Վրթանես Փափազյան | Սերմնացանը


1
Այդ առավոտ շո´ւտ էի զարթնել:
Արևը նոր էր ծագել. սահուն և կտոր-կտոր ամպերը հաճախ ստվերում էին նրա ճառագայթները. շրջակա անտառոտ լեռներն ամբողջովին դեռ պատած էր թանձր մշուշով. աշնանային խոնավ, անձրևոտ այդ օրերը ցեխ էին շինել, թացության մեջ ծածկել շրջակայքը
Երբ դուրս ելա, դռան առաջ տանտերս հանդիպեց: Սայլի վրա երկու չութ բարձել, որդու հետ մոտակա արտն էր ուզում գնալ՝ աշնանացան անելու:
Առաջարկեց ընկերանալ: Սայլը ելա, սերմացուի տոպրակը նստարան շինեցի և մի այլ երիտասարդի հետ, որ գալիս էր օգնելու, գյուղից դուրս գնացինք:
Մոտ էր արտը. թաց էր, բայց շատ ցեխ չէր. հարմար էր չթելու և ցանելու: Հարմար էլ չլիներ՝ ժամանակն էր:
Եվ երբ հասել էինք, իսկույն գործի ձեռնարկեցին:
Լծեցին արտի կիսից. տանտերս ցած գլորեց ցորենի տոպրակը, մի մեծ սպիտակ գոգնոց կապեց ուսից, խնդրեց իմ օգնությունը և մի փթաչափ սերմ հավաքելուց հետո ոտքի ելավ:
Բայց, նախքան սկսելը, ծանրացավ մի ոտքի վրա, դեմքը դեպի արևելք դարձրեց, խաչակնքեց ու աղոթեց.
-Ո´վ Մարիամ աստվածածին, դո´ւ բարեխոս լինես Միածնիդմեկին հազար անես
Ասաց, բուռը լիքը սերմ հանեց գոգնոցից ու շպրտեց դեպի հողը:
Մինչ այդ՝ եզներն էլ քայլեցին: Արտի երկու ափերից գործիքների ծայրերը մղվեցին փուխր հողի մեջ:
-        Հո´, հո~…
-        Բո´դոլ, Բո´դոլ
Եվ գորշ հողը պատռվելով՝ դիզվում էր ակոսների կողերին:
Նստել էի թմբաձև մի հողակույտի վրա ու նայում:
Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում փռվում էր գյուղը՝ իր կարմիր-կղմինդրյա տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված. ապա, ավելի հեռուն՝ դաշտը, դեղին և սև քառակուսիներով ակոսված մինչև լեռների ծայրերը, երբեմն միայն բծավորվում էր կանաչ փոքրիկ տարածություններով: Հորիզոնում, հնձված և նուրբ մշուշով խառն հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով
Այնքա´ն անոսր էր օդը, այնքա´ն մաքուր, որ գյուղից պարզ հասնում էին մեզ սագերի, շների և մանուկների խառն ձայներ. աքաղաղն էլ իր ժանգոտ կանչովն էր պատռում օդը:
Կողքում, քիչ ցած, գետնախնձոր էին հանում: Կին, մանուկ կռացած, փորում էին, կողքին փոքրիկ կրակ էին կազմել՝ թարմ գետնախնձոր խորովելու, և ծուխը թանձրացել էր նրանց շուրջը: Ավելի ցած՝ բլուրների վրա էլ վարում էին. այնտեղից լսվում էր «հորովելի» մելամաղձիկ ձայնը:
Եվ սերմնացանը կաղնիկաղ, պարբերաբար, բռով ցորեն էր սփռում արտի վրա. լսվում էր նրա ընկնելու ձայնը՝ անձրևի նման:
-Ծա´նր, ծա´նր քշի ջլիս…- կանչում էր չթվորներից մեկը:
-Հե~յ ես քո տիրոջը…- նեղանում էր մյուսը եզների վրա:

2
Քայլում էր ու ցանում: Բայց և խոսում էր նա: Ինչ՝ մի քանի բառ, չթվորներին՝ նկատողությունԱյդ բոլորը նա անում էր առանց կանգ առնելու, միապաղաղ ձայնով:
-Ոտդ ո՞ւր ես հուպ տալիս:
-Գնում չեն
Ու անցնում էր, մուշտուկով պապիրոսը բերնին: Անցնում էր մոտովս. ցորենը շղշղալով ընկնում էր ոտներիս առաջ:
-Փե~շքեշ…-ասում էր ինձ:
-Հազարով լինի,- բարեմաղթեցի ես:
-Ալյոշկա´, արի´…-գոչում էր չթվորը,- Ալյոշկա~, ա´րի, ա´րգյալ, Ալյոշկա´…Տո ինչի՞ ես սատկում, ա´րգյալ արի է~է~…
-Ի՞նչ բան է «արգյալը»,- հարցնում եմ:
-Անվարել հող,- բացատրում է սերմնացանը:
Իսկ երբ քիչ հեռանում են, տանտիրոջ որդին, կարծես մի կիսատ թողած խոսակցություն վերանորոգելով, ճնշում է ոտքը չութի կոթի վրա և ասում հորը.
-Մելիքին ե՞րբ ենք փող տալու, որ ասում ես երեք մանեթ էլ կաՔարը որ տարար, փողն առա՞ր
Հայրը քիչ լռում է, մի երկու բուռ ևս նետում, հետո, հեռացած, նույն միապաղաղ ձայնով պատասխանում.
-Քեզա´նից բեխաբարբաս երեք մանեթը դա, իսկ մյուս երե՞քը: Միմյանցից հեռանում էին ավելի, ուստի և ձայները քիչ բարձրացնում, որ լսելի դառնան:
-Բաս որ մի օր եզնիքը տարանք քարհա՞նք…- առարկում է որդին:
Ու լռում են: Հայրը ոչինչ չի պատասխանում:
-Հո´, հ´ո,- դարձյալ լսվում է մյուս չթվորի ձայնը,- Բոդո´լ, հո´, հո´… Ա´յ տղա, կասես ականջները կալած ըլի. երեսուն հետ Բոդոլ եմ ասում, մի հետ ականջ չի անում
-Դե´նը գնա, դե´նը…- ձայնում է մյուսը:
Քիչ հետո սերմնացանը հասնում էր արտի ծայրին: Մտածեցի, որ մի կողմը վերջացրել էր և պիտի կեսիցը դառնար ետ: Բայց նա նորից սերմ լցրեց և նորից նույն կեսի վրա սկսեց:
-Երկու անգա՞մ ես ցանում նույն տեղը,- հարցրի ես:
-Որ խիտ լինի, հավասար,- ասաց նա:
Ապա, երբ հասել էր ինձ, նետեց պապիրոսը և ավելացրեց.
-Առանց էն էլ մի բան չի դուրս գալիսխո տեսա՞ր գարնանացանը:
-Տեսա:
-Մեծ մասը գիժ ցորեն է, մնացածն էլ անձրևներից կալի մեջ ծլել է:
-Այո: Ավելի լավ չի՞ լինի, եթե երբե´ք ցորեն չցանեք. ամեն տարի այդպես է:
-Ապա ի՞նչ անենք:
-Ձեր հողերը ցորենի հող չէ. անձրևները, հողը վա~տ
-Հա´. լավ խոտի, վարսակի հող է:
-Եվ կաղամբի, գետնախնձորի:
-Ճիշտ է:
-Դուք էլ ուրեմն միայն վարսակ, կաղամբ ու գետնախնձոր ցանեք:
Երեսիս նայեց ժպտուն ու ցանելով անցավ: Երբ քիչ հեռացել էր, առանց դառնալու՝ ասաց.
-Լավ ես ասում. բաս դա՞րման:
-Դարմա՞ն. ուրեմն միայն դրա համա՞ր ցանել:
-Ապա ի՞նչպես,- ասաց նա:
Չթվորներից մեկը, որ մոտեցել էր և չութը շուռ տված՝ երկաթի ցեխն էր մաքրում, միջամտեց.
-Որ դարման չլինի,- ասաց նա,- տավարը խոտով չի ապրի:
Այլևս ոչ ոք չխոսեց:
Արևին այդ միջոցին հաջողվել էր քիչ ցանուցրիվ տալ մշուշը: Այժմ էլ վարվող հողիցն էր գոլորշի ելնում և գետնի երեսը քարշ գալով գնում: Գյուղից լսվում էին ավելի և ավելի ձայներ. երևում են սայլավորներ, տավարներ: Մի ինչ-որ, գոմեշներ լծած սայլ էր, լեռներից էր իջնում:
-Ունանենց քոչն է,- դիտեց տանտիրոջս որդին,- սարից են իջնում:
-Պիտի գան, բա՞ս,- ասաց երկրորդ չթվորը հանդեպից անցնելով,- անձրևները օ՞ր են տալիս որ:
-Ադա ո՞ւր եք կանգնել, քշեք է~,- ձայնեց հեռվից սերմնացանը,- ես էս ա պրծնում եմ մեկ կողմը:
Ու կաղնիկաղ մոտենում էր: Գոգնոցի սերմը պրծել էր, բայց, նախքան նորից լցնելը, նստեց ինձ մոտ՝ քիչ հանգստանալու, մի պապիրոս շինեց, վառեց ու ասաց.
-Է~հ, հի´մար բան է, մարդ ափսոսում էլ է այսքան աշխատանքը:
-Ինչո՞ւ,- մխիթարեցի ես,- ասում են, որ աշնանացանը գիժ ցորեն չի տալիս:
-Ճշմարիտ է. բայց տված ցորենն էլ մի բան չիէ´հ, ապրուստ խո չի մերը, դժոխք է, դժո´խքՑանում ես, տանջվում և՝ ոչի´նչ: Տո~թ, մկնե~րգետնախնձորն էլ, հրե´ն, կեսից ավելի փչացել է:
-Հա´, այս տարի ամեն ինչ վատ է եղելբայց ամենքը քեզ պես չեն գանգատվումԱ´յ, Մաթոսը, օրինակ. երեկ ասում էր, որ՝ «փառք ըլի աստծուն, ի՞նչ կա, ամեն տարվա պես տարի է, է´լի»…
-Կասի բաս, ինչո՞ւ չասի,- ժպտաց դառնությամբ սերմնացանը,- նրա շա՞տ մեկ վեջն ա, որ արտը ոչինչ չտա: Ուրիշների հոգին թող դուրս գա. նրա՞ն ինչ. ինքն ու տղեն խո սովորել են ուրիշների տունը քանդելով հարստանալ
-Հա´, ասում են վաշխառու է, տոկոսով
-Հըմ, տոկոս՞ը որն ատոկոսն էլի բան ա. ուղղակի խաբեությունովԱնցյալ օրերը չէ՞ր, որ բողազիցս բռնեց ու քսան մանեթի տեղ տասը սայլ խոտը խլեց ձեռքիցսէ´հ, ուժն էլ նրա կողմն է, իրավունքն էլ
-Էդ նրանից է,- ասացի ես,- որ դուք ձեր իրավունքները պաշտպանել չգիտեք. ոչխա´ր եք, ոչխա´րխուզում են ձեզ լավ
-Չեն խուզում, ո´ւտում են գայլերի պեսԱշխարհումս մարդիկ երկու են լինում՝ գայլ ու ոչխար. դե´հ, իհարկե գայլը ոչխարին կուտի:
-Դուք էլ ոչխար մի´ լինիք. մարդուս իրա´ն ձեռքն է այդ
-Հա´…- արեց նա մտախո´հ,- իրա´վ է, մարդուս իրա´ն ձեռքն է՝ ինչ անասունի ասես՝ նմանվելըմարդ կա, որ օձ է, մարդ՝ որ խոզ, մարդ էլ կա՝ ոչխար է
-Ոչխարը ուրեմն որ ուզենա, գա՞յլ էլ կդառնա:
-Կդառնա, ինչո՞ւ չէ:
Հետո ոտքի ելավ ու քայլեց դեպի ցորենի տոպրակը: Հետը գնացի. ուզում էի տուն վերադառնալ:
Եվ երբ չոքել՝ լցնում էր, ասաց.
