Վիլհելմ Մաթևոսյան | Զրույցներ Սարյանի հետ



Վարպետը դեկորատիվ պաննոյի էսքիզ է անում: Ես դիտում եմ: Ստեպ-ստեպ խոսք է գնում առհասարակ պաննոյի ֆունկցիայի, դրա տարբեր կողմերի մասին:
Մեկ էլ կտրուկ շուռ է գալիս դեպի ինձ և ասում.
- Մարդը իր արատները կենդանիներին վերագրելու անհեթեթ սովորություն ունի: Մանավանդ ապերախտություն է, որ նա այդ բանն անում է իրեն մինչև վերջ նվիրված, իրեն լուռումունջ ծառայող կենդանիներին: Ասենք՝ շանը կամ ավանակին:

- Էդ էլ Ձեր գոված-գավաբանած մարդ արարածը: Մարդը էսպե՜ս, մարդը էնպե՜ս, մարդը տիեզերքի ծաղի՜կն է…
Գրեթե այսքանով էլ ավարտվում է կես կատակ կես լուրջ սույն երկխոսությունը:
Խոսակցության թեման աննկատելիորեն փոխվում է:
Նորից մուտք է գործում պաննոն: Եվ սրա մասին զրույցը տևում է երևի կես ժամ:
Ու, դարձյալ աննկատելիորեն, մեջտեղ է գալիս մարդու թեման՝ արդեն առանց հանաքի ինտոնացիայի:
- Չգիտեմ ինչու, մանկությանս օրերից հավատացած եմ, որ Երկրոգունդը մարդու մարդու մշտական կացարանը չէ,- ասում է Վարպետը: - Հավատացած եմ, որ նա հեռանալու է այստեղից և իր համար մի այլ բնակության վայր է գտնելու: Բայց դա՛ էլ նրա մշտական կացարանը չի լինելու: Գտնելու է նորը: Եվ այստեղից նո՛ւյնպես հեռանալու է:
Այդպես անվերջ թափառելու է Տիեզերքում՝ նորանոր աշխարհներ հայտնագործելով: Խնդիրը կացարանի լավ կամ վատ լինելու մեջ չէ: Երկրագնդից էլ հրաշալի կացարա՞ն: Ինձ թվում է, թե, պարզապես, մարդ արարածի բնությունն է այդպիսին՝ թափառել տիեզերքում:
- Նպատակը,- հարցնում եմ:
- Նպատա՜կը… - կրկնում է: - Գուցե դա ինքնի՛ն նպատակ է: Նշանակալից նպատակ: Եթե պայմանավորվենք մնալ առողջ բանականության սահմաններում, ապա կարծում եմ, պիտի ընդունենք, որ մարդու անկասելի ձգտումը, գլխավոր հոգսը բնության, տիեզերքի ճանաչումը, վերափոխումը և կերպավորումն է,- մի բան, ինքնաբերաբար թե սթափ գիտակցականությամբ իրագործում է, նաև, ինքնաճանաչման միջոցով, որովհետև նա ինքը, իր մարմնում և հոգում գործող օրինաչափություններով ու ներդաշնակությամբ, միկրոկոսմոս է, հանդիսանում է Տիեզերքի՝ այսպես ասած մոդելը: Ըստ որում, և սա՛ էլ հասկանալի է, մարդու ինքնաճանաչումը, իր հերթին, հնարավոր է դառնում, նաև, Կոսմոսի ճանաչման միջոցով:
Խորապես համոզված եմ, որ անվերջանալի տիեզերական ճանապարհորդության (թափառման) ընթացքում և մեծապես դրա շնորհիվ է, որ մարդը հետզհետե ընդլայնելու է թե՛ բնության իմացության, թե՛ ինքնաճանաչման սահմանները (երբեք, իհարկե, վերջին չհասնելով, քանի որ վերջը, մեծ հաշվով չկա՛, չի լինելու):
- Եթե մարդու գլխավոր հոգսի ու նպատակի կողմերից մեկը բնություն-կոսմոսի վերափոխումն է, ապա՝ ո՛չ դրական առումով: Ինձ այդպես է երևում: Գիտե՞ք ինձ ինչն է համոզում, որ Երկիր մոլորակի վրա մարդ արարածը եկվոր է: Դա հետևյալ պատճառաբանությունն է, որը, ճիշտն ասած, արդեն մոռացել եմ՝ ինչ-որ տեղ կարդացե՞լ եմ, ինչ-որ մեկից լսե՞լ եմ, թե՞ իմ գլխում է ծագել: Ինչևէ, ակնհայտ է, որ Երկիր մոլորակի վրա մեծ թե փոքր կենդանիները (անխտի՛ր