Լուի Ֆերդինանդ Սելին | Ճանապարհորդություն գիշերից անդին



Երիտասարդ ուսանող Ֆերդինանդ Բարդամուն (Սելինի alter ego-ն) կամավոր զինվորագրվում է ֆրանսիական բանակ: Նրա համար սկսվում է նոր կյանք՝ լի զրկանքներով, սարսռալի իրադարձություններով և տանջալի արշավանքներով դեպի Ֆլանդրիա, որտեղ ֆրանսիական զորքերը մասնակցում են Առաջին Համաշխարհային պատերազմին: Եվ ահա Բարդամուին ուղարկում են լրտեսության, բայց մինչ այդ նա հասել է ջղաձգության և ֆիզիկական թուլության այն աստիճանի, որ երազում է միայն մի բան՝ գերի ընկնել: Ծանոթանում է թշնամու ճամբարի լրտես զինվորի՝ Լեոն Ռոբինզոնի հետ:

Շուտով Բարդամուն վիրավորվում է, և նրան ուղարկում են Փարիզի զինվորական հոսպիտալ: Այստեղ է նա հանդիպում ամերիկուհի Լոլայի հետ, որը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի փրկության գործին: Լոլան օրեր շարունակ ձանձրացնում է Բարդամուին իր հայրենասիրական գաղափարներով ու ոգևորությամբ, իսկ երբ Բարդամուն անկեղծանում է նրա հետ՝ խոսելով իր վախերի մասին, նա լքում է վիրավոր Ֆերդինանդին: Շուտով հերոսը հայտնվում է հոգեկան շեղում ունեցող զինվորների հոսպիտալում: Հետագայում ճակատագիրը նետում է նրան Աֆրիկա, ուր նա փորձում է ոտքի կանգնել ֆրանսիական գաղութներից մեկում: Ոչինչ դուրս չի գալիս: Նույն անհուսալի վիճակն ու քաոսը տիրում է նաև Աֆրիկայում: Այնտեղ եռում է հակագաղութատիրական պայքարը, և Ֆերդինանդը ակամա մասնակցություն է ունենում նաև այդ իրադարձություններին: Մալարիայով վարակված՝ նրան մի կերպ հաջողվում է դուրս պրծնել այդ բնակավայրից: Շուտով նրան վաճառում են մի նավապետի, որի հետ էլ հայտնվում է Ամերիկայում: Երջանիկ դիպվածով նա հանդիպում է այստեղ Լոլային՝ իր նախկին սիրուհուն: Վերջինս նրան օգնում է աշխատանք գտնել, բայց երկու տարի անց Բարդամուն կրկին վերադառնում է Ֆրանսիա, շարունակում է իր ուսումը և մտադիր է բժիշկ դառնալ: Վեց տարի անց նա ակադեմիական վկայական է ստանում: Սկսում է իր բժշկական գործունեությունը Փարիզի արվարձաններից մեկում:
Բարդամուն ուզում է հանգիստ կյանք վարել և դուրս գալ իրեն շրջապատող քաոսից: Բայց միջավայրը ամենուր ախտածին է: Հերոսը բախվում է իր համար նոր իրականության: Արվարձանում մարդիկ մշտապես կարիքի մեջ են, և չեն էլ փորձում քողարկել իրենց բիրտ ու այլասերված բարքերը: Հաճախ ծառայությունների դիմաց Բարդամուին չեն էլ վճարում, նա օր ու գիշեր աշխատում է՝ փորձելով հոգալ այդ մարդկանց կարիքները, օգնել իր խորհուրդներով:
Բարդամուն գալիս է Տուլուզ իր ընկերոջ՝ Ռոբինզոնի հետ հանդիպելու համար: Այստեղ դժբախտ պատահարի արդյունքում մահանում է պառավ Պրոկսիսը, և Բարդամուն կարծում է, որ Ռոբինզոնը կազմակերպել է այդ մահը: Փարիզում Բարդամուն աշխատանքի է դասավորվում հոգեբուժական կլինիկայում: Մի օր կլինիկայի մուտքի մոտ է հայտնվում Ռոբինզոնը, որը փախել է իր հարսնացուից՝ Մադլոնից, որը ենթարկում է նրան շանտաժի և սպառնում է մատնել իրեն ոստիկանության ձեռքը, քանի որ գիտի պառավ Պրոկսիսի մահվան իրական պատճառների մասին: Բարդամուն կլինիկա է տեղավորում Ռոբինզոնին և կոպտորեն վռնդում է նրա ետևից եկած Մադլոնին:
Հետագայում նա փորձում է հաշտեցնել Ռոբինզոնին և Մադլոնին և հրավիրում է նրանց քաղաքից դուրս: Սակայն հաշտություն տեղի չի ունենում: Մադլոնը ավտոմեքենայի մեջ ատրճանակից կրակում է Ռոբինզոնի վրա և սպանում է նրան, իսկ ինքը դուրս է նետվում ընթացող մեքենայից:  

Տես նաև Անդրե Ժիդ Դրամանենգները, Ֆրանսուա Մորիակ Իժերի կծիկը և Ռոմեն Ռոլան Ժան Կրիստոֆ  

Լուի Ֆերդինանդ Սելին | Ճանապարհորդություն գիշերից անդին Լուի Ֆերդինանդ Սելին | Ճանապարհորդություն գիշերից անդին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.