Ֆրիդրիխ Շիլլեր | Հաղթանակի տոն


Պրիամոսի բերդն ավերված,
Տրոյան հողին հավասար…
Հաղթանակով հույներն արբած,
Առած ավար անհամար՝
Ողջ լայնքով մեկ Հելլեսպոնտի
Գունդ ի գունդ նավ բարձրացան
Ու լողացին խինդով սրտի
Դեպի չքնաղ Հունաստան:
Երգե´ր, հնչե~ք զվարթագին.
Չէ՞ որ նավերն արքենի
Հայրենիք են տանում կրկին՝
Սուրբ օջախը հայրենի:

Տրոյուհիք շարքով երկար
Ահա նստել են տրտում,
Կուրծք են ծեծում անմխիթար,
Իրենց մազերն են փետում:
Ցնծությանը հունաց վայրի
Ողբ են խառնում վշտաձայն.
Բախտն են լալիս իրենց երկրի՝
Կործանումը տերության:
նաս բարո~վ, երկի~ր անգին,
Քա~ղցր մեր հող հայրենի.
Ա~խ, գերի ենք օտարներին,
Մեռածներին երանի~:

Քուրմ Կալքասն է զոհ մատուցում
Աստվածներին՝ Պալլասին,
Որ քաղաքներ է կառուցում
Ու խորտակում հիմնովին,
Նեպտունին, որ իր ծովերով
Գոտևորում է աշխարհ,
Հզոր Զևսին, որ շանթերով
Արհավիրք է տեղում վար:
Երկարատև ու դժվարին
Վեճն է արդեն ավարտված,
Արդեն հլու բախտի վճռին՝
Մեծ քաղաքն է խորտակված:

Ագամեմնոնն՝ ազգաց արքան,
Թիվն է հաշվում ամբոխի,
Որը հովտում Սկամանդրոսյան
Կռվեց ընդդեմ ոսոխի:
Դառնության սև ամպն է նորից
Դեմքն արքայի մթագնում.
Իր հետ բերած հերոսներից
Քչերին է տուն տանում:
Ուրեմն՝ թող ուրախ երգի,
Ով դառնում է հողը մայր,
Ում մեջ վառ է հուրը կյանքի,
Ով չի ընկել նետահար:

«Ամենքը չէ, որ կհրճվեն,
Երբ կարոտով տուն դառնան.
Չէ՞ որ մարդու դեմ կդավեն
Եվ հարկի տակ սեփական:
Հաճախ արնոտ կռվից փրկված՝
Ընկերոջ զոհն են դառնում,-
Աթենասից ոգեշնչված
Ոդիսևսն է բարբառում:-
Երանի~, երբ կինդ սիրած
Քո օջախն է սուրբ պահում…
Կեղծ է, ավա~ղ, ցեղը կանանց.
Նոր մեղք է միշտ փափագում»:

Եվ Ատրիդն է բերկրում սրտանց,
Որ կնոջն է տուն տանում,
Չքնաղ մարմնի թովքը գրկած՝
Զմայլվում է, վերանում:
Կործանումն է ուղին չարի,
Պարտվում է գործը չար,
Չէ՞ որ տերերն երկնի, երկրի
Քրոնիդներն են արդար:
Չար է միշտ էլ վերջը չարի.
Զևսն իր ձեռքով կործանեց
Ցեղը այն պիղծ, որը հյուրի
Իրավունքը եղծանեց:

«Թող երջանիկ մարդի´կ միայն
Փառք տան երկնի տերերին,-
Այսպես գոչեց որոտաձայն
Օլիևսի քաջ որդին:-
Նրանք արդար չեն բաժանում
Ձիրքեր ու բախտ մարդկային.
Պատրոկլեսը՝ գերեզմանում,
Թերսիտեսը՝ տան ճամփի՞ն:
Կուրորեն է բախտն աշխարհում
Շնորհներն իր շաղ տալիս:
Ով այսօր կյանքն է ըմբոշխնում,
Թող հրճվի նա սրտալի:

Լավերին է ռազմը տանում:
Եղբայր, հավետ կհիշես
Դու, որ հունաց համար մարտում
Կանգնած էիր սարի պես:
Երբ մեր նավերն այրվում էին,
Մեզ փրկեցիր արդարև,
Բայց հույժ ճարպիկ խորամանկին
Բաժին ընկավ թանկ պարգև…
Խաղաղություն սուրբ աճյունիդ:
Քեզ չգետնեց թշնամին.
Ցասման զոհ է, ա~խ, լավը միշտ,
Այաքսն հաղթեց Այաքսին…

Նեոպտոլեմն է գինի ցողում
Իր պանծալի հոր պատվին.
«Հա´յր իմ, քո փառքն է շողշողում
Փառքերի մեջ երկրային:
Կյանքի բոլոր շնորհներից
Բարձր է փառքն այս աշխարհում.
Մի բուռ հող է մնում մարմնից,
Բայց մեծ անունն է ապրում:
Ով դյուցազուն, փայլը փառքիդ
Կանմահանա երգերում.
Կյանքն երկրային անցնում է միշտ,
Անդրաշխարհն է հավերժում»:

«Պարտված քաջի երգն է լռում,-
Գոչեց որդին Թեսևսի,-
Հեկտորին եմ ես մեծարում,
Սխրանքն ազնիվ հերոսի:
Զոհվեց հանուն իր հայրենյաց.
Հաղթողին փառքն է պճնում,
Իսկ դյուցազնին՝ կռվում ընկած
Սուրբ ձգտումն է վեհացնում:

Ով զորավիգ է հայրենյաց
Եվ ընկնում է գուպարում,
Թշնամին էլ նրան սրտանց
Հիշում է ու մեծարում:

Նեստորը ծեր, որ մարդկային
Երեք սերունդ էր տեսած,
Մեկնեց լացող Հեկաբեին
Թաս դափնեզարդ ու ասաց.
«Ա´ռ շնորհը այս բաքոսյան
Եվ մոռացիր ցավդ մեծ.
Խմի´ր, գինին է բալասան
Սրտի համար վշտահեծ:
Ա´ռ շնորհը այս բաքոսյան
Եվ մոռացիր ցավդ մեծ.
Խմի´ր, գինին է բալասան
Սրտի համար վշտահեծ:

Երբ Նիոբեն աստվածների
Ահեղ ցասման զոհ դարձավ,
Նա էլ հյութով երանելի
Ամոքում էր ամեն ցավ:
Երբ հեղուկը այս կենսատու
Շուրթերի մեջ է փրփրում,
Չքանում է ցավը մարդու
Լեթա գետի ջրերում:
Երբ հեղուկն է այս կենսատու
Փրփրին տալիս բերանում,
Լեթա գետն է ցավը մարդու
Իր գիրկն առնում ու տանում»:

Հլու կամքին աստվածների՝
Նավից նայեց Կասսանդրան
Դեպի քաղաքն իր հայրենի՝
Ծխում կորած ու կործան:
Աշխարհում ծուխ է ամեն ինչ.
Անվերջ գալիս են, անցնում
Մեծություններն այս երկրային,
Լոկ աստվածներն են մնում:
Թող սլանա ձին հողմի պես,
Նավը լողա թող անկանգ.
Վաղվա օրը անհայտ է մեզ,
Ապրենք այսօր, քանի կանք…


Ֆրիդրիխ Շիլլեր | Հաղթանակի տոն Ֆրիդրիխ Շիլլեր | Հաղթանակի տոն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:40:00 Rating: 5
Технологии Blogger.