Էդգար Ալան Պո | Վիլյամ Վիլսոն


Ի՞նչ ասեմ, Ի՞նչ պատմեմ մռայլ խղճի մասին,
Որ ուրվականի պես շրջում է իմ ճանապարհին
Չեմբեռլին

Ձեր թույլտվությամբ այսօր ես Վիլյամ Վիլսոն կներկայանամ: Հարկ չկա, որ իմ իսկական անունը կեղտոտի առջևս դրված մաքուր թուղթը: Այդ անունը մարդկանց չափազանց մեծ ատելություն, զզվանք ու սարսափ է ներշնչել: Չէ՞ որ անբարենպաստ քամիները աշխարհով մեկ տարածել են իմ անարգանքը: Օ՜հ, նվաստացածներից նվաստացած, բոլորից լքված, չէ՞ որ դու այլևս ոչինչ չարժես: Մի՞թե երկրի համար այլևս մեռած չես, նրա պարգևների, ծաղիկների, ոսկեներշնչանքների համար. օ՜հ, ամպ՝ թանձր, չարագույժ ու անծայրածիր, մի՞թե այն հավերժ կախված չէ քո հույսերի ու երկնակամարի միջև: Ես կնախընտրեի հնարավորության դեպքում այսօր այստեղ պատմել կյանքիս վերջին տարիների, իմ աննկարագրելի դժբախտության և աններելի չարագործության մասին: Կյանքիս վերջին տարիներն իրենց մեջ առան ստորության հանկարծակի վերելքը, որի ծագման մասին պատմելն է նպատակս:
Մարդ աստիճանաբար է սրիկա դառնում: Առաքինությունը թիկնոցի պես ընկավ վրայիցս մի ակնթարթում: Համեմատաբար թեթև զանցանքներից ես թեթև քայլերով անցա Էլահ-Գաբալուսի հատուկ չարագործություններին: Եվ ի՞նչ դեպք էր, Ի՞նչ պատահար, որ պատճառ դարձավ այդ չարագույժ կերպարանափոխմանը: Զինվիր համբերությամբ, ընթերցո՛ղ, ամեն ինչ հերթով կպատմեմ:
Մոտենում է մահը և նրա ուրվականը՝ նրա հավատարիմ նախորդը, արդեն իջել էր վրաս և մեղմացրել հոգիս: Ոտք դնելով ստվերների հովիտը, ես կարոտ եմ մարդկային կարեկցության, քիչ մնաց ասեի՝ ինձ նմանների խղճահարության: Օ՜հ, եթե միայն հավատային, թե ինչպես եմ կամքիսց անկախ դարձել հանգամանքների ստրուկ: Թող մանրամասներում, որ կպատմեմ, մոլորությունների այդ անապատում, նրանք գտնեն ճակատագրի փոքրագույն օազիսը: Թող մարդիկ ընդունեն և չեն էլ կարող չընդունել, որ գայթակղությունները միգուցե նախկինում էլ գոյություն են ունեցել, բայց մինչև հիմա մարդուն այդպես չեն հրապուրել և երբեք այդքան չեն նվաստացրել: Եվ արդյոք այդ չէ՞ պատճառը, որ նա երբեք այդքան չի տառապել: Եվ մի՞թե այս ամենը հիմար երազ չի եղել: Եվ մի՞թե ես զոհը չեմ սարսափի, ամենախորհրդավորի, ամենախելահեղի, որ երբևէ եղել է լուսնի տակ:
Ես այն ցեղից եմ, որ բոլոր ժամանականերում աչքի է ընկել գերզգայունությամբ և երևակայության ուժով. արդեն վաղ մանկությունից ապացուցել էի, որ անթերի ժառանգել եմ բոլոր գծերը: Տարեցտարի դրանք ավելի վառ էին արտահայտվում և տարբեր առիթներով լուրջ անհանգստություն էին պատճառում ընկերներիս՝ դրանով իսկ ինձ էլ վնաս հասցնում: Իսկ ես դառնում էի ինքնակամ՝ հակված ամենավայրագ քմահաճույքներին և գերագույն, անկառավարելի կրքերի զոհը:
Ծնողներս սահմանափակ մարդիկ էին, պաշարված նույն ժառանգական տկարությամբ, ինչ ես, և նրանք ընդունակ չէին կանխելու վատ հակումներս: Իսկ սակավ անհամարձակ և անկարող ճիգերը բացարձակ անհաջողությամբ պսակվեցին և, բնականաբար, իմ լիակատար ցնծությամբ: Այդ ժամանակից ի վեր խոսքս տնեցիների համար դարձավ օրենք և այն տարիքում, երբ երեխաները նոր դուրս են գալիս ծնողների տնօրինությունից, ես լրիվ իմ տրամադրության տակ էի և ամեն հարցում ազատ էի գործում:
Դպրոցական ամենավաղ հիշողություններս կապված են Եղիսաբեթ թագուհու ժամանակներից մնացած մի մեծ, անբարեկարգ շինության հետ, որն անգլիական մռայլ գյուղերից մեկում էր, ուր բազմաթիվ ելունդավոր ծառեր էին  աճում, և բոլոր տներն էլ հնադարյան էին: Պատկառելի ու հինավուրց այս բնակավայրը իրոք հեքիաթային էր, հանդարտ ու անխռով: Գրում եմ և զգում թարմությունն ու զովը ստվերոտ ծառուղիների, ներծծում փթթող թփի բույրը և կրկին տրոփում անբացատրելի հիացմունքով, լսում եմ զանգերի խուլ ձայնը, որը ժամը մեկ անսպասելի խուլ թնդյունով խախտում էր գոթական քնդակազարդ զանգակատան մռայլությունը, մթնշաղային մթնոլորտը, որի մեջ ընկղմվել ու ննջում էր:
Հիշողությանս մեջ պրպտում եմ դպրոցական կյանքիս ամենափոքր մանրամասները, այն ամենը ինչ կապված էր դրա հետ, և այդ հիշողություններն ուրախացնում են ինձ այնքան, որքան դեռևս ընդունակ եմ դրան: Տառապանքների անդունդը մխրճված, տառապանքներ, ավա՜ղ, չափից ավելի իրական: Մխիթարանքի որոնումների համար կներեն ինձ, թեկուզ մանրամասներս թույլ են, ակնթարթային, պատահական ու անկանոն: Դրանք չնայած պարզունակ են և նույնիսկ ծիծաղելի, բայց ինձ համար առանձնապես նշանակալից են, քանզի կապված են այն ժամանակի հետ, երբ սկսեցի տարբերել ճակատագրի առաջին անորոշ նախազգուշացումները, որոնք հետագայում ինձ լիովին նսեմացրին: Հիմա փորձեմ հիշել:
Տունը, ինչպես ասացի, հին էր ու անհամաչափ: Բակն ընդարձակ էր, ամեն կողմից շրջապատված բարձր աղյուսե ցանկապատով, որի գլխին կոտրտված ապակով խառնած կրաքարի շաղախ էր քսած: Այս իսկական բանտային պատերը երիզում էին մեր տիրույթները: Սահմանը անցնում էինք շաբաթը 3 անգամ՝ շաբաթ օրերը կեսօրից հետո, երբ մեզ թույլատրվում էր 2 վերակացուների ուղեկցությամբ հարևան դաշտերում կարճատև զբոսանքի դուրս գալ, 2 անգամ էլ կիրակի օրերը, երբ մեզ շարք կանգնեցրած գյուղական եկեղեցու առավոտյան և երեկոյան ժամերգություններին էին տանում: Եկեղեցու քահանան մեր դպրոցի տնօրենն էր: Ինչպիսի խոր հուզմունք և զարմանք էի ապրում, երբ վերնասրահի հեռավոր շարքից նայում էի, թե ինչպես դանդաղ ու հանդիսավոր, նա բարձրանում էր եկեղեցական ամբիոն: Մի՞թե նա նույն պատվարժան քարոզիչն էր խոժոռ դեմքով, ճոխ հանդերձանքով, թեթև շպարված կեղծամով: Եվ հանդիսավոր քայլերով իջնում էր՝ մեծ ու ազդեցիկ: Մի՞թե սա այն մարդն էր, որ քիչ առաջ մռայլ էր ու զայրացած, դեղնած բաճկոնով և ձողը ձեռքին դատ ու դատաստան էր տեսնում մեր հաստատության դիվային օրենքներով: Օ՜հ, անծայր հակասություն՝ հրեշավոր իր անհասանելիության  մեջ:
Հսկայական պատնեշի ետևում ավելի մեծ դարպաս կար՝ կողք-կողքի ցցված բազմաթիվ մետաղյա գնդերիթներով, իսկ եզրերը հիշեցնում էին մետաղյա սրածայր ատամներ: Ինչպիսի՜ խոր սարսափ էր այն ներշնչում: Դարպասը միշտ փակ էր, բացի այն երեք դեպքերից, երբ մենք ելումուտ էինք անում: Հզոր հանգուստները բացվում էին և մեզ ամենատարբեր խորհրդավորություններ էին պատկերվում՝ առիթ տալով անթիվ-անհամար հանդիսավոր դիտումների և առավել հանդիսավոր մտածումների:
Մեր գործունեության ենթակա տարածքը անկանոն ձև ուներ, շատ անկյուններ մեկուսացած էին: Դրանցից 3-4 ամենամեծերը նախատեսված էին խաղերի համար, ծածկված էին խոշոր ավազով, հարթեցված և տոփանված: Լավ հիշում եմ, որ այնտեղ ոչ ծառեր կային, ոչ նստարաններ, բացարձակապես ոչինչ: Դրանք շենքի ետևում էին: Իսկ առջևի մասում փոքր ծաղկանոցն էր՝ մշտադալար շիմշատով և այլ թփերով, բայց այս արգելված հողին մենք ոտք էինք դնում ամենածայրահեղ դեպքերում՝ երբ առաջին անգամ դպրոց էինք մտնում կամ ընդմիշտ հեռանում էինք դպրոցից, կամ էլ՝ երբ մեր ետևից ծնողները կամ ընկերներն էին գալիս, և մենք ուրախ-զվարթ հայրական օջախ էինք գնում ամառային արձակուրդն անցկացնելու կամ ծննդյան տոնը նշելու:
Շինությունը հին էր ու արտասովոր: Այն ինձ կախարդված ամրոց էր թվում: Ինչքա՜ն ոլորապտույտ անցումներ կային, ինչքա՜ն պատահական անկյուններ: Երբեք հնարավոր չէր միանգամից պարզել, թե որ հարկում ես գտնվում: Մի սենյակից մյուսն անցնելու համար պետք էր մի քանի աստիճան բարձրանալ կամ իջնել: Այն ուներ բազմաթիվ խճճված ճյուղավորված միջանցքներ: Եվ որքան էլ փորձում էինք պատկերացնել մեր շինության դիրքը, այն մեզ համար նույնքան անհասկանալի էր մնում, որքան անվերջության հասկացությունը: Իմ այստեղ եղած 5 տարիների ընթացքում ես այդպես էլ չկարողացա ճիշտ որոշել, թե ո՞ր խուլ անկյունում էր տեղավորված փոքրիկ սենյակը, որը հատկացված էր ինձ և էլի մի 10-20 հոգու:
Դասասենյակը շենքի և, ինչպես ինձ այն ժամանակ թվում էր, աշխարհի ամենաընդարձակ սենյակն էր: Այն շատ երկար էր ու նեղ, ցածր, ճնշող կաղնեփայտի առաստաղով ու գոթական պատուհաններով: Հեռավոր, սարսափազդու անկյունում մոտ 10 ոտնաչափ տարածք էր առանձնացված՝ մեր տնօրենի՝ պատվելի դոկտոր Բրեսնբիի մենախուցը: Գերապայծառի բացակայությամբ ավելի շուտ գետնի տակը կանցնեինք, քան ոտք կդնեինք այս հսկայական դռնով առանձնացված անձեռնմխելի շինությունը: Մյուս երկու անկյունները նույնպես մեկուսացած էին. դրանց մենք ավելի քիչ հարգանքով, բայց ոչ պակաս վախով էինք նայում: Մեկը դասական լեզուների ամբիոնն էր, մյուսը՝ անգլերենի ու մաթեմատիկայի: Սենյակի երկայնքով այսուայնտեղ նստարաններ էին դրված՝ սև, քրքրված գրքերով ծանրաբեռնված և այնպես էին խազխզված անունների սկզբնատառերով, մեծ, տձև պատկերներով և դանակի բազմաթիվ այլ հարվածներով, որ կորցրել էին իրենց սկզբնական, քիչ թե շատ պատշաճ տեսքը: Մի ծայրում ջրով լի հսկայական դույլ էր դրված, իսկ մյուսում՝ ահռելի մեծության մի ժամացույց:
Այս պատկառելի հաստատության հսկայական պատերի ներսում էլ անցավ կյանքիս երրորդ հնգամյակը (ընդ որում առանց ձանձրույթի և զզվանքի): Երեխայի ուղեղը շարունակ գործում է. նրան զբաղեցնելու կամ զվարճացնելու համար բոլորովին պարտադիր չեն արտաքին աշխարհի գործոնները, և դպրոցական կյանքի ձանձրալի միապաղաղությունը հագեցած էր ավելի լարված հուզմունքով, քան իմ առավել հասուն երիտասարդությունը շքեղությամբ կամ իմ ուշ տղամարդկությունը՝ ոճիրով, սակայն համոզված եմ, որ մտավոր զարգացման վաղ շրջանում այն արտասովոր էր, նույնիսկ չափազանցված: Մարդկային կյանքի ամենավաղ շրջանի իրադարձությունները շատ հազվադեպ են հոգում այնպիսի որոշակի հետք  թողնում, որ այն պահպանվի և հասուն տարիքում: Դրանք սովորաբար վերածվում են գորշ ստվերի, հիշողությունների անորոշ ու անկանոն կույտի, աննշան ուրախությունների և աներևակայելի տառապանքների: Իմ դեպքն ուրիշ էր: Հավանաբար մանուկ հասակում իմ զգացմունքները չեն զիջել հասուն մարդու զգացմունքներին, և հիշողությանս մեջ բոլոր անցքերը նույնքան պարզորոշ, նույնքան պայծառ, ամուր ու խոր են տպավորվել, որքան կարթագենյան մետաղադրամի փորագրությունները:
Սակայն մեծամասնության կարծիքով այս ամենի մեջ հիշարժան ոչինչ չկա: Առավոտյան արթնանում ես, երեկոյան քնում, դասեր սերտում, , գրատախտակի մոտ արտասանում, հետո տոնական օրեր, զբոսանք, խաղահրապարակ, ընդհարումներ, ժամանց, անպատվություն, խարդավանքներ, այս ամենը հոգու կախարդական և վաղուց արդեն մոռացված ուժով պատճառ էր դառնում ամենատարբեր զգացմունքների, հարուստ իրադարձությունների, ապրումների մի ամբողջ անսահմանության, ամենակրքոտ և զգայացունց հուզումների. «Ա՜խ, ի՜նչ հիանալի ժամանակներ էին երկաթե դարում»:
Իմ եռանդուն, ջերմ և տիրական խառնվածքով ես շուտով տարբերվեցի համադասարանցիներիցս և աստիճանաբար բնական ընթացքով ինձնից շատ մեծերի վրա էլ գերիշխող դարձա: Բոլորի վրա, բացի մեկից:
Բացառություն էր կազմում աշակերտներից մեկը, որը ոչ մի ազգակցական կապ չուներ ինձ հետ, սակայն նույն անուն-ազգանունն էր կրում, ինչ ես, մի բան, որ այնքան էլ առտառոց չէր, քանզի, չնայած ազնվական ծագմանը, անհիշելի ժամանակներից այն դարձել էր խաժամուժի սեփականությունը: Այդ է պատճառը, որ պատմվածքում Վիլյամ Վիլսոն եմ անվանել ինձ. այս հնարովի անունը այնքան էլ չի տարբերվում իմ իսկականից: Նրանցից, ովքեր դպրոցականների բառապաշարով մեր «շրջապատն էին կազմում», միայն անվանակիցս էր իրեն թույլ տալիս մրցելու ինձ հետ դասարանում, խաղերի ու կռիվների ժամանակ, համարձակվում էր կասկածի տակ դնել իմ հայտարարությունները և չենթարկվել յուրաքանչյուր քմահաճ թելադրանքիս: Եթե ընդհանրապես գոյություն ունի գերագույն և անսահման իշխանություն, ապա դա միայն ուժեղի իշխանությունն է քիչ եռանդուն հասակակիցների վրա:
Վիլսոնի ըմբոստությունն ինձ ամենից ավելի էր դժվար կացության մեջ դնում, հատկապես այն պատճառով, որ հասարակության մեջ ցուցադրական խիզախությամբ խուսափում էի նրանից, սրտիս խորքում վախենում էի և չէի կարող չմտածել, որ սառնասրտությամբ նա հավասարվում էր ինձ, և դա նրա առավելությունն էր: Նրան թույլ չտալը ինձ գերազանցել՝ չափազանց թանկ էր նստում վրաս: Նրա առավելությունը կամ թեկուզ հավասար լինելը բացի ինձնից ոչ ոք չէր նկատում, մեր ընկերները անհասկանալի կուրությամբ չէին էլ ենթադրում նման բան: Նրա մրցակցությունը, դիմադրությունը և հատկապես խանգարելու կամակոր ձգտումը միմիայն ինձ էին հասու: Ըստ երևույթին նա զուրկ էր փառասիրությունից, որն ինձ գործողության էր մղում և մտքի կրքոտությունից, որով ես առանձնանում էի: Կարելի էր մտածել. նա մրցում էր միայն ինձ հետ հակաճառելու, ապշեցնելու կամ ճնշելու քմահաճույքից: Երբեմն զարմանքից, նվաստացած ու վիրավորված նկատում էի, որ նա այդ բոլորը կատարում էր ինձ համար անցանկալի քնքշությամբ: Նման տարօրինակ վարքը բացատրում էի նրա անկրկնելի ինքնավստահությամբ, որը հովանավորության և բարերարության բռի երանգ էր ստանում:
Ըստ երևույթին, Վիլսոնի այս վարքագիծը, մեր անունների համընկնումը և այն սոսկ պատահականությունը, որ միևնույն օրն էինք դպրեց եկել, բարձր դասարանցիներին առիթ էր տվել ենթադրելու, թե մենք եղբայրներ ենք: Մեծերն առհասարակ ամենևին չեն հետաքրքրվում փոքրերի գործերով: Պետք է որ ասած լինել, որ Վիլսոնը մեր ընտանիքի հետ նույնիսկ ամենահեռավոր ազգակցական կապ չուներ: Բայց եթե եղբայրներ լինեինք, երկվորյակներ կլինեինք, քանի որ, երբ ավարտեցի պարոն Բրենսբիի դպրոցը, պատահմամբ իմացա, որ իմ անվանակիցը 1813 թվականի հունվարի 19-ի ծնունդ էր. արտակարգ զուգադիպություն, որովհետև ես էլ եմ այդ օրը լույս աշխարհ եկել: Տարօրինակ է, որ չնայած Վիլսոնի հետ մրցակցությանը և նրան հատուկ ներքին հակասականությանը, ես ոչ մի կերպ չէի կարողանում ստիպել ինձ վերջնականապես ատել նրան: մենք գրեթե ամեն օր վեճ էինք ունենում, և նա հասարակայնորեն ինձ էր հասցնում հաղթանակի դափնեպսակը և ինչ-որ ձևով կարողանում էր ինձ զգացնել տալ, որ իրականում ինքն էր արժանի դրան: Սակայն իմ հպարտությունը և նրա իսկական արժանապատվության զգացումը նպաստում էին մեր բարեդրացիական հարաբերություններին: Մեր խառնվածքները շատ ցայտուն ընդհանրություններ ունեին, և միայն մեր հարաբերություններն էին մեզ խանգարում բարեկամներ դառնալ: Դժվար է, իհարկե, բացատրել կամ նույնիսկ նկարագրել իմ տածած իսկական զգացմունքը նրա հանդեպ: Դա խայտաբղետ ու տարասեռ խառնուրդ էր. դյուրաբորբոք թշնամանք, որը դեռևս ատելություն չէր, քիչ հարգանք, քիչ ավելի՝ պատիվ, ավելի շատ վախ և անառողջ հետաքրքրասիրության անվերջություն: Բարոյախոսն առանց լրացուցիչ տեղեկությունների կհասկանա, որ ես ու Վիլսոնն անբաժանելի էինք:
Անկասկած մեր հարաբերությունների անորոշությունը, որն իմ հարձակումներն ուղղում էր նրա դեմ (իսկ դրանք հաճախակի էին՝ բացարձակ կամ ծածուկ) ծաղրի կամ դաժան կատակների ձևով (որոնք իբր զվարճանքի համար էին, բայց իրականում ցավ էին պատճառում), թույլ չէր տալիս, որ մեր հարաբերությունները լուրջ, բացարձակ թշնամության վերածվեին: Բայց իմ ճիգերը ոչ միշտ էին հաջողությամբ պսակվում, նույնիսկ՝ երբ նախագծերս ամենասրամիտ ձևով էին մտածված, քանզի անվանակցիս հատուկ էր այն հանդարտ զսպվածությունը, որը չունի Աքիլլեսյան գարշապար, և սեփական սրամտությամբ հրճվելով՝ թույլ չէր տալիս, որ վրան ծիծաղեն: Ես նրա միայն մի թույլ տեղը կարողացա նկատել, արտասովոր հատկություն, որը թերևս արդյունք էր ինչ-որ օրգանական հիվանդության, և դրանից օգտվել կարող էր փակուղու առջև կանգնած իմ հակառակորդ նմանակը: Մրցակցիս ձայնալարերը շատ թույլ էին. նա չէր կարողանում ձայնը բարձրացնել և միշտ շշուկով էր խոսում: Ես առիթը բաց չէի թողնում նրա թերությունից օգտվելու համար: Վիլսոնը տարբեր եղանակներով փորձում էր վրեժխնդիր լինել ինձնից, նրա սրամիտ մեթոդներից մեկն ինձ չափազանց անհանգստացնում էր: Ինչպե՞ս նրան հաջողվեց կռահել, թե ի՞նչը կարող էր ինձ ափերից հանել. այս խնդիրը ես երևբևէ չկարողացա լուծել: Միշտ խորշում էի իմ ոչ ազնվական տոհմանունից և հասարակ, եթե ոչ ռամիկ անունից: Անուն-ազգանունս թունավորում էին լսողությունս, և երբ իմ դպրոց ժամանելու օրը հայտնվեց մի երկրորդ Վիլյամ Վիլսոն, ես շատ զայրացա, որ նա կրում էր նույն այդ անունը և կրկնակի անգամ զզվեցի դրանից, քանի որ այն ինչ-որ մեկին էլ էր պատկանում և պետք է տրվեր կրկնակի անգամ հաճախ, նա անվերջ պիտի աչքիս առաջ լիներ և նրա արարքները, այդ ահավոր պատահականության շնորհիվ, դպրոցական առօրյայում անպայմանորեն ինձ հետ կկապվեին:
Այսպես ծնունդ առած զայրույթս ավելի էր սաստկանում ամեն մի միջադեպից, որն ընդգծում էր իմ և մրցակցիս ներքին ու արտաքին նմանությունը: Այդ ժամանակ դեռ չէի հայտնագործել, որ նույն տարիքին էինք, բայց նկատել էի, որ միևնույն հասակն ունեինք և տարօրինակ ձևով նման էինք կազմվածքով ու դիմագծերով: Եվ բացի այդ ինձ զայրացնում էր բարձր դասարանցիների այն ասեկոսեն, թե մենք ազգականներ ենք: Մի խոսքով ոչինչ չէր կարող ինձ ավելի անհանգստացնել (չնայած ես այն ամեն կերպ փորձում էի թաքցնել), քան ցանկացած ակնարկ մեր հոգևոր նմանության, արտաքինի և հարաբերությունների մասին: Բայց անկեղծ ասած, առիթ չունեի մտածելու, որ (բացառությամբ մեր ազգակցական կապի և հենց Վիլսոնի հետ կապված գործի) մեր նմանությունը երբևէ եղել էր քննարկման առարկա կամ որ՝ երբևէ նկատվել է մեր համադասարանցիների կողմից: Այն, որ ինքը՝ Վիլսոնը, նկատել էր ամեն ինչ՝ արտահայտության բոլոր ձևերով, նույնքան մանրամասն, որքան ես, միանգամայն ակնհայտ էր, բացի այդ նա շատ հնարամիտ էր ակնարկների ընտրության հարցում, որը վկայում էր նրա զարմանալի խորաթափանցությունը:
Վիլսոնի վարքքքը իսկ և իսկ իմի նմանակումն էր և՛ խոսքում, և՛ գործում, և նա իր դերը հիանալի էր կատարում: Նրա համար դժվար չէր եղել հագուստս ընդօրինակելը, քայլվածքս ու շարժուձևս՝ նույնպես, և, չնայած նրա օրգանական արատին, նույնիսկ ձայնս էր նմանակել, ճիշտ է, բարձր ձայնով խոսել չէր կարող, բայց հնչերենգը նույնն էր, իսկ նրա յուրօրինակ շշուկը իմ արձագանքն էր կարծես:
Որքան տառապանք է պատճառել ինձ այդ հոյակապ դիմանկարը (քանի որ նրան երբեք չէր կարելի ծղրանկար համարել)՝ չեմ կարող արտահայտել: Ինձ միայն մի բան էր մխիթարում. Նրա ընդօպրինակելու ձգտումը միայն ես էի նկատում և ստիպված էի կուլ տալ իմ անվանակցի բազմանշանակ ու տաօրինակ հեգնական ժպիտը:
Նա բավարարվում էր նրանով, որ իմ հոգում արթնացնում էր իր ցանկացած զգացմունքները, կարծես ծածուկ ուրախանում էր, երբ ինձ ցավ էր պատճառում և երբեք չէր սպասում բուռն ծափահարությունների, որոնք պետք է որ հաջորդեին սրամտությամբ հասած նրա հաջողությանը:
Երկար անհանգիստ ամիսներ շարունակ նա ինձ համար անլուծելի հանելուկ էր մնում, թե ինչպես ոչ ոք դպրոցում չէր նկատում նրա մտադրությունը, չէր գնահատում նրա գործողությունները, ուրեմն և մասնակից չէր նրա ծաղրին: Այն, որ նա աստիճանաբար նմանվում էր ինձ, հավանաբար խանգարում էր մյուսներին նկատելու, թե ինչ է կատարվում, իսկ ավելի ճիշտ՝ իմ ապահովությամբ ես պարտական էի վարպետ ընդօրինակողիս, որն արհամարհում էր սկիզբը (ցանկացած բթամիտ կտեսներ այն նկարի վրա), փոխարենը վարպետորեն վերարտադրում էր նախակերպ հոգին, մի բան, որ ինձ մտորման և ցավի առիթ էր տալիս:
Մեկ անգամ չէ, որ հիշատակել եմ, թե ինչքան զզվելի էր ինձ համար նրա հովանավորող տոնը, որով դիմում էր ինձ և նրա հաճախակի միջամտությունը իմ գործերին: Նա միջամտում էր հիմնականում անցանկալի խորհուրդներով, ընդ որում, խորհուրդը ոչ թե բացահայտ ձևով էր տալիս, այլ ակնարկով: Նողկանքը, որով լսում էի դրանք, տարիների հետ սաստկանում էր: Սակայն հիմա, շատ տարիներ անց, կուզեի ըստ արժանվույն գնահատել մրցակցիս, գոնե ընդունել, որ նրա խորհուրդները՝ թույլ չէին տա ինձ անելու այն սխալներն ու հիմարությունները, որոնք հատուկ էին դեռահասին ու անփորձին, որ բարոյական զգացողությամբ, եթե ոչ տաղանդով ու կենսափորձով նա գերազանցում էր ինձ, և եթե ես այդքան հաճախ չհրաժարվեի նրա խորհուրդներից, որոնք շշուկով էին հասնում ինձ և որոնք ամբողջ հոգով ատում էի ու արհամարհում, հիմա երևի ավելի լավ, հետևաբար երջանիկ մարդ կլինեի:
Բայց նրա քմահաճ հսկողությունից ես ի վերջո հասա ծայրահեղ գրգռվածության և օր-րի ավելի բացեիբաց էի վրդովմունքս հայտնում նրա ըստ իս, անտանելի ինքնավստահությունից: Արդեն ասել եմ, որ դպրոցում առաջին տարիներին իմ վերաբերմունքը նրա նկատամբ շատ հեշտությամբ կարող էր վերաճել բարեկամության, սակայն դպրոցական վերջին ամիսներին, չնայած նա ավելի քիչ էր ինձ պարտադրել իր կարծիքը, նույն պարագաներում իմ զգացմունքը նրա նկատմամբ ընդունել էր բացահայտ ատելության ձև: Ինչ-որ առիթով նա նկատեց այս, հետագայում սկսեց խուսափել ինձնից կամ ցույց էր տալիս, թե խուսափում է:
Եթե չեմ սխալվում, հենց այդ ժամանակ էր, որ մի անգամ վեճ ունեցանք, և զայրույթի պահին նա ավելի քան անզգույշ պահեց իրեն, սկսեց իրեն ոչ հատուկ պարզությամբ խոսել ու գործել, և ես նկատեցի կամ ինձ թվաց այդպիսի մի բան, որ սկզբում ինձ ապշեցրեց, իսկ հետո խիստ հետաքրքրեց, քանի որ հիշողությանս մեջ վերականգնվեցին վաղ մանկությանս պատկերները, այն հեռավոր ժամանակների անկանոն, խառը, աղոտ հիշողությունները, երբ ինքը՝ հիշողությունը, դեռ չէր արթնացել:
Ավելի լավ կհաղորդեմ ինձ ընկճող զգացումը, եթե ասեմ, որ չէի կարողանում ազատվել այն մտքից, որ այն անձնավորությանը, որն այժմ կանգնած էր իմ առջև, ինչ-որ ժամանակ, շատ վաղուց, տարիներ առաջ, անհիշելի ժամանակներից ծանոթ եմ եղել: Սակայն պատրանքը ցրվեց նույնքան արագ, որքան հայտնվել էր, և այս փաստը հիշատակում եմ միայն, որպեսզի նշեմ օրը, երբ վերջին անգամ զրուցել եմ միակ անվանակցիս հետ:
Հսկայական, անհամար ստորաբաժանումներով այս հին շենքում մի շարք միջանցիկ սենյակներ կային, ուր քնում էին գրեթե բոլոր սաները: Շենքի անմտածված պատերի ու միջնապատերի արանքում ընկած էին բազմաթիվ մանր սենյակներ (նման անհամար կառույցում այլ կերպ չէր էլ կարող լինել): Հնարամիտ տնօրենը՝ դոկտոր Բրենսբին, դրանք վեր էր ածել ընդհանուր ննջանարի, չնայած սկզբնապես նախատեսված էին եղել խորդանոցի համար, և միայն մեկը կարող էր այնտեղ տեղավորվել: Այսպիսի մի փոքրիկ ննջարան էր զբաղեցրել Վիլսոնը:
Մի գիշեր, դպրոցական կյանքի 5-րդ տարվա վերջում և նկարագրված վեճից քիչ անց, սպասելով, որ բոլորը քուն մտնեն, ես վեր կացա անկողնուցս և լապտերը ձեռքիս, անհամար, նեղլիկ միջանցքներով իմ ննջարանից սողոսկեցի նրա ննջարանը:
Վաղուց արդեն ուզում է չար խաղ խաղալ նրա գլխին, որպիսին մինչ այդ ինձ չէր հաջողվել. այժմ մտադրվել էի ի կատար ածել որոշումս՝ նրանզգացնել տալով ինձ համակած ողջ զայրույթը: Հասնելով նրա խուցը, դռան ետևում թողեցի ապակե ծածկույթով լապտերը, իսկ ինքս անաղմուկ ներս մտա: Քայլ արեցի և ականջ դրի անվանակցիս հանդարտ շնչառությանը: Համոզվելով, որ քնած է, ետ եկա միջանցք, վերցրի լապտերը և կրկին մոտեցա անկողնուն: Այն քողարկված էր վարագույրով, որը, ինչպես որոշել էի, հանդարտ ու զգուշությամբ ետ քաշեցի, պայծառ ճառագայթներն ընկան քնածի վրա, միաժամանակ ես հայացքս ուղղեցի նրա կողմը: նայեցի ու ապշեցի, մարմնովս սարսուռ անցավ, շունչս կտրվեց, ծնկներս դողացին և ինձ անհասկանալի, բայց և անասելի սարսափ համակեց: ԵՍ սրտապնդվեցի և լապտերն ընդհուպ մետեցրի նրա դեմքին: Մի՞թե դրանք, այդ դիմագծերը Վիլյամ Վիլսոնինն էին: Ես համոզված էի, բայց, այնուամենայնիվ, չէի կարող հավատալ աշքերիս: Ամբողջ մարմնով դողում էի: Ի՞նչն ինձ այդպես ապշեցրեց: Նայում էի նրան և գլխումս բազմաթիվ անկապ, խառնիխուռն մտքեր էին պտտվում: Այդպիսին չէր նա արթուն ժամանակ, այդպիսին չէր իրականում, առօրյա եռուզեռում: Նույն անունը, նույն գծերը, դպրոց ժամանելու նույն օրը և բացի այդ՝ իմ ձայնի, քայլվածքի, շարժուձևի և սովորությունների համառ, անիմաստ ընդօրինակումը: Մի՞թե իրականում այն, ինչ ես տեսնում էի, սոսկ մարդկային հնարավորության սահմաններում եղած հեգնական ընդօրինակման արդյունք էր: Սարսափահար, կուզեկուզ մարեցի լապտերը, սսկված դուրս եկա սենյակից և մեկընդմիշտ հեռացա դպրոցից:
Մի քանի ամիս տանը բացարձակ անգործ մնալուց տեղավորվեցի Իթոն քոլեջում: Այդ կարճ ժամանակը բավական եղավ, որպեսզի դոկտոր Բրենսբիի դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների հիշողությունը խամրեր կամ, առնվազն, նյութական փոփոխություն սողոսկեր դրանց բնույթի մեջ, որոնք ուրիշ զգացումով վերհիշվեին: Այդ ամենն այլևս այդքան իրական ու ողբերգական չէր թվում: Ես ինչ-որ տեղ կասկածում էի զգացողությանս իսկությունը և հազվադեպ էի հիշում կատարվածը. ամեն անգամ ապշում էի մարդկային դյուրահավատությունից և ժպիտով մտածում, թե ինչպիսի կենդանի երևակայություն էի ժառանգել նախնիներիցս: Իթոնում վարածս կյանքը բոլորովին չնվազեցրեց իմ թերահավատությունը: Կյանքի թեթևամիտ և անհոգ հորձանուտը, որի մեջ ընկա այդպես արագ, գլուխս կորցրած, բացի վերջին մի քանի ժամերից մաքրեց-տարավ ամեն ինչ, բոլոր ամուր ու լուրջ տպավորությունները, և հիշողությանս մեջ թողեց միայն նախկին գոյությանս ամբողջ խելահեղությունը:
Չեմ ուզում քայլ առ քայլ պատմել խղճուկ, անառակ կյանքիս մասին, անառակություն, որով մարտահրավեր էինք նետում բոլոր օրենքներին և խուսափում էինք հաստատության կարգուկանոնից: 3 քմահաճ տարիներն անօգուտ անցան, բայց իմ մեջ արմատացան արատավոր սովորությունները, միայն հասակս անսպասելի աճեց և մի անգամ, 1 շաբաթ ցոփ կյանք վարելուց հետո ես իմ ամենաանառակ ընկերներից մի քանիսին գաղտնի խնջույքի հրավիրեցի: Հավաքվեցինք ուշ գիշերով, քանի որ մեզ մոտ այդպես էր ընդունված, և գինեմոլությունը պետք է շարունակվեր մինչև լույս: Գինին անվերջ հոսում էր, մյուս՝ ավելի վտանգավոր գայթակղություններն էլ չէին պակասում: Եվ երբ արևելքում երևաց աղոտ արշալույսը, մեր սքանչելի խնջույքը իր գագաթնակետին էր:
Թղթախաղից ու ոգելից խմիչքների ազդեցությունից կարմրած՝ ես մի բավական պիղծ կենաց էի առաջարկում, երբ հանկարծ ուշադրությունս շեղեց կտրուկ, կիսով չափ բացված դուռը և ծառայիս հուզված ձայնը: Նա հայտնեց, որ ինչ-որ մեկը ցանկանում է շտապ խոսել ինձ հետ նախասենյակում:
Գինուց ծայրաստիճան գրգռված՝ ես ավելի շատ ուրախացա, քան զարմացա անսպասելի հյուրի հայտնվելուց: Անմիջապես օրորվելով առաջ գնացի և մի քանի քայլ առաջանալով՝ դուրս եկա նախասենյակ: Այս ցածր առաստաղով փոքր սենյակում լապտեր չկար, և լույսի ոչ մի շող չէր թափանցում այնտեղ, բացի չափազանց թույլ, նոր բացվող արևի շողից, որն անցնում էր կիսաշրջանաձև պատուհանից: Հազիվ էի շեմից ներս մտել, երբ տեսա գրեթե իմ հասակի մի երիտասարդի, որը բրդյա կոպիտ նորաձև հագուստով էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին իմն էր: Կիսախավարում միայն այսքանը տեսա, իսկ դիմագծերը զատորոշել չկարողացա: Երբ ներս մտա, նա արագ քայլերով եկավ ինձ ընդառաջ, ջղաձիգ անհհամբերությամբ բռնեց ձեռքս և ականջիս շշնջաց՝ Վիլյամ Վիլսոն:
Մի ակնթարթում զգաստացա:
Օտարականի շարժուձևը, նրա վեր բարձրացրած դողահար մատը, որը պարզել էր աչքերիս ու լույսի միջև, ինձ չափազանց ապշեցրեց, բայց սա չէր, որ խիստ անհանգստացրեց ինձ: Նրա միաձույլ ցածր ֆշշոցի մռայլ հորդորը և ամենից ավելի այն, ինչպես արտասանեց այդ մի քանի պարզ ու ծանոթ հանգերը, նրա ձայնը, հնչերանգը, որն իմ անցած-գնացած օրերի հազարավոր անկապ հիշողություններ արթնացրեց, ցնցեց հոգիս, ինչպես գալվանական մարտկոց: Մինչ ուշքի կգայի, նա անհետացել էր: Չնայած այս դեպքը ուժեղ տպավորվեց խախտված երևակայությանս մեջ, ազդեցությունը շատ շուտով անցավ: Ճիշտ է, առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ես լրջորեն տեղեկություններ էի հավաքում, քանի որ պարուրված էի հիվանդագին մտորումների քողով: Չէի փորձում թաքցնել ինքս ինձնից, որ նա հենց այն նույն անձնավորությունն է, որն այդքան համառորեն, խառնվում էր իմ գործերին և ձանձրացնում ինձ զրպարտող խորհուրդներով: Բայց ո՞վ էր և ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ Վիլսոնը: Որտեղից էր եկել: Ի՞նչ էր նրա նպատակը: Այս հարցերից և ոչ մեկի պատասխանը չգտա, միայն պարզեցի, որ նույն օրը, երբ հեռացել էի դոկտոր Բրենսբիի ակադեմիայից, նա էլ էր մեկնել, քանի որ տանը ինչ-որ դժբախտություն էր պատահել: Բայց շուտով դադարեցի այդ մասին մտածելուց, որովհետև տարվեցի Օքսֆորդ մեկնելու մտադրությամբ: Շատ չանցած մեկնեցի Օքսֆորդ, իսկ ծնողներս անհաշվենկատ շռայլությամբ ապահովում էին ինձ այնպիսի հանդերձանքով և տարեկան տնտեսությամբ, որ ես կարող էի իմ շռայլությամբ մրցել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կոմսերի ամբարտավան ժառանգների հետ: Գուցե դժվարությամբ հավատաք, որ ես այնքան էի իջել իմ դիրքից, որ ծանոթություն էի փնտրում պրոֆեսիոնալ թղթամոլների շրջանում: Նրանցից սովորեցի ամենաստոր մեթոդները և դառնալով այդ արհամարհելի արվեստի գիտակը, սկսեցի օգտագործել այն իմ, առանց այն էլ հսկայական եկամուտը թուլամիտ ընկերներիս հաշվին մեծացնելու համար: Ինչևէ, դա ճշմարտություն է: Հանցագործությունն ազնվության և խիզախության նկատմամբ չափազանց հրեշավոր էր, և հիմնական պատճառն այդ էր, որ անպատիժ էր մնում: Ամենաբարոյազուրկ ընկերներս ավելի շուտ կկասկածեին իրենց զգացմունքներին, քան ուրախ, անկողծ ու շռայլ Վիլյամ Վիլսոնին՝ ամենապատվարժան ու մեծահոգի ուսանողին ամբողջ Օքսֆորդում. նրա խենթությունը (այդպես էին արտահայտվում պորտաբույծները) միայն անզուսպ երևակայության արդյունք էր, սխալները՝ անընդօրինակելի քմայք, իսկ աններելի արատները՝ անհոգ ու անբռնազբոս խենթություն:
Երկու տարի էր, ինչ հաջողությամբ այդ ուղին էի բռնել, երբ մեր համալսարանում հայտնվեց Գլենդինինգ անունով մի ազնվատոհմիկ երիտասարդ: Ասում էին, որ նա հարուստ էր, ինչպես Հերոդոտ Սթիքուսը և նույնքան էլ հեշտ հարստություն էր ժառանգել: Շուտով հասկացա, որ նա չի փայլում խելքով և իմ որսը դարձրի: Հաճախ նրան խաղի մեջ էի ներգրավում և հնարավորություն էի տալիս մեծ գումարներ շահել, որպեսզի վերջնականապես ծուղակս գցեի: Երբ նախագիծս արդեն հասունացել էր, հանդիպեցի նրան (հույս ունենալով որ այդ հանդիպումը վերջնական ու որոշիչ կլինի) մեր ընդհանուր ընկերոջ՝ պարոն Բրեսթոնի հարկաբաժնում: Վերջինս, որին պետք է տուրք մատուցեի, չէր էլ կասկածում մտադրությանս մասին: Ուզում էի, որ ամեն ինչ բնական լիներ, հոգացի, որ 8-10 հոգիանոց մի խումբ հավաքվեր, որ խաղալու առաջարկը իբր պատահական արվեր և հենց նրա կողմից, ում պատրաստվում էի կողոպտել: Չներկայացնեմ. ասեմ միայն, որ ոչ մի ստոր խորամանկություն, որ այդքան սովորական էր դարձել նման պայմաններում, այդ երեկո բաց չթողնվեց, և զարմանալին այն է, որ կան դեռևս հիմարներ, որոնք դառնում են դրանց զոհը:
Մենք նստեցինք մինչև ուշ գիշեր, և ես ի վերջո այնպես հարմարեցրի, որ Գլենդինինգը դարձավ իմ միակ հակառակորդը: Խաղն ընթանում էր իմ սիրած ձևով՝ ecarte՛: Մյուսները, հետաքրքրվելով մեր մենամարտի ընթացքով, մի կողմ դրեցին խաղաթղթերը և շրջապատեցին մեզ: Երեկոյի սկզբում Գլենդինինգը, շնոհիվ իմ հնարքի, շատ էր խմել և հիմա խաղաթղթերը խառնում, բաժանում ու խաղում էր այնպիսի մոլեգին նյարդայնությամբ, որ դա մասամբ միայն կարելի էր վերագրել նրա հարբած վիճակին: Շատ շուտով նա դարձավ իմ պարտապանը, ընդ որում՝ մեծ գումարով: Պորտվեյնի մի մեծ կում խմելով՝ նա արեց այն, ինչին ես ողջ երեկո սառնասրտորեն սպասում էի, առաջարկեց կրկնապատկել առանց այն էլ մեծ խաղագումարը: Ձևական դժկամությամբ և 2 անգամ հրաժարվելուց հետո, որով ստիպեցի նրան ափերից դուրս գալ, վերջապես համաձայնվեցի, հասկացնելով, որ զիջում եմ նրա համառությանը: Հետո եղավ ճիշտ այնպես, ինչպես նախատեսել էի. մեկ ժամ չանցած Գլենդինինգի պարտքը քառապատկվեց: Դեռ մինչ այդ նրա գինուց կարմրատակած դեմքը աստիճանաբար գունազրկվում էր և հանկարծ, ի զարմանս իմ. Նկատեցի, որ ծայրաստիճան գունատվել էր: Ասում եմ, ի զարմանս իմ, որովհետև նա չափազանց հարուստ էր, իսկ գումարը, որ տանուլ էր տվել, մեծ էր, բայց իմ կարծիքով, չէր կարող տխրեցնել, առավել ևս այդպես ցնցել նրան: Սկզբում մտածեցի, որ ամեն ինչի պատճառը հենց նոր խմած գինին է, և ավելի շատ ընկերներիս շրջանում բարի անունս պահպանելու ձգտումով, քան այլ դրդապատճառներով. արդեն ուզում էի դադարեցնել խաղը, երբ հանկարծ կողքիս կանգնածներիս մեկի բառերը և Գլենդինինգի հուսահատությամբ լի բացականչությունը հասկացրին, որ ես ամբողջովին սնանկացրել էի նրան: Ներկաները, խղճահարությամբ լցված, պատրաստ էին Գլենդինինգին պաշտպանել չարագործից: Դժվար էր ասել, թե ինչպես պետք է ինձ պահեի: Զոհիս անմխիթար վիճակը բոլորովին շշմեցրեց ու տրտմեցրեց, և մի քանի ակնթարթ սենյակում լռություն տիրեց, զգացի, որ իմ ոչ պակաս փչացած ընկերների ատելությամբ ու նախատինքով լի հայացքներից այտերս կարմրատակեցին: հսկայական փեղկերով դռները հանկարծ այնպիսի ուժով ու արագությամբ բացվեցին, որ բոլոր մոմերը մարեցին, ասես կախարդանքով: Հանգչող լույսի տակ հասցրինք նկատել, որ շեմքին հայտնվել էր մոտավորապես իմ հասակի մի երիտասարդ՝ թիկնոցի մեջ ամփոփված: Բայց խավարն այնքան թանձր էր, որ միայն նրա ներկայությունն էր զգալի: Ապշահար կոպիտ ներխուժումից՝ նոր էինք հասցրել ուշքի գալ, երբ հնչեց անկոչ հյուրի ձայնը.
- Պարոնայք,- ասաց նա ցածր ձայնով և տպավորիչ, անմոռաց շշուկով, որից մարմնովս սարսուռ անցավ,- պարոնայք, ներողամիտ գտնվեք, որովհետև իմ այս ներխուժմամբ, ես պարտքս եմ կատարում: Դուք, անկասկած, ոչինչ չգիտեք այն անձնավորության իսկական կերպարի մասին, որն այս գիշեր թղթախաղով մեծ գումար շահեց լորդ Գլենդինինգից: Ես արագ ու համոզիչ մեթոդ կառաջարկեմ ձեզ նրա մասին կարևոր տեղեկություններ ստանալու համար: Բարի եղեք զննել նրա ձախ թևքի աստառը և նրա բաճկոնի բավական ընդարձակ գրպաններում դուք մի քանի փաթեթ կգտնեք:
Երբ նա խոսում էր, այնպիսի լռություն էր տիրում, որ ճանճի բզզոցը կլսվեր: Վերջացնելով խոսքը՝ նա անմիջապես հեռացավ, նույնքան հանկարծակի, որքան հայտնվել էր: Արդյոք կարո՞ղ եմ նկարագրել իմ զգացումը, պե՞տք է արդյոք ասել, որ ես դժոխային սարսափներ եմ ապրել: Բայց մտորելու շատ քիչ ժամանակ ունեի: Բազմաթիվ ձեռքեր բռնեցին ինձ, մոմերն անմիջապես վառվեցին: Սկսեցին խուզարկել: Թևքիս աստառի մեջ գտան բոլոր ձևավոր խաղաթղթերը, որոնք անհրաժեշտ էին ecarte՛-ի համար:
Զայրույթի ցանկացած պոռթկում այդպես չէր ազդի ինձ վրա, ինչպես այն լուռ արհամարհանքը և հեգնական հանդարտությունը, որով ընդունվեց կատարվածը:
- Պարոն Վիլսոն,- ասաց տանտերը, կռացավ, ոտքերիս տակից վերցրեց արտակարգ շքեղ թիկնոցը՝ զարդարված հազվագյուտ մորթով,- պարոն Վիլսոն, ահա սա ձերն է (եղանակը սառն էր. տնից դուրս գալիս բաճկոնիս վրայից թիկնոց էի գցել, բայց, մոտենալով խաղասեղանին, մի կողմ էի դրել այն):
- Կարծում եմ, հարկ չկա այստեղ էլ փնտրել ձեր ճարպկության մյուս ապացույցները,- հեգնական ժպտացող աչքերով նա նայում էր թիկնոցի ծալքերին: - Մենք արդեն բավականաչափ տեսել ենք: Երևի հասկանում եք, որ ավելի ճիշտ կանեք, եթե հեռաք Օքսֆորդից, համենայնդեպս, անմիջապես՝ իմ տանից:
Նվաստացած ու անարգված՝ ես, այնուամենայնիվ, անպատիժ չէի թողնի նրա վիրավորական խոսքերը, եթե ուշադրությունս չգրավեր մի ապշեցուցիչ հանգամանք: Թիկնոցը, որով եկել էի, չեմ համարձակվում ասել, թե ինչ թանկարծեք ու հազվագյուտ մորթուց էր: Ձևվածքը նույնպես իմ երևակայության արդյունքն էր. չէ՞ որ մանրուքների նկատմամբ ես պճնամոլի նման պահանջկոտ էի:
Երբ պարոն Բրեսթոնն ինձ մեկնեց հատակից վերցրած թիկնոցը, զարմանքով նկատեցի, որ իմն արդեն ձեռքիս է (ես, անկասկած, անգիտակցաբար էի վերցրել այն), իսկ մյուսը ճիշտ և ճիշտ դրա կրկնությունն էր:  Տարօրինակ այցելուն, որը ոչնչացնելու աստիճան մերկացրեց ինձ, ինչքան հիշում եմ, թիկնոցով էր, իսկ ներկաներից միայն ես էի թիկնոց վերցրել: Փորձեցի չընկճվել. վերցրի Բրեսթոնի մեկնածը, աննկատելիորեն գցեցի իմի վրայից և զայրացած ու ցուցադրաբար դուրս եկա: Հաջորդ առավոտյան, լույսը չբացված, սարսափից ու ամոթից տանջվելով՝ շտապեցի Օքսֆորդից Եվրոպա մեկնել:
Ավաղ, փախուստս զուր էր: Իմ չար ճակատագիրը ցնծությամբ հետևեց ինձ, ես հասկացա, որ նրա առեղծվածային իշխանությունը դեռ բացահայտնվելու էր: Նոր էի ոտք դրել Փարիզ. երբ ինձ հետաքրքրող մի հարց պարզեցի, թե այդ Վիլսոն կոչվածը ինչ դեր էր խաղում իմ կյանքում: Տարիներն անցնում էին, բայց նա ինձ հանգիստ չէր տալիս: Չարագո՛րծ: Հռոմում, անամոթ հանդգնությամբ և շատ անժամանակ նա կանգնեց իմ և նպատակիս միջև: Նույնը՝ Վիեննայում, Բեռլինում ու Մոսկվայում: Կա՞ արդյոք աշխարհում մի անկյուն, որտեղ ես առիթ չեմ ունեցել հոգուս խորքում նրան անիծելու: Նրա հանելուկային դաժանությունից սարսափով խուսափում էր ինչպես ժանտախտից, բայց իզուր էր փախչում նույնիսկ աշխարհի ծայրը:
Ո՞վ է նա, որտեղի՞ց է հայտնվել, ի՞նչ է հարկավոր նրան ինձնից,- նորից ու նորից այս հարցերի պատասխանն էի փնտրում: Բայց իզուր: Ես ամենայն մանրազննությամբ հետևում էի նրա ոչ տեղին հավոնավորության բոլոր ձևերին, մեթոդներին ու հիմնական առանձնահատկություններին: Սակայն նույնիսկ սա հիմք չէր տալիս որևէ բան կռահելու: Մնում է ասել, որ վերջին ժամանակներս, բոլոր դեպքերում, երբ նա կանգնում էր իմ ճանապարհին, փորձում էր խափանել իմ այն նախագծերը կամ արգելել այն քայլերը, որոնք, եթե հաջողվեին, իսկական չարիքի առիթ կդառնային: Որքա՜ն խղճուկ արդարացում անարդար շնորհված իշխանության համար, խղճուկ վարձատրություն այդքան կամակոր և մարդու ինքնուրույնության իրավունքի նկատմամբ վիրավորական ոտնձգության դիմաց:
Ես ստիպված էի նկատել, որ ինձ չարչարողը (տարօրինակ մանրակրկիտությամբ և զարմանալի ճարպկությամբ ընդօրինակելով հագուստս) տարբեր ձևերով խանգարում էր ինձ գործել սեփական կամքով, շատ երկար ժամանակ հաջողացրել էր ցույց չտալ ինձ իր դեմքը: Ով էլ լիներ Վիլսոնը, սա, համենայն դեպս, նրա կողմից դերասանություն էր կամ ուղղակի հիմարություն: Մի՞թե նա կարող էր ենթադրել, որ Իթոնում իմ փաստաբանի մեջ, ինձ պատվազուրկ անողի մեջ Օքսֆորդում, նրանում, որ տապալեց իմ փառասիրական ձգտումը Հռոմում, իմ վրեժը՝ Փարիզում, իմ կրքոտ սերը՝ Նեապոլում կամ էլ այն, որ Եգիպտոսում նա ժլատություն անվանեց, այդ չար ոգու և թշնամու մեջ ես չէի ճանաչել դպրոցական օրերի Վիլյամ Վիլսոնին՝ իմ անվանակցին, համադասարանցուն, պարոն Բրենսբիի հաստատությունում իմ ատելի ու սարսափազդու մրցակցին: Բայց շտապեմ դրամայի հարուստ իրադարձություններով ավարտին:
Մինչ այդ ես անկախ ինձնից հպատակվում եի նրա հզոր իշխանությանը: Պատկառանքով լի վախը, որ տածում էի նրա վեհ անձի նկատմամբ, Վիլսոնի հզոր խելքը, ամեն ինչին տեղյակ լինելն ու ամեն ինչ կարողանալը և նրա մյուս գծերը ինձ միանգամայն հասկանալի սարսափ էին ներշնչում, որը մինչ այդ ստիպում էր ինձ ընդունել իմ թույլ ու անօգնական լինելը, և որը անխոս հանգեցնում էր նրան այն մտքին, որ դառը դժկամությամբ ենթարկվում էի նրա դաժան կամքին: Բայց վերջին օրերս ինձ լիովին գինուն տվեցի, այն ավելի էր գրգռում իմ առանց այն էլ անհանգիստ ներքինը, և ես անհամբերությամբ ուզում էի ազատվել կապանքներից: Սկսեցի մտմտալ, հետո տատանվել, դիմադրել: Եվ մի՞թե ինձ թվում էր, որ ինչքան հաստատ էի գործում, այնքան ինձ չարչարողը նահանջում էր: Ինչևէ, հոգիս լույսով բռնկվեց, վերջապես ծնունդ առավ դաժան ու անմխիթար որոշում, որ այլևս չեմ հանդուրժի ստրկական վիճակը:
18.. թ. Հռոմի պարահանդեսի ժամանակ նեոպոլիտանյան դուքս դը Բրոյլիոյի պալատը, դիմակահանդեսի մեկնեցի: Այդ օրը սովորականից շատ խմեցի, իսկ մարդաշատ սենյակների հեղձուցիչ օդը անտանելի կերպով ազդում էր վրաս: Բացի այդ ամբոխի միջով հազիվ էի անցնում. սա ավելի էր զայրացնում ինձ, քանի որ շտապում էի գտնել (չեմ ասի, թե ինչ անարժան մղումով) երիտասարդ, ուրախ գեղեցկուհուն՝ զառամյալ, թուլամիտ դը Բրոյլիոյի կնոջը: Նա նախորոք անհամեստորեն վստահել էր ինձ իր գաղտնիքը, թե ինչ զգեստով է ներկայանալու, և վերջապես նկատելով նրան ամբոխի մեջ, շտապում էի մոտենալ: Հենց այդ վայրկյանին ուսիս ձեռքի թույլ հպում զգացի և լսեցի անիծյալ ու անմոռանալի խուլ խշշոցը:
Զայրույթից խելակորույս՝ շրջվեցի դեպի նա, ով  կանգնեցրել էր և գազազած բռնեցի օձիքից: Ինչպես և սպասում էի, նրա հագուստը հար և նման էր իմին. երկնագույն թավշյա իսպանական թիկնոց, գոտկատեղը հավաքված էր ալ կարմիր գոտիով, կողքից կախված էր սուսերը: Սև մետաքսյա դիմակը ամբողջովին ծածկում էր դեմքը:
- Սրիկա,- ասացի զայրույթից խռպոտած ձայնով: Արտասանածս յուրաքանչյուր վանկից կատաղությունս կարծես ավելի մոլեգնեց:
- Սրիկա, ինքնակոչ, անիծյալ չարագործ: Դու այլևս, այո, այլևս չես հետապնդի ինձ: Հետևիր ինձ, եթե ոչ, տեղում սրախողխող կանեմ քեզ:
Ես դուրս նետվեցի պարասրահից դեպի հարևան նախասենյակը, իսկ նա, առանց դիմադրելու, հետևեց ինձ:
Ներս մտնելով՝ կատաղորեն մի կողմ հրեցի նրան: Նա օրորվեց, պատին հենվեց, իսկ ես հայհոյելով փակեցի դուռը և հրամայեցի նրան պատրաստվել մենամարտի: Սկզբում, մի ակնթարթ, նա տատանվեց, հետո առանց խոսքի, հոգոցով հանեց սուսերը և գրավեց իմ մարտատեղը:
Մենամարտը երկար չտևեց: Ես մելեգնել էի և ձեռքումս հսկայական ուժ ու կարողություն էի զգում: Քիչ անց նրան դեմ տվեցի պատին:
Վերջապես նա իմ կամքին էր հանձնված, և ես մի քանի անգամ կատաղորեն  խոցեցի նրա կուրծքը:
Այդ պահին ինչ-որ մեկը փորձեց բացել դուռը: Շտապեցի ամուր փակել մուտքը և անմիջապես վերադարձա մահացող հակառակորդիս մոտ: Մարդկային լեզուն անզոր էր նկարագրել այն զարմանքն ու սարսափը, որ պատեց ինձ իմ դեմ հառնած տեսարանից: Մի ակնթարթը, երբ ես աչքս թեքել էի, բավական էր եղել, որ սենյակի հեռավոր անկյունում ամեն ինչ փոխվեր: Մի հսկայական հայելի էր հայտնվել այնտեղ, համենայնդեպս, սկզբում ինձ այդպես թվաց, և երբ աննկարագրելի սարսափով մոտեցա դրան, անհաստատ քայլերով ինձ ընդառաջ եկավ սեփական արտացոլումս՝ արյունոտ ու գունատ դեմքով:
Ասացի արտացոլումս, ոչ, իմ հակառակորդն էր՝ տանջամահ եղող Վիլսոնը: Նրա դիմակն ու թիկնոցը գետնին էին ընկած, որտեղ նա գցել էր դրանք: Եվ ամեն թել նրա հագուստի վրա, ամեն մի գիծ նրա արտասովոր դեմքին ճիշտ և ճիշտ իմի նմանակումն էր:
Իմ առջև Վիլսոնն էր: Բայց հիմա նա շշուկով չէր խոսում, և ինձ թվաց, թե ինքս արտասանեցի.
- Դու հաղթեցիր և ես հանձնվում եմ, սակայն սրանից հետո դու այլևս չկաս, մեռած ես աշխարհի, երկնքի և հույսերի համար: Նայիր ինձ. չէ՞ որ սա դու ես, որ գոյություն ունեիր իմ մեջ և իմ մահվամբ քո վերջը տվեցիր անվերադարձ:

Թարգմանությունը անգլերենից՝ Սեդա Գաբրիելյան

Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Վիլյամ Վիլսոն Էդգար Ալան Պո | Վիլյամ Վիլսոն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:21:00 Rating: 5
Технологии Blogger.