Էդգար Ալան Պո | Բերենիս



Իմ ընկերներներն ասում են. եթե բարեկամի գերեզմանին այցելության գնամ, հոգսերս թեթևացրած կլինեմ:
Իբն Զայաթ

Տառապանքը շատ կողմեր ունի, հողագնդի թշվառությունը՝ բյուրավոր ձևեր: Ծիածանի նման հասնելով մինչև լայնատարած հորիզոնի եզրը, նրա երանգները նույնքան բազմազան են, որքան այդ կամարինը և նույնքան պարզորոշ, բայց և նույնքան սերտորեն ներհյուսված: Այո, մինչև լայնատարած հորիզոնի եզրն է հասնում որպես ծիածան: Ի՞նչն է պատճառը, որ գեղեցկությունից ես տգեղություն եմ քաղել, հաշտության պայմանագրից՝ վշտի պես մի բան: Սակայն ինչպես բարոյագիտության մեջ չարը բարու հետևանք է, այնպես էլ ուրախությունից է վիշտը ծնվում: Կամ անցած երանության հուշը այսօրվա սուր ցավն է, կամ ներկա հոգեվարքը ծնունդ է առել երբեմնի երջանկության խոր զգացմունքից:
Ինձ մկրտելիս անունս Էգեուս են դրել, ազգանունս չեմ ուզում հիշատակել: Սակայն պետք է ասեմ, որ մեր երկրում չկան ավելի պատկառելի աշտարակներ, քան իմ մռայլ, գորշ, պապենական դաստակերտը: Երազկոտությունը եղել է մեր ազգի բնորոշ գիծը, աչքի զարնող շատ մանրամասներում՝ ընտանեկան դղյակի կառուցվածքում, գլխավոր ճաշասենյակի որմնանկարներում, ննջասենյակների որմնագորգերում, զինագործական արհեստանոցի որոշ որմնացցերի քանդակներում, բայց առավել ևս հնադարյան նկարների պատկերասրահում, գրադարանի սրահի ձևի և, ի վերջո, գրադարանի պարունակության առանձնահատուկ բնույթի մեջ: Այս ամենը ավելի քան բավարար վկայություն են երաշխիք լինելու այդ կարծիքի համար:
Վաղ մանկության տարիների իմ հուշերը կապված են այդ սենյակի և նրա սյունաքանդակների հետ. վերջիններիս մասին այլևս խոսք չի լինի: Այստեղ իմ մայրն է մահացել: Այս սենյակում եմ ես ծնվել: Սակայն զուր է ասել, թե նախկինում չեմ ապրել, թե հոգին չունի նախնական գոյություն: Դուք դա ժխտո՞ւմ եք: Այդ հարցի մասին եկեք չվիճենք: Ինքս համոզված լինելով՝ չեմ ձգտում ձեզ համոզել: Այնուամենայնիվ, գոյություն ունի վերերկրյա ձևերի մի հիշողություն՝ ոգեղեն, խորունկ աչքերի, երաժշտական, սակայն տխուր հնչյունների մի հուշ, որը հնարավոր չէ բացառել, ստվերի նման, մշուշոտ, փոփոխական, անկայուն, անհաստատ և ստվերի պես կպչուն, քանի դեռ գոյություն ունի իմ բանականության լույսի շողը:
Այս սենյակում եմ ես ծնվել: Այսպիսով արթնանալով թվացյալ անգոյության երկար գիշերից, անմիջապես ընկա հեքիաթային աշխարհի ասպարեզը՝ երևակայության ապարանքը, վանական մտածողության և բազմագիտության անզուսպ գերիշխանության տակ: Տարօրինակ չէր, որ շուրջս էի նայում վախեցած և անձկալի հայացքով, որ աննպատակ գրքերի մեջ անցկացրի պատանեկությունս և անուրջների մեջ վատնեցի երիտասարդությունս: Տարօրինակն այն էր, որ մինչ տարիներն անցնում էին, և հասունության կեսօրն ինձ գտավ դեռևս հորս ապարանքում, լճացումը վրա հասավ իմ կյանքի նպատակներին, լիակատար հեղաշրջում կատարվեց իմ առօրյա մտածողության բնույթի մեջ: Աշխարհիկ իրողությունները վրաս ազդում էին որպես տեսիլքներ, մինչդեռ անուրջների աշխարհի խելահեղ մտքերը իրենց հերթին դառնում էին ոչ թե իմ գոյության ամենօրյա գոյության նյութը, այլ ամբողջովին և բացառապես կազմում էին հենց այդ գոյությունն ինքը:
***
Բերենիսն իմ զարմուհին էր, միասին էինք մեծացել իմ հայրական դաստակերտում: Սակայն տարբեր կերպ. ես՝ վատառողջ, մռայլության մեջ թաղված, նա՝ թեթևաշարժ, վայելչակազմ ու եռանդով լի: Նա զբոսնում էր սարալանջին, ես սովորում էի վանքում, ապրում ինքս իմ մեջ ներփակված և հոգով ու մարմնով տրված ցավալի մտորումներին: Նա անտարբեր թափառումների մեջ էր անցկացնում կյանքը, չմտածելով ո՛չ ճանապարհին ընկած ստվերների, ո՛չ էլ ագռավաթև ժամերի անխոս թռիչքի մասին: Բերենի՜ս: Ես դիմում եմ նրա անվանը և հիշողությանս գորշ ավերակներից հազարավոր հուշեր վախվորած վեր են թռչում այդ ձայնից: Օ՜, կենդանի է նրա կերպարն այժմ իմ աչքի առջև, ինչպես նրա անհոգ ուրախության այն վաղ օրերին: Շքեղ, սակայն հեքիաթային գեղեցկություն, Արնհայմ թփուտների հավերժահարս, աղբյուրների ջրահարս: Իսկ հետո, հետո ամեն ինչ՝ խորհրդավոր առեղծված ու սարսափ և մի պատմություն, որը հնարավոր չէ պատմել: Հիվանդություն, ճակատագրական մի հիվանդություն սամումի պես խուժեց նրա մարմինը, և նույնիսկ այնժամ, երբ հիացմունքով նայում էի նրան, փոփոխության ոգին ասպատակեց – անցավ նրա վրայով՝ թափանցելով մտքի, սովորությունների և բնավորության մեջ, ամենախարդախ ու ամենաահարկու ձևով խաթարելով նրա անձի ինքնությունը: Ավա՜ղ, ավերողը եկավ ու գնաց, իսկ զո՞հը, որտե՞ղ է նա: Ես նրան չէի ճանաչում կամ այլևս որպես Բերենիս չէի ճանաչում:
Զարմուհուս բարոյական ու ֆիզիկական էության մեջ այսպիսի ահավոր հեղաշրջում մտցրին հիմնական ու ճակատագրական հիվանդության հասցրած այն բազմաթիվ ախտերը, որոնց մեջ, որպես ամենացավալին և ամենահամառը, կարելի է նշել մեկը՝ մի տեսակ ընկնավորություն, որը հաճախ ավարտվում էր անբնական ներշնչմամբ. այն համարյա նման էր ապաքինման, որից շատ դեպքերում նա ապշեցուցիչ կերպով սթափվում էր հանկարծակի: Այս ընթացքում իմ սեփական հիվանդությունը (ինձ ասել են, որ ես դա այլ կերպ չեմ կարող անվանել) արագորեն ազդում էր վրաս և վերջապես ընդունեց մենագարության մի նոր ու արտասովոր ձև՝ ժամ առ ժամ, րոպե առ րոպե զորանալով և ի վերջո ձեռք բերելով մի անըմբռնելի իշխանություն իմ նկատմամբ: Այս մենագարությունը, եթե կարելի է այդպես անվանել, մտքի այն հատկանիշների հիվանդագին դյուրաբորբոքությունն է, որոնք մետաֆիզիկայի մեջ անվանում են կենտրոնացում: Ավելի քան հավանական է, որ ինձ չեք հասկանում, բայց ես իրոք վախենում եմ, որ ոչ մի ձևով հնարավոր չէ հասարակ ընթերցողի մտքին պատշաճ գաղափար հաղորդել հետաքրքրության այն նյարդային ուժգնության մասին, որով իմ դեպքում խորհրդածության ուժերը (եթե մասնագիտական բառապաշարով չխոսենք) խորասուզվում և թաղվում էին երկրի երեսի նույնիսկ ամենասովորական առարկաների հայեցողության մեջ:
Երկար, անդադրում ժամեր սևեռուն ուշադրությամբ մտասուզվել ինչ-որ գրքի ձևավորման, որևէ շարադրանքի մեջ եղած աննշան մի նկարի կամ կառուցվածքի մեջ, ամառային օրվա մեծ մասը կլանվել որմնագորգին կամ հատակին շեղորեն ընկնող արտասովոր ստվերով, ամբողջ մի գիշեր ինքնամոռաց դիտել կանթեղի անշարժ բոցը կամ օջախի մարմջող անթեղները, օրեր անցկացնել երազելով, որևէ ծաղկի բուրմունքով հմայված, միալար կրկնել ինչ-որ մի հասարակ բան, մինչև հաճախակի արտասանությունից հնչյունը դադարի մտքին որևէ գաղափար հաղորդելուց, մարմինը երկար ու համառորեն բացարձակ անշարժության դատապարտելով՝ կորցնել շարժման կամ ֆիզիկական գոյության ամեն տեսակի զգացողություն,- այսպիսիք էին այն ամենասովորական և նվազագույն կործանարար, տարօրինակ արարքներից մի քանիսը, որոնք, ամբողջովին վերցրած, եզակի բնույթ չէին կրում, սակայն, իհարկե, հաշվի չէին առնում վերլուծության կամ բացատրության նման որևէ բան, և որոնց համար խթան էր հանդիսանում իմ մտավոր ունակությունների վիճակը:
Այնուամենայնիվ, ինձ սխալ չհասկանաք: Չափից դուրս մեծ, լուրջ ու հիվանդագին ուշադրությունը, որը այս կերպ առաջացնում են իրենց բնույթով դատարկ առարկաները, չպետք է շփոթել խորհելու այն նախատրամադրվածության հետ, որ բնորոշ է ողջ մարդկությանը, և որով հատկապես տարվում են վառ երևակայության տեր մարդիկ: Դա նույնիսկ այսպիսի նախատրամադրվածության ծայրահեղ վիճակ կամ չափազանցություն չէ, ինչպես կարող է ենթադրվել առաջին հայացքից, այլ դրանից հիմնականում և ըստ էության որոշակիորեն տարբեր վիճակ: Երազողը կամ խանդավառ անձը, որի հետաքրքրող առարկան սովորաբար անկարևոր չէ, աննկատելիորեն տեսադաշտից կորցնում է այդ առարկան՝ նրանից բխող եզրակացությունների և առաջարկությունների մեծ քանակության մեջ, մինչև որ ցնորքի վերջում, որը հաճախ լի է մեծ բավականությամբ, գտնում է խթանիչ միջոցը կամ իր երազանքի ամբողջովին անհետացած ու մոռացված սկզբնապատճառը: Իմ պարագայում հիմնական առարկան մշտապես դատարկ մի բան էր, չնայած խանգարված մտապատկերիս միջոցով ընդունում էր բեկված ու անիրական կարևորություն: Ես հազվադեպ էի հետևություններ անում, դրանք էլ համառորեն վերադառնում էին հիմնական առարկային՝ որպես կենտրոնի: Մտորումները երբեմն բավականություն չէին պատճառում և ցնորքի վերջում սկզբնապատճառը, որ անընդհատ տեսադաշտի կենտրոնում է, ձեռք է բերում այն գերբնական հետաքրքրությունը, որն իմ հիվանդության բնորոշ առանձնահատկությունն