-Սպասի´ր, քեզ մի բան պատմեմ, պարո´նՈւզում ես գնա՞լ:
-Չէ, պատմի´ր:
-Մեկ պապիրոս էլ ծխիր, մինչև ես պատմեմՀա´, էն էի ասումՄեր գյուղումը, սրանից տարիներ առաջ, մի խեղճ մարդ կար, Հարութ էր անունը: Մեզ պես ցանում էր, հնձում, գիժ ցորեն ուտում-հիվանդանում. և քա´նի ընտանիքը մի կողմից ավելանում էր, այնքա´ն նրա արդյունքը պակասում էր, անձրևը կալը փչացնում, հիվանդությունը և խոտի պակասությունը տավարը ոչնչացնումքիչ էր մնում ամեն բան թողնի ու գլուխն առնի կորչիՄի օր էլ, երբ այսպես, դառն մտածություններով լի, եկել էր աշնանացանի, հազար անգամ օրն ու հողը, անձրևն ու իր ցանքն անիծելով՝ կռացել սերմացվի տոպրակի վրա՝ ցորեն էր լցնում գոգնոցը, ի՞նչ տեսնի լավ էհանկարծ տեսավ, որ տոպրակիցը մի սատանա դուրս թռավ ու առաջը նստեց
Ի՞նչ ասել կուզի, որ Հարութը խիստ վախեցավ, գոգնոցի միջինը վեր ածեց և ուզեց փախչել:
-Ո՞ւր ես փախչում, տո´,- ասաց նրան սատանան,- ես խո քեզ չե՞մ ուտելու. կա´ց հալա
Հարութս էր. դողը ջանն ընկած՝ կանգնեց:
-Մո´տ արի, ախմա´խ,- ձենեց սատանան,- ինձ խո ճանաչեցի´ր:
-Հրամանք ես:
-Ես խղճացի քեզ, նրա համար էլ եկա: Շատ էլ լավ չի օրդ, հը՞Ցանում ես՝ գիժ է ստացվում, ծնում ես՝ մյուս կողմից ապրուստդ է քչանումԿուզե՞ս, արի քեզ հարստացնեմ:
-Բաս չե՞մ ուզի:
-Դե լավ, որ ըտենց ա, առաջ մեկ էդ սերմացու ցորենի վրա ոտքդ դիր ու մի լա~վ տրորիր
-Ո՞նց, բա մեղքը չի՞
-Հիմա´րբա դու մեղք չե՞սՏրորի´ր, ասում եմ:
Հարութի սիրտը խփում էր, բայց դե, սիրտ արավ ու տրորեց: Տրորելուն պես ոտքը ծռվեց ու կաղ դարձավ:
-Վա´յ, վա´յ,- կանչեց նա,- ոտքս ծռվեց:
- Ոչի´նչ,- ծիծաղեց սատանան,- կաղ ոտքը չի խանգարի հարուստ լինելուըտենց, դե հիմի մոտ արի ու սերմացուիդ տոպրակի մեջն էլ մի լավ թքի´ր
-Բո´ւչէ´, էդ կարող չեմընտանիքս կերակրող տո՞պրակը
-Տո թքիր է´, քեզ ասում եմ. ողջ ընտանիքդ է~նպես հարստացնեմ, որ սաղ գյուղը ոտներդ լզի
Հարութը կռացավ ու թքեց: Բայց հենց որ թուքը ցերենին կպավ, մի ցորեն թռավ մտավ աչքը և ու իսկույն քոռացրեց:
-Վա´յ, վա´յ,- կանչեց նա,- աչքիս մեկը քոռացավ:
-Ո´չինչ,- քրքջաց սատանան,- էն մեկ աչքովն էլ կտեսնես ոսկիներըԴե´հ, հիմի մնաց մեկ բան էլ անելու, պիտի ապականես հողը
-Չէ´, ես էդ բանը չե´մ անիհողը բաս կապականե՞ն, կպղծե՞ն
-Տո արա´, ախմախի ճուտ, էլ հողի հետ ի՞նչ գործ ունես. էնքան ոսկի տամ քեզ, որ մեռնելիս էլ նրա մեջ թաղվես:
Դե´, Հարութն էր, ապականեց: Բայց հազիվ արել էր, մարմնի վրա իսկույն այնպիսի վերքեր գոյացան, որ թե ինքը չազատվեց նրանից և թե ցեղից ցեղ նրա սերունդն օր չտեսավ այդ վերքերից
-Ոչինչ,- ասաց սատանան,- լավ-լավ շորեր կհագնես, վերքերդ չեն երևա
Ասաց, իր չանգերով կնքեց Հարութի սիրտն ու ճակատը և խրատեց:
-Դե հիմի´,- ասաց նա,- գնա տուն. դրացուդ՝ Գալոյենց տան պատերի մեջ ոսկի կա, քանդիր տունն ու ոսկի´ն առԲայց տես, մինչև որ սաղ տունը քարուքանդ չանես, ոսկին չես գտնելուԵթե Գալոյենց ոսկին քեզ չհերիքի, մյուս դրացիներիդ, սաղ քո թաղի, գեղի և աշխարհի տները ոսկիներով լիքն է, քանդիր ու վերցրու
Հետո մի լավ, կուշտ ծիծաղեց ու անհետացավ:
Հարութն էլ գնաց: Մյուս օրն ևեթ Գալոյենց տունը քանդեց, հետո դրացիների և մինչև այժմ էլ ինչ տուն տեսնի՝ կքանդի, որ ոսկի դիզի
Պատմեց սերմնացանը և ոտքի ելավ՝ գոգնոցը ցորենով լի:
-Հետո՞,- հարցրի ես,- ինչո՞ւ այդ բոլորը պատմեցիր:
Երեսիս նայեց ժպտալով ու ասաց.
-Հարութը ոչխար էր, գայլ դարձավ, է´լի
-Իմ ասածն այդ չէր:
-Գիտեմբայց ինձ լսիր: Ասենք՝ ես ուզում եմ ճանապարհ գնալ. փուշ է՝ ջարդում եմ, քար է՝ դեն եմ շպրտում, բաս որ սարը գա, ո՞նց անեմ. կարա՞մ քանդել
-Ոչ մենակ, բայց միասին և համառ աշխատանքով կարող եք նրա տակը փորել
-Միասի~նհամա~ռ
Երեսիս նայեց դարձյալ, մի վայրկյան լուռ մտածեց, հետո բուռը կոխեց, հանեց սերմը և ցանելով հեռացավ
Լուռ՝ ես էլ հեռացա:
Մշուշն իջնում էր դարձյալ, արևը թաքնվել էր և ցուրտ քամին սաստկանում: Չթվորները ճնշում էին գործիքների կոթերը և ակոսելով անցնում:
-Բոդո´լ, Բոդո´լ, ա´րգյալ արի
-Հա´յ ես քու տիրոջ
Վերևում լսվում էին կռունկների ձայներ: Մի զույգ էր այն, որ կռկռալով սավառնում էր դեպի անտառոտ լեռները:

Տես նաև Վրթանես Փափազյան Պատմվածքներ
Վրթանես Փափազյան | Սերմնացանը Վրթանես Փափազյան | Սերմնացանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:29:00 Rating: 5
Технологии Blogger.