
-Իմ սերե՞րն անցած...
Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես...
ծննդյան եզակի օրը:
Եվ հետո...
հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում...
ավելորդ ատամ:
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:
Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես...
մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա...
Ախ այս ամենա-ն...
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ...
այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց...
դժբախտ չե՜ն զգում...
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա...
-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր...
մեռած երեխաները...
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ...
19.III.1964թ.
Դիլիջան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անցած սերերը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 12, 2018
Rating:
