Սլավիկ Չիլոյան | Բանաստեղծություններ


Գիտենք, գոնե,
որ մեր մխիթարությունը
խաղի մեջ է,
տանենք, թե տարվենք:
Եվ ամեն մեկս
մի անուն շալակած,
երերալով
հազիվ քայլում ենք,
բայց խլացնում,
կոկորդ ենք պատռում,
թե՝ բեռներս թեթև է:
Լավ է շալակել
մի մեծ երկրագունդ,
քան թե ծնվել
ոչ թե հասարակ,
այլ հատուկ անուն.
գալով ինձ-
Ադամ եմ


***
Եթե աշխարհի բոլոր ծառերը
միանային իրար,
ինչպիսի մեծ մի ծառ կլիներ:
Եթե աշխարհի բոլոր կացինները
միանային իրար,
Ինչպիսի մեծ մի կացին կլիներ:
եթե աշխարհի այդ մեծ կացնով
խփեին աշխարհի այդ մեծ ծառին
ու ծառը կտրվեր,
ընկներ ջրի մեջ,
ինչպիսի մեծ չլմփոց կլիներ:

***
Նա օղի է խմել
ու գրել
հետո հոգնել է գրելուց
հորանջել.
նորից օղի է խմել
ու հոգնել
հետո հոգնել է խմելուց.
նա երբեք լաց չի եղել
որովհետև
չի զսպել իր արցունքները.
նա նկարել է հետո
հետո նկարելուց հոգնել
նա նկարվել է
ինչպես նկարվել են մարդիկ
նա անգամ նկարվել է մերկ
որովհետև դա շատ հետաքրքիր է.
նա խելագարվել է հոգնելուց
ու հոգնել է խելագարներից.
հետո հոգնել է
որ միայն մարդ է ինքը
նա
նա
նա
դե այսքանը ձեզ  պատիժ
հույս
ապավեն
ինչ
ինչ
ինչ...

***
Կյանքը ծխախոտ է,
մարդը` թունդ ծխող.
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը,
իսկ ծխախոտի դեմ պայքարող
միակ ու հիանալի բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ,
որովհետև
կյանքը ծխախոտ է,
մարդը` թունդ ծխող,
իսկ այս աշխարհում
ամենաքաղցր բանը
թույնն է,
երբ այն տրվում է
մանր դոզաներով:

***
Գեղեցիկ օր էր այդ
քեզ համար,
իսկ ինձ համար՝ հավատ.
բայց գեղեցիկ օրը
իր գեղեցիկ կազմով
չփրկեց այս կողմում
ոչ ինձ, ոչ էլ քեզ:

***
Իմ արցունքների համար
դու պատասխանատու ես
չէ որ հարյուր անգամ կրկնեցիր
թե անպայման
կտանես
ինչ-որ տեղ կթաղես իմ արցունքները
բայց չէ որ
ես քեզ
հարյուր անգամ կրկնեցի
թե իմ արցունքները
ոչ մի տեղ
չեն թաղվի


ԺԱՄԱՆԱԿԸ


Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին
իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ
կպաշտպանվեմ:
ԱՊՈԼՈՆ


Բա որ ինձ տեսնեիք
այն ժամանակ,
երբ ես խնդում էի:


ԿԻՐԱԿԻ ՕՐԸ


Ես այնքան կուզեի
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար,
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա՝
հագցնել նրան.
թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը՝
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով...

***
Ես այդ չեմ
և ինչո՞ւ եմ այստեղ
ես քանի տարի ման եկա
ինձ
քեզ համար
ու քանի անգամ
հեքիաթներ կերա
քեզ համար
ես այդ չեմ
ես ձեզ հետ
երբեք չհավատաք թե լինեմ
ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
այսպես
օտարորեն
կախվել


ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵԼՆ Է ԴԺՎԱՐ


Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
Ու ահագին ոսկի գտնեի,
Թեկուզ հետո մի փոս փորեի
Այդ ահագին ոսկին թաղեի:
ՕՊԵՐԵՏՏԱՅԻՑ


Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
(և իմ կարծիքով բոլորն են այդպես),
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
բայց խոսել չէի կարող
ու պետք էլ չէր ինձ,
բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
խոսեցնելու համար,
որ մտածմունքս փոխվեց խոսելու.
և հետո խոսում, խոսում,
խոսում էի ու չէի պրծնում:
Միայն մի ելք կար.
այդպես խոսելով անցա այն աշխարհ,
որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
Եվ այսքանից հետո
դեռ հարցնում եք,
թե` այն աշխարհից ո՞վ է ետ եկել:


