
Սիրում եմ անձրևը,
երբ նոսր
վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից
և տիեզերական ցնցուղի
նման իր տարափի
տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի
անձրևը՝ ջրառա՛տ, ծանր, որ աղմկալի
հարվածում է տանիքներին
ու ջրհորդաններով գահավիժում
ցած, և որին սաղարթախիտ
ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո, թևաթափ ու խոնարհ հնազանդվում
են լուռ: Հանկարծահաս հորդ անձրևը,
անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է
արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև
երաշտին, երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման «օխայ» են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,
որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան
առաջին համբավաբերներն են, նրա հաղթական մուտքն ազդարարողները:
Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը, որ անթիվ կյանքեր է արթնացնում
երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը, որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես
դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող
երկնային հեղուկը: ...Ասում են, ես
անձրևի տակ եմ ծնվել և ,
երբ աշխարհ եկա՝առաջին ձայները,
որ լսեցի՝ ամպի գոռոցն
էր և անձրևի շռնդալի
թմբկահարությունը: Գոռգոռում են ամպերը, կայծակը
խփում է դիմացի
ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում
ինձ ՝
հազար տեղից կարկատած
մեր վրանում: Դա
օգոստոսն էր, բայց այնպես
ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում: Առանց մորս համաձայնությունը հարցնելու,
շալը կապել են նրա մեջքից, ինձ
խանձարուրով գցել մեջը: Իմ
բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից
քայլել է դեպի հովիտը:
Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին
զավակին գազազած տարերքից
փրկելու համար... Ահը
սրտում իջել է մայրս լեռերից
՝ իր մեջքին
զգալով այն փոքրիկ
արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից: Պետք
է որ մայրս թաքուն բերկրանք
զգար իր սրտի տակ,
բարի արևից ջերմացած
այն հովիտն իջնելիս:Բայց
և երկյուղ է ունեցել իր սրտում մինջև ոսկորները թրջված
այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար: Ես
տրոփում էի նրա նիհար մեջքին , և
նա զգում էր, որ
դեռևս կենդանի եմ: Կես դար է անցել այդ օրերից: Դու վաղուց ննջում
ես հողի տակ, աղոտ
եմ հիշում քո սուրբ պատկերը, վաղամեռ մայր իմ:
Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում
եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ,
ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ
կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն
ես իջնում: Կայծակից ու որոտից փախցնում
էիր ինձ ՝քո վերջին
պտուղը:
Տես նաև Վախթանգ Անանյան Պատմվածքներ
Վախթանգ Անանյան | Անձրև
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 28, 2017
Rating:
