Երվանդ Օտյան | Հայ Տիասբորան | համառոտ


20-ական թուականների առաջին կէսի հայ գրականութեան մէջ կարևոր երևոյթ էին Ե. Օտյանի վէպերը, այդ թւում՝ «Հայ Տիասբորան»: Թեմատիկայի առումով այն առաջին վէպն էր Տիասբորայի՝ Սփիւռքի հայութեան կեանքի, թափառումների, հայրենի բնօրրանի կարօտի, ազգային յարատևման երաշխիքի, ներկայի և ապագայի մասին: Վէպի միջով ծայրից ծայր անցնում է այն ճշմարիտ միտքը, որ երիտթուրքերի, իթթիհատական կառավարութեան կիրառած հայոց ցեղասպանութեան քաղաքականութիւնը որդեգրեցին և «Թուրքիան՝ միայն թուրքերին» պանթուրքիստական  նշանաբանով, ոչ պակաս վայրագութեամբ, շարունակեցին քեմալական ազգայնամոլները՝ միլլիճիները:

Յիշեալ և ուրիշ իրադարձութիւններ դրուագելուց առաջ վիպասանը ներկայացնում է վէպի կենտրոնական դէմքերից մէկին՝ վաճառական Բարսեղ Էֆէնտուն՝ յատուկ ընդգծելով տակաւին 1919 թուականին նրա ընդունած վճռական որոշումը.
«Ես որոշումս տուի, խանութիս ապրանքները պիտի ծախեմ, երկու տուներս ալ պիտի ծախեմ, ընտանիքս առնեմ, Հայաստան պիտի երթամ. հոն ինչպէս ըլլայ նէ՝ կ΄ապրիմ… ինծի արդէն քանի՞ տարուան կեանք ունիմ…գոնէ վերջին օրերս Ս. Էջմիածնի շուքին տակ, Արարատին դէմը, մեր պապենական հողին վրայ կ΄անցնեմ ու անոր տակ կը թաղուիմ…Հայաստան, Հայաստան ըսելով կեանքերնիս մաշեցուցինք, ազատութիւն երգեցինք, անկախութիւն երազեցինք, հիմա որ, փա˜ռք Աստուծոյ, անկախ Հայաստան մը, հայկական կառավարութիւն մը ունեցանք, ինչո՞ւ չվայելենք, ինչո՞ւ հեռուէն անոր ախը քաշենք…»:
Վաճառականը պատրաստ էր Հայաստան տեղափոխել ընտանիքը, բայց վերը նշուած իրադարձութիւնները խախտեցին նրա որոշումը: Կ. Պոլսում նոյնպէս մնալ չէր ուզում ու չէր էլ կարող, ուստի ընտանիքով տեղափոխւում է Կիլիկիա: Սակայն թուրքերը գրեթէ առանց դիմադրութեան ֆրանսիացիներից խլում են Կիլիկիան: Ու սկսւում է թափառումներով, հոգսերով լեցուն մի կեանք, որ վիճակւում է ոչ միայն Բարսեղ, Սահակ Էֆենտիներին, այլև ուրիշ ընտանիքների: Ռումինիա մեկնող նաւում, դէպի Աթէնք ուղևորուող Բարսեղ Էֆէնտին տեսնում է Հայաստանի Հանրապետութեան «նախկին նախարարներ իրենց կիներով ու զաւակներով», տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչներ, «խմբագիրներ, բանաստեղծներ, ուսուցիչ ու վարժուհի, վաճառական, փաստաբան, բժիշկ, արհեստաւոր, վերջապէս ամէն դասակարգի ու ամէն աստիճանի պատկանող անձեր»: Ուղևորներից մէկը հարց է տալիս. «- Եւրոպան թող պիտի տա՞յ, որ քրիստոնեաները այսպէս բնաջինջ ըլլան Թուրքիոյ մէջ…
-Տակաւին յո՞յս ունիք Եւրոպայի վրայ,- գոչեց փաստաբանը,- չէ՞ք տեսներ, որ ամէնքն ալ միմիայն տնտեսական շահեր կը հետապնդեն, և քրիստոնեաներուն գոյութեան հարցը իրենց համար ոևէ նշանակութիւն չունի: Այսօր Անգլիա ազատ թողած է թուրքը ամենէն անլուր անիրաւութիւնները գործելու, որովհետև Մուսուլի նաւթի հանքերուն խնդիրը կայ, Ֆրանսա նոյնպէս, որովհետև տնտեսական շահերով կապուած է Թուրքիոյ, Իտալիա որևէ պատճառ չունի միջամտելու…»:
Ճակատագիրը Բարսեղ Էֆէնտուն նետում է տարբեր երկրների հայ գաղթօջախներ, և ամէնուրեք նա ցաւով տեսնում է հայրենակիցների աղքատիկ կեանքը, քանզի մահից մազապուրծ մարդիկ տակաւին չէին հասցրել աշխատանք ձեռք բերել, որևէ գործ ձեռնարկել: Բացի այդ, բոլոր հայ գաղութներում շատ էին որբ ու անտէրունչ մանուկները, տարիքն առած կանայք ու տղամարդիկ, ինչպէս ասուած է վէպում՝ «խլխլիկ պառաքներու լաբիւրինթօսի մը մէջ» ապաստանած «բոկոտն, կմախացած պառաւներ», երբեմնի գեղեցկութեան հետքերը «թշուառութեան ու զրկանքի» մէջ կորցրած կանայք, որոնք «բախտաւոր» են զգում իրենց, երբ «անորակելի կերակուր մը կ΄եփեն հողէ ամաններով»:
Բարսեղ Էֆէնտին՝ վէպի կենտրոնական կերպարը, ընդհանուրի բերելով իր ընտանիքի ճակատագիրը, դառնօրէն գանգատւում է.
«Մեր ընտանիքը կարծես ամբողջ մեր ցեղին մանրանկարն է…տարտղնած թափառական, իրարու կարօտովը այրուող…ի˜նչ դժբախտ ժամանակներու մէջ կ΄ապրինք…»
Եւ իրօք, հայ ազգի մազապուրծ բեկորների նման Բարսեղը թափառում է տարբեր երկրներում և վերջնականօրէն Աթէնքից Բէյրութ տեղափոխուելուց առաջ խորին ցաւով ասում է. «Զաւակս Ֆրանսա, աղջիկներէս մին Սուրիա, կինս ու երկու աղջիկներս Ռումանիա, ես Աթէնքի մէջ…
Ինչո՞ւ համար»:
Յիրաւի, ինչո՞ւ համար: Այս հոգեմաշ հարցին պատասխան են տալիս վէպում պատկերուած այն սոցիալական, ազգային, կրօնական ճնշումները, հալածանքները, վերջապէս ցեղասպանութիւնը, որոնց ենթարկւում է հայ ժողովուրդը պատմական իր բնօրրանում թուրքական պետական իշխանութիւնների ձեռքով: Ազգապահպանման, ապրելու և յարատևելու միակ երաշխիքն ու հնարաւորութիւնը վէպում համարւում է փոքրիկ, բայց անկախ հայոց հայրենիքի գոյութեան պատմական իրողութիւնը, ազգային ամուր միասնութիւնը, համախմբուածութիւնը, հայրենադարձութիւնը: Վէպի կենտրոնական կերպար Բարսեղ Էֆէնտին և էլի ուրիշներ հայրենադարձութեան ու ազգային միասնութեան վիպական առաջադրոյթի մարմնաւորումն են: Ահա Բարսեղի մտորումը. «Ես կ΄ուզէի զաւակներս շուրջս հաւաքել, երթալ Հայաստան ու վերջին օրերս հոն անցընել՝ հարսներով, փեսաներով, թոռներով շրջապատուած, իսկ ատոր փոխարէն միս մենակ մնացած եմ այս տարիքիս մէջ, օտար երկնքի տակ, օտար մարդոց մէջ, տրտում-տխուր, սիրականներէս հեռու…»: գեղարուեստական լայն ընդհանրացման ուժ ունի նրա անկեղծ ու սրտայոյզ զրոյցը վէպի ամենահամակրելի հերոսի՝ որբ, թափառումների մէջ հասակ առած, կեանքի դառն փորձով իմաստնացած Գարեգինի հետ, որն ասում է. «Հայաստանի մէջ միայն կրնանք մեր արդար վաստակը հպարտութեամբ ուտել» և այդ համոզուածութեամբ դիմում է շուրջը հաւաքուածներին և յատկապէս Բարսեղ Էֆէնտուն.
«-Այո, մենք կ΄ուզենք մեր երկիրը, մեր հողին վրայ ապրիլ, օտարներէն խեր չի կայ մեզի, հոն պիտի կազմենք մեր ընտանիքները, հոն պիտի զարգացնենք, հոն պիտի բազմացնենք…Մի՞թե աղէկ չէ:
-Շատ աղէկ է, շատ աղէկ,- գոչեց Բարսեղ աղա խանդավառուած,- ա՛խ, իմ ալ նպատակս, երազս այդ էր, բայց չեղաւ ու այսպէս թափառական, ցիր ու ցան մնացինք, գացէ՛ք, զաւակներս, գացէ՛ք, ու Աստուած հետերնիդ ըլլայ…ո՛ւր էր, թէ ձեր տարիքը ունենայի ու միասին երթայինք, բայց ափսոս, մենք չարչարուեցանք, տառապեցանք, թափառեցանք, ճակատագիրնիս այս է եղեր, Հայաստանը երազեցինք, բայց չկրցանք վայելել…դուք գացէք, վայելեցէք, երջանիկ եղէք, մեզի պէս մի՛ ըլլաք…Աստուած հետերնիդ, զաւա՛կս»:
Ու վիպասանը մայր հայրենիքի գոյութեան շնորհիւ Հայաստանի, հայրենին շենացողների, համայն հայութեան մեծատառով Ապագան համարում է «զուարթ, կայտառ ու յուսալից…»:
«Հայ Տիասբորան» եղաւ Երուանդ Օտեանի՝ որպէս վիպասանի կարապի երգը: Սակայն այդ վէպից յետոյ շուրջ մէկ տարի էլ նա ապրեց և շարունակեց աշխատակցել մամուլին: Մօտ քառասուն տարի իր կեանքն անմնացորդ նուիրաբերելով հայրենի գրականութեանն ու մշակոյթին, ծառայելով որպէս «մշակ բանի»՝ նա սերունդներին թողել է գրական մեծարժեք վաստակ, ըստ ամէնայնի «իշխանական ժառանգութիւն»:

Տես նաև Երվանդ Օտյան Ընկեր Բ. Փանջունի և Մեր երեսփոխանները
Երվանդ Օտյան | Հայ Տիասբորան | համառոտ Երվանդ Օտյան | Հայ Տիասբորան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 29, 2018 Rating: 5
Технологии Blogger.