Սոմերսեթ Մոեմ | Ստրկություն մարդկային | համառոտ


Վեպի առաջին գլուխները նվիրված են Ֆիլիպի՝ Քենթի արևելյան ձկնորսական քաղաքում՝ Բլեքսթրեբելում ապրած կյանքի և Թերքենբերգի թագավորական դպրոցում անցկացրած տարիներին: Ֆիլիպի մայրը՝ Հելեն Քերրին մահանում է 1885 թվականին և տղային իր խնամակալության տակ են առնում հորեղբայրն ու նրա կինը՝ Վիլլիամը և Լուիզան: Ամուսինները երեխա չունեին և Ֆիլիպի համար կարողացան կրթություն ապահովել Թագավորական դպրոցում, որտեղ հերոսը բազմաթիվ անգամ իր կաղ ոտքի պատճառով ծաղրուծանակի ենթարկվեց, և այդ ամենը դառը հետևանքներ թողեց նրա հետագա կյանքում:
Բարեկամները հույս ունեին, որ դպրոցը ավարտելուց հետո Ֆիլիպը կընդունվի Օքսֆորդի համալսարան և հոգևորականի կոչում կստանա՝ շարունակելով հորեղբոր գործը, սակայն երիտասարդը սկսում է կասկածել իր հավատի մեջ և ուղևորվում է Հայդելբերգ (Գերմանիա), որտեղ էլ լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն է սովորում, ծանոթանում արվեստի և մշակույթի հետ:
Գերմանիայում ապրելու տարիներին Ֆիլիպը ծանոթանում է անգլիացի փաստաբան Հեյվորդի հետ: Հերոսը հենց սկզբում էլ համակրանքով է լցվում դեպի իր նոր ծանոթը. նրան հիացնում են վերջինիս՝ գրականության և արվեստի ոլորտում հիմնավոր գիտելիքերը: Սակայն Հեյվորդի բռնկուն իդեալիզմը Ֆիլիպին տարակուսանքի մեջ է գցում:
Հայդելբերգում Ֆիլիպը դադարում է հավատալ Աստծուն, անսովոր հոգեկան վերելք է ապրում և գիտակցում, որ այս քայլով իր վրայից դեն է նետում պատասխանատվության բեռը, որը մինչ այդ իր ամեն քայլին մեծ նշանակություն էր հաղորդում: Ֆիլիպը իրեն հասուն, անվախ և ազատ է զգում ու որոշում նոր կյանք սկսել: Հերոսը փորձում է Լոնդոնում որպես հաշվապահ աշխատել, բայց պարզում է, որ այդ մասնագիտությունը ևս իրենը չէ: Հենց այդ ժամանակ էլ երիտասարդը որոշում է մեկնել Փարիզ և գեղանկարչությամբ զբաղվել: Ֆիլիպի նոր ծանոթները, ում հետ նա «Ամիտրինո» ստուդիայում էր աշխատում, վերջինիս ծանոթացնում են բոհեմական կյանք վարող պոետի՝ Քրոնշոուի հետ: Քրոնշոուն Հեյվորդի հակապատկերն է՝ ցինիկ և մատերիալիստ: Նա Ֆիլիպին ծաղրում է, քանի որ վերջինս առանց քրիստոնեական բարոյագիտությունից հրաժարվելու փորձ էր անում քրիստոնեական հավատքից հրաժարվել:
Շփոթության մեջ հայտնված Ֆիլիպը Քրոնշոուից կյանքի իմաստի էությունն է հարցնում, իսկ պոետը նրան խորհուրդ է տալիս պարսկական գորգերը ուսումնասիրել և հրաժարվում է հետագա բացատրություններից: Ֆիլիպը պատրաստ չէր ընդոնել Քրոնշոուի փիլիսոփայությունը, սակայն վերջինիս հետ համաձայնվում է այն հարցում, որ գոյություն չունի աբստրակտ բարոյականություն, և հրաժարվում է նաև դրանից: Նա փորձում է մի կողմ դնել բարիքի և մեղքի ընդունված նորմերը և ինքն իր կյանքի օրենքները սահմանել:
Շուտով Ֆիլիպը հասկանում է, որ ինքը մեծ նկարիչ չի դառնա և ընդունվում է Լոնդոնի Սուրբ Լուկասի անվան բժշկական համալսարան: Նա ծանոթանում է մատուցողուհի Միլդրեդի հետ և սիրահարվում նրան՝ չնայած այն բանին, որ տեսնում էր աղջկա բոլոր թերությունները. նա տգեղ էր, վուլգար և հիմարիկ: Կիրքը Ֆիլիպին ստիպում է անհավատալի նվաստացումների գնալ, գումար վատնել և հիացմունք ապրել՝ Միլդրեդի կողմից փոքրագույն ուշադրության աժանանալով: Շուտով աղջիկը, ինչպես և սպասվում էր, հեռանում է ուրիշի հետ, բայց որոշ ժամանակ անց վերադառնում Ֆիլիպի մոտ՝ հայտնելով, որ իր սիրելին արդեն ամուսնացած է: Ֆիլիպը իր հերթին խզում է իր կապերը Նորա Նեսբիթի հետ՝ որի հետ Միլդրեդի հետ բաժանումից հետո էր ծանոթացել և իր սխալները երկրորդ անգամ է կրկնում: Ի վերջո Միլդրեդը հանկարծակի սիրահարվում է Ֆիլիպի համալսարանական ընկերոջը՝ Գրիֆֆիստին և նորից լքում Ֆիլիպին:
Գլխավոր հերոսը տարակուսանքի մեջ է հայտնվում. փիլիսոփայությունը, որն ինքը իր համար հորինել և որով առաջորդվում էր, անկարող էր լուծել նրա խնդիրները: Ֆիլիպը համոզվում է, որ ինտելեկտը լրջորեն չի կարող մարդկանց օգնել կրիտիկական պահերին, նրա բանականությունը ընդամենը դիտողի կարգավիճակում էր, որը փաստերն էր արձանագրում, սակայն անկարող էր միջամտել իր գործերին: Երբ գալիս է գործելու ժամանակը, մարդը խոնարհվում է իր բնազդների և կրքերի բեռի տակ: Այս ամենը Ֆիլիպին դեպի ֆատալիզմ է մղում:
Որոշ ժամանակ անց Ֆիլիպը Միլդրիդին երրորդ անգամ է հանդիպում: Նա այլև կիրք չի զգում, բայց ինչ-որ կործանիչ հրապուրանք է զգում դեպի այդ կինը և կրկին ահռելի գումար է ծախսում վերջինիս վրա: Բացի դրանից՝ նա սնանկանում է բորսայում, կորցնում է իր խնայողությունները, թողնում է բժշկական համալսարանը և աշխատանքի ընդունվում մանուֆակտուրային խանութում:
Հենց այս ժամանակ էլ Ֆիլիպը Քրոնշուի հանելուկի պատասխանն է գտնում և հրաժարվում է իր վերջին խաբկանքից՝ ուժ է գտնում իր վրայից դեն նետել վերջին ծանր բեռը: Հերոսը գալիս է այն համոզմունքի, որ կյանքը իմաստ չունի, և մարդու գոյությունը աննպատակ է: Իմանալով, որ իմաստ չկա և ոչինչ նշանակություն չունի, այնուամենայնիվ, մարդը կարողանում է հաճույք ստանալ՝ ընտրելով տարբեր թելեր, որոնցից էլ նա կյանքի անվերջանանալի կտորն է հյուսում: Կյանքի իմաստի բացակայությունը Ֆիլիպին ոչ թե հուսահատության է հասցնում, ինչպես ենթադրվում էր, այլ երջանիկ է դարձնում: Ըստ նրա՝ անհաջողությունը ոչինչ չի փոխում, իսկ հաջողությունը զրոյի է հավասար: Մարդն ընդամենը փոքր ավազե հատիկ է մարդկային հորձանուտում՝ ակնթարթորեն հայտնված երկրի վրա, բայց նա ամենազոր է դառնում, երբ բացահայտում է գաղտնիքը:
Ֆիլիպի հորեղբայրը մահանում է և զարմիկին ժառանգություն է թողնում: Այս գումարը Ֆիլիպին թույլ է տալիս վերադառնալ բժշկական համալսարան: Այդ ժամանակ նա, տպավորվելով Էլ Գրեկոյի նկարներից, ոգեշնչվում է Իսպանիա մեկնելու մտքով, բացի այդ հերոսը ցանկանում էր Արևելքի երկրներ ճանապարհորդել: Սակայն Ֆիլիպի նոր ընկերուհին՝ տասնիննամյա Սալլին հայտնում է հղիության մասին: Ֆիլիպը, որպես ազնիվ մարդ, որոշում է ամուսնանալ՝ թողնելով ճանապարհորդության մասին երազանքները: Շուտով պարզվում է, որ Սալլին սխալվել է, բայց հերոսը այդ փաստից ոչ թե ուրախանում, այլ հիասթափություն է ապրում: Նա հասկանում է, որ պետք է ապրել ներկա, ոչ թե ապագա օրով, և որ մարդու կյանքի ամենապարզ զարդանախշը հենց ամենակատարյալն է: Նա առաջարկություն է անում Սալլին, չնայած չի սիրում վերջինիս, այլ համակրանք է տածում և հարգում, իսկ կրքոտ սերը՝ ինչպես ցույց էր տվել Միլդրեդի պատմությունը, երբեմն միայն դառնություն է բերում:
Վերջապես Ֆիլիպը համակերպվում է իր կաղ ոտքի հետ, քանի որ համարում է, որ առանց դրա ինքը չէր կարող այդպես սուր զգալ գեղեցկությունը, կրքոտ կերպով սիրել արվեստն ու գրականությունը և հետևել կյանքի դրամային: Ծաղրանքը և արհամարհանքը, որին նա աժանացել էր, ստիպել էին ինքնավերլուծությամբ զբաղվել և գնահատել իրեն:

Սոմերսեթ Մոեմ | Ստրկություն մարդկային | համառոտ Սոմերսեթ Մոեմ | Ստրկություն մարդկային | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:28:00 Rating: 5
Технологии Blogger.