Կնուտ Համսուն | Նվաճողը



Երիտասարդ մարդկանց մի խումբ թիավարում էր դեպի կղզին։ Հաղթանդամ ու ջահել պարոններից մեկը նավակի մեջ ոտքի կանգնեց ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Տիկնայք ուշադիր լսում էին։ Սակայն նրանցից ամենաերիտասարդի՝ լուսե ծամերով ու խոսուն դիմագծերով կենսուրախ մի կին, աչքունքով հետևում էր թիավար պատանուն և մյուսների թիկունքից ժպտում նրան։ Նկատելով՝ պարոնն սկսեց ավելի բարձրաձայն արտասանել, իսկ դեմքը շառագունեց։ Մեկ էլ հանկարծակի լռեց, ապա շրջվելով դեպի անուշադիր գեղեցկուհին` ասաց.

— Դուք իրավացի եք, իմ բանաստեղծությունները լավը չեն։ Բայց ես կարող եմ մի բան պատմել, որ, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի։ Երբ ափ հասնենք, կպատմեմ։
Կանայք ուրախ ծափահարեցին. գուցե նա պատմելու էր իր ճանապարհորդությունների մասին, որոնց ժամանակ շատ արկածների մեջ էր ընկել։ Սակայն նա, ում պատճառով արտասանությունն ընդհատվել էր, բնավ չէր ոգևորվել։ Այդ բանը պարոնին ավելի զայրացրեց։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա։
— Ի՞նչ... Ոչինչ։ Ես ձեզ չեմ հասկանում,— պատասխանեց կինը զարմացած։— Իմ անունը Անդրեա է։ Ինձ ոչինչ էլ չի պատահել։ Ես պարզապես ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ճանապարհորդությանը։
Եվ, հիրավի, նրա տեսքից կարելի էր կարծել, թե ճիշտ է ասում։ Խաբեբա։
Նրանք ափ իջան, գինի բացեցին, լցրեցին բաժակներն ու խմեցին։ Իսկ Անդրեան ու թիավար պատանին խմբից հեռացել էին՝ մացառուտների մեջ ծովաթռչնի ձու փնտրելու։ Ժամանակ առ ժամանակ քամին նրանց ծիծաղը հասցնում էր մյուսներին։
— Դե, պատմի՛ր,— ձայն ավեց ինչ-որ մեկը։
— Թող Անդրեան նույնպես գա,— պայասխանեց պա֊րոնը։ Ապա հենց ինքն էլ բարձրացավ մի քարի ու կրքոտ, առինքնող ձայնով կանչեց։
Անդրեան եկավ։ Կանգնել ու հարցական հայացքով նայում էր նրան։
— Օրիորդ, ես հենց ձեզ համար եմ պատմելու,— ասաց պարոնն այնքան բարձր, որ բոլորը լսեցին։— Դուք կանգնած եք այստեղ, ինչպես արևի դեմ պարզված մի արծաթյա խաչ։ Միայն ձեր գեղեցկությունը չէ, որ այսքան հմայիչ է, այլ նաև ձեր երիտասարդությունը, ձեր սքանչելի երիտասարդ տարիքը։ Դուք արբեցնում եք ինձ, և ես խենթանում եմ։ Հապա մի նայեք ձեր ձեռքերին. ի՜նչ արյուն է խաղում ձեր մաշկի տակ: Օ՜, այո՛, ես հենց ձեզ համար եմ ուզում պատմել:
Անդրեան ամոթահար ու կարմրատակած նայում էր մյուսներին: Հետո նստեց։ Պարոնն սկսեց պատմել, և պատմությունը տևեց կես ժամ: Նա չէր լռում։ Ասես լի էր վայրի ու խենթ զգացմունքներով: Ի՜նչ արկածների մեջ էին ընկել ինքը և նա, ում մասին պատմում էր։
— Ձանձրացնո՞ւմ եմ,— հարցրեց պարոնը։
— Ոչ, ոչ,— բացականչեցին տիկնայք և պարոնայք։ Իսկ Անդրեան ոչ մի ձայն չհանեց։
Պարոնը հարցրեց.