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ,
սալհատակի պաղ շիրիմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիներին
հանգիստ, հանգիստ:
Նեկտար բերող
կյանքի չարքաշ մեղուներին,
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով:
Արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ, գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ,
և ամպամած ու ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ:


ՍԱՆՉՈ, ԶԱՎԱԿՍ, ՍՈԽ ՉՈՒՏԵՍ


Այստեղից սկսեմ
թե այնտեղից,
միևնույն է՝
դուք չեք հավատա
ջրաղաց հսկաներին,
որը վկայությունն է Սուրբ գրքի
(որի ամեն մի տառը զուտ ճշմարտություն է):
Դուք ձեր սովոր ուղեղներով
կփնտրեք նրան
ձեր ուղեղի գալարներում.
իսկ ես
ավելին, քան Սանչո Պանսան,
ուսի-ուսի կտայի
հիդալգոյի՝ կտակն հանձնելիս,
նորից կգոռայի,
ոչ, հանգիստ կասեի.
երկիրը ի ձեզ,
իսկ ինձ՝ Դոն Կիխոտ...


ԲՈԼՈՐԻՆ

Մենք չենք ասում,
թե ինչքան գիտենք,
այլ՝ ինչքան կփակվենք
մեր նեղ բնում
ու այնտեղ հող կուտենք,
ձե՛զ՝
լույսի հատիկներ
մեր թաթիկներով
դուրս տալով

ԴԱՏԱՐԿ

Դատարկ եմ
ինչպես դատարկ երկրագունդը
որ թմբուկի տեղ
մի լավ կդմբացնեի
դատարկ
ինչպես օղին
որ դատարկում եմ
իմ դատարկ ուղեղում
դատարկ
ինչպես լքված քո անկողինը
ուր ես եմ քնում
դատարկ

***
Համբերում էիր
համբերանքդ դարձավ մի ճանճ
թռավ գնաց
բայց նորից իր տըզ թևերով
տոտիկներով կեղտոտ
եկավ նորից
խղճիս վրա
որ ծանրացավ
այս աշխարհի փոքրիկ թռչնի
ծանրությունից
ու չգիտեմ համբերանքդ
որովհետև
թռչունների դասին ճանճը
չի պատկանում

ԻՆՉ ԿԱ, ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ

Մարդիկ փտել են
հազարներով,
միլիոններով,
միլիարդներով
ու զրոներով.
ես էլ մի զրո
այն մեկի կողքին,
որ հենց այս գիշեր
հավատացրեց,
տարավ:
Հավասար է այնտեղ ամեն ինչ.
միայն զրո չի.
այնտեղ ես մեկ եմ
ու դու ել՝ մեկ,
ինչ մնում է բոլորիս՝
մեկ:
Իսկ զրոն
ձերն է,
որովհետև
չգիտեք ինչ բան է մեկը.
Մեկը-Բան,
Բանը-Մեկ,
Սկիզբն աշխարհի,
որ աշխարհ արժի:

ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՆՔ

Թե մեկն հրաշքով
այլ մոլորակից
մի օր իջներ ցած
ու հարցներ մեզ,
թե ինչ ենք արել,
թե ինչ ենք տվել
կամ ինչ է ծնել
երկրագունդը մեր
իր հսկա փորից,
կասենք`մենք մարդ ենք եղել,
ինչ արած,
այդպես ենք ծնվել:
-իսկ դու՞ք:

ԳԱՂՏՆԻՔ

Գիտե՞ս
ինչու եմ սիրում քեզ.
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը.
գցում եմ ոտքս
պտտվում է նա
ինձ չի թողնում երբեք
ոչ մի կետի վրա.
ես սիրում եմ քեզ
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը:


ԱՐԳԵԼՔ

Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին,
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված,
ու մեր համբույրը
դատարան տարան:


RONDO


Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր


Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր


Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր


ՀԱՅԱՍՏԱՆ
  
Գիտես ինչ, Հայաստան,
քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ, Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը
թե ուզենանք էլ՝
չենք կարող ծրարել:


***
Զուգարանները կլինեն ոսկուց:


N զորամասում
երբ նոր զուգարան շինեցին
Թոմաս Մորը չկար
այլ կար նրա «Ուտոպիան»
որի թղթերը
զինվորները մեկ-մեկ
բաժանեցին իրար մեջ
նոր զուգարանի բացման
արարողության առթիվ
և հատկապես որ
բնական պահանջն էր
ստիպում նրանց

