Ռեդյարդ Քիփլինգ | Մաուգլիի եղբայրները


Շոգ իրիկվա յոթերորդ ժամն իր իջնում Սիոնական բլուրների վբա, երբ Հայր Գայլն արթնացավ ցերեկվա քնից, քորեց մարմինը, հորանջեց և առաջ ձգեց նախ մեկ, ապա մյուս թաթերը, որոնք մինչև ճանկերն ընդարմացել էին քնի անզգայությունից: Մայր Գայլը պառկել էր` խոշոր, գորշ քիթը թաղած չորս ձագերի մեջ, որոնք կաղկանձում և շուռումուռ էին գալիս հատակին։ Քարանձավի անցքից լուսինն էր շողում։
Բը՜ռռ, փնթփնթաց Հայր Գայլը,— կրկին որսի գնալու ժամանակ է։
Եվ նա արդեն ուզում էր ցած նետվել բլրից, երբ հանկարծ թավ պոչավոր մի փոքրիկ ստվեր փակեց մուտքն ու ճչաց.
Հաջողություն թող լինի քեզ, ո՛վ Գայլերի Գլխավոր։ Երջանկությունն ու սպիտակ ամուր ատամները թող միշտ ուղեկից լինեն քո ազնիվ զավակներին, և թող չմոռանան նրանք այս աշխարհի քաղցածներին։
Դա շնագայլն էր՝ պնակալեզ Տաբաքին, իսկ հնդկական անտառների գայլերն ատում են Տաբաքիինն. նա շարունակ թրև է գալիս ամենուրեք, չարիք է գործում, բամբասանքներ է տարածում և փալասի ու կաշվի կտորներ է լափում` փորփրելով գյուղական աղբակույտերը։ Բայց գայլերը միաժամանակ և վախենում են Տաբակիից, որովհետև նա ավելի, քան որևէ մեկը Ջունգլիներում, կատաղության հակում ունի։ Այդպիսի ժամանակ նա բացարձակապես ոչ ոքից չի վախենում, սլանում է անտառով և կծում բոլորին, ում հանդիպում է ճանապարհին։ Նույնիսկ վագրը փախչում և թաքնվում է, երբ կատաղում է փոքրիկ Տաբաքին։ Ամենասոսկալի բանն աշխարհում, որ կարող է պատահել վայրի գազանին, կատաղությունն է։ Մենք` մարդիկս, այդ հիվանդությունն անվանում ենք ջրվախություն, բայց գազանները կոչում են կատաղություն և գլուխներն առած փախչում են։
Դե, գնա փնտրիր,— մռայլ ասաց Հայր Գայլը,— մանավանդ, այստեղ ուտելիք էլ չկա։
Գայլի համար չկա,— առարկեց Տաբակին,— բայց այնպիսի չնչին անձնավորության համար, ինչպիսին ես եմ, չոր ոսկորն էլ խնջույք է։ Մենք` Հիդուր-լոգներս (շնագայլերի ցեղ) է՞լ պետք է ընտրություն անենք ու քմահաճ լինենք։
Նա սլկվեց քարանձավի խորքը, ուր գտավ եղջերուի մի ոսկոր, որի վրա մի քիչ միս էր մնացել. վրա պրծնելով ոսկորին` նա սկսեց ուրախ-ուրախ կրծել։
Շնորհակալություն կուշտ ճաշի համար,— ասաց նա` շրթունքները լիզելով:— Ի՜նչ գեղկիկ են ազնիվ երեխաները... Ի՜նչ խոշոր աչքեր ունեն... Եվ դեռ բոլորովին ջահել են... Ա՜խ, ես մոռացա, որ արքաների երեխաներն առաջին իսկ օրից հասակ են առնում։
Տաբաքիին, ինչպես և բոլորին, շատ լավ հայտնի էր, որ երեխաներին նրանց ներկայությամբ գովելուց վատ բան չկա, բայց մեծ բավականություն էր զգում գայլաճուտերի հորը և մորը տհաճություն պատճառելուց։
Միառժամանակ Տաբաքին հանգիստ նստեց, կատարած չարությամբ հրճվելով, ապա նենգորեն նկատեց.
Մեծն Շեր-Խանը փոխում է որսի վայրը։ Մյուս ամսին նա այս սարերում է որս անելու, այդպես ասաց նա ինձ։
Շեր-Խանը վագր էր, որ ապրում էր Վայնհունգ գետի մոտ, քարանձավից քսան մղոն հեռու։
Իրավունք չունի,— զայրույթով սկսեց Հայր Գայլը։Ջունգլիների Օրենքի համաձայն նա իրավունք չունի փոխել բնակության վայրն առանց պատշաճ ծանուցման։ Նա կփախցնի շրջակայքի ամբողջ որսը տասը մղոն տարածության վրա, իսկ եսես պետք է կրկնակի որս անեմ այս օրերս։
Իզուր չէ, որ մայրը նրան Լենգրի (կաղլիկ) անունն է տվել,— հանգիստ նկատեց Մայր Գայլը:— Նա ծնված օրից կաղում է մի ոտքով, ահա թե ինչու է միայն անասուն սպանում։ Վայնհունգի բնակիչներն ատամ են կրճտացնում նրա դեմ, իսկ նա գալիս է այստեղ, որպեսզի մեր հարևաններին էլ զայրացնի։ Շեր-Խանի պատճառով նրանք կսկսեն մաքրել Ջունգլին, նա, իհարկե, մի որևէ հեռու տեղ կգնա, իսկ մենք հարկադրված կլինենք երեխաների հետ փախչել, երբ մարդիկ խոտը այրեն։ Շնորհակալություն, շնորհակալություն Շեր-Խանից։
Չհաղորդե՞լ արդյոք նրան ձեր շնորհակալությունը,— հարցրեց Տաբաքին։
Դո՛ւրս կորի,— մռնչաց Հայր Գայլը,— դո՛ւրս կորիԳնա քո հովանավորի մոտ որս անելու։ Դու այնքան չարիք պատճառեցիր, որ շատ-շատ է մի գիշերվա համար։
Ես հեռանում եմ,— հանգիստ պատասխանեց Տաբաքին:— Դուք Շեր-Խանի ձայնը կլսեք ներքևում, թավուտում։ Ես կարող էի և չկատարել հանձնարարությունը...
