
- Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց
երիտասարդ ուսանողը,- բայց իմ պարտեզում
ոչ մի վարդ էլ չկա:
Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:
- Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում,-
շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:
-Ա՜խ, ինչ հաճախ կարող
է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել
եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում
է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:
- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի,- ինքն իրեն խոսեց Սոխակը,- ես օր ու գիշեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:
- Վաղը երեկոյան պարահանդես
է,- շշնջում էր ուսանողը,- իմ սիրելին էլ է հրավիրված: Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բերեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը: Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանցնի իմ կողքով, անգամ
չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:
- Սա իսկական սիրահար է,- մտածեց Սոխակը,- այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք քարերից: Այն չես գնի ոսկով
ու չես վաճառի:
Միայն Սոխակն էր հասկանում
երիտասարդի վիշտը: Նա որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:
- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց նրան սոխակը:
Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:
- Իմ վարդերը դեղին են,- պատասխանեց
նա,- դեղին, ինչպես սաթե գահին բազմած յասամանի վարսերը:
- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի
տակ, նա կօգնի քեզ:
Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի
պատուհանի տակ:
- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց Սոխակը:
- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները ցրտահարվել են, փոթորիկները
կոտրել են իմ ճյուղերը:
Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա,- տխուր պատասխանեց Վարդի թուփը:
- Ընդամենը մի Կարմիր Վարդ,- բացականչեց
Սոխակը,- ահա թե ինչ եմ խնդրում ես:
- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:
-Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից:
Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով:
Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվելով իմ սուր փշերին:
«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային
սրտի հետ»,- մտածեց Սոխակն ու համաձայնեց:
- Ուրախացիր,-
կանչեց նա ուսանողին,- ուրախացիր,
դու կունենաս Կարմիր Վարդ,- ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից
ու լուսնի լույսից: Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ
եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն
ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր
է:
Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.
- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց
ունի՞ արդյոք նա զգացմունք:
Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ,
բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է,- այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալին
ու սկսեց մտորել իր սիրո մասին:
Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու սեղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր Սիրո
մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի խորն էր մտնում նրա կրծքի մեջ:
Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբացի թևերը: Սոխակն ավելի
ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի
երգը: Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:
Եվ արշալույսի
պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլանում էր: Հնչեց վերջին ելևէջը: Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի
մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը զմայլանքի
մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:
- Տես,- ուրախ բացականչեց
թուփը,- կարմրեց վարդը:
Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:
Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն
ու դուրս նայեց:
- Ա՜խ, ինչպիսի երջանկություն:
Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ:
Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:
- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ, - շշնջաց երիտասարդը,
- ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:
Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի
որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:
-Ի՜նչ ապերախտն ես դու,- դառնությամբ
բացականչեց տղան և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:
- Ինչ անհեթեթություն է այդ սերը,- մտորելով տուն էր վերադառնում
տղան: -Նրա մեջ ոչ մի տրամաբանական
բան չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարին: Զարմանալիորեն անգործնական
է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լավ է՝ ես վերադառնամ
փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա:
Տես նաև Եսասեր հսկան, Երջանիկ արքայազնը և Աստղամանուկը
Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 19, 2016
Rating:
