Ռուդաքի | Բեյթեր և Ռուբայաթ



Կյանքը քամի, ամպ է, ափսոս, դու մոտիկ բեր գավ ու գինի,
Այնուհետև թող աշխարհում ինչ ուզում է, այն էլ լինի:


Ինձ մեկից տուր, միանգամից համբույրները քո ամոքիչ,
Իմ սրտով չէ, որ պարտքը քո հատուցում ես այդպես քիչ-քիչ:

Երբ համբուրում եմ սիրածիդ, աղի ջուր ես խմում ասես,
Եվ որքան շատ խմես, հոգիս, այնքան սաստիկ կծարավես:

Կակաչ էի, թեթերիս մեջ կրակ ու կայծ,
Ավաղ, հիմա ասես խնձոր եմ ցամաքած:

Քո սերն իմ մեջ ոչ համբերանք թողեց, ոչ սիրտ,
Իսկ գեղուհիդ ինձ ոչ համբույր զոհեց, ոչ սիրտ,
Այն վիշտը, որ սերն է տալիս, վիշտ չէ, այլ լեռ,
Այն սիրտը, որ քոնն է, սիրտ չէ այլ ժայռ է բիրտ:

Իմ մարմինը, հոգուս նման, սիրո վշտից խիստ հագեցավ,
Արնաշաղախ արտասուքս թարթիչներիս մարջան դարձավ,
Բաժանումի տառապանքից խանդի կրակն ահանգնացավ,
Հաստատ գիտեմ, դժոխքում է լոկ վիճակվում այսպիսի ցավ:

Չէի արել դեռ ոչ մի քայլ մեր հանդիպման ճանապարհին,
Չէր ըմբոշխնել իմ սիրտը դեռ քո շուրթերի լույսն ու բարին,
Երբ լսեցի հանկարծակի ես հրաման մի երկնային.
- Խմիր գինիդ բաժանումի, ու թող անուշ լինի գինին:

Այցի դիմաց սիրտս ուզեց, էժան տվի, ձրի տվի,
Պաչի դիմաց հոգիս ուզեց, հոգիս ասես սրի տվի,
Իմ լուսնկան սակարկելիս վաճառական է շատ հմուտ,
Ողջը տվի, ձրի տվի, սրի տվի, հրի տվի:

Վշտի տան մեջ հավետ փակված տոկացողը մենք ենք, որ կանք,
Այրվող սրտից անվերջ հորդող արցունք – ցողը մենք ենք, որ կանք,
Տանջանքի մեջ մի փուշ բախտ երազողը մենք ենք, որ կանք,
Եվ այս դաժան, այս անողոք, բախտի զոհը մենք ենք, որ կանք:

Սիրտ, սա այգի չէ, պտուղ մի փնտրիր, գտնել չես կարող,
Ուռենուտ է սա, որ չի ծանրանում բերքով ու բարով,
Երկու դուռ ունի, իսկ այգեպանը հսկում է վերից,
Սիրտ իմ, հող դարձիր ու քամու նման անցիր աշխարհով…

Բախտի տվածով, սիրտ իմ, գոհացիր ու ապրիր ազատ,
Մերժիր կապ ու լուծ, հոգով զորացիր ու ապրիր ազատ,
Մի նայիր երբեք, թե ո՞վ կա կյանքում քեզանից վերև,
Քեզանից ցածի հոգում խորացիր ու ապրիր ազատ:

Ինձ Քաբեից հեռացրիր, եկեղեցու դուռը տարար,
Ոչ, ինձ նման այլ անհավատ դու չես գտնի երկրում արար,
Երկու հազար աղոթք եմ ես իմ սիրածի դռանն արել,
Սակայն, սեր իմ, ինձ դարձրիր այլ հավատի աղոթարար:

Թարգմանությունը՝ Վ. Դավթյան


Ռուդաքի | Բեյթեր և Ռուբայաթ Ռուդաքի | Բեյթեր և Ռուբայաթ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:28:00 Rating: 5
Технологии Blogger.