
Կրոնահայրենասիրկան քերթության
առաջին նշանավոր դեմքը Ներսես Մոկացին է (Բեղլու, Վանեցի, վախճ. 1625): Ծնվել
է Մոկաց գավառի Հասկնջավ գյուղում: Բաղեշի Ամրդոլու վանքում, ուսանելով Բարսեղ Գավառեցուն, ձեռք է բերել հատկապես փիլիսոփայական
հարուստ գիտելիքներ,
այնուհետև դասավանդել
է Սյունյաց Մեծ անապատում,
ապա հիմնել Լիմ կղզու հոգևոր միաբանությունը՝ ստեղծելով
բարձր տիպի դպրոց ու մատենադարան:
Ներսես Մոկացու գրական ժառանգության
մեջ առանձնանում
է նրա մշակած «Վիճաբանութիւն
երկնի և երկրի» ժողովրդական
հենք ունեցող տաղը: Այստեղ արծարծվում է երկնայինի ու երկրայինի, հոգու և մարմնի հակամարտության միջնադարյան
ավանդական թեման, որը խորապես ալեկոծել է միջնադարի մարդու հոգին և XVII դարում էր տակավին դուրս չէր եկել օրակարգից: Որպես ուշ միջնադարի
առաջադեմ մտածող՝ Մովսես Մոկացին ի վերջո առաջնությունը տալիս է երկրին՝ նյութական նախահիմքին
և բանաստեղծությունն ավարտում հետևյալ տողով.
Ապա ցածացաւ երկինքն
Ու գլուխ եդիր ի գետնի…
Դուք այլ ցածացէ՛ք, մանկտի՛ք,
Ու գլուխ դրէք ի գետնի.
Քան զերկինքն ի՞նչ բարձր կայ,
Որ գլուխ եդիր ի գետնի,
Այսօր վրան կու քայլենք,
Վաղն մտնունք ներքև գետնի:
Դեռևս XIII դարում Հովհաննես Երզնկացին
իմաստասիրաբար և Կոստանդին Երզնկացին
հուզականորեն, արծարծելով
հոգու և մարմնի խնդիրը, պաշտպանել էին «մարմնի իրավունքը»:
Սակայն նման գաղափարները, հասկանալի
պատճառներով, երկար ժամանակ մնացին առկախ և միայն զարթոնքի շրջանում վերստին յուրացվեցին հայ մտավորականության կողմից:
Հատկանշական է, որ նշված վիճաբանական տաղի մեջ երկիրն ի վերջո հաղթանակում է՝ բերելով այն փաստարկը, թե «Դատաստան գետի՛ն տի լինի»: Նույն Ներսես Մոկացին գրել է նաև եկեղեցական-կրոնական ոգով տոգորված երկեր, ինչպիսին են «Բարերար Աստուած մարդասէր» սկսվածքով աղոթքը կամ «Մանուկ մտավարժ էի» ողբը: Վերջինիս մեջ, հեղինակը, հետևելով միջնադարյան
հոգևոր բանաստեղծությանը, հատկապես Գրիգոր Նարեկացուն
և Ներսես Շնորհալուն, փորձել է հանձին իրեն կերտել մեղսալից մարդկության
ընդհանրական պատկերը: Աշխարհին կյանքի ու ոգու ծավալման պայմաններում
Մոկացու այս ողբը չունեցավ այն ողբերգականությունը, որ գտնում ենք նրանից ավելի քան վեց հարյուրամյակ առաջ ասպարեզ ելած Նարեկացու Մատյանում:
Այսուհանդերձ, Մոկացու այդ երկն աննպատակ ու ժամանակավրեպ չէր: Քննադատելով արծաթասիրության ախտը, ընչաքաղցությունը, հեշտասիրությունը և մարդկային ու հասարակական մի շարք այլ արատներ՝ լուսավորության ջատագով բանաստեղծ-մանկավարժը
«մտավարժ մանկանց» բարոյապես դաստիարակելու
նպատակ է հետապնդել: Այս առումով նա առավել մերձ է Ներսես Շնորհալուն՝ ըստ երևույթին կրելով վերջինիս ուղղակի ազդեցությունը:
Ներսես Մոկացին հեղինակել է նաև ազգային-եկեղեցական և պատմաքաղաքական բովանդակության չափածո երկեր: Դրանցից է «Օրհնեալ տէր Յիսուս Փրկիչ» սկսվածքով
ներբողյանը (1621)՝ նվիրված Սյունյաց Մեծ անապատի հիմնադիրներին: Բանաստեղծը
նախ դրվատում է մելիք Հայկազնին, որի իշխանության ներքո և անմիջական
օժանդակությամբ է կառուցվում այդ վանական-կրթական հաստատությունը: Մանրամասն
ներբողական գովեստով ներկայացվում են Սյունյաց անապատի մյուս հիմնադիրները՝
Պողոս Մոկացին, Սարգիս եպիսկոպոսը
և Կիրակոս Տրապիզոնցին: Բանաստեղծն
այլաբանորեն պատկերում
է լուսավորության այդ անդուլ սերմնացանների
աշխատանքի արդյունքը՝
ըստ այդմ գեղարվեստորեն արտացոլելով
հայ կրթական-մշակութային կյանքի և ժողովրդի ստեղծարար ոգու զարթոնքը:
Սյունյաց անապատի այդ չորս հիմնադիրները միևնույն տարում հեռացել են կյանքից, և Ներսես Մոկացին, որ հենց այդ առիթով է գրել իր ներբողյանը, սգալով նրանց մահը, լավատեսորեն է ավարտում իր խոսքը.
Թէպետ սերմանողքն
անկան,
Սերմանեալքն յոյժ արդիւնացան…
Մեկ այլ սրբացած հայրենանվեր
գործչի՝ Անդրեաս Երեցի նահատակության
(1617) առթիվ Ներսես Մոկացին գրել է մի վկայաբանական
գանձ և տաղ: Մուսուլմանական վայրագ բռնակալությանը ենթարկվող
հայ իրականության
մեջ հանդես էին գալիս հավատի նահատակներ,
որոնց սրբացումը
տակավին անհրաժեշտ
էր՝ պահպանելու
և ամրապնդելու
համար ժողովրդի դարավոր պաշտամունքը,
հավատը, որը նրա ինքնության
առհավատչյան էր: Ուստի և ստեղծվում էին նորանոր վկայաբանական
երկեր:
Իր գանձի սկզբում Մոկացին նշում է Գրիգոր Լուսավորչի
կողմից քրիստոնեական
հավատի արմատավորումը
հայ իրականության
մեջ: Հանուն հայրենյաց հավատի Ավարայրի ճակատամարտում
զոհվեցին ժողովրդի լավագույն զավակները:
Հավատի պատերազմը
շարունակվում է, և ասպարեզ է գալիս մի նոր պսակավոր՝ Անդրեաս Երեցը՝ «դիմօք շնորհալի, տիպն հրաշալի»: Հայոց նոր վկան զարթոնքի շրջանի ուսումնականն է, ժողովրդի լուսավորության գործի նվիրյալը.
Յընթերցումն արի,
Վարուքըն բարի,
Եւ առաքինի.
Զոր դպրոց կարգի,
Վարժարան դնի,
Մանկունք ժողովի…
Ազգային-եկեղեցական
բանաստեղծության մի արժեքավոր օրինակ է նաև Մոկացու «Աստուած և տէրն ամենայնի» սկսվածքով
ներբողյանը, որն ընդգրկում է շուրջ 1600 տող (Ստեփանոս Շատախեցու
լրացմամբ): Այստեղ բանաստեղծը շարադրել է Մարիամ Աստվածածնի լեգենդը և նրա պաշտամունքի հաստատումը՝
աստվածամայր Անահիտ դիցուհու ավերված բագինների վրա: Պատահական չէ, որ Մոկացին այսպես հանգամանորեն
անդրադարձել է այդ իրողությանը:
Ուշ միջնադարում
վաղուց արդեն պետական-քաղաքական
հովանավորությունից զրկված և ամեն տեսակ հալածանքների
ենթարկված հայ մարդու համար հոգեկան ապավեն ու հենարան էր հատկապես պաշտամունքն Աստվածամոր
հանդեպ՝ որպես բարության խորհրդանիշի,
որպես Աստծո և մարդու միջև գթառատ միջնորդ-բարեխոսի: Ահա թե ինչու ժամանակի բանաստեղծության մեջ չափազանց մեծ թիվ են կազմում Մարիամ Աստվածածնին նվիրված երկերը…
1622 թվականին իր աշակերտների
խնդրանքով Ներսես Մոկացին գրել է մի պատմաողբ, որի հիմքում ընկած է 1187 թվականին Սալահադդինի կողմից Երուսաղեմի առման և ավերման պատմությունը: Այդ իրողությանը դեռևս XII դարում անդրադարձել
է Գրիգոր Տղան «Վասն առմանն Երուսաղէմի»
չափածո երկում: Մահմեդականության ծանր լծի տակ հեծող Երուսաղեմը
նույն ողբերգական
վիճակում գտնվող Հայաստանի խորհրդանիշն
է եղել, ձեռք բերել մի տեսակ հոգևոր հայրենիքի
նշանակություն, մանավանդ որ դեռևս վաղ միջնադարից
սկսած այն դարձել է հայոց հոգևոր խոշոր կենտրոններից
մեկը: Ըստ այսմ, Երուսաղեմը
պատկերող ու գովերգող հայ բանաստեղծների երկերն ունեն ոչ միայն կրոնական, այլև որոշակի հայրենասիրական երանգավորում:
Ներսես Մոկացու պատմաողբն էլ կրոնահայրենասիրական քերթության
մի գեղեցիկ նմուշ է, որը համակված է քրիստոնեական
միացյալ ուժերով մահմեդական բռնության
դեմ պայքար մղելու գաղափարով:
Պատահական չէ, որ Մոկացու այդ երկում ամենից ավելի հաջողված են այլակրոն թշնամու դեմ քրիստոնյա
մարտիկների գոտեմարտի
տեսարանները:
Նման հատվածներում
հատկապես նկատելի է անցյալի հայ քերթության
որոշակի ազդեցությունը.
Իբրև զհուր ընդ եղեգին՝
Հատեալ զռազմն անցանէին,
Գոռային, խիզախէին,
Բազումք յահէ սատակէին:
Իւրաքանչիւր հազար սպանին
Այլև զբիւրս փախուցին:
Երուսաղեմը թեև ի վերջո ավերվում և մնում է մուսուլմանների լծի տակ, սակայն Արևմուտքի քրիստոսադավան
զորքերի կողմից նրա ազատագրման
հույսը չի խամրում. Տիրոջ հրամանով նրանք դեռևս պիտի «երամով գան միաբան»: Բանաստեղծը
փաստորեն արտահայտել
է եվրոպացիների
կողմից Արևելքի քրիստոնյա ժողովուրդների,
այդ թվում նաև հայության
ազատագրման դարավոր բաղձանքը: Այդ հավատը դեռևս չէր կորցրել իր նախկին ուժը, այլ մինչև Իսրայել Օրիի ժամանակները
և հետագայում
էլ հարատևել է հայ իրականության մեջ:
Տես նաև Արիստակես Լաստիվերտցի Պատմություն, Առաքել Դավրիժեցի Պատմություն և Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան
Ներսես Մոկացի | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 12, 2018
Rating:
