Սիրելի Ավետիք,
Ես քեզ քանի անգամ գրել էի
նամակներիս մեջ, որ քո ուղարկած լուսանկարները և Վենետիկի ալբոմները տիկին Մարտիրոսյանի
միջոցով վաղուց ստացել և դրա համար քանի-քանի անգամ շնորհակալություն եմ քեզ հայտնել:
Ես կարծում եմ, որ իմ նամակները դու ստացել ես արդեն, քանի որ ես քո նամակները ստանում
եմ կանոնավոր կերպով:
Ինչպես գիտես, մեզ մոտ կյանքը
մեծ թափով առաջ է գնում, աշխատողի համար գործ շատ կա, ճիշտ է՝ հարմարություններ քիչ
կան: Երևանում կոմֆորտով ապրելու հնարավորություն չկա, հենց դրա համար էլ Ա. Թամանյանի
Երևանի նոր կազմած նախագծով գարնանից սկսվելու են կառուցվել նոր շենքեր, իհարկե՝ հարմարություններով,
համենայն դեպս, այդ շենքերը կլինեն ավելի գեղեցիկ և հարմար, քան թե այն բոլոր շենքերը,
որ հայ բուրժուազիան շինել է Թիֆլիսում, Բաքվում, Արմավիրում, Ռոստովում և մի շարք
քաղաքներում Հայաստանից դուրս:
Այստեղի վերջին նորությունները,
որոնք կարող են քեզ համար հետաքրքիր լինել, հետևյալն են. Միքայել Մանվելյանը գրել է
մի նոր պիեսա՝ «Լուսնոտ աղջիկը» անունով, որը կարդաց ընկերական շրջաններում և, կարծեմ,
տպագրվելու է «Նորքում», որտեղ, չեմ հասկանում ինչու, մինչև հիմա դու չես մասնակցում:
Դերենիկը Երևանում է, և նրա «Քաջ Նազար» պիեսան Պետական թատրոնի բեմի վրա մեծ հաջողությամբ
ներկայացվում է, կարծեմ 15, թե 16-րդ անգամ: Ի միջի այլոց, մեր Պետական թատրոնը մեծ
նվաճումներ է արել, և հասարակությունը մեծ հաճույքով հա-ճախում է:
Կոնսերվատորիան տալիս է հերթական
համերգներ, լրացնելով հասարակության երաժշտական պահանջը, որի գլուխն է կանգնած Արշակ
Ադամյանը՝ շատ լուրջ և գործին նվիրված մարդ:
Երևանում գտնվում է նույնպես
կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, պատրաստել և վերջնականապես կավարտի մոտակա օրերս մի հայկական
օպերա՝ «Ալմաստ» անունով, որի լիբրետտոն վերցված է Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմայից և մշակված է Սոֆիա Փարնոկ ռուս բանաստեղծուհու միջոցով:
Նկարիչների, այսինքն՝ կերպարվեստի
աշխատավորների ընկերությունը, պատրաստվում է Երկրորդ գարնանային պատկերահանդեսին, որը
բացվելու է ամենաուշը մայիսի մեկին:
Այս օրերս Վենետիկից՝ Հացունուց
ստացա նամակ, և պատասխանը կստանա իրան հետաքրքրող տեղեկություններով՝ Հնությանց պահպանության
կոմիտեի քարտուղար Աշխարհբեկ Քալանթարից:
Նորերս գտնվել է հայկական արքայի
արձանի գլուխը, որը մեծ հնագիտական արժեք է ներկայացնում:
Ուրեմն, նամակս պետք է վերջացնեմ,
որովհետև չորս երեսը լրանում է: Բարևներս ընտանիքիդ:
Քո՝ Մարտիրոս
Մարտիրոս Սարյան | Նամակ Ավետիք Իսահակյանին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 11, 2017
Rating:
