Նիկոլայ Բերդյաև | Սեռի և սիրո բնազանցությունը


1
Սեռի և սիրո հարցը կենտրոնական նշանակություն ունի մեր ողջ կրոնափիլիսոփայական և կրոնահասարակական աշխարհայեցողության համար: Բոլոր սոցիալական տեսությունների թերությունը սեռական սիրո, կյանքի այդ ակունքի, ողջ մարդկային պատմության համար «պատասխանատու»-ի ամոթխած, երբեմն էլ երեսպաշտ անտեսումն է։ Սեռի և սիրո հետ կապված է աշխարհում խզման և միավորման առեղծվածը. սեռի և սիրո հետ կապված է նաև անհատականության և անմահության խորհուրդը։ Դա ամենատանջալի խնդիրն է ամեն էակի կյանքում և բոլոր մարդկանց համար՝ անսահմանսրեն կարևոր այնպես, ինչպես կյանքի պահպանման և մահվան խնդիրը: Դա համաշխարհային «անիծյալ» հարց է, և ամեն մեկը մենակության մեջ, փութաջանորեն թաքնվելով ու ասես խայտառակությունից ամաչելով, փորձում է հաղթահարել սեռի ու սիրո ողբերգությունը, հաղթել աշխարհի սեռական ներխզվածությունը՝ բոլոր մնացած խզումների այդ հիմքը. ամենահետին մարդն անգամ ձգտում է սիրել թեկուզ գազանի նման: Ուստի ապշեցնում է այդ հարցի շուրջ տիրող լռության դավը. զարմանալի է այն, թե մարդիկ որքա՛ն քիչ են գրում, խոսում, բացահայտում իրենց վերապրումներն այդ բնագավառում, թաքցնում են այն, ինչ պետք է ունենար համընդհանուր և համաշխարհային լուծում։ Խորապես ներանձնական հարց է՝ հարցերից ամենամտերմիկը։ Բայց ինչի՞ց է բխում, որ մտերմիկը չունի համաշխարհային նշանակություն, չպետք է բարձրանա պատմության մակերես, այլ պիտի պահվի ընդհատակում։ Դա մշակույթի գարշելի սուտն է, որ այժմ դարձել է անտանելի. ամենակարևորի, մեզ խորապես վերաբերողի մասին կարգադրված է լռել, չափից ավելի մտերմիկի մասին ընդունված չէ խոսել. անվայել բան, գրեթե խայտառակություն է համարվում սեփական հոգու և այն բանի բացահայտումը, ինչով այդ հոգին ապրում է։ Մարդկանց հետ առօրյա կյանքում և հասարակական գործունեության ու գրականության մեջ ևս հրամայվում է խոսել միայն այսպես կոչված հանրորեն պարտադիրի, հանրօգուտի, բոլորի համար օրինականացվածի, հաճելիի մասին։ Այդ կանոնների խախտումն այժմ կոչում են անկումապաշտություն (դեկադանս), առաջներում կոչել են ռոմանտիկականություն։ Այնինչ մարդկության կյանքում հիրավի վեհը, հանճարեղը, սուրբը ստեղծվել է պայմանականությունը հաղթահարած մտերմիկությամբ ու անկեղծությամբ, հոգու խորագույն շերտի միստիկական մերկացմամբ։ Չէ՞ որ հոգու ամենամտերմիկ խորքում միշտ ընկած է ինչ֊որ ավելի տիեզերական բան, քան նրա հանրորեն ընդունված մակերեսում։ Ամեն նոր կրոնական ուսմունք և նոր մարգարեություն սկզբից եղել է մտերմիկ, ծնվել ներանձնականության խորքերում՝ միստիկական տարերքում, և միայն հետո է դրսևորվել ու գրավել աշխարհը։ Ի՞նչը կարող էր ավելի մտերմիկ լինել, քան Քրիստոսի կրոնը. որքա՜ն անպարկեշտ ու հասար ակայնորեն ոչ պարտադիր էին հեթանոսական աշխարհր համար Քրիստոսի ասածները, որոնց հետևում էր մարդկանց մի չնչին խումբ միայն. այնուհանդերձ, այդ կրոնը դարձավ համաշխարհային պատմության կենտրոն։ Ճիշտ է, այն, ինչի մասին ասել է Քրիստոսը, մինչև օրս էլ համարվում է ոչ պարտադիր ու չափից ավելի ներանձնական, մինչև օրս էլ տհաճ ու անվայել է հիշել Քրիստոսին և նրա խոսքերը, երբ գործը վերաբերում է կենսական, գործնական հարցերին։ Մշակույթի ողջ արարումը սուբյեկտիվ֊ մտերմիկի, ծպտյալ, առեղծվածային խորքում կատարվողի լոկ օբյեկտիվացումն ու համաշխարհային ընդհանրացումն է։ Սեռի ու սիրո հարցի բախտը հատկապես չբերեց, այն մղվեց ընդհատակ, և միայն գեղարվեստական գրականությունն էր արտացոլում այն, ինչ կուտակվել էր մարդկային հոգում՝ ի հայտ բերելով ներանձնական փորձը։ Հավանաբար դեռևս գոյություն ունեին խոր պատճառներ, որոնք թույլ չէին տալիս, որ այդ հարցը համընդհանուր լուծում ստանա։ Բայց արդի կրոնական ճգնաժամը պահանջում է, որ այդ հարցը լուծվի. կրոնի հարցն այսօր սերտորեն կապված է սեռի ու սիրո հարցի հետ։ Սեռի և սիրո շուրջ կուտակվել է միստիկական փորձ, որր դեռևս քաոսային տեսք ունի և կարոտ է կրոնական լուսաբանման։ Նոր միստկական փորձ և նոր կրոնական գիտակցություն ունեցող մարդիկ պահանջում, որ առավել անհատականն այլևս դուրս բերվի տիեզերական պատմական ճանապարհ, բացահայտվի նրանում և սահմանի այն։
<...> Վ. Ռոզանովը հանճարեղ բացորոշությամբ ու անկեղծությամբ հայտարարեց ի լուր ամենքի, որ սեռական հարցը կյանքում առավել կարևորն է՝ կարևորագույն կենսական հարցը՝ ոչ պակաս կարևոր, քան այսպես կոչված սոցիալական, իրավական, կրթական և այլ հանրայնորեն ընդունված ու թույլատրված հարցերը, որ այն շատ ավելի խորն է, քան ընտանիքի ձևերի հարցը, և արմատներով կապված է կրոնի հետ, որ բոլոր կրոնները կազմավորվել ու զարգացել են սեռի հիմնախնդըի շուրջ, քանի որ սեռական հարցը կյանքի և մահվան հարց է: Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, հոգու խորքում զգում են այն, ինչ Վ. Ռոզանովն ազդարարել է բարձրաձայն, բոլորը համաձայն են նրա հարցադրմանը <...>, բայց և այնպես իրենց պարտքն են համարում նրան երեսպաշտորեն քարկոծել։ Միայն բութ կամ խելագար մարդը կարող է ժխտել սեռի հիմնախնդրի կենտրոնական-կրոնական կարևորությունը. չէ՞ որ ամեն մեկը գաղտնաբար ճիգ է թափել այդ խնդիրը լուծելիս, տառապել է սեռական անձկությամբ, երազել սիրո մասին, ամենքին հայտնի է այն ճշմարտությունը, որ կյանքում պատահող գրեթե բոլոր ողբերգությունները կապված են սեռի ու սիրո հետ։ Բոլորին հայտնի է, որ սեռի հետ կապված է մեր ողջ կենսականությունը, որ սեռական գրգռումր ունի նաև զմայ-լության ու արարման բնույթ։ <…> Վ. Ռոզանովի երևան գալն ինքնին լուրջ նախազգուշացում է։ Քաոսային սեռը մարդկությանը պատճառել է անհամար աղետներ և պատրաստում է ավելի զարհուրելիները: Մարդկությունը պետք է վերջապես լրջորեն ու գիտակցաբար վերաբերվի իր սեռին՝ իր կյանքի ակունքին, և երբ խոսքը սեռի մասին է, վերջ տա կեղտոտ ակնարկումներին։ 
Քրիստոնեությունը չվերափոխեց սեռը, չոգեղինացրեց մարմինը, այլ ընդհակառակը, վերջնականապես քաոսայնացրեց և թունավորեց։ Սեռի դիվայնությունը նրա քրիստոնեական նզովքի հակառակ կողմն է միայն: Զորեղ սեռական սերը ներմղվեց հոգու, խորքը, քանզի հրաժարվեցին նրան օրհնելուց: Այն դարձավ հիվանդագին անձկություն, որը մինչ օրս մեզ ազատ չի արձակում: Քրիստոնեության ճգնավորական ուսմունքը սեռական սերը ընդունում է լոկ որպես մեղսավոր մարդկային բնության թուլություն: Սեռական սերն այդպես էլ մնաց իբրև թուլություն, խայտառակություն, գրեթե կեղտ։ Ողբերգական քրիստոնեական հավատն արդեն գրեթե մահացել է մարդկային սրտերում, դադարել է սահմանել եվրոպական