա միայն աշխարհիս ամենագեղեցիկ մատին կարող է հարմարվել, համաձայնեցին
արքայազնի հետ: Թագավորը հրամայեց անհապաղ թմբուկ զարկել և մունետիկներ ուղարկել ամբողջ
քաղաքը, բոլոր աղջիկներին հրավիրել մատանին փորձելու: Մունետիկները վազում էին փողոցներում
ու հայտարարում, որ այն աղջիկը, ում մատին հարմար գա մատանին, կամուսնանա երիտասարդ
արքայազնի հետ:
Նախ պալատ ներկայացան իշխանուհիները, հետո պալատական աղջիկները,
բայց որքան էլ ջանք էին թափում, մատանին չէր մտնում ոչ մեկի մատը: Ստիպված եղան հրավիրել
դերձակուհիներին: Նրանք սիրունիկ էին, բայց նրանց մատները կոշտացել էին ու հաստացել
շատ կար անելուց, մատանին չէր մտնում: Վերջապես հերթը հասավ սպասուհիներին, բայց սրանք
էլ անհաջողության մատնվեցին: Արդեն բոլորը փորձել էին, ոչ մեկի մատին չէր հարմարվել:
- Իսկ այն Էշի Կաշին, որը վերջերս ինձ համար կարկանդակ էր
թխել, կանչե՞լ եք,- հարցրեց արքայազնը:
Պալատականները հռհռացին ու պատասխանեցին, որ Էշի Կաշվին չեն
կանչել պալատ, որովհետև շատ կեղտոտ ու տգեղ է:
- Կանչեք նրան,- հրամայեց թագավորը:
Այդ ժամանակ պալատականները քթների տակ ծիծաղելով վազեցին
Էշի Կաշվին բերելու: Արքայադուստրը լսել էր թմբուկների զարկերն ու մունետիկների կանչերը
և հասկացել, որ այս ամբողջ իրարանցման պատճառը մատանին է: Նա շատ ուրախացավ, երբ տեսավ,
որ գալիս են իր ետևից: Շտապ սանրվեց ու հագավ լուսնագույն զգեստը: Երբ լսեց դռան թակոցը,
էշի կաշին զգեստի վրայից քաշեց ուսերին ու բացեց դուռը:
Պալատականները ծաղրանքով հայտնեցին, որ թագավորը նրան ուզում
է ամուսնացնել իր որդու հետ և տարան պալատ: Էշի Կաշվի անսովոր տեսքից ապշած արքայազնը
չէր հավատում, որ դա բանալու անցքից իր տեսած գեղեցկուհին է: Տխուր ու շփոթված արքայազնը
նրան հարցրեց.
- Դու՞ք եք ապրում մութ միջանքցի ծայրի խցիկում, այն մեծ
տանը, ուր այցելել էի ես վերջերս:
- Այո,- ասաց աղջիկը:
- Ցույց տվեք ձեր ձեռքը,- առաջարկեց արքայազնը:
Ինչպես ապշեցին թագավորը և թագուհին ու բոլոր պալատականները,
երբ սև ու կեղտոտ կաշվի տալից դուրս եկավ փոքրիկ ու նուրբ մի ձեռք ու մատանին հարմար
նստեց նրա մատին: Այստեղ արքայադուստրը մի կողմ նետեց էշի կաշին: Արքայազնը նրա գեղեցկությունից
ապշած՝ մոռացավ իր հիվանդությունը և ուրախությունից գլուխը կորցրած՝ ծնկի եկավ նրա
առաջ: Թագավորն ու թագուհին նույնպես ողջագուրվեցին նրա հետ և հարցրին՝ համաձա՞յն է
ամուսնանալ իրենց որդու հետ: Արքայադուստրը ուզում էր ինչ-որ բան ասել, երբ առաստաղը
բացվեց և յասամանագույն ծաղիկներից շինված երկանիվ կառքով ցած իջավ կախարդ Սիրենին:
Նա բոլորին պատմեց արքայադստեր պատմությունը:
Թագավորն ու թագուհին կախարդի պատմությունը լսելուց հետո
ավելի շատ սիրեցին արքայադստերը ու անմիջապես ամուսնացրին իրենց որդու հետ: Հարսանիքին
աշխարհի չորս կողմից եկան հավաքվեցին բոլոր թագավորները: Ոմանք կառքերով, ոմանք ձիերով,
ավելի հեռուներից գալիս էին փղերին, վագրերին ու արծիվներին հեծած:
Շատ ճոխ ու շքեղ հարսանիք արին, բայց արքայազնը ու նրա ջահել
կինը ուշադրություն չէին դարձնում այդ ամենի վրա, ամբողջ ժամանակ նրանք միայն իրար
էին նայում և միայն իրար տեսնում:
Շառլ Պերո | Էշի Կաշին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 03, 2016
Rating:
