Վինսենտ Վան Գոգ | Նամակներ Պոլ Գոգենին


Առլ, 1888
Շնորհակալություն Ձեր ուղարկած նամակի և հատկապես ամսի 20-ին այստեղ գտնվելու խոստման համար: Անկասկած, Ձեր պատճառաբանությունը գնացքով հաճելի ճամփորդություն չի ապահովի, և ճիշտ եք վարվում, որ հետաձգում եք այդ ճամփորդությունը, մինչև որ կարողանաք այն իրագործել առանց ավելորդ գլխացավանքի: Բայց եթե մի կողմ թողնենք այդ իրողությունը, ես համարյա նախանձում եմ Ձեզ այս ճամփորդության համար, որը հնարավորություն է ընձեռելու մղոններ ու մղոններ անցնելու ընթացքում տեսնել աշնանային շքեղություններով լեցուն տարբեր վայրեր:
Մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս այն հուզումը, որ պատճառեց ինձ այս ձմեռ կատարածս ճամփորդությունը Փարիզից մինչև Առլ: Ինչպիսի անհամբերությամբ էի սպասում, որ վերջապես իմ դիմաց կբացվի Ճապոնիայի նման մի բան: Դե իհարկե, դա մանկամտություն էր:

Գիտեք, անցյալ օրը, երբ Ձեզ նամակ էի գրում, աչքերս սարսափելի հոգնած էին: Բայց հիմա, երկուսուկես օր հանգստանալուց հետո նորից գործի անցա, բայց դեռ չեմ համարձակվում պլեներում աշխատել: Դարձյալ իմ սենյակը զարդարելու համար պատրաստեցի 30 չափսի մի կտավ՝ Ձեզ արդեն հայտնի ննջասենյակն է, սպիտակ փայտե կահույքով: Ինձ անչափ հաճելի էր այդ սենյակը պատկերել ուղղակի և անմիջական ձևով: Սյորային բնորոշ պարզությամբ՝ հարթ գույներով ու կոպիտ, թանձր վրձնահարվածներով. պատերը՝ գունատ յասամանագույն, հատակը՝ գունաթափ, թույլ կարմիր, աթոռներն ու մահճակալը՝ քրոմի դեղին, բարձերն ու սավանը՝ խիստ գունատ կիտրոնի կանաչ, ծածկոցը՝ արնակարմիր, լվացարանը՝ նարնջագույն, լվացարանի տաշտը՝ կապույտ, պատուհանը՝ կանաչ: Ինչպես տեսնում եք, իրարից բոլորովին տարբեր տոներով ուզել եմ բացարձակ հանգստության զգացում տալ: Նկարում միայն մի փոքրիկ սպիտակ կա, այն էլ սև երիզով հայելին է արտահայտում: (Ուզում էի նաև լրացուցիչ գույների չորրորդ գույն էլ մտցնել այստեղ):
Մի խոսքով, սա էլ կտեսնեք մյուսների հետ, և դեռ կխոսենք այդ մասին, որովհետև շատ հաճախ չգիտեմ ինչ եմ անում, կարծես երազում աշխատեմ:
Ցրտերն արդեն ընկնում են, հատկապես միստրալի օրերին:
Աշխատասենյակում գազ եմ անցկացրել, որպեսզի ձմռանը լավ լուսավորություն ունենանք:
Երևի Առլից հիասթափվեք, եթե միստրալի ժամանակ գաք, բայց առաջ չանցնենք, այստեղի բնության պոեզիան հետո ես զգում:
Սկզբնական շրջանում տունը, իհարկե, հարմարավետ չի թվա Ձեզ, բայց կամաց-կամաց կաշխատենք այդպիսին դարձնել: Այնքան ծախսեր կան անելու: Դրանց տակից մի շնչով դուրս չես գա: Բայց հավատացած եմ, հենց որ գաք այստեղ, Դուք էլ ինձ նման կատաղորեն կտրվեք աշնան հմայքներ նկարելուն միստրալի դադարների ժամանակ և կհասկանաք, ինչու էի ստիպում Ձեզ հիմա գալ, երբ օրերն այսքան հրաշալի են:

1 Հունվարի  1889
Օգտվելով այն բանից, որ առաջին անգամ եմ դուրս գալիս հիվանդանոցից, բարեկամական շատ անկեղծ ու խոր զգացմունքներով երկտող եմ ուղարկում Ձեզ: Հիվանդանոցում երկար մտածեցի Ձեր մասին, նույնիսկ բարձր ջերմության և թուլացած վիճակում:
Ասացեք, բարեկամս, իրո՞ք անհրաժեշտ էր, որ եղբայրս՝ Թեոն, ճամփորդություն կատարեր:
Գոնե հիմա նրան լիովին հանգստացրեք, և Դուք էլ, խնդրում եմ, հանգիստ եղեք, որ ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չի պատահել այս հրաշալի աշխարհում, ուր ամեն ինչ մշտապես դեպի ամենալավն է գնում:
Խնդրում եմ, իմ կողմից լավ խոսքեր ասեք բարի Շուֆֆենեկերին և հետ կանգնեք Ձեր որոշումից լավ ծանրութեթև անելուց հետո, ձեռնպահ մնացեք և մի չարախոսեք մեր խեղճ փոքրիկ դեղին տան մասին, բարևեք Փարիզի ինձ ծանոթ բոլոր նկարիչներին: Ձեզ հաջողություն եմ մաղթում Փարիզում:
Ռուլենն իմ հանդեպ շատ բարեհոգի գտնվեց, նրա գլխում առողջ միտք ծագեց՝ ինձ դուրս բերել հիվանդանոցից, մինչդեռ ուրիշները դեռ համոզված չէին, որ բուժել եմ:

Հունիս 1890
Սիրելի բարեկամս, շնորհակալ եմ, որ նորից գրեցիք ինձ, հավատացեք, որ վերադարձիցս հետո ամեն օր Ձեր մասին եմ մտածել: Միայն երեք օր մնացի Փարիզում, փարիզյան աղմուկը շատ վատ ազդեց ինձ վրա, զգուշության համար, որ գլուխս հանգիստ լինի, որոշեցի փախչել այնտեղից դեպի գյուղ, այլապես անմիջապես կվազեի Ձեզ մոտ: Ինձ շատ հաճելի է լսել Ձեզնից, որ «Առլեցի կնոջ» դիմանկարը, խիստ հիմնված լինելով Ձեր գծանկարի վրա, Ձեզ դուր է եկել:
Աշխատել եմ, հարգանքից դրդված, հարազատ մնալ Ձեր գծանկարին, համենայն դեպս, ազատություն եմ տվել ինձ՝ արտահայտելու գծանկարի խիստ բնույթն ու ոճը գույնի միջոցով: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, «Առլեցի կինը» սինթեզ է, քանի որ առլուհիների սինթեզները հազվագյուտ են, ընդունեք դա որպես Ձեր և իմ ստեղծագործությունը՝ իբրև մեր երեք ամսվա համատեղ աշխատանքի ամփոփում: Այն նկարելու համար ես իմ կողմից վճարեցի ևս մեկ ամսվա հիվանդությամբ, բայց գիտեմ նաև, դա մի կտավ է, որ հասկանալի է լինելու Ձեզ, ինձ և քչերին այնպես, ինչպես մենք կուզեինք, որ հասկացվեր:
Սեն-Ռեմիից բերել եմ նաև վերջին՝ «Աստղով նոճին» կտավը. գիշերային երկինք՝ անփայլ լուսնով, խավարից դուրս ելած հազիվ նշմարվող բարակ մահիկը արտացոլված է անթափանց հողի վրա, մի աստղ՝ չափազանցված փայլով, այսպես ասած, մեղմ վարդագույնի և կանաչի փայլով լաջվարդ երկնքում, ուր սահում են ամպերը: Ներքևում մի ճանապարհ՝ երիզված դեղին, բարձր եղեգներով, որոնց հետևում կապույտ ցածր Ալպերն են, մի հին պանդոկ՝ նարնջագույնով լուսավորված պատուհաններով և մի շատ բարձր նոճի՝ ուղղաձիգ, մռայլ:
Ճանապարհին մի դեղին կառք՝ լծված սպիտակ ձիով, և երկու ուշացած զբոսնողներ: Շատ ռոմանտիկ է, բայց նաև զգացվում է Պրովանսը…
Ահա մի գաղափար, որ գուցե Ձեզ հետաքրքրի. ուզում եմ ցորենի արտի այսպիսի էտյուդներ անել, բայց դա նկարել չեմ կարողանում. միայն կապույտ, կանաչ հասկեր, կանաչ ժապավենների նման երկար տերևներ, որ վարդագունել են արևի ցոլքից, դեղնող հասկեր՝ թեթևակիորեն երիզված փոշեպատ ծաղկունքի գունատ վարդագույնով, վարդագույն պատուտակ՝ ներքևում, հասկի շուրջը փաթաթված:
Վերևում շատ աշխույժ, բայց միաժամանակ հանգիստ ֆոնի վրա ուզում եմ դիմանկարներ անել: Տարբեր որակի կանաչներ են՝ նույն վալյորով, այնպես, որ մեկ ընդհանուր կանաչ ստացվի, որն իր թրթռումով խորհել կտա հովիկից ճոճվող հասկերի մեղմ շրշյունի մասին, բայց սա երանգավորման տեսանկյունից ամենևին հարմար չէ:

Աղբյուրը՝ Վինսենտ Վան Գոգ, Նամակներ, թարգմանությունը` Նվարդ Վարդանյան, Սարգիս Խաչենց, 1999   

Վինսենտ Վան Գոգ | Նամակներ Պոլ Գոգենին Վինսենտ Վան Գոգ | Նամակներ Պոլ Գոգենին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:03:00 Rating: 5
Технологии Blogger.