Հայնրիխ Հայնե | Անկումն


Մի՞թե արդարև անկավ բնություն,
Վարակվեց և՛ նա մեր արատներով…
Ահա մարդկանց պես, կենդանի բույսեր
Կեղծում են— և այն ակնահայտ կերպով։


Ո՛չ, էլ չեմ ուզում բընավ հավատալ
Համեստ շուշանի սուրբ անմեղության.
Վերջին ժամանակ թիթեռը գաղտուկ
Անչափ հաճախ էր այցելում նորան։

Կասկածելի՜ է և՛ մանուշակը
Յուր չքնաղ տեսքով, յուր անուշ հոտով.
Օ՜, անշուշտ և՛ այդ փոքրիկ ծաղիկը
Մեզ պես տանջվում է փառքի ծարավով։

Չկա այլևս անկեղծ զգացմունք
Վառված սոխակի գողտրիկ երգերում
Միայն կեղծ լացի ես ձայն եմ լսում
Նորա այն ճարտար դայլայլիկներում։

Ճշմարտությունը կորել է անհետ.
Չքացել նշույլն հավատարմության…
Ահա շնիկս պոչն է խաղացնում,
Բայց էլ նշան չէ դա մտերմության։


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Անկումն Հայնրիխ Հայնե | Անկումն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:25:00 Rating: 5
Технологии Blogger.