էր: Մի խոսքով, ինչպես արդեն ասել եմ, առանձնահատուկ կերպով դրսևորվող մտավոր ունակություններս կային և մնում են ուշադիր, մինչդեռ երազողինը մտահայեցողական են: Այս ժամանակաշրջանում իմ կարդացած գրքերը, եթե փաստորեն չէին ծառայում խանգարումս բորբոքելուն, ապա իրենց երևակայական և անտրամաբանական բնույթով հիմնականում հենց խանգարման բնորոշ հատկանիշներն ունեին: Այդ գրքերի մեջ լավ հիշում եմ ազնիվ իտալացու՝ Սելիուս Սեկունդոս Կյուրիայի «Երջանկության տարածությունը Աստծո թագավորությունն է» գիտական շարադրանքը, Սուրբ Օսթինի «Աստծո քաղաքը» հոյակապ աշխատությունը և Տերտուլիանոսի «Քրիստոսի տառապանքի մասին» գործը, որի մեջ եղած պարադոքսային նախադասությունը՝ «Մեռավ Աստծո զավակը՝ հավատալի է, որովհետև անհամապատասխան է. գերեզմանից նորից հարություն կառնի՝ հայտնի է, որովհետև անկարելի է», շաբաթներ շարունակ զբաղեցրեց տքնաջան և անպտուղ հետազոտությանս ողջ ժամանակը:
Այսպիսով, խախտվելով միայն չնչին բաներից, ըստ երևույթին բանականությունս նման էր Պտղոմեոս Հեփեստացու նկարագրած այն օվկիանոսային ապառաժին, որը համառ դիմադրություն ցույց տալով մարդկային դաժանության հարձակումներին, ջրերի ու քամիների սաստիկ մոլեգնումներից, դողում էր միայն Անթառամ ծաղկի հպումից: Ու թեև անփույտ մտածողին կարող է կասկածից վեր թվալ, որ Բերենիսի բարոյական վիճակի փոփոխությունը, կապված նրա դժբախտ հիվանդության հետ, իմ առջև շատ խնդիրներ կդներ լարված ու անբնական մտորումներս կիրառելու համար, մտորումներ, որոնց բնույթը ջանում եմ բացատրել, սակայն ամենևին էլ այդպես չէր: Այն պահերին, երբ գիտակցությունս պայծառանում էր, նրա դժբախտությունն ինձ, իրոք, ցավ էր պատճառում, և սրտիս մոտ ընդունելով նրա գեղեցիկ ու քնքույշ կյանքի կործանումը, ես հաճախակի և դառնորեն խորհում էի այն հրաշագործ հնարքի մասին, որն այսպիսի տարօրինակ ու հանկարծակի հեղաշրջում էր կատարել: Բայց այս մտորումները հիվանդությանս բնորոշ առանձնահատկության մասը չէին կազմում և այնպիսին էին, որ նման հանգամանքներում կարող էին տեղի ունենալ բազմաթիվ սովորական մարդկանց հետ: Հավատարիմ սեփական բնույթիս, խանգարվածությունս հաճույք էր ստանում ոչ այնքան կարևոր, բայց ավելի ապշեցուցիչ փոփոխություններից, որ կատարվել էին Բերենիսի կազմվածքում, նրա անհատականության տարօրինակ և զարհուրելի այլանդակման մեջ:
Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ նրա անզուգական գեղեցկության ամենապայծառ օրերին նրան երբեք չեմ սիրել: Տարօրինակորեն շեղված իմ գոյության մեջ զգացմունքներս երբեք սրտիս հետ կապված չեն եղել, իսկ կրքերս միշտ մտքի կրքեր են եղել: Այգաբացի մշուշի, կեսօրին անտառի ստվերների և գրադարանիս գիշերային լռության մեջ նա ճախրել-անցել էր իմ աչքի առաջ, և ես տեսել էի նրան ոչ որպես կենդանի, շնչող, այլ իբրև երազի Բերենիսի, ոչ որպես հողի էակի, հողեղենի, այլ իբրև այդպիսի էակի վերացականություն, ոչ թե հիացմունքի, այլ վերլուծության արժանի մի բան, ոչ որպես սիրո առարկա, այլ իբրև ամենախրթին, թեև աննպատակ մտորման նյութ: Սակայն այնժամ սարսռում էի նրա ներկայությունից և գունատվում, երբ մոտենում էր: Դառնորեն ողբալով նրա թշվառ և անմխիթար վիճակը, այնումենայնիվ, մտաբերեցի, որ նա ինձ երկար ժամանակ սիրել էր, և մի չարաբաստիկ պահի խոսեցի հետը ամուսնության մասին:
Վերջապես մոտենում էր մեր պսակադրության օրը: Այդ տարվա ձմեռային մի կեսօր, այն ժամանակ, երբ չնայած տարվա եղանակին, տաք, մեղմ ու մշուշոտ օրեր էին, որոնք կոչվում են գեղեցիկ Հալցիոնեի դայակը, ես նստել էի գրադարանի ներսի սենյակում (կարծում էի, թե մենակ եմ): Բայց աչքերս բարձրացնելով տեսա Բերենիսին՝ կանգնած իմ դիմաց:
Արդյոք գրգռված երևակայությո՞ւնս էր, տիրող մթնոլորտի տարտամ ազդեցությունը, սենյակի աղոտ մթնշա՞ղը, թե՞ նրա մարմինը պարուրող գորշ ծալազարդերը ծալազարդերը, որ ստեղծում էին այսքան անկայուն և աղոտ ուրվագիծ, հնարավոր չէր ասել: Նա լուռ էր, իսկ ես, աշխարհն էլ ինձ տային, չէի կարողանա գեթ մի վանկ արտաբերել: Սառցային մի դող անցավ մարմնովս: Անտանելի հուզումը ճնշեց ինձ, հոգուս մի լափող հետաքրքրություն տիրեց, և աթոռիս մեջ ետ ընկրկելով՝ որոշ ժամանակ մնացի անշարժ, շունչս պահած, հայացքս կենտրոնացրած նրա կերպարանքին: Ավաղ, նա չափազանց շատ էր հյուծված, և նախկին էության նշույլն անգամ չէր մնացել մարմնի ուրվագծերից գեթ որևէ մեկում: Այրվող հայացքս ի վերջո նրա դեմքին ընկավ:
Ճակատը բարձր էր, շատ գունատ, տարօրինակ կերպով անխռով, երբեմնի սևաթույր մազերը կիսով չափ թափվել էին վրան, ստվերել փոս ընկած քունքերը անհարմար խոպոպիկներով, որոնք այժմ վառ դեղնագույն էին և իրենց երևակայական բնույթով աններդաշնակորեն չէին համապատասխանում դեմքին իշխող մելամաղձոտությանը: Աչքերն անկյանք էին, անփայլ, ակամայից կուչ եկա նրա ապակե հայացքի ներքո ու սկսեցի դիտել նրա բարակ, չորացած շրթունքները: Դրանք բաժանվեցին խորիմաստ ժպիտով, և փոխված Բերենիսի ատամները դանդաղորեն հայտնվեցին իմ տեսադաշտում: Տե՜ր Աստված, երանի երբեք տեսած չլինեի դրանք կամ տեսնելուց հետո մեռնեի:
***
Դռան փակվելու ձայնից սթափված՝ հայացքս բարձրացրի և տեսա, որ զարմուհիս դուրս է եկել սենյակից: Սակայն ուղեղիս խանգարված սենյակից, ավա՜ղ, դուրս չէր եկել, և հնարավոր չէր դուրս քշել նրա ատամների սպիտակ, սոսկալի լուսապատկերը: Մակերեսին ո՛չ մի բիծ, էմալի վրա ո՛չ մի ստվեր, եզրերը հարթ, հավասար. այս պատկերն էր, որ նրա ժպիտի կարճատև միջոցին դրոշմվել էր հիշողությանս մեջ: Այժմ տեսնում էի դրանք նույնիսկ ավելի պարզ, քան թե դիտել էի այն ժամանակ: Ատամները, ատամները. նրանք