Խաչատուր Աբովյան | Առաջին սեր | համառոտ


«Առաջին սեր» պատմվածքն սկսվում է մութ գիշերվա նկարագրությամբ. կատաղած Զանգին փրփրել է՝ կարծես ուզելով սար ու ձոր իրար գլխի տալ։ Այս տեսարանին հաջորդում է չափածո հատված, որում Աբովյանը վերհուշի ձևով նկարագրում է, որ Վանին գանգատվում է, թե ինչու այն օրը, երբ իր սրտում կրակ վառվեց, օրը խավարեց, ինչո՞ւ Աստված իրեն շունչ տվեց։ Վանին, որ այն դաշտերում էր լինում, սարերն ու լուսինը, աստղերն ու հրեշտակները ամեն պահին իր հետ ծիծաղում էին, այսօր անգամ վարդին մոտենալիս իր աչքն աննկատ աստղերին էր գցում։ Զանգին էր մնացել իր միակ հույսն ու ապավենը։
Փարիխանը խորում է, Վանին` ձորում. նրանք կարոտից այրվում են։ Վանին արդեն չի ուզում, որ արևը բացվելիս իր աչքը լույս տեսնի։ Ասում է, թե Վանին մեկ Փարիխանին ուներ, մեկ` իր խավար հոգին, որ տվեց իր սիրելիին, և եթե սիրելին իր սրտում չպահի Վանիի անունը, երկինք ու երկիր նրա համար կմնան փակ։ Վանին ուզում է, որ Զանգին իր գերեզմանը լինի, և խնդրում է արեգակին, որ բացի երեսը, քանի դեռ ողջ է։ Այստեղ չափածո հատվածն ավարտվում է։
Ապա հեղինակը նկարագրում է նախընթաց դեպքերը։ Վարդավառի պասը եկել էր, օրը մոտենում էր։ Վանու մայրը՝ Սոնը, ողջ շաբաթ չէր քնելպատրաստություն էր տեսնում։ Մարդիկ օրվա համար մեծ պաշար էին հավաքել։ Եթե անգամ թուրքի էին տեսնում, կանչում էին, կշտացնում ու ճանապարհ դնում։
Ժողովուրդը գնում էր ուխտի։ Ուխտատեղին տեսնելուն պես նրանք ձիուց իջնում, ծնկում ու աղոթք էին անում։ Էջմիածին հասնելով՝ ձիերը կատաղում են, սակայն Վանուն հաջողվում է ձին թռցնել ու խուսափել գրոհից։ Այնուհետև Վանին տեսնում է մի որբ, պատառոտված շորերով, 15 տարեկան աղջկա՝ Փարիխանին: Նրան իր հետ ուխտի էր բերել հալևորը, որպեսզի նրա երազն էլ կատարվեր։ Նրա ծնողները 5 օրում կոտորվել էին, հարազատներին էլ կորցրել էր։ Վանու մայրը նայում է աղջկան, որը շատ նման է իր կորած Հռիփսիմեին, և իրեն զավակ դարձնում։ Վանու համար ուխտի ճանապարհը երկարում է։ Նա այնքան է նայում սիրած աղջկա երեսին, որ քնում է։ Ծերունին սիրահարված զույգին օրհնում է ու արևշատություն ցանկանում: Վանին միայն մեկ բան է ուզում՝ իրենց ձեռք ձեռքի տալ։
Բոլորը Վանին և Փարիխանին երնեկ են տալիս։ Սակայն նրանք դեռ ոչ կարող են իրար հետ նստել, ոչ խոսել դա կարող է տալ միայն ամուսնությունը։ Վանիի հայրը՝ Կարոն, առաջարկում է մեկ օրն էլ Ծարավ աղբյուրի մոտ անցկացնել։ Շատերը մերժում են՝ ասելով, որ թուրքերը գիշեր-ցերեկ այդտեղ են։ Վանին ևս զգում է մոտալուտ վտանգը։ Կարոն էլ գոտեպնդում է՝ ասելով, որ չվախենան, քանի ինքը ողջ է, ոչ ոք չի կարող նրանց խեթ աչքով նայել։
Ուշ գիշեր է, երբ նա ուզում է իր վերջին թասը խմել՝ օրհնելով հարսին ու տղային, երբ 20-ից ավելի ձիավոր վրա են տալիս։ Ուխտավորների համար ո՛չ ծածկվելու տեղ կա, ո՛չ փախչելու։ Թուրքերին հաջողվում է տանել Փարիխանին։ Իսկ Վանին՝ տարաբախտ երիտասարդը, թռչում է, ինքն էլ չգիտի՝ ուր։ Ուխտավորները ելնում են քարերի տակից, կրակ վառում, բայց խավարին ոչինչ չի երևում։ Զանգին կատաղած է։ Հայրը Վանի է գոռում ողջ ուժով, մայրը՝ ողբում, սակայն ոչ ջուրն է իր ձայնը լսում, ոչ էլ քարը՝ ցավն իմանում։

Նյութը ներկայացրեց Թամարա Գասպարյանը


Խաչատուր Աբովյան | Առաջին սեր | համառոտ Խաչատուր Աբովյան | Առաջին սեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:23:00 Rating: 5
Технологии Blogger.