մշակույթի ընթացքը, իսկ սեռին վերաբերող քրիստոնեական նախապաշարմունքը դեռևս կենդանի է և թունավորում է արյունն անդիմանալի երկվությամբ: Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքին, որ սեռը մեղսավոր է, որ սեռական սիրո բերկրանքը անմաքուր է, որ տարփանքը կեղտոտ բան է, և շարունակում ենք հանգիստ մեղք գործել՝ տրվելով այդ անմաքուր ուրախություններին և պիղծ հեշտասիրությանը, քանզի մենք՝ այսպես կոչված թույլ մարդիկ, միևնույնն է, չենք հասնելու իդեալին: Մենք ամաչում ենք սեռական սիրուց, թաքցնում ենք այն, չենք խոստովանում մեր ապրումները։ Ապշեցուցիչն այն է, որ մեր ժամանակվա հակաքրիստոնեական և հակակրոնական գիտակցությունը որոշ առումներով իր երկվությամբ ու կեղծ ճգնամոլությամբ, մոտ է միջնադարյան քրիստոնեությանը, թեև անսահմանորեն հեռու է Քրիստոսից և զուրկ՝ միջնադարյան ողբերգականությունից: Մեր օրերի մարդիկ չեն հավատում երկնային բերկրանքին և անգամ չունեն երկնայինի կարոտը, այնինչ երկրային բերկրանքը՝ սեռական սիրո զմայլանքը, նրանց մեջ մնում է առանց օրհնանքի: Մեր ժամանակաշրջանի մարդու համար սեռը նույնքան դիվային է, որքան միջնադարի մարդկանց համար: <...> Հիրավի, սեռի ողբերգությունը կյանքում ամենազարհուրելին է, ուստի և սեռական սերը անթույլատրելի է թողնել ճակատագրի կամայականությանը. նա կրոնական սրբագործման և կրոնական կազմակերպման կարիք ունի: Քրիստոսի խոսքերը՝ սեռի և սիրո մասին չհասկացվեցին, և սեռը դուրս մնաց տիրող քրիստոնեական գիտակցությունից, դարձավ գաղտնաբանական ուսմունքների սեփականություն։ Տիրող կրոնական գիտակցությունը սեռի խնդիրը կախման մեջ դրեց ոգու և մարմնի գռեհիկ երկվությունից, կապեց մարմնի մեղսավորականության հետ, և սա ոչ միայն բարոյական, այլև բնազանցական սխալ էր։ Չէ՞ որ մարմինը նույնքան բնազանցական և անդրանցական է, որքան ոգին, և սեռական-մարմնական սերը անդրանցական-բնազանցական արմատներ ունի։ Այսպես կոչված քրիստոնեական ընտանիքը երեսպաշտ կեղծիք է, հեթանոսական փոխզիջում՝ քրիստոնեական պետության նման։ Սեռի քաոսը փոթորկվում է ընտանիքի քողի ներքո, ինչպես որ փոթորկվել է նաև միջնադարյան ճգնավորների արյան մեջ:
Վ. Ռոզանովն ամբողջությամբ հակազդեցություն է սեռի խնդրի այդ քրիստոնեական աղավաղմանը, սեռի նախնական սրբության վերականգնման կոչ։ <...> Ըստ նրա, սեռի հետ կապված է կյանքը. սեռին թշնամի քրիստոնեությունը նրա համար մահվան կրոնի հոմանիշ է, ուստի և ատելի է։ Նա ձգտում է վերադառնալ կրոնական այն վիճակին, որ եղել է մինչև աշխարհում Քրիստոսի երևան գալը, վերականգնել հին հեթանոսական կրոնները, ծնունդի կրոնը, մասնավորապես բաբելոնյան կրոնը: Բայց նա մոռանում է, որ քրիստոնեությունը չէ, որ հնարել է սեռի և մահվան ողբերգությունը, որ Քրիստոսի հայտնվելը անխուսափելի էր հենց այն պատճառով, որ համաշխարհային պատմության հիմքում ընկած է այդ ողբերգությունը, որ անտիկ աշխարհն իր հոյակապ մշակույթով կործանվեց այդքան ողբերգականորեն, այլասերվեց այդքան ամոթալի ձևով։ Վ. Ռոզանովի դրական ուսմունքը ջնջում է պատմության քրիստոնեական շրջանը որպես չարաչար թյուրիմացություն ու անհեթեթություն և կանչում ետ՝ դեպի ցեղի նախնադարյան աստվածացում։ Վ. Ռոզանովը դեռևս շփոթում է սեռը և ցեղը, տեսնում է միայն ծնող սեռը, չի հասկանում սեռի հաստատման և ծննդյան խոր հակամարտությունը, սեռի մեջ չի նկատում անհատական և ցեղային տարերքը: Ուստի նրա գործերում անհնար է գտնել սեռի հիմնախնդրի ստեղծագործական լուծումը:
Համաշխարհային փիլիսոփայության պատմության մեջ ես գիտեմ սեռի և սիրո մասին երկու մեծ ուսմունք՝ Պլատոնի և Վլ. Սոլովյովի ուսմունքները, առաջինի «Խնջույքը» և երկրորդի «Սիրո իմաստը»: <...> Պլատոնն աշխարհում ապրել է Քրիստոսի հայտնվելուց առաջ, բայց չէ՞ որ նա հասկացել է անհատականության ողբերգությունը, զգացել անդրանցականի կարոտը և կռահել աստվածային Էրոսի միակցող ուժը՝ որպես միջնորդ այս երկրի և այնկողմնային աշխարհի միջև: Ըստ Պլատոնի դիցաբանական ձևավորում ունեցող ուսմունքի՝ սեռը նախնական, միասնական ու զորեղ մարդկային բնության մեջ տեղի ունեցած խզման արդյունք է, ամբողջական անհատականության՝ երկու կեսի տրոհվելու հետևանք. սեռը ամբողջական անհատականության մեջ վերամիավորվելու անձկալի փափագ է: Պլատոնը հանճարեղ, աստվածային զորեղությամբ ըմբռնել է երկնային և ռամկական Ափրոդիտեների տարբերությունը, աստվածային֊անձնական, դեպի անհատական անմահություն տանող սիրո և գռեհիկ, անդեմ֊ սեռային, բնական սիրո միջև առկա անջրպետը: Պլատոնի երկնային Ափրոդիտեի մեջ արդեն զգացվում է մինչև օրս խորհրդավոր մնացած քրիստոնեական Էրոսի, միջնադարյան ռոմանտիկայի շունչը, ինչպես նաև սիրո՝ իբրև անհատական անմահության ճանապարհի մասին Վլ. Սոլովյովի՝ միայն Քրիստոսից հետո հնարավոր դարձած խորագույն ուսմունքի կանխատեսումը։ Վլ. Սոլովյովը սահմանում է անհատականի և ցեղայինի հակադրությունը։ Ծնող և անհատականությունը տրոհող ցեղային սերը, նրա ըմբռնմամբ, գռեհիկ Ափրոդիտե է՝ ենթարկում բնական անհրաժեշտության։ Իսկական սերը միշտ անձնական է, այն նվաճում է հավերժությունն ու անհատական անմահությունը, անհատականությանը չի տրոհում սեմամբ, այլ մղում է դեպի կատարելություն։ Հավատի մասին Սոլովյովի ողջ ուսմունքի մեջ կենտրոնական տեղ է գրավում հավերժ կանացիության պաշտամունքը, Աստծո սերը՝ «Չքնաղ Կնոջ» հանդեպ տածած սիրո թանձրացական ձևով։ Մերժելով ցեղայինն ու ծնունդը՝ Վլ. Սոլովյովը դրանով իսկ ներկայացնում է նոր կրոնական գիտակցությունը, մոտենում է սիրո մասին նոր կրոնական ուսմունքին, բայց մնում է կես ճանապարհին: <...>
2
Աշխարհում պայքարում են երկու հակառակորդ բնազանցական սկզբունքներ՝ անձնականն ու ցեղայինը։ Սեռի և սիրո հարցը պետք է հարաբերակցվի այդ երկու սկզբունքների՝ այժմ սաստկացած ու բացա հայտ դարձած պայքարի հետ։ Սեռական սիրո հետ կապված բոլոր հարցերի դժվարությունը հենց այն է, որ համաշխարհային պատմության ընթացքում սեռական սիրուն սերտորեն միահյուսվում են երկու փոխպայքարող սկզբունքներ՝ անհատական սերը և ցեղային սերը, գերբնական- աստվածային և բնական-էմպիրիկորեն կապակցող ուժերը։ Սեռը չափից ավելի հաճախ են շփոթում ցեղի, սերը՝ ցեղային բնազդի հետ։ Բայց չէ՞ որ ցեղի և նրա ցեղային բնազդի մեջ չկա ոչ մի անհատական, անձնական, անգամ մարդկային բան, դա բոլոր մարդկանց համար նույնական և մարդկային ու կենդանական աշխարհների համար ընդհանուր բնական տարերք է։ Ցեղային տարերքում չկա և չի կարող լինել աստվածային Էրոսը և սերը որպես անհատական ընտրություն, որպես սեռերի յուրակերպ փոխհակում, որով