Հայր Գայլն ականջ դրեց, և փոքրիկ գետակն իջնող հովտի խորքից նրան հասավ որսը փախցրած վագրի չոր, զայրալից երկարաձիգ ոռնոցը, որի համար պարզապես միևնույն էր` կիմանա՞ն արդյոք Ջունգլիները։
Հիմա՛ր,— շշնջաց Հայր Գայլը.— ինչպես կարելի է գիշերային աշխատանք սկսել այդպիսի աղմուկով։ Նա երևակայում է, որ մեր եղջերուները Վայնհունգի պարարտ ցուլերի նման են։
Սը՜ս... Նա այս րոպեիս ո՛չ ցուլի ետևից է ընկել, ո՛չ էլ եղջերուի,— ընդհատեց Մայր Գայլը։Մարդ է որսում։
Ոռնոցը փոխվեց մի տեսակ ղողանջող մռլտոցի, որը, թվում էր, հնչում է շրջակայքի յուրաքանչյուր կետից։
Դա նույն այն ձայնն էր, որը ծայրահեղ շփոթության է մատնում բաց երկնքի տակ գիշերող փայտահատներին ու գնչուներին և երբեմն նրանց ուղղակի վագրի երախն է նետում։
Մարդ,— արտասանեց Հայր Գայլը` բացելով սպիտակ ատամ¬ները:— Փու՜Մի՞թե քիչ բզեզներ ու գորտեր կան ջրափոսերում, որ նա ուզում է մարդ ուտել, այն էլ մեր հողում։
Ջունգլիների Օրենքը, որը ոչ մի բան չի սահմանում առանց պատճառի, արգելում է գազանին մարդ ուտել, բացի այն դեպքերից, երբ նրանք որս անել են սովորեցնում երեխաներին, բայց այդ ժամանակ նրանք պետք է որս անեն Ոհմակի կամ Ցեղի հողամասից դուրս։ Արգելված է, որովհետև մարդ որսալու հետևանքը կլինի այն, որ վաղ թե ուշ կգան փղերի վրա նստած հրացանավոր սպիտակ մարդիկ և մի քանի հարյուր թխամորթներ` թմբուկներով, հրթիռներով ու ջահերով։ Այդ դեպքում Ջունգլիների բոլոր բնակիչները կտուժեն։ Իսկ միմյանց մեջ խոսելիս գազաններն ասում են, որ մարդը բոլոր կենդանի արարածներից ամենից թույլ և անպաշտպան արարածն է և նրան վիրավորելը «որսորդին վայել չէ»: Նրանք ասում են նաև, և ճշմարիտ է, որ մարդակերները քոսոտում են, և նրանց ատամները թափվում են։
Մռլտոցն ավելի ու ավելի ուժեղացավ և, վերջապես, փոխվեց հարձակում գործող վագրի որոտալիք մռնչոցի։ Ապա հետևեց Շեր-Խանի ոռնոցը, մի ոռնոց, որն այնքան էլ նման չէր վագրի ոռնոցի։
Շեր-Խանը վրիպեց,— նկատեց Մայր Գայլը:— Այդ ի՞նչ է նշանակում։
Հայր Գայլը մի քանի քայլ առաջ վազեց և լսեց թավուտում ահս ու այն կողմ վազվզող վագրի վայրի մռնչոցն ու մնչոցը։
Տխմարը տրորել է փայտահատի խարույկը և այրել է թաթերը,— փնթփնթաց Հայր Գայլը:— Տաբաքին նրա հետ է։
Մեկը սարն է բարձրանում,— ասաց Մայր Գայլը` սրելով ականջները:— Պատրաստվիր։
Մթության մեջ թեթևակի խշխշացին թփերը։ Հայր Գայլը ծալեց ոտ¬քերն ու կծիկ դարձավ` պատրաստվելով թռիչք կատարել։ Եվ այդ ժամանակ կողմնակի դիտողը կարող էր ականատես լինել հազվագյուտ մի տեսարանի` թե ինչպես գայլը կանգ առավ թռիչքի կեսին։ Նա թռիչք գործեց դեռ զոհին չտեսած, ապա ուժ գործադրեց կանգ առնելու։ Այնպես դուրս եկավ, որ նա միայն վերև թռավ չորս-հինգ կանգուն և ցած ընկավ համարյա նույն տեղը, որտեղից թռիչք էր գործել։
Մարդ է,— բացականչեց նա` կլափելով ատամները:— Մարդու երեխա է։ Նայիր։
Ուղիղ նրա դիմաց, կարճլիկ մի ճյուղ բռնած, կանգնած էր մերկ, թխամորթ մի մանկիկ, նոր-նոր քայլել սկսած մի քնքուշ, գրավիչ էակ: Նա նայեց Հայր Գայլի աչքերին ու ժպտաց։
Մի՞թե մարդու երեխա է,— հարցրեց Մայր Գայլը։Երբեք մարդու երեխա չեմ տեսել։ Այստեղ բեր նրան։
Վարժված լինելով սեփական երեխաներին տեղափոխելուն` գայլը կարող է, հարկ եղած դեպքում, բերանով ձու բերել առանց կոտրելու։ Թեպետ Հայր Գայլի ծնոտներն ամուր բռնել էին երեխայի մեջքը, բայց և այնպես նա, առանց մաշկը չանգռելու, դրեց նրան իր ձագերի կողքին։
Ի՜նչ պստիկն է։ Բոլորովին մերկ է... Եվ ինչ համարձա՞կը,— քնքշորեն ասաց Մայր Գայլը։
Երեխան դեսուդեն հրեց գայլի ձագերին` սեղմվելով նրանց տաք մորթիներին։
Օհո՜: Նա կերակուր է ուտում մյուսների հետ միասին... Ահա ինչպիսին է եղել մարդու երեխան... Կարո՞ղ է երբևիցե գայլը պարծենալ, որ իր ձագերի մեջ մարդու երեխա է պառկած...
Դրա նման մի բան լսել եմ, բայց դա եղել է ոչ իմ Ոհմակում և ոչ իմ ժամանակ,— ասաց Հայր Գայլը։Նա բոլորովին անմազ է, և ես կարող էի սպանել նրան թաթի մի հարվածով։ Բայց տես, նա նայում է ուղիղ իմ աչքերին և ամենևին չի վախենում։
Քարանձավի անցքից շողացող լուսնի լույսը մթնեց։ Շեր-Խանի ահագին քառակուսի գլուխը և ուսերը փակեցին մուտքը։ Տաբաքին, թաքնված նրա թիկունքում, ծղրտաց.
Վեհապե՛տ, Վեհապե՛տ, նա այստեղ մտավ...
Շեր-Խանը պատիվ է անում մեզ իր այցելությամբ,— ասաց Հայր Գայլը, բայց նրա աչքերում զայրույթ էր առկայծում։Ի՞նչ է հարկավոր Շեր-Խանին։
Իմ որսը։ Մարդու Երեխան այստեղ մտավ,— ասաց Շեր-Խանը։Նրա ծնողները փախել են։ Ի՛նձ տվեք նրան։
Շեր-Խանը տրորել էր փայտահատի խարույկը, ինչպես նկատել էր արդեն Հայր Գայլը. այրված թաթերի ցավը նրան կատաղության էր հասցրել։
Բայց Հայր Գայլը գիտեր, որ քարանձավի անցքը շատ նեղ է վագրի համար։
Գայլերն ազատ ժողովուրդ են,— ասաց Հայր Գայլը,— նրանք հրամաններ են ստանում Ոհմակի առաջնորդից և ոչ թե ինչ-որ շերտավոր անասնասպանից։ Մարդու Երեխան մերն է, և մենք նրան կսպանենք, եթե կամենանք։
Կկամենա՞ք կամ չե՞ք կամենա։ Այդ ի՞նչ խոսքեր են։ Երդվում ցուլով, որին սպանեցի, երկար չեմ սպասի այստեղ` քիթս ձեր շնային որջը խրած, որպեսզի ստանամ այն, ինչ ինձ է պատկանում օրենքով... Այդ ես եմ խոսում ձեզ հետ` Շեր-Խանը:
Վագրի որոտալից մռնչյունը ցնցեց քարանձավը: Մայր Գայլը հրեց ձագերին և առաջ ցատկեց. նրա աչքերը, որպես խավարի մեջ փայլող երկու կանաչ լուսիններ, սևեռվեցին Շեր-Խանի վառվող աչքերին:
Պատասխանում եմ քեզ ես` Ռաքշան: Մարդու ձագն իմն է, կաղլի՛կ, ի՛մն է և միայն ի՛մը... Նա չի սպանվի: Նա կենդանի կմնա, կվազվզի և որս կանի Ոհմակի հետ միասին: Եվ վերջիվերջո, զգուշացի՛ր դու, փոքրիկ տկլոր ձագերի որսո՛րդ, գորտեր խժռող ու ձկներ սպանող, նա կորսա քեզ... Իսկ այժմ կորի՛ր, եթե ոչ, երդվում եմ Սամբհուրով, որին ես սպանել եմ (ես սովահար անասուն չեմ ուտում), որ դու, Ջունգլիի խանձվա՛ծ անասուն, կվերադառնաս քո մոր մոտ ավելի կաղ, քան աշխարհ ես եկել: Կորի՛ր:
Հայր Գայլը զարմանքով նայում էր նրան: Նա արդեն մոռացել էր այն ժամանակները, երբ նվաճել էր Մայր Գայլին` հինգ այլ գայլերի հետ դաժան կռվի բռնվելով, երբ Մայր Գայլն ազատ վազվզում էր Ոհմակում, և միայն քաղաքավարությունից դրդված, նրան առերես սատանա չէին անվանում:
Շեր-Խանը մի կերպ կարող էր դիմակայել Հայր Գայլին, բայց չէր կարող դիմադրել Մայր Գայլին, որովհետև տեսավ, որ նա ավելի հարմար տեղ էր կանգնած, և առավելությունը նրա կողմն էր, ու նա կկռվեր մինչև վերջին շունչը: Ուստի մռնչոցով նահանջեց քարանձավի մուտքից և, փոքր-ինչ հեռանալով, գոչեց.
Ամեն շուն էլ իր բակում հաչում է: Տեսնենք ի՞նչ կասի Ոհմակը մարդու ձագին այդպես հովանավորելու համար: Ձագն իմն է, և վաղ թե ուշ ես կուտեմ նրան, թանձրապո՛չ գողեր:
Մայր Գայլը, հազիվ շնչելով, նետվեց իր ձագերի մոտ: Հայր Գայլը ծանրակշիռ նկատեց.
Շեր-Խանը շատ ճիշտ ասաց: Ձագին պետք է ցույց տալ Ոհմակին: Կապաստանե՞ս դու նրան, Մա՛յր:
Ապաստանե՞լ նրան,— փնչացրեց Մայր Գայլը:— Նա եկավ գիշերը, մերկ, միայնակ, սոված, բայց ոչ վախեցած: Տե՛ս, նա արդեն մի կողմ է հրել իմ երեխաներից մեկին: Այդ կաղլիկ մսագործը կսպաներ նրան ու կփախչեր Վայնգունգա, իսկ այստեղի բնակիչները վրեժխնդիր լինելու համար կավերեին մեր որջերը: Պահե՞լ նրան: Իհարկե, ես կպահեմ նրան: Հանգիստ պառկիր, փոքրի՛կ գորտ... Օ՜հ, Մաուգլի (որովհետև ես քեզ Մաուգլի-Գորտուկ պիտի կոչեմ), կգա ժամանակ, երբ դու կորսաս Շեր-Խանին, ինչպես Շեր-Խանն էր որսում քեզ:
Բայց ի՞նչ կասի մեր Ոհմակը,— ասաց Հայր Գայլը:
Ջունգլիների օրենքը միանգամայն որոշակի ասում է, որ ամեն գայլ ամուսնությունից հետո կարող է դուրս գալ Ոհմակից, որին պատկանում է: Բայց հենց որ նրա ձագուկները մեծանան այնքան, որ կարողանան ինքնուրույն ապրել, նա պարտավոր է ներկայացնել նրանց Ոհմակի Խորհրդին, որը սովորաբար գումարվում է ամիսը մեկ` լիալուսնին, որպեսզի մյուս գայլերը կարողանան ծանոթանալ երեխաների հետ: Ստուգատեսից հետո ձագուկներն ազատ կարող են գնալ, ուր կամենան, և քանի դեռ նրանք չեն սպանել առաջին եղջերուին, ներում չկա Ոհմակի այն չափահաս գայլին, որը կսպանի նրանցից մեկնումեկին: Սպանողը մահապատժի է ենթարկվում հենց այնտեղ, որտեղ գտնեն նրան, և եթե լավ մտածելու լինենք, ապա պարզ է, որ այդպես էլ պետք է լինի:
Հայր Գայլը սպասեց, մինչև իր ձագուկներն սկսեցին վազվզել, և Ոհմակի ժողովի գիշերը Մաուգլիի ու Մայր Գայլի հետ տարավ նրանց Խորհրդի ժայռ` մի բլրագագաթ` որձաքարի խոշոր բեկորներից, որտեղ մինչև հարյուր գայլ կարող էր թաքնվել: Աքելան` խոշոր, ալեհեր Միայնակ Գայլը, որն ուժով և խելքով կառավարում էր Ոհմակը, պառկել էր` հասակով մեկ փռված իր ճալաքարին, իսկ ներքևում նստել էին ամեն գույնի ու հասակի քառասուն կամ ավելի գայլեր` սկսած հնամարտիկներից, որոնք միայնակ կարող էին եղջերուին հաղթել, մինչև երիտասարդ, երեքամյա սև գայլերը, որոնք երևակայում էին միայն, թե իրենք էլ կարող են դա անել: Միայնակ Գայլն արդեն մի տարի կառավարում էր Ոհմակը: Երիտասարդ ժամանակ նա երկու անգամ ընկել էր գայլաթակարդը, իսկ մի անգամ նրան դաժանորեն ծեծել ու թողել էին մեռնելու, ուստի նրան ծանոթ էին մարդկանց բարքերն ու սովորությունները: Ժայռի մոտ համարյա չէին խոսում: Ձագուկները գլուխկոնծի էին տալիս ու վազվզում իրենց հայրերի ու մայրերի կազմած շրջանի կենտրոնում: Ժամանակ առ ժամանակ որևէ մեծահասակ գայլ դանդաղ մոտենում էր մի ձագուկի, ուշադիր զննում էր նրան և անաղմուկ վերադառնում իր տեղը: Երբեմն որևէ մայր ձագուկին լույս տեղ էր հրում, որպեսզի հավատացած լինի, որ նրան աչքաթող չեն անի:
Աքելան կոչ էր անում իր ժայռից.
Դուք գիտեք Օրենքը, ձեզ հայտնի է Օրենքը: Լա՛վ նայեցեք, ո՜վ գայլեր...
Եվ մայրերն անհանգիստ ձայնակցում էին.
Նայեցեք, լավ նայեցեք, ո՜վ գայլեր...
Վերջապես (այդ ակնթարթին Մայր Գայլի բուրդը վզի վրա բիզ-բիզ կանգնեց) Հայր Գայլը Մաուգլի-Գորտուկին, ինչպես անվանում էին երեխային, հրեց կենտրոն, ուր նա ծիծաղելով նստեց ու սկսեց խաղալ լուսնի լույսի տակ փայլփլող քարերով։
Աքելան գլուխը չէր բարձրացնում, բայց շարունակում էր միօրինակ բացականչել.
Լա՛վ նայեցեք։
Ժայռի ետևից խուլ մռնչյուն լսվեց. Շեր-Խանի ձայնն էր.
Երեխան իմն է... Ինձ տվեք նրան։ Ազատ Ցեղի ինչի՞ն է հարկավոր Մարդու Երեխան։
Աքելան ուշադրություն իսկ չդարձրեց, նա ասաց միայն.
Լավ նայեցեք, ո՜վ գայլեր։ Ազատ Ցեղն ի՞նչ գործ ունի ուրիշների հրամանների հետ, բացի Ազատ Ցեղի հրամաններից։
Լսվեց խմբակային խուլ մռնչոց, և ջահել չորսամյա մի գայլ Աքելային նետեց Շեր-Խանի հարցը` Ազատ Ցեղի ինչի՞ն է հարկավոր Մարդու Երեխան։ Ջունգլիների Օրենքի համաձայն, եթե վեճ է ծագում ձագին Ոհմակի մեջ ընդունելու իրավունքի մասին, նրա օգտին պետք է ձայն տան ամենաքիչը Ոհմակի երկու անդամ` չհաշված հայրն ու մայրը։
Ո՞վ է խոսում երեխայի օգտին,— հարցրեց Աքելան։Ազատ Ցեղից ո՞վ է խոսում։
Պատասխան չլսվեց, և Մայր Գայլը պատրաստվեց իր վերջին (նա այդ գիտեր) մարտին, բան է, եթե գործը կռվի հասներ։
Այն ժամանակ Ցեղային Խորհրդի մեջ ընդունված միակ օտար գազանը` Բալուն, քնկոտ, դարչնագույն արջը, գայլաձագերին Ջունգլիների Օրենքը սովորեցնող ծեր Բալուն, որ թափառում էր իր ուզած տեղերը, որովհետև կերակրվում էր միայն, կաղինով, արմտիքով և մեղրով, բարձրացավ ետևի թաթերի վրա ու մռնչաց.
Մարդու Երեխա, Մարդու Երեխա՜,— ասաց նա։Ես պաշտպան դուրս կգամ Մարդու Երեխային։ Նա մեզ վնաս չի պատճառի։ Ես խոսելու շնորհք չունեմ, բայց ճշմարտություն եմ ասում։ Թող նա վազվզի Ոհմակում և մտնի նրա մեջ մյուսների հետ միասին։ Ես ինքս կզբաղվեմ նրա դաստիարակությամբ։
Մեզ հարկավոր է ևս մեկ ձայն,— ասաց Աքելան։Բալուն խոսեց, իսկ նա մեր երիտասարդության դաստիարակն է, ո՞վ կա Բալուից բացի։ Շրջանի մեջտեղ ընկավ մի սև ստվեր։ Դա Բաղիրան էր` սև հովազը, սև, ինչպես թանաք, հովազին հատուկ պսպղուն ցոլքով: Բոլորը ճանաչում էին Բաղիրային, և ոչ ոք չհամարձակվեց արգելք լինել նրան, որովհետև նա խորամանկ էր, ինչպես Տարաքին, համարձակ` ինչպես վայրի գոմեշ, և ամեհի` ինչպես վիրավոր փիղը։ Բայց նրա ձայնը քաղցր էր, ինչպես ծառից կաթող վայրի մեղր, իսկ բուրդը` աղվամազից փափուկ։
Օ՜, Աքելա, և դուք, Ազատ Ցեղ,— մռլտաց նա,— ես իրավունք չունեմ ձեր ժողովին մասնակցելու, բայց Ջունգլիների Օրենքն ասում է, որ երբ կասկած է առաջանում նոր երեխայի վերաբերմամբ, եթե խոսքը սպանության մասին չէ, ապա այդ երեխայի կյանքը կարելի է գնել որոշ վճարով։ Իսկ Օրենքը չի որոշում, թե ով կարող է և ով չի կարող առաջարկել այդ վճարը։ Ճշմարի՞տ եմ ասում ես։
Ճիշտ է, իրավացի է,— ձայն տվեցին երիտասարդ գայլերը, որոնք շարունակ տանջվում էին քաղցից։Լսեցե՛ք Բաղիրային։ Երեխան կարող է գնվել վճարով։ Այդպե՛ս է Օրենքը։
Իրավունք չունենալով այստեղ խոսելու` ձեր թույլտվությունն եմ խնդրում։
Խոսիր,— աղաղակեց քսան ձայն։
Մերկ երեխային սպանելը խայտառակություն է։ Բացի այդ, նա կարող է ձեզ օգտակար լինել, երբ մեծանա։ Բալուն խոսեց նրա օգտին։ Բալուի խոսքերին ես ավելացնում եմ հենց նոր այստեղից կես մղոն հեռավորության վրա սպանած պարարտ մի ցուլ, եթե միայն դուք Օրենքի համաձայն Մարդու Երեխային Ոհմակի մեջ ընդունեք։
Տասնյակ բացականչություններ լսվեցին.
Ի՜նչ վնաս։ Միևնույն է, նա մեռնելու է ձմեռային անձրևներից... Արևը կայրի նրան։ Ի՞նչ վնաս կարող է պատճառել մեզ տկլոր գորտուկը։ Թող վազվզի Ոհմակի մեջ։Որտե՞ղ է ցուլը, Բաղիրա։ Թող ընդունեն նրան։
Աքելայի խորունկ ոռնոցը ծածկեց ամեն ինչ.
Նայեցեք, լավ նայեցեք, ո՜վ գայլեր։
Մաուգլին այնքան էր տարված իր քարերով, որ չնկատեց, թե ինչպես գայլերը հերթով մոտենում ու զննում էին իրեն։ Վերջապես, նրանք բոլորը բլուրից ցած իջան սպանված ցուլի մոտ. մնացին միայն Աքելան, Բաղիրան, Բալուն և Մաուգլիին որդեգրած գայլերը։ Շեր-Խանը շարունակում էր մռնչալ խավարի մեջ, զայրանալով, որ Մաուգլիին չտվեցին իրեն։
Մռնչա, որքան կուզես,— փնթփնթաց Բաղիրան բեղերի տակ։Կգա ժամանակ, երբ այս մերկ արարածը կհարկադրի քեզ այլ կերպ ոռնալ, կամ ես լավ չեմ ճանաչում մարդկանց։
Լավ գործ կատարվեց,— ասաց Աքելան,— նրանց երեխաները շատ խելոք են։ Կգա ժամանակ, երբ նա մեզ օգնական կլինի։
Հիրավի, օգնական` կարիքի ժամին, որովհետև ոչ ոք չի կարող Ոհմակը մշտապես առաջնորդելու հույս ունենալ,— նկատեց Բաղիրան:
Աքելան չպատասխանեց։ Նա մտածում էր այն ժամանակի մասին, որը հասնում է Ոհմակի ամեն մի առաջնորդի համար, երբ նրա ուժերն սպառվում են, երբ նա ավելի ու ավելի է թուլանում, մինչև վերջապես գայլերն սպանում են նրան և նոր առաջնորդ են նշանակում։
Տար նրան,— դարձավ նա Հայր Գայլին,— և դաստիարակիր, ինչպես վայել է Ազատ Ցեղի զավակին։
Այդպես ահա Մաուգլին, ցուլի գնով և Բալուի բարեխոսությամբ, ընդունվեց Սիոնական գայլերի Ոհմակի մեջ։
Իսկ այժմ թող ընթերցողը նեղություն կրի տասը-տասնմեկ տարի բաց թողնել և գուշակություններ անել այն զարմանալի կյանքի մասին, որ ունեցավ Մաուգլին գայլերի հասարակության մեջ։ Եթե մենք մտածեինք նկարագրել այդ, հարկ կլիներ բազմաթիվ հատորներ լցնել։ Նա աճեց գայլաձագերի հետ միասին, թեև, հասկանալի է, այս վերջինները հասակավոր գայլեր դարձան այն ժամանակ, երբ նա դեռևս բոլորովին երեխա էր։ Հայր Գայլը սովորեցրեց նրան իր գործը և բացատրեց Ջունգլիներում եղած բոլոր բաների իմաստը, մինչև որ յուրաքանչյուր շյուղի շրշյուն, գիշերային տաք օդի ամեն մի շունչ, վերևում նստած բուի կռինչ, հանգստանալու համար ծառից կախված չղջիկի եղունգի ճանկռտոց և որևէ ձկան ամեն մի ճողփյուն լճի մեջ` հասկանալի դարձան նրան այնպես, ինչպես գրասենյակային աշխատանքը` գործարար մարդուն։ Այն րոպեներին, երբ նա չէր սովորում, տաքանում էր արևի տակ, քնում էր, ուտում և կրկին գնում նիրհելու։ Երբ նա շոգում էր կամ կեղտոտվում, նետվում էր անտառի լճակների մեջ, իսկ երբ մեղր էր ուզում (Բալուն ապացուցել էր նրան, որ մեղրն ու կաղինը նույնպես համեղ են, ինչպես հում միսը), մագլցում էր ծառը, որ սովորեցրել էր նրան Բաղիրան։ Բաղիրան փռվում էր չոր ճյուղի վրա և կանչում. «Այստեղ եկ, Եղբայր»։
Սկզբում Մաուգլին դանդաղ էր մագլցում ծառը, բայց շուտով համարյա նույնպիսի համարձակությամբ էր թռչում ճյուղից ճյուղ, ինչպես գորշագույն կապիկները։ Նա ժողովի էր գնում Խորհրղի Ժայռը, երբ հավաքվում էր Ոհմակը։ Այդ ժամանակ մի հայտնություն արեց, բավական է ինքն անթարթ նայի որևէ գայլի աչքերի մեջ, որ այս վերջինը խոնարհի հայացքը։ Զվարճության համար նա հաճախ էր այդպիսի կատակներ անում։ Պատահում էր, որ նա իր բարեկամների թաթերից հանում էր երկար փշերը. գայլերը սաստիկ տանջվում են իրենց մորթիների մեջ խճճված փշերից ու կռատուկի գնդածաղիկներից։ Գիշերները սիրում էր բլուրից իջնել մշակված դաշտերը և հետաքրքրությամբ դիտել գյուղացիներին իրենց խրճիթներում, բայց նա չէր վստահում մարդկանց։ Բաղիրան ցույց տվեց նրան մի թակարդ` Ջունգլիներում մեծ վարպետությամբ թաքցրած քառակուսի մի արկղ, և ասաց, որ դա ծուղակ է։
Ամենից շատ նա սիրում էր Բաղիրայի հետ ման գալ անտառի մութ ու տաք թավուտում և քնել այնտեղ ամբողջ տոթ օրվա ընթացքում, իսկ գիշերը դիտել, թե ինչպես է որս անում Բաղիրան։ Երբ Բաղիրան քաղցած էր լինում, սպանում էր աջ ու ձախ. նույնն էր անում և Մաուգլին` մի բացառությամբ։ Երբ նա մեծացավ և սկսեց շատ բան հասկանալ, Բաղիրան հայտարարեց նրան, որ նա երբեք չպետք է ձեռք տա անասուններին, քանի որ ինքը Ոհմակի մեջ ընդունվել է ցուլի կյանքի գնով։ «Ամբողջ Ջունգլին քոնն է,— ասում էր Բաղիրան,— և դու կարող ես սպանել այն ամենը, ինչ ուժդ կպատի, բայց, հանուն ցուլի, որով դու փրկագրվել ես, երբեք չպետք է սպանել ո՛չ ջահել և ո՛չ էլ ծեր անասուն։ Այդպես է Ջունգլիների Օրենքը: Մաուգլին առանց առարկության ենթարկվեց։ Նա աճեց ու աճեց, դարձավ ավելի ու ավելի ուժեղ, ինչ որ պետք էր սպասել մի տղայից, որը պատկերացում չուներ, թե ինչ է նշանակում դասեր սովորել, և որը բացարձակապես ոչնչի մասին չէր մտածում, բացի ուտելիքից։
Մայր Գայլը մեկ թե երկու անգամ ասաց նրան, որ Շեր-Խանին չի կարելի վստահել, և որ վաղ թե ուշ նա պետք է սպանի Շեր-Խանին։
Գայլաձագն այդ խորհուրդը կհիշեր ամբողջ կյանքում, բայց Մաուգլին մոռացավ. չէ՞ որ նա տղա էր, թեև իրեն գայլ կանվաներ, եթե մարդկային լեզվով խոսել կարողանար։
Շեր-Խանը հաճախ էր կտրում նրա ճանապարհը Ջունգլիներում: Օգտվելով այն հանգամանքից, որ Աքելան ծերանում է և ուժասպառ լինում, Կաղ Վագրը սերտ բարեկամություն հաստատեց Ոհմակի երիտասարդ գայլերի հետ, որոնք վազ էին տալիս նրա ետևից, նրա կերակրի մնացորդները հավաքելով, մի բան, որ Աքելան երբեք թույլ չէր տա, եթե համարձակվեր իշխանությունը տարածել մինչև պետք եղած սահմանները։ Շեր-Խանը շողոքորթում էր նրանց և զարմանում, «թե ինչպես այդպիսի սքանչելի երիտասարդ որսորդները հանդուրժում են մեռնող գայլի և Մարդու Երեխայի բռնությունը»։
Ինձ ասացին,— ասում էր Շեր-Խանը,— որ Խորհրդի ժողովների ժամանակ դուք չեք համարձակվում նայել նրա աչքերին։
Եվ երիտասարդ գայլերը մռնչում էին ու զայրանում։
Ամեն ինչ տեսնող և լսող Բաղիրային որոշ բան հայտնի էր նկարագրվածից և մի անգամ նա ուղղակի ասաց Մաուգլիին, որ Շեր-Խանը երբևիցե սպանելու է նրան: Բայց Մաուգլին ծիծաղեց ու պատասխանեց:
Իմ կողմն ես դու, իմ կողմն է Ոհմակը, Բալուն նույնպես, չնայած ծույլ է: Բայց և այնպես կկարողանա մեկ-երկու անգամ ինձ համա կռվի բռնվել։ Էլ ինչո՞ւ պիտի վախենամ։
Մի շոգ օր Բաղիրայի գլխում նոր միտք ծագեց նախընթաց դեպքերի առնչությամբ։ Գուցե խոզուկ Սագին ներշնչեց նրան այդ միտքը։ Այսպես թե այնպես, մեկ անգամ, երբ նրանք Ջունգլիների խորքն էին մտել, և Մաուգլին պառկել էր` գլուխը հենած Բաղիրայի սքանչելի սև մորթուն, վերջինս դարձավ տղային.
