Պարույր Սևակ | Լեգենդը


Նա ծնվել էր այնտեղ, ուր կան լեռներ ժայռոտ,
Ուր քարափներ, կիրճեր, անտառներ կան,
Ուր ամեն քար այնպես մտերի՛մ է, ծանո՜թ,
Ամեն խութ՝ ժպտադեմ, ամեն թուփ՝ բարեկամ:

Ուր միակ թշնամին գարնան սելավն է ժանտ,
Որ սրբում էր - տանում ջրաղացը հացի,
Չթողնելով ձորում ուրիշ այլ մի նշան
Քարաշեղջից կախված նավախելից բացի:

Նա ծնվել էր այնտեղ - լեռնաշխարհում հայոց,
Ժայռաքարից կերտված մի հին տնում,
Բայց մարտնչեց, ընկավ - ընկավ իբրև հերոս
Ռուսական անափ տափաստանում:

Նույն հեղեղն էր վայրի, նույն սելավը դաժան,
Որ ուզում էր ողջը սրբել, քանդել՝
Հեռավոր Բեռլինից մինչև Կովկաս հասած,
Հեղեղ, որ ո՛չ ջրով, այլ արյամբ էր հորդել:

Նա մարտնչեց, ընկավ անափ տափաստանում,
Ուր քար չկա և ուր հողն է ավազ,
Որ այստեղ, քարաշատ, ժայռոտ Հայաստանում
Նրա ջրաղացը հայոց ցորենն աղա...

Հայոց ցորենն աղա, աղա հատի՜կ-հատի՜կ,
Առատ - ստեպների ավազի չափ,
Եվ ջրերի՛ն, ժայռի՛ն, նավախելի՛ն պատմի
Նրա կյանքի մասին... արդեն լեգենդ դարձած...

24. I. 1047թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Լեգենդը Պարույր Սևակ | Լեգենդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:41:00 Rating: 5
Технологии Blogger.