— Ինչո՞ւ չեք պատասխանում։ Չէ՞ որ հենց ձեզ համար եմ պատմում... Ի դեպ, այն մարդը, որի մասին պատմեցի ամենը, կատարյալ դժբախտ էր։ Սկզբում ամեն ինչ լավ էր, որոշ հաջողության հասավ աննշան ու նուրբ մի արկածի մեջ, բայց մի օր անձնատուր եղավ մեծ ու տևական մի սիրո և կործանվեց։
— Բռավո,— ասաց Անդրեան` աչքերը խոնարհած։ — Պատմի՛ր։
Սակայն Անդրեայի խաղաղությունը մոլորեցրեց նվաճողին: Այո՛, կնոջ սառնությունը համբերությունից հանեց, և նա ստիպված եղավ հաղթանակի հասնելու համար խիզախ պայքար մղել։ Մյուս կանայք թողեցին, որ ամեն ինչ ընթանա իր հունով, բոլորն էլ ծանոթ էին նրա դյուրափոփոխ հոգուն։ Այսօր վիճակն ընկել էր մեկին, իսկ վաղը, Տիրոջ կամքով, բաժին կհասնի ուրիշին։ Անդրեան կրկնեց.
— Պատմի՛ր։
— Ինչո՞ւ պիտի պատմեմ,— սլատասխանեց պարոնը։ — Ձեր սառնությունն ինձ ստիպեց մրսել: Տիկնայք և պարոնայք, իրիկնանում է։
Նրանք ուղևորվեցին դեպի տուն։ Վերադարձի ճանապարհին պարոնն առանց պատճառի ապտակեց թիավար պատանուն ու թիերը ձեռքն առավ։ Ոչ տեսնում էր, ոչ լսում, միայն արջի պես թիավարում էր։
Ափ հասնելուն պես Անդրեան անսպասելիորեն մոտեցավ նրան։ Պարոնը բռնեց կնոջ ձեռքն ու սաստիկ գունատված, դողալով ասաց.
- Այլևս մի տանջեք ինձ։ Էլ չեմ կարող։ Հենց հիմա վճռեք։ Ես երբեք ոչ մեկին այնպես չեմ սիրել, ինչպես ձեզ։ Ասեք, ի՞նչ անեմ՝ ապրե՞մ, թե՞ մեռնեմ։
— Ապրի՛ր,— զվարթ պատասխանեց կինը։— Ես քեզ սիրեցի մեր հանդիպման հենց առաջին պահից։ Ի՞նչ է, կարծում ես, թե այսօր քե՞զ տանջեցի։ Ոչ, հենց ի՛նձ տանջեցի։ Երբեք այսպես չեմ տառապել։
Եվ իր խոշոր ու զարմացկոտ աչքերով նայեց նրան ու անվանեց նրան իր իշխան ու իր Աստված...
Մի քանի օր նրանք կատարյալ երջանիկ էին։ Հաղթանակը քաղցր էր, և պարոնը վայելում էր, ինչպես միշտ եղել էր առաջներում։ Հետո նրա մեջ կրկին խոսեց հին դժբախտությունը. հայտնվեցին տաղտուկը, պայքարին հաջորդող հոգնությունը, նզովքն ու հայհոյանքը։ Պարոնը գաղտնի հեռացավ տնից, գնաց մոտակա քաղաք ու ոչ գրեց, ոչ լուր ուղարկեց, ոչ էլ վերադարձավ։

II
Երկու օր անց նա հանգրվանեց այս հյուրանոցում, ուր ընդամենը մի քանի կենվոր կար։ Շատ տաղտկալի քաղաք էր. ոչինչ տեղի չէր ունենում։ Նրա հոգին խաղաղ էր ու հանգիստ։
Կեսօրից հետո աստիճանների վրա նա մի կնոջ հանդիպեց։ Կինն իջնում էր, իսկ ինքը՝ բարձրանում։ Երբ անցնում էր, գլխարկը հանեց ու ողջունեց։ Կինը քայլեց դեպի այգին։ Հյուրանոցի տերը տեղեկացրեց, որ այդ կինը հոր հետ հենց նոր է իջևանել։
Երկար, կանաչ շրջազգեստ, մեծ, սև, լայնեզր գլխարկ և հեծելամտրակ. ահա այս ամենի պատճառով էր, որ նա կանգ առավ աստիճանների վրա։ Կինը շեղակի նայեց նրա կողմը, միայն մեկ վայրկյան, ապա մի ձեռքով վեր քաշեց շրջազգեստի փեշն ու անցավ։
Նա կնոջ հետևից իջավ այգի։ Ժամը յոթն էր։ Սկսել էր շաղ նստել։
— Շաղ է նստում,— անտարբեր ասաց նա ու քայլեց կնոջ կողքով։
Վերջինս զարմացած նայեց իրեն հետամտող պարոնին։
Նա մատնացույց արեց կնոջ կոշիկները։ Կինը շրջվեց ու կամենում էր հեռանալ։
— Ներեցեք,— ասաց նա։— Ես բնավ խոսելու համար չեմ գալիս ձեր հետևից, բայց արդեն շաղ է նստում և ճանապարհն ու խոտերը թաց են։ Ես միայն դա էի կամենում ասել: Ըստ երևույթին դուք անծանոթ եք այս կողմերին։
— Այո՛։ Շնորհակալությո՛ւն։ Ես տեսնում եմ, որ շաղ է նստում,— պատասխանեց կինը։
- Ես ձեզ ողջունեցի աստիճանների վրա,— շարունակեց պարոնը։— Այնտեղ կանգնածը ես էի։ Ձեր թռուցիկ հայացքն ինձ տակնուվրա արեց։
- Ի՞նչ եք կամենում,— վերջապես հարցրեց կինը։
Տղամարդու սիրտն սկսեց ուժգին բաբախել։ Նա հավասարակշոությունը կորցրեց և ապա պոռթկաց.
— Ահա, վերցրեք, ինչ որ կամենում եք։ Ես, ոտից գլուխ, ինչ ունեմ՝ ձերն է։ Կամենում եմ լոկ կանգնել ձեր դիմաց ու գեթ մի պահ նայել ձեզ։ Խոստովանեք, որ դուք չափազանց գեղեցիկ եք։
— Ես նման բաներ երբեք չեմ լսել,— ասաց կինը՝ սառն ու նեղսրտած։
— Այո, ներեցեք,— քրթմնջաց նա ու լռեց։
Կինը նայեց ցած, ծաղկաթմբին ու թիկունքով շրջվեց դեպի տղամարդը։ Այս անգամ վերջինս փորձեց խոսել ավելի հաճելի բաներից և, առիթը բաց չթողնելով, ասաց.
— Պատկերացնո՞ւմ եք, այս վարդերը, որոնց կանգնած նայում եք, շշնջում են։ Ես լսում եմ նրանց ձայնը։ Ինչի՞ մասին են զրուցում, արդյոք։ Այս սոսափը նրանց լեզուն է։ Լսո՞ւմ եք, նրանք ինչ-որ բան են ասում։
Կինը քայլեց։
— Ես վատ բա՞ն ասացի,— հարցրեց պարոնը դառնացած:
— Ախր, սրանք վարդեր չեն, կակաչներ են,– պատասխանեց կինը։
— Ուրեմն կակաչներ են,— համաձայնեց նա։– Այս սոսափը մի՞թե զրույց չէ նրանց միջև։
Կինը քայլեց։ Մինչ տղամարդը կհասցներ ինչ-որ բան ասել, այգու դռնակը ճռնչաց ու փակվեց։
Լա՛վ։
Նա տարօրինակ ու անսովոր զրացումով հասավ մի նստարանի ու նստեց։ Անծանոթ կնոջ ապշեցնող գեղեցկությունը միանգամից նրան խելքահան էր արել։ Երբ ճաշահրավերի զանգը հնչեց, նա տեղից վեր ելավ ու խիստ հուզված քայլեց դեպի ճաշարան։ «Երևի եկել ու նստել է արդեն։ Իսկ եթե բարևե՞մ»։
Ահա եկավ։ Մտրակը դարձյալ ձեռքին էր։ Հայրը՝ սպայի արտաքինով գեղեցկադեմ մի ծերունի, ուղեկցում էր նրան։
«Ի՞նչ անել։ Գուցե պիտի գլուխ տալ ու նստել հենց նրանց դիմա՞ց... Այդպես էլ կանեմ»,— մտածեց նա։
Գեղեցկուհին սաստիկ կարմրեց։ Հայր ու աղջիկ խոսում էին վաղվա իրենց ուղևորությունից։ Ծերունին հարցնում էր երկաթուղու, ճանապարհների ու հյուրանոցների մասին։ Խեղճ նվաճողը, որ երբեք չէր հետաքրքրվել երթուղիներով ու ճանապարհներով, միտք արեց ու որոշեց տեղեկություն տալ: Երբ ճաշն ավարտվեց, նա մոտեցավ ու ներկայացավ նրանց։ Հիանալի է։ Հիանալի է։ Նրանք ծանոթացան։
Միջանցքում նա մի պահ կանգնեցրեց սպայի դստերն ու ասաց.
— Մեն մի բառ, օրիո՛րդ, վաղը մի գնացեք։ Մնացեք։ Ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ սքանչելի տեսարաններ` ջրվեժը, նավաշինարանները։ Վաղը երեկոյան ես կընկնեմ ձեր ոտքերն ու երախտապարտ կլինեմ ձեզ։
Գեղեցկուհին միանգամից չհեռացավ և համբերատար լսում էր։
Պարոնը շարունակեց.
— Իմ կյանքը ձեր ձեռքում է։
Կինը ժպտաց ու պատասխանեց.
— Թյուրիմացությունը կանխելու համար պետք է զգուշացնեմ, որ վաղը գնում եմ նշանածիս մոտ։
— Ոչ,— գոռաց նա ու ոտքը խփեց հատակին։ Ապա խլեց կնոջ ձեռքն ու ամուր սեղմելով համբուրեց։
Կինը ձեռքը հետ քաշեց, բարձրացրեց մտրակն, ու շառաչուն մի հարված իջավ նրա դեմքին։ Նա տեղնուտեղը հանգստացավ ու զգաստ կանգնեց։ Ձախ այտին արնագույն մի շերտ հայտնվեց։
Գեղեցկուհին մի պահ ուշադիր նայեց նրան, ապա մտրակը իջեցրեց։
- Դուք ինձ խփեցիք,— ասաց նա,— բայց ոչինչ։ Էլի խփեք։ Ամեն մի հարված կերջանկացնի ինձ։
Կինը գլխահակ, հայացքը հատակին, պոկվեց տեղից և աստիճաններով բարձրացավ իր սենյակը։
Հաջորդ օրը կինը չմեկնեց, այցելեց տեսարժան վայրերը՝ ջրվեժը, նավաշինարանները։ Ինչպես փոխվեց ողջ աշխարհը, ու իր հոգին լցվեց հաճելի խելահեղությամբ։ Ոչ, եթե իր սպա հայրը չստիպի, ինքը երբեք տաղտկալի ուղևորություն չի կատարի դեպի հարավ, այն մարդու մոտ, որին այլևս չի սիրում։ Հիմա նա ուղում էր նորից ցած իջնել, անմիջապես վերադառնալ։
- Ես գալիս եմ քեզ հետ,– ասաց տղամարդը։— Հենց վաղը գալիս եմ քեզ հետ։ Ցտեսություն, իմ միակ սեր։

III
Կարճ ժամանակ անց, ամեն անգամվա պես, նա մի քանի ժամ շրջեց մի աննման արբեցումով, ոչինչ չէր տեսնում ու չէր լսում ոչինչ։ Գեղեցկուհին անընդհատ հեռագրեր էր ուղարկում, ապա մի նամակ գրեց բուրումնավետ թղթի վրա։ Իսկ հետո՝ ևս երկու նամակ։ Անասելի երջանկությամբ նա կարդում էր զմայլելի բառերն ու քայլում՝ հոգու մեջ ծաղկացնելով գունագեղ պարտեզներ։
Ժամերը թռչում էին։ Ինչո՞ւ ինքը չգնաց նրանց հետևից։ Հուսահատության պահերին իրեն լքված էր զգում, ուզում էր թողնել հյուրանոցն ու հեռանալ: Երկու օր անցավ, բայց կա դեռ չէր հեռացել, սիրտը չէր կտրվում այդ սքանչելի նամակներից, որ շարունակում էին գալ։ Ինչո՞ւ էր, այնուամենայնիվ, այդքան շատ գրում։ Որքա՜ն սեր կար առաջին նամակների մեջ։ Բոլորն էլ անշուշտ մի-մի փոքրիկ վարդ էին իր սրտի մեջ։ Բայց հետո սկսեցին չափազանց շատանալ այդ վարդերը։
Մի անգամ գեղեցկուհու նամակը մինչև առավոտ մնաց Սիրո սւոաւկնեքը չբացված։ Տարօրինակ էր, որ առաջվա պես դողացող ձեռքերով անմիջապես չբացեց։ Առավոտյան միայն ան շտապ կարդաց, ապա հագնվեց ու իջավ ներքև։