բոլորը) այս կամ այն կերպ և դրական տեսակետից, մասնակցում են բնության կյանքի շրջաբերությանը, յուրովի նպաստում են նրա ներդաշնակ, հավասարակշիռ գոյությանը: Իսկ, ահա, մարդ արարածը հայտնվելուն պես ընկել է խեղճ Երկրագնդի ջանին ու հոշոտում է, բառի բուն իմաստով անողոքաբար ավերում է բնությունը: Եթե նա Երկիր մոլորակի, երկրի բնության հարազատ զավակը լիներ՝ այդպես չէ՛ր վարվի: Երևի մարդու եկվորության վարկածը հիմք ունի:
- Ես կարծում եմ, որ մարդը երկրագնդի զավակն է: Բայց գնալու է այստեղից: Ո՞ւր… ի՞նչ իմանաս,- ուսերը վեր քաշելով ու ծիծաղելով խոսակցությունը նորից կատակային տոնի է դնում Վարպետը…
***
- Թե՛ նատուրալիզմն ու ռեալիզմը, թե՛ ակադեմիզմն ու ռոմանտիզմը, թե՛ ֆովիզմն ու կոնստրուկտիվիզմը կարելի է նշմարել քարեդարյան ու բրոնզեդարյան կերպարվեստի պատմության վիթախարի փռվածքում,- ասում է Սարյանը: - Մարդիկ իրավացի են ասելով՝ «նախնադարյան նատուրալիզմ», «նախնադարյան նատուրալիզմ», «նախնադարյան սիմվոլիզմն» և այլն, որոնք անընդհատ փոփոխությունների ենթարկվելով դրսևորվում են քաղաքակրթության էվոլյուցիայի տարբեր էտապներում: «Նույն» նատուրալիզմն ու սիմվոլիզմը պարզորոշ երևան են գալիս, օրինակ, քրիստոնյա ժողովուրդների միջնադարյան կամ այսօրվա արվեստում՝ և՛ նկարչության, և՛ քանդակագործության բնագավառներում: Նույնը հայտնի գեղարվեստական բոլոր միտումներին է վերաբերում:
***
- Վարպե՛տ, երեկ իմ ընկերներից մեկը Ձեզ տիեզերական ճամփորդության էր ուղարկում:
-  Ինչպե՞ս:
- Սրճարանում նրան մի խնդիր առաջադրեցի՝ դիցուք կոսմոսի նախագահը քեզ կանչում է միջգալակտիկական կենտրոն և հանձնարարում. «Վերադարձիր մոլորակդ, մտածիր, ընտրիր իր ողջ կյանքի ընթացքում քո ժողովրդի ծնած ամենամեծ զավակներից յոթին,- այսօր կենդանի թե վախճանված՝ մեկ է, հանգուցյալներին կենդանացնելը մեզ վրա,- նստեցրու ձեր պատմության նավը և ուղարկիր այստեղ՝ համատիեզերական հավաք է, ազգերի ստուգատես»: Ասա՛, խնդրեմ, ովքե՞ր կլինեն գնացողների քո ցուցակում:
- Դա հո կոմունիստավարի կարգադրության նմա՛ն ստացվեց,- միջամտեց Վարպետը: - Հետո՞:
- Ընկերս մտածեց-մտածեց և թվեց ընտրյալների իր կազմը՝ Տիգրան Մեծ, Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Տրդատ Ճարտարապետ, Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան:
- Բայց նավը տեղից չի՛ շարժվի,- ասում եմ:
- Ինչո՞ւ:
- Նավապետի՛ն մոռացար:
Այստեղ Վարպետը ծիծաղելով նորից միջամտում է.
- Այդ ցուցակը, բարեբախտաբար, կարելի է բազմիցս ու բազմիցս փոփոխել, բայց նավապետին, իսկապես, երբեք չպետք է մոռանալ: Այո՛, Հայկը հայոց պատմության կարևորագույն և անփոխարինելի անձն է: Հավերժաբար, բոլոր հնարավոր ցուցակներում, նա պետք է նշվի առաջինը՝ որպես Նահապե՛տ-Նավապետ… 

Աղբյուրը՝ Վիլհելմ Մաթևոսյան, Զրույցներ Սարյանի հետ, Սարգիս Խաչենց, 2002

Վիլհելմ Մաթևոսյան | Զրույցներ Սարյանի հետ Վիլհելմ Մաթևոսյան | Զրույցներ Սարյանի հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 06, 2017 Rating: 5
Технологии Blogger.