Պարույր Սևակ | Անպայման պայման


Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,-
Ո՞ւմ է պետք երգի մեջ:

 (Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,
Մի պատառ կախարդանք,
Մոգության մի պճեղ,
Մի բացվող փակագիծ,
Անհայտի մի լուծում)...

Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված,
Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն:
Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել
Սապատված մի «ինչու» -
Ու երգը կհնչի՜...

Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,-
Իսկ ո՞վ է վճռելու:

(Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝
Սեփական ձեռքերով իրենից պոկոտած,
Մի սարսուռ օդեղեն,
Մի սարսում ընդերքի)...

Մթության երանգներն առատ են ավելի,
Քան բոլոր մնացած գույները գումարված:
Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել,
Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,-
Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ...

Ի՞նչ անել և ինչպե՞ս.
Հա՞ստ մանել, թե՞ բարակ:

(Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛,
Վեճ մղել ծովի՛ հետ,
Ամաչել կրակի՛ց,
Չուշանա՜լ, չշտապե՜լ),-
Եվ այնժամ, օ, հարկավ
Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան,
Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ...

07.X.1961թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անպայման պայման Պարույր Սևակ | Անպայման պայման Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:44:00 Rating: 5
Технологии Blogger.