Ճաշարանում պատահեց ճամփորդական զգեստով մի կնոջ։ Վերջինս իր ուղեկցի հետ հենց նոր էր եկել։ Նկարչուհի էր, քնքուշ մի աղջիկ՝ լի ծիծաղով, կրքոտ ու տաքարյուն։ Սա նրա առաջին ճանապարհորդությունն էր։ Աղջիկը մոր հսկողության տակ էր։
Նա գլուխ տվեց։ Օրիորդը ժպտաց ու նույնպես գլխով արեց։ Որոշել էր այսօր մեկնել, բայց չի մեկնի։ Ճակատագի՞ր էր։ Հենց առաջին առիթն օգտագործեց՝ մանկամարդ նկարչուհուն իր ծառայությունն առաջարկելու։ Ցանկացավ օգնել նրան, ցույց տալ տեսարժան վայրերը։ Ժամադրվեցին։ Օրիորդին պետք է ուղեկցեր դեպի նավաշինարանները։ Մի ժամ շուտ եկավ։ Անձրև էր գալիս, բայց սպասեց։ «Ոչինչ,— ասաց ինքն իրեն,— ես Աստծո պես երջանիկ եմ, քանի որ թրջվում ու հոգնում եմ նրա համար»։
Երկու ժամ կանգնած մնաց, բայց աղջիկը չկար ու չկար։ Վերջապես եկավ նրա մայրն ու հաղորդեց, թե իր դուստրը ներողություն է խնդրում, որ չի կարող գալ, քանի որ գնացել է քաղաք՝ ընկերներին այցելելու։ Պառավը չհարցրեց էլ` երկա՞ր ես սպասել, թրջվե՞լ ես, մրսե՞լ...
Դարձավ տուն։ Տաղտկալի հյուրանոցում անհամբեր սպասումը նրան տանջում էր։ Ինչքա՛ն կարելի է ընկերների մոտ մնալ։ Ի՞նչ է պատահել; Ինչի՞ մասին կարող է նկարչուհին մի ամբողջ հավիտենություն զրուցել իր ընկերների հետ։
Ուշ գիշեր էր։ Քնելու է՝ առանց նրան տեսնելու։ Չի կարող քնել։ Երկու մոմ կպցրեց ու թողեց, որ վառվեն։ Ինչպե՜ս էր գլուխը ծանրացել ու մշուշվել, որքա՜ն էին հոգնատանջ աչքերը անթարթ նայել խայտաբղետ պաստառներին...
Նա լսեց դարպասի բացվելու ձայնը: Մի պահ հապաղեց, ապա ցատկեց անկողնուց ու հագնվեց։ Նկարչուհու սենյակի տեղն իմացել էր։ Շտապեց այնտեղ։ Լսեց նրա ներս մտնելը։ Քիչ անց աղջկա մերկ ձեռքը դռնից դուրս պարզվեց ու կոշիկները դրեց միջանցքում, ապա դուռը փակվեց, ու բանալին պտտվեց։ Բարի գիշեր, ներսի աղջիկ, բարի, խաղաղ գիշեր, գեղեցկուհի։ Նա ծնկի իջավ ու խենթի պես համբուրեց փոքրիկ կոշիկները։ Որոշեց, որ առավոտյան պետք է վերջ տա այս ամենին և պետք է սիրո խոստովանություն անի, հաղթի կամ մեռնի։
Բայց առավոտյան մայր ու աղջիկ մեկնել էին։ Նա հարցուփորձ արեց ու իմացավ, որ աղջիկը գնացել է դեպի հյուսիս, մոտակա քաղաքը։
Այդ նույն առավոտ սպայի աղջիկը գրել էր. «Արի հարավ։ Այստեղ ամեն ինչ ծաղկունքի մեջ է»։
Եվ նա անհապաղ մեկնեց դեպի հյուսիս։


Կնուտ Համսուն | Նվաճողը Կնուտ Համսուն | Նվաճողը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.