այս ու այնտեղ էին և այլուր, տեսանելի ու շոշափելի իմ առջև. երկար, նեղ ու չափազանց ճերմակ, որոնց շուրջը կնճռոտվում էին գունատ շրթունքները ճիշտ այնպես, ինչպես նրանց առաջին անգամ բացվելու պահին: Հետո սկսվեց իմ մոլեգին մենամոլությունը, և ի զուր էի պայքարում նրա տարօրինակ ու անդիմադրելի ազդեցության դեմ: Արտաքին աշխարհի բազմաթիվ առարկաներից ես մտածում էի միայն ատամների մասին: Տենչում էի դրանք կատաղի ցանկությամբ: Մնացած բոլոր հարցերը, մյուս հետաքրքրությունները կուլ էին գնում դրանց շուրջ եղած մտորումներին: Այդ ատամներն էին միայն ներկա իմ հոգու աչքի առջև և իրենց եզակի անհատականությամբ դարձել էին իմ հոգևոր կյանքի էությունը: Ես դիտում էի դրանք ամեն կողմից: Շրջում էի ամեն դիրքով: Ուշադիր զննում էի դրանց բնորոշ գծերը: Մանրամասն կանգ առնում առանձնահատկությունների վրա: Հանգամանորեն մտածում էի դրանց կառուցվածքի, խորհրդածում հիմնական հատկությունների ու փոփոխությունների մասին: Ես սարսռացի, երբ երևակայությանս մեջ դրանց վերագրեցի զգայության և զգայունակության ու նույնիսկ առանց շրթունքների աջակցության՝ բարոյական արտահայտության ունակություն: Օրիորդ Սալեի մասին լավ է ասվել, որ «Նրա բոլոր քայլերը զգացմունքներ էին», իսկ Բերենիսի կապակցությամբ լրջորեն հավատում էի, որ «Նրա բոլոր ատամները մտքեր էին, մտքեր»,- ա՜հ, ահա այն հիմար միտքը, որ կործանեց ինձ: Այդ միտքը: Դա էր պատճառը, որ խելացնոր տենչում էի դրանց: Զգում էի, որ միայն դրանց տիրանալով կարող էի խաղաղվել:
Այս վիճակում էի, երբ վրա հասավ երեկոն, հետո մութն ընկավ, հապաղեց ու անցավ, ապա կրկին օրը բացվեց, և երկրորդ երեկոյի մութն էր թանձրանում իմ շուրջը, սակայն դեռ անշարժ նստած էի այդ լքված սենյակում՝ մտորումների մեջ թաղված, և ատամների տեսիլքը դեռևս պահպանում էր իր սարսափելի ուժը՝ ամենապարզ ու սոսկալի հստակությամբ լողալով սենյակի փոփոխվող լույսերի ու ստվերների ներքո: Վերջապես մի ճիչ ընդհատեց անրջանքս, որ կարծես սարսափի ու վհատության ճիչ լիներ: Կարճ դադարից հետո հաջորդեցին տագնապալից ձայներ՝ վշտի ու ցավի տնքոցներով միախառն: Ապա ոտքի ելա և թափով բացեցի գրադարանի դռներից մեկը, նախասրահում տեսա աղախնուն արտասվելիս: Նա ինձ  ասաց, որ Բերենիսը ոչ ևս է: Նրա ընկնավորության նոպան բռնել էր վաղ առավոտյան, և այժմ երբ մութն ընկնում էր, գերեզմանը պատրաստ էր ընդունելու իր կենվորին, և հուղարկավորության բոլոր պատրաստություններն ավարտված էին:
***
Ես ուշքի եկա գրադարանում նստած և դարձյալ մենակ էի: Թվում էր, թե հենց նոր արթնացել եմ խառը երազից: Գիտեի, որ այժմ կեսգիշեր է, և քաջ գիտակցում էի, որ արևի մայր մտնելու հետ Բերենիսին հողին էին հանձնել: Սակայն այդ միջանկյալ, տխուր ժամանակահատվածի մասին ոչ մի որոշակի գաղափար չունեի: Այնուամենայնիվ, հիշողությունս լի էր սարսափով՝ սարսափ որ ավելի դաժան էր աղոտությամբ ու զարհուրանքով և ավելի զարհուրելի էր երկդիմությամբ: Դա իմ գոյության տեղեկագրի մեջ մի սահմռկեցուցիչ էջ էր՝ ամբողջովին գրված մշուշոտ, սոսկալի ու անընթեռնելի հուշերով: Ես ճիգ էի թափում վերծանելու դրանք, բայց իզուր, մինչդեռ ժամանակ առ ժամանակ հեռացած ձայնի ոգու նման, կնոջ սուր և ականջ ծակող մի ճիչ կարծես հնչում էր իմ ականջներում: Ես մի արարք էի կատարել. ի՞նչ էր դա: Բարձրաձայն տալիս էի ինքս ինձ այդ հարցը, և սենյակի արձագանքը ի պատասխան շշնջում էր՝ ի՞նչ էր դա:
Կողքիս սեղանին կանթեղ էր վառվում, իսկ նրա մոտ դրված էր մի տուփ: Այն աչքի ընկնող չէր, և ես առաջ հաճախ էի տեսել, քանզի մեր ընտանեկան բժշկի սեփականությունն էր դա, բայց ինչպե՞ս էր հայտնվել այստեղ, իմ սեղանին, և ինչո՞ւ էի սոսկում դրան նայելիս: Այս հարցերին ոչ մի կերպ չէի կարողանում պատասխան տալ: Վերջապես հայացքս ընկավ մի բաց գրքի էջերին և այնտեղ ընդգծված նախադասությանը: Դրանք բանաստեղծ Իբն Զայաթի արտասովոր, բայց և պարզ բառերն էին. «Իմ ընկերներն ասում են, եթե բարեկամի գերեզմանին այցելության գնամ, հոգերս թեթևացրած կլինեմ»: Բայց ինչո՞ւ գլխիս մազերը բիզ-բիզ կանգնեցին, արյունս սառեց երակների մեջ, երբ կարդացի դրանք:
Գրադարանի դուռը թեթևակիորեն բախեցին, և գերեզմանի բնակչի նման գունատ ծառան ոտքերի մատների վրա ներս եկավ: Նա սարսափից ահաբեկված տեսք ուներ և խոսեց ինձ հետ դողդոջուն, խռպոտ ու շատ ցածր ձայնով: Ի՞նչ ասաց նա. կցկտուր նախադասություններ հասան ականջիս: Նա խոսում էր գիշերային անդորրը խախտած վայրի ճիչի, տան անդամների հավաքվելու, ձայնի ուղղությամբ կատարած փնտրտուքի մասին: Հետո նրա ձայներանգը զգայացունց կերպով հստակացավ, երբ շշուկով պատմեց քանդված գերեզմանի, այլանդակված մարմնի մասին՝ պատանած, սակայն դեռևս շնչող, դեռևս տրոփող, դեռևս կենդանի:
Նա մատնացույց արեց իմ հանդերձը: Այն ցեխոտ էր, վրան չորացած արյուն կար: Ես լուռ էի: Նա մեղմորեն բռնեց ձեռքս, որի վրա մարդկային եղունգների հետք էր դրոշմված, ուշադրությունս հրավիրեց պատին հենած առարկայի վրա: Մի քանի րոպե նայեցի դրան. բահ էր: Ես սուր ճիչով ոստնեցի դեպի սեղանը և ճանկեցի վրայի տուփը: Սակայն չկարողացա ուժով բացել. այն դուրս պրծավ իմ դողացող ձեռքերից, ծանրորեն ընկավ ու ջարդուփշուր եղավ: Եվ նրա միջից չխկչխկալով դուրս թափվեցին մի քանի ատամնաբուժական գործիքներ՝ խառնված 32 փոքրիկ, սպիտակ, փղոսկրագույն նյութերի հետ, որոնք ցաք ու ցրիվ եղան հատակին:

Թարգմանությունը անգլերենից՝ Արփիկ Լազարյան  

Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Բերենիս Էդգար Ալան Պո | Բերենիս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:45:00 Rating: 5
Технологии Blogger.