Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Չինական գինին


Եգիպտոսում ես շուտով կատարեցի սուլթանի հանձնարարությունը։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց։
Մի շաբաթից հետո իմ արտասովոր ծառաների հետ Թուրքիայի մայրաքաղաք վերադարձա։
Սուլթանն իմ վերադարձով շատ ուրախացավ և գովեց Եգիպտոսում ունեցած իմ հաջողությունը։
Դուք իմ բոլոր մինիստրներից խելոք եք, սիրելի Մյունհաուզեն,– ասաց նա ձեռքս ամուր սեղմելով։Այսօր ինձ մոտ ճաշի եկեք։
Ճաշը շատ համեղ էր, բայց ափսոս սեղանին գինի չկար, որովհետև թուրքերին գինի խմելն օրենքով արգելված է։
Ես շատ վշտացա, և սուլթանն ինձ մխիթարելու համար ճաշից հետո ինձ տարավ իր առանձնասենյակը, գաղտնի պահարանը բաց արեց և այնտեղից մի շիշ գինի հանեց։
Այսպիսի հրաշալի գինի դուք ձեր ամբողջ կյանքում չեք խմել, իմ սիրելի Մյունհաուզեն,― ասաց նա, բաժակը լիքը լցնելով։
Գինին իսկապես լավն էր։ Բայց առաջին իսկ կումից հետո ես հայտնեցի, որ Չինաստանում չինական բողդիխան Ֆու Չանի գինին սրանից շատ լավն է։
Իմ սիրելի Մյունհաուզեն,– գոչեց սուլթանը,― ես սովոր եմ ձեր ամեն մի խոսքին հավատալու, որովհետև դուք աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եք, բայց երդվում եմ, որ հիմա դուք ճիշտ չեք ասում, սրանից լավ գինի չի լինի։
Իսկ ես կապացուցեմ, որ կլինի։
Մյունհաուզեն, դուք հիմար բան եք ասում։
Ոչ, ես ճշմարիտ եմ խոսում և խոստանում եմ մի ժամից հետո հանձնել ձեզ բողդիխանի մառանից մի շիշ այնպիսի գինի, որի համեմատ ձեր գինին քացախ է։
Մյունհաուզեն, չափն անցնում եք։ Ես միշտ ձեզ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդկանցից մեկն եմ համարել, իսկ այժմ տեսնում եմ, որ անխիղճ ստախոս եք։
Եթե այդպես է, ես պահանջում եմ, որ դուք անհապաղ համոզվեք, ճշմարիտ եմ խոսում արդյոք։
Համաձայն եմ,– պատասխանեց սուլթանը։Եթե դուք ժամը չորսին Չինաստանից չբերեք աշխարհիս ամենալավ գինուց մի շիշ, ես կհրամայեմ, որ ձեր գլուխը կտրեն։
Հիանալի է,– գոչեցի ես։Ձեր պայմանին համաձայն եմ։ Իսկ եթե ժամը չորսին այդ գինին ձեր սեղանի վրա լինի, դուք ձեր գանձարանից ինձ այնքան ոսկի կտաք, որքան մի մարդ միանգամից կարող է տանել։
Սուլթանը համաձայնեց։
Ես չինական բողդիքսանին նամակ գրեցի և խնդրեցի նվիրել ինձ մի շիշ այն գինուց, որով երեք տարի առաջ ինձ հյուրասիրել էր։
«Եթե դուք իմ խնդիրքը մերժեք,– գրեցի ես,– ձեր բարեկամ Մյունհաուզենը դահճի ձեռքով կսպանվի»։
Երբ նամակս վերջացրի, երեքից հինգ րոպե անց էր։
Ես իմ արագավազին ձայն տվի և ուղարկեցի չինական մայրաքաղաք։
Նա ոտքերին կապած քարերն արձակեց, նամակը վերցրեց և մի ակնթարթում աչքից կորավ։
Ես վերադարձա սուլթանի առանձնասենյակը։ Արագավազի վերադարձին սպասելով, մենք բաց արած գինու շիշը մինչև հատակը ցամաքեցրինք։