ոչ միայն մարդն առհասարակ տարբերվում է կենդանուց, այլև յուրաքանչյուր անհատ՝ մյուսներից: Այսպես կոչված ցեղային սերը և սեռի ցեղային հաստատումը հենց այն պատճառով են նսեմացնում մարդուն, որ մարդկային անձին թողնում են անդեմ բնական տարերքի իշխանության ներքո, որ անձն այստեղ գտնվում է իրեն խորտակող բնական անհրաժեշտության տիրապետության ոլորտում: Կենսաբանությունը սահմանում է հակադարձ համամասնություն ծնելիության և անհատականության միջև։ Եթե օրգանական ուժերը ծախսվում են սեռի հարատևացման համար, ապա դրանք բնականաբար նվազում են կատարյալ անհատ անհատականություն ստեղծելիս: Այս կենսաբանական ճշմարտությունն ավելի խոր բնազանցական հիմք ունի: Գոյություն ունի երկընտրանք կատարյալ, հավերժ անհատականություն ստեղծելու և անհատականությունը տրոհելու, բազմաթիվ անկատար և մահկանացու անհատներ առաջ բերելու հնարավորությունների միջև։ Մարդն ի զորու չէ ինքը դառնալ անձնավորություն, անհատականություն՝ հասնելով կատարելության ու հավերժության, ուստի հետագա կաաարելագործումը փոխանցում է սերունդներին, ծննդյան միջոցով խլացնում չիրականացված անհատականության, չհաղթահարված խզման, չնվաճած հավերժության տառապանքը։ Ցեղային սեռական սերը տրոհում է անհատականությունը, ձգտում ցեղային անմահության, բազում անկատար էակների, այլ ոչ թե մեկ կատարյալ էակի ստեղծման, մի խոսքով՝ հոռի անվերջության, հավերժ դարձի։ Սերը հաղթահարող ճշմարիտ սերը պետք է ողջ մարդկության եռանդն ուղղի ոչ թե դեպի դուրս՝ տարածության մեջ, և դեպի առաջ՝ ժամանակի մեջ, այլ դեպի հոգու խորք և դեպի հավերժություն: Ապագայի այդ կեղծ պաշտամունքը, այդ շինծու առաջադիմականությունը կապված էր ցեղային, այլ ոչ թե անհատական սեռի հետ։
Ծնունդն ու մահը նույն բնույթն ունեն, նրանց ակունքը նույնական է: Արդեն Հերակլիտը սովորեցնում էր, որ Հադեսն ու Դիոնիսոսը նույն աստվածությունն է։ Ծնունդն ու մահը հավասարապես համաշխարհային քայքայման արդյունք են՝ ժա-մանակի զավակներ, աշխարհում ժամանակայնության արքայության արգասիք։ Իր ակունքից և իմաստից անջատված գոյը նախ և առաջ դառնում է ժամանակային, ժամանակագրական շարքով մեկ ձգվող գոյ, ուր տիրում է ծննդի ու մահվան հավերժ փոխհաջորդումը՝ հոռի անվերջությունը։ Փչացած աշխարհի ոչ մի էակ հավերժական չէ, աշխարհի բոլոր մասերը, նրա բոլոր վիճակները ժամանակավոր և անցողական են։ Երբ ասվել է՝ ծնել տառապանքով, դրանով ասվել է նաև՝ մահանալ, աշխարհում սերմանել անկատարություն ու մահ՝ բնական անհրաժեշտության օրենքով։ Ծնունդն իսկ մահվան սկիզբն է. այդ ճշմարտությունը հաստատվում է ողջ բնության փորձով և ավելի քան ակնհայտ է: Ծնունդն իր բուն էությամբ անհատականության տրոհում է, բաժանում մասերի, այն բանի նշանն է, որ անհատականությունը չի կարող հասնել կատարելության ու անմահության և իր մի մասին ասես առաջարկում է իր փոխարեն շարունակել կատարելագործման ձեռնարկումը՝ հավերժության մեջ վերջնական մեկ հաջողությունն ասես փոխարինելով ժամանակի մեջ բազմակի մասնավոր նվաճումներով:

Թարգմանությունը՝ Էդվարդ Աթայան
Նիկոլայ Բերդյաև | Սեռի և սիրո բնազանցությունը Նիկոլայ Բերդյաև | Սեռի և սիրո բնազանցությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:51:00 Rating: 5
Технологии Blogger.