Եղբայր, քանի՞ անգամ եմ ասել, որ Շեր-Խանը քեզ թշնամի է:
Այնքան անգամ, որքան այս ընկուզենու վրա ընկույզ կա,— պա¬տասխանեց Մաուգլին, հասկանալի է` հաշվել չիմանալով։Է՜, ինչ անենք։ Ես քնել եմ ուզում, Բաղիրա, իսկ Շեր-Խանը միայն և միայն երկար պոչ ունի և ուժգին ձայն, ինչպես սիրամարգ Մորը։
Բայց այժմ քնելու ժամանակ չէ։ Բալուն գիտի այդ մասին, ես գիտեմ, Ոհմակը գիտի, և նույնիսկ հիմար եղջերուները գիտեն։ Դրա մասին Տաբաքին էլ է ասել քեզ։
Հո՜, հո՜,— ասաց Մաուգլին։Վերջերս Տաբաքին եկավ ինձ մոտ և հանդուգն խոսքեր ասաց, իբր թե ես տկլոր մարդու երեխա եմ և ինձ վայել չէ գետնակաղին փորփրել։ Բայց ես բռնեցի Տաբաքիի պոչից և մի երկու անգամ խփեցի արմավենու բնին, որպեսզի պարկեշտ վարվեցողություն սովորի։
Հիմարություն ես արել. թեպետ Տաբաքին չարագործի մեկն է, բայց նա կարող էր քեզ վերաբերող որոշ բաներ հաղորդել։ Աչքերդ բաց արա, Եղբայր։ Շեր-Խանը չի համարձակվի քեզ սպանել Ջունգլիներում, բայց հիշիր, Աքելան շատ է ծեր, շուտով կգա այն օրը, երբ նա չի կարող սպանել իր եղջերուն, և այն ժամանակ նա այլևս առաջնորդ չի լինի։ Քեզ դիտող գայլերից շատերը, երբ առաջին անգամ քեզ Ժայռը բերեցին, նույնպես ծերացել են, իսկ երիտասարդ գայլերը հավատում են այն բանին, ինչ պատմում է նրանց Շեր-Խանը, այսինքն` որ Մարդու Երեխան Ոհմակի մեջ տեղ չունի։ Եվս մի փոքր ժամանակ, և դու արդեն հասակ առած մարդ կդառնաս։
Իսկ ի՞նչ է մարդը։ Մի՞թե նա չի կարող վազվզել իր եղբայրների հետ,— հարցրեց Մաուգլին։Ես ծնվել եմ Ջունգլիներում։ Ես կատարում եմ Ջունգլիների Օրենքները, և մեր գայլերի մեջ չի գտնվի մեկը, որի թաթից ես փուշ հանած չլինեմ։ Դե, իհարկե, նրանք իմ եղբայրներն են:
Բաղիրան ձգվեց ամբողջ երկարությամբ և կիսով չափ փակեց աչքերը։
Եղբայր,— ասաց նա,— շոշափիր իմ կզակը։
Մաուգլին պարզեց ուժեղ, թուխ ձեռքը և Բաղիրայի մետաքսե կզակի տակ, ուր ահագին կլոր մկաններն էին թաքնվել փայլուն բրդի մեջ, շոշափեց փոքրիկ, լերկ մի շերտ։
Ջունգլիներում ոչ ոք չգիտի, որ ես` Բաղիրաս, կրում եմ այս նշանը,— վզկապի հետքը, մինչդեռ ես, Եղբայր, ծնվել եմ մարդկանց մեջ, և իմ մայրը մեռել է մարդկանց մոտ, Ուդեյպուրի արքայական պալատի վանդակներում։ Ահա թե ինչու ես փրկագրեցի քեզ Խորհրդի ժողովում, երբ դու շատ պստիկ, մերկ երեխա էիր։ Այո, ես նույնպես ծնվել եմ մարդկանց մեջ։ Ծնվելուց հետո ես չեմ տեսել Ջունգլիները։ Ինձ կերակրում էին վանդակապատի ետևից` երկաթյա ամանով, մինչև, վերջապես, զգացի, որ ես Բաղիրան եմ` հովազ, և ոչ թե մարդկային խաղալիք։ Թաթի մի հարվածով ես ջարդեցի հիմար փականն ու փախա։ Ես գիտեմ մարդկանց բոլոր սովորությունները և Ջունգլիներում համարվում եմ Շեր-Խանից ավելի սարսափելի։ Այդպես չէ՞։
Այո,— ասաց Մաուգլին,— ամբողջ Ջունգլին վախենում է Բաղիրայից, բոլորը, բացի Մաուգլիից:
Օ՜, դու մարդու մանկիկ ես,— քնքշությամբ ասաց սև հովազը,— և ինչպես ես վերադարձա իմ Ջունգլիները, այնպես էլ դու պետք է, վերջ ի վերջո, վերադառնաս մարդկանց մոտ, որոնք քո եղբայրներն են, եթե միայն քեզ չսպանեն Խորհրդում...
Բայց ինչու՞... ինչու՞ պետք է որևէ մեկը ցանկանա ինձ սպանել,— հարցրեց Մաուգլին։
Ինձ նայիր,— ասաց Բաղիրան, և Մաուգլին ակնդետ նայեց նրա աչքերին։ Կես րոպե անց ահագին հովազը շուռ տվեց գլուխը։
Ահա ինչու,— ասաց նա` թաթերով շարժելով տերևները,— նույնիսկ ես չեմ կարողանում նայել քո աչքերին, մինչդեռ ես ծնվել եմ մարդկանց մեջ և սիրում եմ քեզ, Եղբայր։ Իսկ մյուսներն ատում են քեզ այն պատճառով, որ նրանց աչքերը չեն համարձակվում հանդիպել քո աչքերին, այն պատճառով, որ դու իմաստուն ես, այն պատճառով, որ դու նրանց թաթերից հանել ես փշերը, այն պատճառով, որ դու մարդ ես։
Ես այդ չգիտեի,— մռայլ ասաց Մաուգլին` խոժոռելով իր թավ, սև հոնքերը։
Ինչ է ասում Ջունգլիների Օրենքը։ Նախ` հարվածիր, ապա` ձայն բարձրացրու։ Քո անհոգությունից միայն նրանք տեսնում են, որ ղու մարդ ես։ Խոհեմ եղիր։ Սիրտս ասում է ինձ, որ եթե Աքելան վրիպի որսի ժամանակ, իսկ նա ավելի ու ավելի դժվարությամբ է եղջերու որսում, Ոհմակը կապստամբվի նրա և քո դեմ։ Նրանք կհավաքեն Ջունգլիների Խորհուրդը Ժայռի վրա, իսկ հետո... հետոԳտա՛,— բացականչեց Բաղիրան` վեր թռչելով տեղից։Շուտով իջիր հովիտը, մարդկային բնակարանների մոտ, և մի քիչ Կարմիր Ծաղիկ գտիր, որ աճեցնում են նրանք։ Երբ ժամանակը գա, դու նույնիսկ ինձնից ու Բալուից, կամ Ոհմակի այն անդամներից, որոնք բարյացակամ են քո նկատմամբ, ավելի հզոր բարեկամ կունենաս։ Կարմիր Ծաղիկ գտիր։
Կարմիր Ծաղիկ ասելով Բաղիրան հասկանում էր կրակը, բայց Ջունգլիների ոչ մի արարած կրակն իր իսկական անունով չի կոչում։ Յուրաքանչյուր գազան մահացու սարսափ է զգում նրանից և նկարագրում է այն հարյուրավոր ձևերով` չհամարձակվելով ճիշտ անունը տալ։
Կարմիր Ծաղիկ,— ասաց Մաուգլին։Նա բուսնում է իրիկնամուտին, խրճիթների մոտ։ Ես ձեռք կբերեմ այն։
Ա՛յ, դա Մարդու Երեխայի պատասխան է,— հպարտությամբ ասաց Բաղիրան։Հիշիր, նա աճում է կճուճների մեջ։ Շուտով բեր Ծաղիկը և պահիր մոտդ, կարիքի դեպքում։
Լավ։ Ես գնում եմ։ Բայց հավատացա՞ծ ես դու, ով իմ Բաղիրա,— Մաուգլին ձեռքը փաթաթեց հովազի հոյակապ վզին և անթարթ նայեց նրա աչքերին,— հավատացա՞ծ ես դու, որ այդ բոլորը Շեր-Խանի խաղերն են։
Երդվում եմ Ջարդած Կողպեքով, որն ազատեց ինձ, ես դրանում համոզված եմ, Եղբայր։
Այդ դեպքում ես երդվում եմ ինձ փրկագրած ցուլով, որ կհատուցեմ Շեր-Խանին լրիվ արժեքով և գուցե ավելին,— ասաց Մաուգլին և մի ոստյունով անհայտացավ Բաղիրայի աչքից։
Ա՜յ, սա մարդ է... Սա արդեն իսկակա՛ն մարդ է,— ինքն իրեն ասաց Բաղիրան` պառկելով գետնին...— Օ՜, Շեր-Խան, ավելի չարաբախտ որս չես ունեցել դու երբեք, քան տասը տարի առաջ Գորտուկի որսը։
Մաուգլին արդեն շատ էր խորացել անտառի մեջ. նա վազում էր արագ, և նրա սիրտն այրվում էր կրծքի տակ։ Երբ բարձրացավ իրիկնային մշուշը, նա արդեն քարանձավի մոտ էր և, շունչ առնելով, նայում էր ցած, դեպի հովիտը։ Ձագուկները տանը չէին, բայց Մայր Գայլը նրա շնչառությունից գուշակեց, որ ինչ-որ բան հուզում է իր Գորտուկին։
Ի՞նչ է պատահել, որդյակս,— հարցրեց նա։
Շեր-Խանի դատարկաբանությունն է, ուրիշ ոչինչ,— ասաց նա։Այսօր ես մշակված դաշտերում եմ որս անելու։Եվ նա թփուտներով ցած նետվեց դեպի գետակը, որ խոխոջում էր հովտի խորքում։ Այդտեղ կանգ առավ, լսեց որսի ելած Ոհմակի ոռնոցը, հալածված եղջերուի մռնչոցը, ապա լսվեցին երիտասարդ գայլերի չար ու թունավոր հաչոցները.
Աքե՛լա, Աքե՛լա։ Թող Միայնակ Գայլը ցույց տա իր ուժը: Տեղ տվեք Ոհմակի առաջնորդին։ Ցատկի՛ր, Աքե՛լա։
Միայնակ Գայլը, ըստ երևույթին, թռիչք գործեց և վրիպեց, որովհետև Մաուգլին լսեց միմյանց բախվող ատամների չխկոց և ճիչ. եղջերուն հարվածեց նրան առջևի ոտքերով։
Մաուգլին այլևս չսպասեց շարունակությանը և նետվեց առաջ. ոռնոցները լռեցին նրա ետևում, երբ նա վազեց դեպի հերկված դաշտերը, ուր ապրում էին գյուղացիները։
Բաղիրան ճիշտ էր ասում,— շնչակտուր շշնջաց նա` թաքնվելով խրճիթներից մեկի լուսամուտի տակ եղած խոտի դեզի մեջ։Վաղը իմ և Աքելայի օրն է։
Նա ամուր կպավ լուսամուտին և հայացքը հառեց օջախի մեջ փայլող բոցին։ Նա տեսավ, թե ինչպես գյուղացու կինը գիշերը վեր կացավ և կերակրեց կրակը փայտի սև կտորներով, իսկ երբ լույսը բացվեց և ճերմակ ու ցուրտ մշուշները սողացին գետնի վրայով, նա տեսավ, թե ինչպես գյուղացու երեխան վերցրեց ներսից կավով պատած կողովը, լցրեց շիկացած ածուխներով, դրեց իր վերմակի տակ և գնաց գոմը` կովերի առաջը խոտ գցելու։
«Սա՞ է բոլորը,— մտածեց Մաուգլին։Եթե երեխան կարող է այդ անել, ուրեմն ես վախենալու ոչինչ չունեմ»։
Մաուգլին անցավ խրճիթի անկյունը, դիմավորեց տղային, վերցրեց նրա ձեռքից կողովը և վախեցած երեխայի աղաղակների ուղեկցությամբ ծածկվեց մշուշում։
Նրանք շատ նման են ինձ,— ասաց Մաուգլին, փչելով ամանի մեջ, ինչպես այդ անում էր կինը նրա աչքի առաջ։Այս բանը կմեռնի, եթե ես նրան կերակուր չտամ։Եվ նա չոր ճյուղեր ու կեղևներ գցեց կարմիր զանգվածի վրա։ Կես ճանապարհին նա հանդիպեց Բաղիրային՝ ծածկված առավոտյան ցողով, որ թանկագին ակների պես փայլում էր նրա մորթու վրա։
Աքելան վրիպեց,— հաղորդեց հովազը։Նրանք կսպանեին, նրան այս գիշեր, բայց դու չկայիր։ Քեզ որոնում էին լեռներում։
Ես արտերում էի։ Ես պատրա՛ստ եմ։ Տե՛ս։Եվ Մաուգլին ցույց տվեց կրակով լի ամանը։
Հիանալի՛ է։ Ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ չոր ճյուղ էին խրում այս շեղջի մեջ և նրա ծայրին Կարմիր Ծաղիկ էր բացվում։ Մի՜թե դու չես սարսափում։
Ոչ։ Ինչո՞ւ պիտի սարսափեմ։ Ես այժմ հիշում եմ, եթե միայն դա երազ չէ, որ մինչև իմ գայլ դառնալը պառկում էի Կարմիր Ծաղկի մոտ և տաքանում էի ու հաճույք զգում։
Ամբողջ օրը Մաուգլին նստեց քարանձավում` խնամելով իր օջախը, նա չոր ճյուղեր էր գցում կրակի վրա, համոզվելու համար, թե արդյոք կվառվե՞ն նրանք։ Նա ընտրեց մի ճյուղ, որը նրան լիովին բավարարում էր, և երեկոյան, երբ քարանձավում հայտնված Տաբաքին բավական կոպտաբար հաղորդեց, որ Խորհրդի Ժայռում պահանջում են նրան, նա ի պատասխան այնպես ծաղրական քրքջաց, որ վախեցած Տաբաքին փախավ։ Հետո Մաուգլին ծիծաղելով գնաց Խորհուրդ։ Աքելան` Միայնակ Գայլը, պառկել էր իր ժայռի մոտ, ի նշան այն բանի, որ Ոհմակի առաջնորդի պաշտոնը թափուր է։ Շեր-Խանն իր կամակատար գայլերի շքախմբով, որոնք կերակրվում էին նրա փշրանքներով, քայլում էր ետ ու առաջ և ունկնդրում իր հասցեին արված անպատկառ շողոքորթությունները։ Բաղիրան պառկել էր, պինդ սեղմված Մաուգլիին, որը ծնկների արանքում բռնել էր կրակի ամանը։
Երբ բոլորը հավաքվեցին, առաջինը խոսեց Շեր-Խանը, ամբարտավանություն, որ չէր հանդգնի նա, երբ դեռ Աքելան ուժեղ էր ու երիտասարդ։
Նա իրավունք չունի,— շշնջաց Բաղիրան։Ասա նրան։ Նա շան որդի է։ Նա կվախենա։
Մաուգլին ոտքի թռավ։
Ազատ Ցեղ,— բացականչեց նա,— մի՞թե Շեր-Խանն է Ոհմակի առաջնորդը։ Վագրն ի՞նչ գործ ունի մեր Ցեղի առաջնորդի ընտրության գործում։
Առաջնորդի տեղը թափուր է, և ինձ հրավիրել են խոսելու...— սկսեց Շեր-Խանը։
Ո՞վ,— շարունակեց Մաուգլին։Մի՞թե մենք բոլորս շնագայլեր ենք, որպեսզի ենթարկվենք այս անասնասպանին։ Ոհմակի ղեկավարությունը պատկանում է միայն Ոհմակին։
Լսվեցին ոռնոցներ.
Լռի՛ր դու, մարդու լակոտ։
Թող խոսի՛։ Նա պահպանել է մեր Օրենքը։
Եվ վերջապես Ոհմակի ավագները մռնչացին.
Թող Մեռած Գայլը խոսի։
Երբ Ոհմակի առաջնորդը որսի ժամանակ վրիպում է, ապա նրան Մեռած Գայլ են կոչում այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի է, որ, թեպետ, երկար չի տևում։
Աքելան դժվարությամբ բարձրացրեց ծեր գլուխը։
Ազատ Ցեղ, և դուք, Շեր-Խանի շնագայլեր։ Տասներկու տարի ես ձեզ առաջնորդել եմ որսի ու ետ եմ բերել որսից, և այդ ամբողջ ժամանակ ձեզանից ոչ մեկը չի ընկել թակարդը կամ հաշմանդամ չի դարձել: Այժմ ես վրիպեցի։ Դուք գիտեք, որ ինձ բաց թողեցին չհալածված եղջերուի ետևից, որպեսզի հայտնաբերեն իմ ուժասպառությունը։ Դա մտածված խորամանկություն էր։ Այժմ դուք իրավունք ունեք սպանելու ինձ այստեղ, Խորհրդի Ժայռի վրա։ Ես հարցնում եմ` ո՞վ հանձն կառնի Միայնակ Գայլի կյանքին վերջ տալ։ Որովհետև Ջունգլիների Օրենքի համաձայն ես իրավունք ունեմ պահանջելու, որ դուք մեկ-մեկ մոտենաք ինձ։ Տիրեց երկարատև լռություն, որովհետև գայլերից ոչ մեկը չէր կա¬մենում Աքելայի հետ մահացու կռվի բռնվել։
Վերջապես Շեր-Խանը մռնչաց.
Վա՜հ, մեր ինչի՞ն է պետք այս անատամ տխմարը։ Նա դատապարտված է մահվան։ Իսկ Մարդու Երեխան բավական երկար ապրեց աշխարհի երեսին։ Ազատ Ցեղ, նա իմ որսն է եղել սկզբից։ Ինձ տվեք նրան։ Ես հոգնել եմ այս մարդագայլային անմտությունից։ Նա ահա տասը տարի է վրդովում է Ջունգլիները։ Ինձ տվեք այդ մարդկային ծնունդը, թե չէ ես միշտ այստեղ որս կանեմ և ոսկոր անգամ չեմ տա ձեզ։ Նա մարդ է, մարդու որդի, և ես ատում եմ նրան իմ ողջ էությամբ։
Այդ խոսքերի վրա համարյա ամբողջ Ոհմակը ոռնաց.
ՄարդՄարդԻ՞նչ գործ ունի մարդը մեր մեջ... Թող հեռանա մեզանից։
Եվ մեր դեմ հանի գյուղացիների՞ն,— որոտաց Շեր-Խանը։Ոչ, ինձ տվեք նրան։ Նա մարդ է, և մեզանից ոչ ոք չի համարձակվում նայել նրա աչքերին։
Աքելան նորից բարձրացրեց գլուխը և ասաց.
Նա կերել է մեր կերակուրը։ Նա քնել է մեզ հետ միասին։ Նա որս է հալածել մեզ համար։ Նա Ջունգլիների Օրենքից ոչ մի բառ չի խախտել
Իսկ ես նրա համար վճարեցի մի ցուլ, երբ դուք նրան ընդունեցիք։ Ցուլի գինը գրոշ չարժե, բայց Բաղիրայի խոսքն այնպիսի արժեք ունի, որի համար նա, թերևս, պատրաստ է մարտնչելու,— ավելացրեց Բաղիրան քնքշաձայն։
Տա՜սը տարի առաջ ծախված ցուլը,— քրթմնջաց Ոհմակը։Ինչ գործ ունենք մենք տասնամյա ոսկորների հետ։
Գուցե և երդմա՞ն հետ,— ասաց Բաղիրան` բարձրացնելով շրթունքները և բանալով սպիտակ ատամները։Եվ դեռ դուք Ազատ Ցեղ եք կոչվում։
Մարդու լակոտը չի կարող վազել Ջունգլիների Ցեղի հետ,— ոռնաց Շեր-Խանը։Տվե՛ք ինձ նրան։
Նա ամեն ինչով մեր եղբայրն է, բացի արյունից,— առարկեց Աքելան,— իսկ դուք ուզում եք սպանե՞լ նրան։ Դուք ճշմարիտ ասացիք. ես շատ ապրեցի աշխարհում։ Ձեզանից ոմանք անասուն են ուտում, իսկ ոմանց մասին լսել եմ, որ Շեր-Խանի դրդումով մութ գիշերներին գնում են շինականների շեմքերից երեխաներ գողանալու։ Այդ բոլորից ես տեսնում եմ, որ դուք վախկոտ եք, և ես վախկոտների հետ եմ խոսում այժմ։ Ճիշտ է` ես պետք է մեռնեմ և իմ կյանքը ոչինչ չարժե, այլապես ես կառաջարկեի իմ կյանքը Մարդու Երեխայի փոխարեն։ Բայց երդվում եմ Ոհմակի պատվով` դատարկ մի բան, որի մասին դուք մոռացել եք առանց առաջնորդի մնալով, որ եթե դուք Մարդուն բաց թողնեք յուրայինների մոտ, ապա ես ոչ մի ատամ բաց չեմ անի ձեր դեմ, երբ իմ մահվան ժամը հասնի։ Ես կմեռնեմ առանց կռվի։ Դրանով Ոհմակը պահպանած կլինի ամենաքիչը երեք կյանք։ Ավելին տալ ես չեմ կարող։ Եվ այդպես, եթե ուզում եք, ես կփրկեմ ձեզ եղբայրասպանության խայտառակությունից, եղբայր, որը հանցանք չունի, որն, առաջարկված և գնված է Ոհմակում Ջունգլիների Օրենքի համաձայն...
Նա մա՛րդ է, մա՛րդ է, մա՛րդ…— մռնչում էր Ոհմակր, և գայլերի մեծ մասը սկսեց հավաքվել Շեր-Խանի շուրջը, որը պոչով մտրակում էր իր կողերը։
Այժմ գործը քեզ է մնում,— շշնջաց Բաղիրան` դառնալով Մաուգլիին։Մենք այլևս ոչինչ չենք կարող անելԹերևս, բացի կռվելուց...