Ժամացույցը խփեց երեքից քառորդ անց, ապա երեք ու կես, երեքից քառասունհինգ րոպե անց, իսկ արագավազը չկար։
Ես շատ վատ զգացի, մանավանդ, երբ նկատեցի, թե ինչպես սուլթանը զանգակը ձեռին պահել է, որ ժամանակը լրանալուն պես զանգահարի ու դահճին կանչի։
Թույլ տվեք դուրս գալ այգի և մաքուր օդ շնչել,– ասացի սուլթանին։
Խնդրեմ,― պատասխանեց սուլթանը՝ սիրալիր ժպիտը դեմքին։
Բայց այգի դուրս գալով տեսա, որ իմ հետևից ինչ-որ մարդիկ են գալիս։
Դրանք սուլթանի դահիճներն էին, որոնք ամեն րոպե պատրաստ էին ինձ վրա հարձակվելու և իմ խեղճ գլուխը կտրելու։
Ես հուսահատված նայեցի ժամացույցին, չորսից հինգ րոպե պակաս էր։
Մի՞թե հինգ րոպեից հետո ես պիտի մեռնեմ։ Օ՜, սարսափելի է։
Ես կանչեցի իմ ծառային՝ նրան, որը լսում էր, թե ինչպես է աճում դաշտի խոտը և հարցրի՝ չի՞ լսվում արդյոք իմ արագավազի ոտնաձայնը։
Նա ականջը դրեց գետնին և հայտնեց, որ արագավազը քնած է։
Քնա՞ծ։
Այո։ Ես լսում եմ նրա խռմփոցը։
Սարսափից ոտներս թուլացան։ Մի րոպե ևս, և ես կմեռնեմ։
Ես ձայն տվի մյուս ծառային, նրան, որը ծտի էր նշան բռնում։
Նա իսկույն ամենաբարձր աշտարակի գլուխը բարձրացավ և ոտի մատների վրա կանգնելով սկսեց նայել։
Հը՛, ի՞նչ է, այն անպիտանին տեսնո՞ւմ ես,– հարցրի ես զայրույթից խեղդվելով։
Տեսնում եմ, տեսնում եմ։ Պառկել է Պեկինի մոտ, դաշտում, կաղնու տակ և խռմփացնում է։ Կողքին էլ մի շիշ կա։
Բայց սպասիր, ես քեզ կարթնացնեմ։
Նա կրակեց այն կաղնու կատարին, որի տակ պառկած էր արագավազը։
Կաղինները, տերևներն ու ճյուղերը թափվեցին քնածի վրա և նրան արթնացրին։
Արագավազը վեր թռավ, աչքերը տրորեց և գժի նման սկսեց վազել։
Ժամը չորսին կես րոպե էր պակաս, երբ նա չինական գինու շիշը ձեռքին պալատը մտավ։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ուրախացա։
Գինին փորձելով, սուլթանը հիացավ ու բացականչեց.
Սիրելի Մյունհաուզեն, թույլ տվեք այս շիշը պահել։ Ուզում եմ մենակ խմել։ Ես չէի կարծում, թե աշխարհիս երեսին այդպիսի քաղցր ու համեղ գինի կլինի։
Ես թույլ եմ տալիս իմ բարեկամ Մյունհաուզենին վերցնել իմ գանձարանից այնքան ոսկի, որքան կարող է տանել մի մարդ միանգամից,— ասաց սուլթանը։
Գանձապահը խոնարհ գլուխ տվեց և տարավ ինձ պալատի ներքնահարկը, որը լիքն էր գանձով։
Ես կանչեցի իմ հսկային։ Նա շալակեց գանձարանում գտնվող ամբողջ ոսկին, և մենք ծովափ վազեցինք։
Այնտեղ մի ահագին նավ վարձեցի և բերնեբերան լցրի ոսկով։
Առագաստները պարզելով, մենք շտապեցինք ծով դուրս գալ, քանի դեռ սուլթանը ուշքի չէր եկել և գանձն ինձանից չէր խլել։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Չինական գինին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Չինական գինին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 19, 2020 Rating: 5
Технологии Blogger.