Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սպիտակ արջերի մեջ


Իմ բարեկամները ուրախ էին, որ ես կենդանի էի մնացել։
Առհասարակ ես բազմաթիվ բարեկամներ ունեի, որոնք ինձ շատ էին սիրում։ Կարող եք պատկերացնել, թե նրանք ինչքան ուրախացան, երբ իմացան, որ ես սպանված չեմ։ Նրանք ինձ վաղուց մեռած էին համարում։
Ամենից շատ ուրախացավ հայտնի ճանապարհորդ Ֆիպսը, որը հենց այդ ժամանակ պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի Հյուսիսային բևեռ։
Սիրելի Մյունհաուզեն, չափազանց ուրախ եմ, որ կարող եմ ձեզ գրկել,– գոչեց Ֆիպսը, հենց որ ես հայտնվեցի նրա առանձնասենյակի շեմքին։ Դուք պետք է ինձ հետ ճանապարհվեք՝ որպես իմ ամենամոտիկ ընկերը։ Ես գիտեմ, որ առանց ձեր իմաստուն խորհուրդների հաջողություն չեմ ունենա։
Ես, իհարկե, իսկույն համաձայնեցի, և մի ամսից հետո մենք բևեռից հեռու չէինք։
Մի անգամ, նավի տախտակամածի վրա կանգնած ժամանակ, հեռվում նկատեցի մի բարձր սառցե սար, որի վրա երկու սպիտակ արջ թավալվում էին։ Ես հրացանս վերցրի և նավից ցատկեցի ուղիղ մի լողացող սառցաբեկորի վրա։
Շատ դժվար էր առաջ գնալ հայելու պես ողորկ սառցաձորի և սառցալեռների վրայով։ Ամեն րոպե սայթաքում էի և կարող էի անհատակ անդունդներն ընկնել։ Բայց, չնայած դժվարություններին, հասա լեռան գագաթը և համարյա թե կիպ մոտեցա արջերին։
Եվ հանկարծ դժբախտություն պատահեց, հենց որ ուզում էի հրացանս արձակել, սայթաքեցի ու ընկա, գլուխս կպավ սառույցին և նույն րոպեին ուշաթափվեցի։
Կես ժամից հետո, երբ ուշքի եկա, սարսափից հազիվ չգոռացի. մի ահագին սպիտակ արջ ինձ իր տակն էր առել և, բերանը լայն բացած, պատրաստվում էր ինձնով ընթրիք անել։
Հրացանս ընկած էր հեռվում՝ ձյան վրա։
Ասենք, հրացանն այստեղ անօգուտ էր, որովհետև արջն իր ամբողջ ծանրությամբ մեջքիս էր ընկել և շարժվել չէր թողնում։
Մեծ դժվարությամբ գրպանիցս հանեցի իմ փոքրիկ դանակը և, երկար չմտածելով, արջի ետևի ոտքի երեք մատը կտրեցի։
Արջը ցավից մռնչաց և մի րոպե ինձ իր սարսափելի գրկից բաց թողեց։
Օգտվելով առիթից, ես իմ սովորական քաջությամբ վազեցի հրացանի մոտ, վերցրի և կրակեցի։ Սարսափելի գազանը փռվեց ձյան վրա։
Բայց դրանով դժբախտությունը չվերջացավ, հրացանի ձայնը արթնացրեց մի քանի հազար արջերի, որոնք, ինձանից ոչ հեռու, սառույցի վրա քնած էին։
Դուք միայն պատկերացրեք, մի քանի հազար արջեր։
Նրանք խմբով դեպի ինձ ուղվեցին։ Ի՞նչ անեի։ Մի րոպե ևս, և կատաղի գիշատիչներն ինձ կտոր-կտոր կանեն։
Հանկարծ գլխումս մի սքանչելի միտք ծագեց։ Վերցրի դանակը, վազեցի սպանված արջի մոտ, կաշին քերթեցի և վրաս առա։ Այո, արջի մորթին հագա։ Արջերը շրջապատեցին ինձ։ Ես հավատացած էի, որ նրանք ինձ մորթուց կհանեն և կտոր-կտոր կանեն։ Բայց նրանք հոտ քաշեցին և ինձ արջի տեղ ընդունելով, մեկը մյուսի ետևից հանգիստ հեռացան։
Շուտով ես սովորեցի արջի պես մռնչալ և թաթս ծծել։
Գազանները ինձ վստահությամբ էին վերաբերվում, և ես որոշեցի օգտվել այդ հանգամանքից։
Մի բժիշկ ինձ պատմել էր, որ ծոծրակին հասցրած վերքը վայրկենական մահ է պատճառում։ Ես մոտեցա մոտս կանգնած արջին և դանակս խրեցի ուղիղ նրա ծոծրակը։ Ես չէի կասկածում, որ եթե արջը կենդանի մնար, պատառ-պատառ կաներ ինձ։ Բարեբախտաբար, փորձս հաջող անցավ։ Արջն ընկավ՝ մինչև անգամ առանց ձայն հանելու։
Այդ ժամանակ ես որոշեցի նույն ձևով ազատվել և մնացած արջերից։ Այդ բանն ինձ հաջողվեց առանց մեծ դժվարության։ Թեև նրանք տեսնում էին, թե ինչպես են ընկնում իրենց ընկերները, բայց որովհետև իրենք ինձ արջի տեղ էին ընդունում, ուստի չէին կարող գլխի ընկնել, որ ես եմ նրանց սպանում։
Ընդամենը մի ժամվա ընթացքում ես մի քանի հազար արջ սպանեցի։
Այս քաջագործությունը կատարելուց հետո նավ վերադարձա, իմ բարեկամ Ֆիպսի մոտ և պատմեցի բոլորը։
Նա իմ տրամադրության տակ դրեց հարյուր ամրակազմ նավաստի, որոնց հետ գնացի սառցադաշտը։ Նրանք սպանված արջերի մորթիները քերթեցին և միսը նավը քարշ տվին։
Միսը այնքան շատ էր, որ նավերն այլևս առաջ գնալ չկարողացան, և մենք ստիպված էինք վերադառնալ տուն, առանց նշանակված տեղը հասնելու։
Ահա թե ինչու նավապետ Ֆիպսը Հյուսիսային բևեռը չգտավ։
Ասենք, մենք դրա համար չափսոսացինք, որովհետև մեր բերած արջի միսը շատ համեղ դուրս եկավ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սպիտակ արջերի մեջ Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սպիտակ արջերի մեջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 26, 2020 Rating: 5
Технологии Blogger.