Մաուգլին կանգնեց ամբողջ հասակով, կրակի ամանը ձեռքին բռնած։ Ապա ձգվեց և հորանջեց ուղիղ Խորհրդի դեմքին։ Նա սաստիկ բարկացած էր։ Գայլերը, իրենց գայլային հատկությամբ, երբեք ցույց չէին տվել, թե ինչպես են ատում նրան։
Է՜յ դուք, լսեցե՛ք,— բացականչեց նա։Շան հաչոցի ժամանակը չէ այժմ։ Դուք այսօր այնքան ասացիք ինձ, թե ես մարդ եմ (այնինչ ձեզ հետ ես գայլ կմնայի մինչև իմ կյանքի վերջին օրերը), որ ես ընդունում եմ ձեր խոսքերի իրավացի լինելը։ Եվ այդ պատճառով ես ձեզ իմ եղբայրները չեմ անվանում այլևս, այլ շներ, ինչպես վայել է մարդուն։ Այն մասին, թե ինչ կանեք և ինչ չեք անի, դո՛ւք չեք ասելու։ Իսկ որպեսզի դուք ավելի լավ հասկանաք գործի էությունը, ես` մարդս, մի քիչ Կարմիր Ծաղիկ եմ բերել այստեղ, որից դուք` շներդ, վախենում եք։
Նա կրակի ամանը նետեց գետին. մի քանի շիկացած ածուխ այրեցին չորացած մամուռի մի փունջ, որը բոցավառվեց, և ամբողջ Խորհուրդը ետ ցատկեց` սարսափահար եղած բոցի թռչկոտող լեզուներից։
Մաուգլին նախօրոք պատրաստած ճյուղը կոխեց կրակի մեջ. ոստերն այրվեցին ու ճարճատեցին, և նա բռնկված ճյուղն սկսեց պտտեցնել գլխավերևում, սարսափից գետնին կպած գայլերի կույտի մեջ։
Դու ես տերն այստեղ,— կիսաձայն շշնջաց Բաղիրան։Փրկիր Աքելային մահից։ Նա միշտ քո բարեկամն է եղել։
Աքելան` կատաղի ծեր գայլը, որն իր կյանքում երբեք գթություն չէր խնդրել, աղերսական հայացք գցեց Մաուգլիի կողմը։ Տղան կանգնել էր մերկ, ամբողջ հասակով, մազերն ուսերին փռված, լուսավորված բոցավառվող ճյուղերի լույսով։
Բարի,— ասաց Մաուգլին` դանդաղորեն շուրջը նայելով։Տեսնում եմ, որ դուք շներ եք։ Ես հեռանում եմ ձեզանից իմ ցեղի մոտ, եթե դա իմ ցեղն է։ Ջունգլիները փակ են ինձ համար, ես պետք է մոռանամ ձեր խոսքերը և ձեր բարեկամությունը, բայց ես ձեզանից ավելի բարեգութ կլինեմ։ Ես ձեր եղբայրն էի ամեն ինչով, բացի արյունից, և խոստանում եմ, որ երբ մարդ լինեմ մարդկանց մեջ, ապա ձեզ չեմ մատնի մարդկանց, ինչպես դուք մտանեցիք ինձ։Նա ոտքով հրեց ածուխները, և կայծերը թռան չորս կողմ։Մեր մեջ, Ոհմակի անդամներիս մեջ երկպառակություն չի լինի։ Բայց նախքան այստեղից հեռանալս ես պետք է վճարեմ իմ պարտքը։
Նա անցավ առաջ, այնտեղ, ուր նստել էր Շեր-Խանը` աչքերը բութ կերպով թարթելով ու բոցին հառած, և բռնեց նրա կզակի տակի փունջը։ Բաղիրան, համենայն դեպս, հետևեց նրան։
Վե՛ր կաց, շո՛ւն,— բացականչեց Մաուգլին,— վե՛ր կաց, երբ խոսում է մարդը, այլապես ես կայրեմ քո մորթին։
Շեր-Խանի ականջներն ամուր սեղմվեցին գլխին, և նա փակեց աչքերը, որովհետև բոցավառվող ճյուղն արդեն շատ մոտ էր։
Այս անասնասպանը պարծեցավ, որ կսպանի ինձ Խորհրդում, մինչդեռ չէր սպանել այն ժամանակ, երբ ես երեխա էի։ Բայց ահա մենք՝ մարդիկս, ինչպես ենք վարվում շների հետ։ Շարժիր միայն բեղերդ, կաղլիկ, և ես Կարմիր Ծաղիկը քո կոկորդը կխրեմ։Մաուգլին ճյուղով խփում էր Շեր-Խանի գլխին, իսկ վագրը ճչում և տնքում էր մահացու սարսափով։
Թյո՛ւ, Ջունգլիների խանձված կատու, այժմ կորի՛ր։ Բայց հիշիր, որ մյուս անգամ երբ վերադառնամ Խորհրդի Ժայռը, ինչպես վայել է մարդուն, ապա կգամ ոչ այլ կերպ, քան Շեր-Խանի մորթին գլխիս։ Ինչ վերաբերում է մյուս բաներին, ապա Աքելան ազատ է ապրելու, ինչպես ուզում է։ Դուք չեք սպանի նրան, որովհետև այդպես է իմ կամքը։ Եվ ես կարծում եմ նույնպես, որ դուք այստեղ նստելու պատճառ չունեք, լեզուներդ դուրս գցած, ասես դուք օրինավոր գազաններ լինեք և ոչ շներ, որոնց ես քշում եմ ահա այսպես։ Կորե՛ք։
Բոցը մոլեգին ճարճատում էր ճյուղի ծայրին։ Մաուգլին թափահարում էր այն աջ ու ձախ, և գայլերը ոռնոցով փախչում էին իրենց մորթին խանձող կայծերից։ Վերջապես մնացին միայն Աքելան, Բաղիրան և Մաուգլիի կողմն անցած մի տասնյակ գայլեր։
Այն ժամանակ Մաուգլին զգաց, որ իր ներսում ինչ-որ բան ճմլվեց, որպիսին առաջ երբեք չէր զգացել, նրա շնչառությունը բռնվեց, և նա սկսեց հեծկլտալ, արցունքները գլորվում էին նրա դեմքով։
Այս ի՞նչ է, այս ի՞նչ է,— ասում էր նա։Ես չեմ ուզում թողնել Ջունգլիները և չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Բաղիրա, չլինի՞ թե մեռնում եմ։
Ո՛չ, Եղբայր, դրանք արցունքներ են միայն, ինչպիսին ունենում են մարդիկ։ Այժմ ես գիտեմ, որ դու մարդ ես և երեխա չես այլևս։ Այսօրվանից հիրավի Ջունգլիները փակ են քեզ համար։ Թող թափվեն նրանք, Մաուգլի։ Դրանք արցունքներ են միայն...
Մաուգլին նստել և լաց էր լինում, ասես նրա սիրտը կտրատվում էր. չէ՞ որ նա ամբողջ կյանքում երբեք լաց չէր եղել։
Դե,— ասաց նա,— ես գնում եմ մարդկանց մոտ։ Բայց նախ պետք է հրաժեշտ տամ իմ մորը։Եվ նա ուղևորվեց դեպի քարանձավը, ուր ապրում էր Մայր Գայլը Հայր Գայլի հետ, և լաց եղավ նրա բրդոտ կրծքի վրա, իսկ չորս գայլաձագերն այդ միջոցին աղիողորմ ոռնում էին։
Դուք ինձ չե՞ք մոռանա,— հարցրեց Մաուգլին։
Երբեք, քանի ուժ ունենք հոտոտելու քո հետքը,— պատասխանեցին գայլաձագերը։Երբ մարդ դառնաս, արի բլրի ստորոտը, և մենք կզրուցենք։ Գիշերները մենք կգանք արտերը` քեզ հետ խաղալու։
Շուտ արի,— բացականչեց Հայր Գայլը։Օ՜, իմաստուն Գորտուկ, շուտ վերադարձիր, որովհետև մենք արդեն ծեր ենք, քո մայրը և ես:
Շուտ արի, իմ մերկ զավակս,— ավելացրեց Մայր Գայլը։Որովհետև, գիտցիր, մարդու ծնունդ, ես քեզ սիրում եմ ավելի, քան երբևէ սիրել եմ իմ ձագուկներին։
Անպայման կգամ,— պատասխանեց Մաուգլին։Եվ կգամ նրա համար, որպեսզի Շեր-Խանի մորթին փռեմ Խորհրդի Ժայռի վրա։ Մի՛ մոռացեք ինձ։ Հաղորդեք նրանց, Ջունգլիներում եղածներին, որպեսզի նրանք չմոռանան ինձ
Արշալույսը բացվում էր, երբ Մաուգլին բլրից միայնակ իջնում էր դեպի այն խորհրդավոր արարածները, որոնք մարդ են կոչվում...

Տես նաև Ռեդյարդ Քիփլինգ Հեքիաթներ
Ռեդյարդ Քիփլինգ | Մաուգլիի եղբայրները Ռեդյարդ Քիփլինգ | Մաուգլիի եղբայրները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:40:00 Rating: 5
Технологии Blogger.