Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեկը հազարի դեմ


Հենց այդպես էլ ասացի գեներալին.
Ինձ պետք չեն ոչ շքանշաններ, ոչ աստիճաններ։ Ես ձեզ բարեկամաբար եմ օգնում, առանց շահադիտական նպատակների։
Շնորհակալ եմ, բարեկամս,– ասաց գեներալը, մի անգամ էլ ձեռքս սեղմելով։ Խնդրում եմ, էլի օգնեք։
Մեծ ուրախությամբ,— պատասխանեցի ես, ձեռքս ծերունու ուսին խփելով։ Ես ուրախ եմ ծառայելու բրիտանական ժողովրդին։
Շուտով էլի իմ բրիտանացի բարեկամներին օգնելու առիթ եղավ։
Ես իսպանացի տերտերի շորեր հագա ու, մութն ընկնելուն պես, թաքուն իսպանական բանակը մտա։
Իսպանացիները խոր քուն էին մտել, և ոչ ոք ինձ չտեսավ։ Ես կամաց գործի անցա, գնացի այնտեղ, ուր դրված էին նրանց սարսափելի թնդանոթները, և սկսեցի արագ-արագ այդ թնդանոթները մեկը մյուսի հետևից ծովը նետել՝ ափից հեռու։
Սա այնքան էլ հեշտ բան չէր, որովհետև երեք հարյուրից ավելի թնդանոթ կար։
Թնդանոթների հետ գործս վերջացնելուց հետո ես ճամբարի կենտրոնը հավաքեցի բոլոր փայտե ձեռնասայլակները, սայլերը և վառեցի։ Սայլերը վառոդի նման պայթեցին։ Սոսկալի հրդեհ սկսվեց։
Իսպանացիները զարթնեցին և հուսահատությունից սկսեցին այս ու այն կողմ վազել։
Նրանք երկյուղից երևակայեցին, թե գիշերը նրանց բանակը յոթ կամ ութ անգլիական գունդ է մտել։
Նրանք չէին կարող պատկերացնել, որ այդ ավերվածությունը կարող է կատարել մի մարդ։
Իսպանական գլխավոր հրամանատարը սարսափից փախավ և, առանց կանգ առնելու, երկու շաբաթ վազեց, մինչև որ հասավ Մադրիդ։
Զորքը հետևեց նրան, չհամարձակվելով մինչև անգամ ետ նայել։
Այդպիսով, իմ քաջության շնորհիվ, անգլիացիները վերջնականապես հաղթեցին թշնամուն։
Առանց Մյունհաուզենի մենք ինչ կանեինք,– ասում էին անգլիացիները, սեղմելով իմ ձեռքը, անգլիական բանակի փրկիչ անվանելով։
Անգլիացիները այնպես շնորհակալ էին ինձանից, որ իբրև հյուր ինձ Լոնդոն հրավիրեցին։
Ես ուրախությամբ Անգլիա փոխադրվեցի, առանց նախատեսելու, թե այդ երկրում ինչ արկածներ են սպասում ինձ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեկը հազարի դեմ Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեկը հազարի դեմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 24, 2020 Rating: 5
Технологии Blogger.