ԾՈՎԸ ՄԵԾ Է, ԶԱՐՄԱՑԱՎ ՉԵԽՈՎԸ

Ես շատ չարչարվեցի
բայց միայն մարդ
թվացիք դուք ինձ

ՄԵԶ ՔԻՉ ՄՆԱՑ ՄՏԱԾԵԼՈՒ

Երաժշտության ոսկե գանձերից
հաղորդումն ավարտվեց
կտրվեց լարը ջութակի
կամաց
կծկվիր
չես տեսնում պատերազմ մեկնող
մարդկանց
իսկ ջութակը
մնաց առանց լար
հիմա նվագում են
նրա
փայտի վրա
ու գիտե՞ս ինչպես
դարձրել
ու հետևին դմբդմբացնում են
դրմբ

***
Ով է ասում
թե մենք զզվել ենք
զզվել են նրանք
ովքեր չեն զզվել
զզվածը զզվածին
միշտ զզվացրել է
ու միշտ զզվանքով
զզվել բաժանվել
ու զարմացել են
չզզվածները
որ զզվածները
սեր են ունեցել
և զզվածները
զրկվածները
չեն զզվել երբեք
չզզվածներից
ու նրանց համար
ոչինչ չասող աչքերով
նայել են պահել-պահպանել
հարկ եղած դեպքում
ծառայել ննջարան

***
Դարն ուրիշ է, հավքերն ուրիշ,
Հավքերն ուրիշ, երգերն ուրիշ


Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ,
էլ մենք արցունք չունենք հիմա,
էլ չենք դողում ծաղկի վրա,
չենք հասցնում էլ լաց լինել:
Հավատա ինձ,
տխուր էին երգերը ձեր.
երբ մենք, հոգնած առօրյայից,
ձեզնից փափուկ բարձ էինք ուզում,
նորից ձեր հին երգն էիք երգում,
նորից արցունք
քամում մեզնից:
Այո, Հայնրիխ, շատ ենք փոխվել.
թե չտեսնենք՝ չենք հավատա,
էլ մենք արցունք չունենք հիմա,
չենք հասցնում էլ լաց լինել

***
Կարմիր սվիտրի
կարմրությունը խունացել է
և իմ պիջակի գույնը նույնպես
ներկելու տրամադրություն էլ չկա
երբ ոչ ոք չի ուզում
որ մի քիչ
մոռացված պիջակս
կամ այն սվիտրը
որն հիշեցնում է
արդեն հատակի գորգը
փռեմ ձեր առաջ
ու քայլեք նրա վրայով
իսկ թե երբևէ կարողանամ
ներկել իմ սվիտրը
ուրեմն բարեհաճեցեք
զգույշ քայլել նրա վրայով
որովհետև
այս սվիտրի վրա
ես դրեցի
ձեր բոլոր տանջանքները
որ մենք միասին հագանք

***

Ես նորից քեզ եմ պատմում
Ոչ թե որ դու մի բան
կարող ես հոգալ
Չէ, եղբայր քո մարդ իմանալը
Շատ չափազանցրիր
Դրա համար նույնիսկ
Մեղավոր մեռելներին
դատեցիր
Իսկ մի քանիսին էլ
Հերոս կոչեցիր
Տո լսիր
Դատեցիր
Կոչեցիր
նրանց մեռնելուց հետո
Նրանք որ մեռան
քեզ համար
Ախր դու ով ես
Եվ ինչ կարող ես անել
Շատ շատ
Ինձ էլ կդատես
Կամ էլ հերոս կկոչես

***
Վերջին րոպեին
հանգիստ կորոճանք մեր ցանկացած
ցանկացածը
և սիրուն կավարտենք
մի երգ
որ պատերազմ է դարձել
սառել է օդը
մեր շնչափողում
դրա համար եք թույլ տալիս
որ գան
նախագահները
ու մեզ մի լավ դաս տան
իսկ դրանից ոչինչ չի փոխվում
բացի նախագահներից:


Տես նաև Հենրիկ Էդոյան Ես հարցնում եմ, նա պատասխանում

Սլավիկ Չիլոյան | Բանաստեղծություններ Սլավիկ Չիլոյան | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:20:00 Rating: 5
Технологии Blogger.