Ֆրիդրիխ Շիլլեր | Ջրասույզը


«Ո՞ր ասպետն արդյոք, զինակիրն հիմա
Կփորձի սուզվել վիհն այս խոր:
Նետում եմ ժայռից գավաթն իմ ոսկյա
Ծովի սև երախն ահավոր:
Ով հանդգնաբար գնա և հանի,
Գավաթն է նրա ընծան արժանի»,-


Ասում է արքան ու ծովի վրա
Գահավեժ կախված բարձունքից
Իր ձեռքի ոսկե գավաթն է ահա
Նետում հորձանքի մեջ մեկից:
«Ո՞վ է կտրիճն այն, հարցնում եմ նորից,
Որ պիտի հանի գավաթը ջրից»:

Ասպետ, զինակիր կանգնած են չորսդին,
Արքայի խոսքն են լուռ լսում,
Նայում են անզուսպ ծովի անդունդին,
Գավաթը հանել չեն ուզում:
Եվ երրորդ անգամ հարցնում է արքան.
«Մի՞թե գավաթը հանողներ չկան»:

Լուռ են: Բայց խոնարհ ու հանդուգն այնքան
Հանկարծ մի ջահել զինակիր
Թողնում է երկչոտ խումբն ասպետական,
Նետելով թիկնոցն իր հագի:
Այրեր ու տիկնայք զարմանքով անհուն
Աչքերն են հառում խիզախ պատանուն:

Պատանին ժայռի եզրին մոտենում,
Նայում է անզուսպ տարերքին.
Ջրի հորձանքն է այնտեղ մոլեգնում,
Մռնչում, ոռնում զայրագին:
Ալիքներն ափին այնպես են բախվում,
Ամպրոպ է ասես որոտում հեռվում:

Ծովը եռում է, ֆշշում է, շաչում.
Կրա՞կ է ժայթքում ջրի մեջ
Փրփուրը դեպի երկինք է թռչում,
Սուրում են ալիքներն անվերջ,
Գալարվում այնպես ու ծառս են լինում,
Որ ծովը կարծես նոր ծով է ծնում:

Բայց հանդարտվում է տարերքը վայրի,
Եվ փրփուրի մեջ սպիտակ
Մի ճեղք է բացվում սև ու վիթխարի,
Դժոխքի նման անհատակ:
Գալարապտույտ ձագարում հանկարծ
Կորչում են անհետ ալիքներն անսանձ:

Ու մինչ հորձանքը ետ գար, պատանին
Օգնության է կանչում աստծուն,
Սարսափի ճիչն է տարածվում ափին
Եվ ծովն է խիզախ պատանուն
Կլանում արագ, փակելով էլի
Իր խորհրդավոր երախն ահռելի:

Ջրեղեն վիհն է խաղաղվում ահա,
Միայն խորքն է խուլ մռնչում:
«Բարի ճանապարհ, անվեհեր տղա»,-
Ամենքն են ահով մրմնջում:
Ծովն հևում է խուլ և խուլ ավելի,
Սպասումն արդեն սոսկումով է լի:

«Եթե նետեիր քո թագն էլ հիմա,
Ասեիր. «Ով թագը հանի,
Ինքը թող կրի, թող արքա դառնա»,
Այդ վարձն էլ ինձ ծով չէր տանի:
Թե ինչ կա պահված այս ջրերի տակ,
Չի պատմի ոչ մի բախտավոր էակ:

Եկել են, անցել մրրիկներ այնքան,
Նավեր են արել  ջրասույզ,
Ողնուց ու կայմ է մնացել միայն
Այս ամենակուլ շիրմից դուրս…»:
Բայց փոթորիկն է կրկին մոլեգնում
Ու մոտենում է, անվերջ մոտենում:

Ծովը եռում է, ֆշշում է, շաչում.
Կրա՞կ է ժայթքում ջրի մեջ,
Փրփուրը դեպի երկինք է թռչում,
Սուրում են ալիքներն անվերջ,
Գալարվում այնպես, ժայռերին բախվում,
Ամպրոպ է ասես որոտում հեռվում:

Հանկարծ տարերքի խորքից խավարչտին
Սպիտակ մի բան երևաց.
Ահա մի ձեռք է մաքառում ուժգին
Ալիքների դեմ կատաղած:
Նա´ է. գավաթն է բռնել մի ձեռքով,
Մյուսով առաջ է լողում հրճվանքով:

Նա շնչում է խոր, հևում է երկար,
Օրհնում է լույսը երկնային,
Ամենքն են ուրախ ձայն տալիս իրար.
«Ո~ղջ է, չզոհվեց պատանին:
Մութ ջրանձավից, շիրմից իսկական
Անփորձ դուրս եկավ անվեհեր տղան»:

Լողորդի շուրջն են խմբվում, հիանում:
Արքային խոնարհվում տղան,
Գավաթն է մեկնում: Գլխով է անում
Սիրեցյալ իր դստերն արքան,
Աղջիկը գինով գավաթն է լցնում:
Արքային տղան տեսածն է հայտնում:

«Ապրած կենաս, տեր: Լույսով երկնային
Երջանիկ է մարդը երկրում.
Զարհուրելի է անդունդը մթին,
Եվ մարդը զուր է հանդգնում
Խորհուրդն այն մեկնել, որ աստված բարի՝
Քողով է պատել ահի, խավարի:

Կայծակի թափով ես վար սլացա,
Ինձ վրա ճեղքից մի ժայռի
Նետվեց մեծ աղբյուր մի ստորջրյա,
Ինձ առավ իր գիրկը վայրի:
Ես պտտվեցի հոլի պես չնչին՝
Անզոր ուժի դեմ այդ փոթորկային:

Բայց զարհուրելի կորստյան եզրին
Աստծուն օգնության կանչեցի.
Նա ցույց տվեց ինձ մի խութ ահագին:
Կառչեցի, մահից փրկվեցի:
Գավաթն էլ տեսա. անդունդը կիջներ,
Եթե մարջանից կախված չլիներ:

Իմ ոտքերի տակ վիհն էր խորանում
Աղջամուղջի մեջ ծիրանի,
Ինչ մեր ականջին հավետ չի հասնում,
Սոսկումով տեսա արթմնի.
Սալամանդրերն ու վիշապները սև
Գալարվում էին իմ աչքի առջև:

Վխտում էին սև հրեշներն այնտեղ,
Վտառներ կազմած դժնդակ՝
Քարաձուկը չար, կատվաձուկն ահեղ
Եվ ուռաձուկը այլանդակ:
Լողում էր՝ բացած ժանիքներն հսկա
Ծովի բորենին՝ շնաձուկն ագահ:

Ես ժայռից կախված մնացել էի:
Մարդկային ոչ մի օգնություն,
Շուրջս վտառներ ժանտ հրեշների,
Շուրջս ահավոր մենություն,
Մարդկային ոչ մի հնչյուն անձկալի:
Տխուր անապատ ճիվաղներով լի:

Մտորում էի, երբ մոտեցավ ինձ
Մի հրեշ հարյուրոտանի,
Ուզեց ինձ կուլ տալ: Խենթացած ահից՝
Բաց թողի ճյուղը մարջանի:
Ջրի հորձանքը ինձ իր մեջ առավ,
Սակայն, իմ բախտից, դեպի վեր տարավ»:

Արքան զարմանում, ասում է այսպես.
«Քոնն է գավաթը, պատանի:
Իբրև հատուցում կընծայեմ ես քեզ
Նաև ակնազարդ մատանի,
Եթե դու նորից փորձես մտնել ծով,
Գաս, պատմես ինչ որ տեսնես քո աչքով»:

Սիրտն է տագնապում արքայադստեր,
Նա աղերսում է հորն ահա.
«Հա´յր, վե´րջ տուր խաղին այս կորստաբեր.
Ո՞վ կաներ արածը նրա:
Թե ցանկությունդ անզուսպ է այդքան,
Թող ասպետները այս անգամ գնան»:

Այս խոսքի վրա գավաթը արքան
Հորձանուտն է նետում ժայռից:
«Քեզ կդարձնեմ ասպետ պատվարժան,
Թե հանես գավաթը նորից:
Հանիր, ամուսին դարձիր այս կույսին,
Որը քնքշանքով խոսեց քո մասին»:

Երկնային ուժով լցվում է հոգին,
Աչքերն են վառվում պատանու,
Երբ նայում է նա աղջկա դեմքին.
Աղջիկն է շիկնում, դալկանում:
Տղան թանկագին պարգևի համար
Անդունդ է նետվում՝ գտնի բախտ կամ մահ:

Հուզվում է ծովը, լեռնանում անվերջ,
Շառաչն է արձագանք տալիս:
Աղջիկն է ծովին նայում սիրատենչ,
Ջրերը գալիս են, գալիս,
Մերթ մոտ են վազում ու մերթ հեռանում,
Սակայն պատանուն էլ ափ չեն հանում:


Ֆրիդրիխ Շիլլեր | Ջրասույզը Ֆրիդրիխ Շիլլեր | Ջրասույզը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:32:00 Rating: 5
Технологии Blogger.