Հերակլիտոս համառոտ

Հերակլիտոս
(համառոտ)



Միլետացի փիլիսոփաներ Թալեսը, Անաքսիմանդրոսը և Անաքսիմենեսը առաջինը ուշադրություն դարձրին իրերի համապարփակ դինամիզմին, նկատելով, որ դա սկզբնապատճառ-արքեի էական որակն է: Թեման զարգացնում և խորացնում է Եփեսոսցի Հերակլիտոսը (Ք. ա. VI - V):
Նա սովորեցնում է, որ ամեն բան շարժվում և հոսում է, ոչինչ չի մնում անշարժ և հաստատուն: «Հնարավոր չէ նույն գետը մտնել երկու անգամ, հնարավոր չէ երկու անգամ դիպչել մահկանացուին նույն վիճակում…»: «… Մենք նույնն ենք և նույնը չենք»: Հերակլիտոսի աշակերտ Կրատիլոսը ավելի է արմատականացնում ուսուցչի թեզը, պնդում, որ նույնիսկ մեկ անգամ հնարավոր չէ մտնել նույն գետը:
Սակայն Հերակլիտոսի համար ամենից կարևորը վերոնշված պնդումը չէր: Դա կետ էր, որից մեկնարկելով փիլիսոփան շարժվում է դեպի ավելի խորն ընդհանրացումները: Սառը իրերը տաքանում են, երիտասարդը տարիք է առնում և ծերանում է, չոր իրերը խոնավանում են, մահկանացուն ծնում է, ողջը մահանում է և այլն: Հակադրությունները մշտապես պատերազմի մեջ են: Բայց եթե յուրաքանչյուր իրի իրականությունը կայացման մեջ է, պատերազմը իրերի էությունն է: «Պատերազմն ամեն ինչի մայրն է և կառավարում է ամեն բան»: Այս պատերազմի մասին հարկ է ասել, որ այն հանդես է գալիս որպես ներդաշնակություն: «Տարբերությունների ներդաշնակությունը նման է քնարի և աղեղի ներդաշնակությանը»: «Վերև տանող ճանապարհը տանում է նաև ներքև»:
Հակադրությունների միասնության այս ներդաշնակությունը հենց աստված է: «Աստված ցերեկ ու գիշեր է, ամառ ու ձմեռ է, պատերազմ և խաղաղություն է, քաղց և հագեցում է»:
Հուրը Հերակլիտոսի համար հիմնարար սկզբունք է: Մնացյալ ամեն բան սոսկ հրի փոխակերպություն է: Հուրը ամենից վառ կերպով մարմնավորում է հավերժական փոխակերպության որոշարկումները:
Մարդու հոգին հուր է, հետևաբար հոգին ամենաչոր և իմաստուն մասն է: Իսկ խելահեղությունը խոնավություն է:
Հավանաբար արձագանքելով օրֆիկական որոշ գաղափարների՝ Հերակլիտոսն ասում է. «Անմահները մահկանացու են, իսկ մահկանացուները՝ անմահ, առաջինները ապրում են երկրորդների կյանքով, իսկ երկրորդները՝ առաջինների»:   
Հերակլիտոս համառոտ Հերակլիտոս համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:36:00 Rating: 5
Технологии Blogger.