Էդգար Ալան Պո | Մորելլա


Ինքն իր հետ, միայն, իր հավիտենական միայնության մեջ:
Պլատոն «Խնջույք» (211, XXIX)

Մորելլայի՝ իմ ընկերուհու հանդեպ խոր և իրավամբ, տարօրինակ զգացմունք էի տածում: Տարիներ առաջ պատահմամբ ծանոթացա նրա հետ բարձրաշխարհիկ հասարակության հավաքույթներից մեկում, և հենց առաջին հանդիպումից հոգիս բռնվեց նախկինում ինձ ծանոթ մի բոցով, որը սակայն Էրոսի հուրը չէր և հոգուս դառը տառապանքներից հետզհետե եկա այն համոզման, որ չեմ կարող զգացմունքիս ոչ արտասովոր բնույթը պարզել և ոչ էլ տարտամ ուժգնությունը սաստել: Ինչևէ, մենք հանդիպեցինք: Ճակատագիրը մեզ միացրեց խորանի առաջ. կրքի մասին խոսք չասացի և ոչ էլ՝ սիրո: Նա հեռացավ բարձրաշխարհիկ հասարակությունից և մեկընդմիշտ կողքիս մնալով՝ ինձ դարձրեց երջանիկ: Զարմանահրաշ երջանկությո՛ւն, ցնորական երջանկությո՛ւն:
Մորելլայի իմաստնությունը սահման չուներ: Կյանքովս եմ երդվում, որ նա բացառիկ ունակությունների ու խելքի վիթխարի կարողությունների տեր կին էր: Ես դա զգացի և շատ հարցերում դարձա նրա աշակերտը: Շուտով պարզեցի, որ իր փրեսբուրգյան կրթության շնորհիվ էր գուցե, որ նա իմ առջև էր դնում բազում խորհրդավոր քերթվածքներ, որոնք սովորաբար համարվում են վաղ շրջանի գերմանական գրականության զուտ անարժեք գործեր: Թե ինչու էր դա Մորելլայի ուսումնասիրության հիմնական և սիրված նյութը, պատկերացում անգամ չունեմ, իսկ այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում այդ ամենը դարձավ իմ սեփականությունը, կարող եմ վերագրել սովորության և օրինակի պարզ, բայց հզոր ազդեցությանը: Որքան հիշում եմ, համոզմունքներս մտացածին ոչ մի հետք չէին կրում, ոչ էլ կարդացածիս մեջ խորհրդածության նշույլ կար, եթե ոչ, ապա չարաչար սխալվում եմ կամ վարվելակերպիս կամ մտքերիս մեջ: Դրանում համոզված, առանց վարանման դարձա կնոջս հետևորդն ու վճռականորեն մխրճվեցի նրա ուսումնասիրությունների քաոսի մեջ: Իսկ հետո, ավելի ուշ, խոնարհվելով էջերի վրա, զգացի, որ մեջս արթնանում է մի արգելված ոգի: Այնժամ Մորելլան իր սառն ափով հպվում էր մատներիս և անկենդան փիլիսոփայության մոխրացած հատորների միջից փորփրում, դուրս էր հանում խղճուկ, անջատ բառեր, որոնց խորհրդավոր իմաստը տպվել է ուղեղումս: Հետո երկար նստում էի նրա կողքին՝ ունկն դնելով նրա ձայնի երաժշտությանը, մինչև վերջապես մեղեդին սարսափով էր հագենում և հոգուս մի ստվեր էր իջնում, ու ես գունատվում էի, ներքուստ ցնցվում այդ հնչյուններից, որոնց մեջ այնքան քիչ բան կար երկրային: Եվ այսպես խնդությունը հանկարծակի վերածվում էր սարսափի, գեղեցիկը դառնում գարշելի, ինչպես Հիմոնն է Գեհեն դառնում:
Հարկ չկա պատմելու մեր զրույցների բովանդակության մասին, որը ծնունդ էր առնում նշված գրքերից՝ առհավետ դառնալով իմ և Մորելլայի խոսակցության գրեթե միակ առարկան: Աստվածաբանական բարոյախոսությունն ուսումնասիրող մարդիկ կարող են պարզ պատկերացում կազմել մեր ուսումնասիրությունների մասին, իսկ մյուսները հազիվ թե որևէ բան հասկանան այդ ամենից: Ֆիխտեի բուռն պանթեիզմի, պյութագորականների հոգու տեղափոխության տեսության և, որ ամենակարևորն է, Շելլինգի նույնության ուսմունքի քննարկումն էր, որ սովորաբար գեղեցիկի ամենաջերմ շունչն էր հաղորդում հարուստ երևակայության տեր Մորելլային: Անհատական կոչվող այդ նույնությունը պարոն Լոքը ճշմարտացիորեն բնորոշում է իբրև մտածող էակի առողջ բանականություն: Եվ քանի որ անհատ ասելով հասկանում ենք բանականությամբ օժտված ռացիոնալ սկիզբ, իսկ մտածողությանը մշտապես ուղեկցում է  գիտակցությունը, ապա հենց այս երկուսն են թույլ տալիս մարդուն կոչելու «ես», դրանով իսկ տարբերելով նրան մտածող մյուս էակներից: Սակայն «անձնական սկիզբը»՝ անհատի մասին պատկերացումը, որը մահվան հետ մեկտեղ կորչում է կամ ոչ՝ ինձ հանգիստ չէր տալիս: Պատճառը նրա էության գայթակղիչ և պարադոքսալ լինելը չէր, այլ այն ակնհայտ հուզմունքը, որով այդ ամենի մասին խոսում էր Մորելլան:
Սակայն շուտով վրա հասավ այն ժամը, երբ կնոջս անբացատրելի խորհրդավորությունը չար նզովքի նման կեղեքեց հոգիս: Ինձ համար ահավոր էր տանել նրա դալուկ մատների հպումը, նրա մեղմ, երաժշտական ձայնը, թախծոտ աչքերի փայլը: Նա այդ մասին գիտեր, սակայն ինձ չէր կշտամբում. թվում էր, թե հասու էր իմ թուլությանը, գուցե և խենթությանը ու ժպտալով այն ճակատագիր էր կոչում: Ասես նրան հայտնի էր հայացքիս խորթացման անհասկանալի պատճառը, բայց Մորելլան լռում էր: Ինչևէ, նա կին էր և օր-օրի թոշնում էր: Որոշ ժամանակ անց նրա այտերին կարմիր պուտեր, իսկ գունատ ճակատին կապույտ մազանոթներ հայտնվեցին. մի պահ խղճահարությունից սիրտս նվաղեց, սակայն հաջորդ վայրկյանին, երբ հայացքս հանդիպեց նրա խոսուն աչքերին, հոգիս մատնվեց մի այնպիսի խուճապի, ինչպիսին պատում է անհատակ ու մութ անդունդի եզրին կանգնած մարդուն:
Ասե՞մ նաև, որ սրտանց փափագում էի Մորելլայի մահը: Այո, դա այդպես էր, սակայն դյուրաբեկ հոգին բազում օրեր, շաբաթներ ու հոգեմաշ ամիսներ կառչեց իր հողեղեն մարմնից, մինչ իմ հոգնատանջ նյարդերը հաղթեցին գիտակցությանս, և ես այդ սպասումից կատաղած, դիվային զայրույթով հայհոյեցի օրերը, ժամերը, անողոք րոպեները, որոնք նրա անխռով կյանքի մարելու հետ մեկտեղ, մեռնող օրվա ստվերների նման ավելի ու ավելի էին երկարում:
Սակայն աշնանային մի երեկո, երբ քամիները պահ էին մտել երկնակամարում, հիվանդ Մորելլան կանչեց ինձ իր մահճի մոտ: Երկիրը պարուրվել էր թափանցիկ մշուշով, ջրերը ցողվել էին մեղմ ճաճանչով, իսկ երկնակամարից պոկված ծիածանն ընկել էր ոսկեփայլ անտառի փարթամ տերևների մեջ:
- Այս է օրերի օրը,- ասաց նա, երբ մոտեցա,- օրերի օրը ապրելու կամ մեռնելու: Հիասքանչ օր է երկրի և կյանքի որդիների համար, առավել հիասքանչ՝ երկնքի և մահվան դուստրերի համար:
Ես համբուրեցի մորելլայի ճակատն, ու նա շարունակեց:
- Հիմա ես մեռնում եմ, բայց դեռ էլի կապրեմ:
- Մորե՜լլա:
- Դու երբեք չկարողացար սիրել ինձ, սակայն նա, ով քեզ նողկանք էր պատճառում կենդանի ժամանակ, պաշտելի կդառնա մահվանից հետո:
- Մորե՜լլա:
- Նորից եմ կրկնում, մեռնում եմ: Սակայն իմ մեջ կրում եմ այն սիրո (ավաղ, այդքան կարճատև) գրավականը, որը դու տածում էիր իմ Մորելլայի հանդեպ, և երբ հոգիս հեռանա, երեխան կապրի՝ քո և իմ՝ Մորելլայի զավակը: Սակայն օրերդ կվերածվեն վշտի, վիշտ, որ ամենահարատևողն է զգացմունքներից, ինչպես նոճին բոլոր ծառերից: Քո երջանկության ժամերը վերջացան, խնդության ծաղիկները տարին 2 անգամ չեն ծաղկում, ինչպես Պեստումի վարդերը: Դու այլևս չես վայելի այս կյանքը, ինչպես մեծն թեոսցին՝ Անակրեոնը, այլ հաճույքներին անիրազեկ կկրես պատանքդ երկրի վրա, ինչպես մուսուլմանը Մեքքայում:
- Մորե՜լլա, Մորե՜լլա,- բղավեցի ես,- որտեղի՞ց գիտես այդ ամենը: - Սակայն Մորելլան շրջվեց բարձին: Նրա մարմինը թեթևակի ցնցվեց: Այսպես նա մահացավ, և ես այլևս չլսեցի նրա ձայնը:
Այո, ինչպես և նա էր կանխագուշակել, երեխան, որին մահանալով ծնունդ տվեց ինքը, և որը չշնչեց, մինչև մայրը չդադարեց շնչել, ապրեց: Նա արտասովոր կերպով աճում էր, թե՛ մարմնով, թե՛ խելքով և կատարյալ նմանությունն էր այն մեկի, որը համբարձվեց, իսկ ես սիրեցի դստերս ավելի տենդագին, քան հնարավոր էի համարում այս աշխարհում որևէ մահկանացուի հանդեպ նմանօրինակ զգացմունք տածել:
Շուտով անբասիր զգացմունքիս երկնակամարը մթագնեց, և տրտմության, սարսափի ու վշտի սև ամպերը պատեցին նրան: Արդեն ասացի, որ երեխան տարօրինակ կերպով աճում էր թե՛ մարմնով, թե՛ խոլքով: Հիրավի, տարօրինակ էր նրա արագընթաց աճը, բայց և ահավոր էին այնխռովահույզ մտքերը, որոնք խռնվում էին ուղեղումս, երբ հետևում էի նրա հոգեկան աշխարհի զարգացմանը: Եվ կարո՞ղ էր արդյոք այլ կերպ լինել, եթե ամեն օր մանկան խոսքերում հայտնաբերում էի երիտասարդ կնոջ մտածողություն և ընդօրինակություններ, երբ երեխայի շուրթերից կյանքի մեծ փորձն էր հորդում, երբ նրա խոշոր, մտախոհ աչքերում հասուն տարիքին հատուկ իմաստնություն և կրքեր էի կարդում: Ու երբ, կրկնում եմ, այս ամենն ակնհայտորեն ըմբոստացավ սարսափահար գիտակցությանս դեմ, երբ այլևս ի վիճակի չէի թաքցնել այն հոգուցս, ի վիճակի չէի հավատի ծարավ իմացությանս հետ պայքարել, արդյո՞ք կարելի է զարմանալ այն փաստի վրա, որ հոգումս սահմռկեցուցիչ կասկածներ էին վխտում, իսկ մտքերս սարսուռով էին դիմում դամբարանում հանգչող Մորելլայի երևակայության խելահեղ պոռթկուկմներին և զգայացունց տեսություններին: Ես աշխարհի հետաքրքրասեր աչքերից թաքցրի մի էակ, որին ճակատագրի կամոք պաշտում էի, և տանս դաժան միայնության մեջ տանջալից հուզմունքով պահպանում էի այն ամենը, ինչ կապված էր սիրեցյալ դստերս հետ:
Եվ որքան տարիները գլորվում էին, ես զննում էի նրա հրեշտակային, հեզահամբույր դեմքը, պերճախոս հայացքը, ձևավորվող կազմվածքը, այնքան օր-օրի նմանության նոր գծեր էի հայտնաբերում մանկան և մոր՝ մելամաղձոտի և մեռյալի միջև: Ժամ առ ժամ նմանության այդ ստվերներն ավելի էին թանձրանում, դառնում առավել լիարժեք, որոշակի և ապշեցնող, լեցուն զազրելի սարսափով: Ես կարող էի տանել մանկան և մոր ժպիտների նմանությունը, սակայն ցնցվում էի նրանց կատարյալ նույնությունից. կարող էի դիմանալ նրանց աչքերի նմանությանը, բայց երեխան հաճախ էր Մորելլայի տիրազոր, շփոթեցնող հայացքով թափանցում հոգուս խորքերը, և լայն ճակատի գծագրումը, մետաքսյա մազերի գանգուրները, ուր խրվում էին նրա բարակ, դալուկ մատները, նրա ձայնի մելամաղձոտ երաժշտականությունը և որ ամենակարևորն է (իսկապես ամենակարևորը)՝ մեռածի բառերն ու արտահայտությունները սիրելիի և ողջի շուրթերում ծնունդ էին տալիս սևեռուն մտքերի և հոգիս կրծող սարսափի մի որդի:
Այսպես անցան դստերս կյանքի 10 տարիները, և նա դեռևս անանուն էր մնում երկրի երեսին: «Աղջիկս», «անուշիկս» քնքուշ խոսքերից բացի հայրական բուռն զգացմունքներն այլ անվանումների կարիք չունեին, իսկ այն անխաթար միայնությունը, որի մեջ աղջիկն ապրում էր, զրկում էր նրան այլ մարդկանց հետ հաղորդակցվելուց: Մորելլայի մահվան օրը մահացավ նաև նրա անունը: Մոր մասին դստերս հետ երբեք չէի խոսել, անհնար էր խոսել: Եվ իսկապես, իր գոյության այդ կարճ ժամանակահատվածում արտաքին աշխարհը մանկան ճգնավորության նեղլիկ սահմաններից այն կողմ մնում էր անճանաչելի: Վերջապես, խռովահույզ մտքերիս առաջ պատկերացավ մկրտության ընդարմացնող արարողությունն իբրև ճակատագրիս սարսափներից խուսափելու հնարավոր փրկություն: Եվ կնքավազանի մոտ աղջկաս անունն ընտրելիս ես վարանեցի: Այնժամ միտքս եկան հին ու նոր ժամանակների, իմաստուն ու գեղեցիկ, համերկրացի ու այլազգի կանանց բարի, հրաշալի անունները: Արդյոք ի՞նչը ինձ հուշեց ննջեցյալի հիշատակը խռովել: Ո՞ր սատանան ինձ մղեց արտաբերելու մի հնչյուն, որի հենց միայն հիշատակումից արդեն բոսորագույն արյունը քունքերիցս դեպի սիրտս էր հորդում: Ի՞նչ շար ոգի խոսեց հոգուս խորքից, երբ կիսախավար եկեղեցու կամարների ներքո, գիշերային լռության մեջ հոգևորականի ականջին շշնջացի երեք վանկ՝ Մո-Րել-Լա: Ի՞նչն աղճատեց աղջկաս դեմքը, եթե ոչ չար ոգին՝ սքողելով այն մահվան շղարշով, երբ հազիվ լսելի արտաբերումից ցնցվեց, իր վճիտ աչքերը երկրից ուղղեց դեպի երկինք և ուժասպառ հենվելով մեր տոհմական դամբարանի սև պաստառներին, արձագանքեց.
- Ես այստե՛ղ եմ:
Հստակ անվրդով, սառնասրտորեն, պարզորոշ հնչեցին այդ բառերն իմ ականջին, և այնտեղից, ինչպես հալեցրած կապար, ֆշշոցով գալարվելով՝ հոսեցին դեպի ուղեղս: Տարիները… տարիները կարող են անհետ կորչել, բայց հուշն այդ ակնթարթի՝ երբեք: Կյանքն իր վայելքներով, անշուշտ, շարունակեց հորդել, սակայն խնդակոթն ու նոճին գիշեր ու զօր իրենց մութ ստվերն էին գցում ինձ վրա: Այլևս չզգացի, թե ինչպես է անցնում ժամանակը և որտեղ եմ ես, իսկ ճակատագրիս աստղերը խամրեցին, ու համակ մթություն տիրեց աշխարհին: Մարդկային կերպարանքները ճախրող ստվերների պես թռան-անցան կողքովս, որոնց մեջ միայն Մորելլային էի նշմարում: Քամիներն ականջիս նույնն էին շշնջում, ծովի այլակներն առհավետ մեկ հնչյուն էին մրմնջում՝ Մորե՜լլա, Մորե՜լլա:
Սակայն նա մահացավ. Դստերս ձեռքերիս վրա տարա դամբարան և երկար ու դառը քրքջացի, երբ գերեզմանում, ուր դնում էի երկրորդ Մորելլային, չգտա առաջինից և ոչ մի հետք: 

Թարգմանությունը անգլերենից՝ Ժաննա Կարապետյան

Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Մորելլա Էդգար Ալան Պո | Մորելլա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 11, 2017 Rating: 5
Технологии Blogger.